Հովիկ Մխիթարյան/Կինը

20-ում քեզանով հիանում են, քսանից հետո օգտագործում, 50-ում անիմաստ ես, 60-ից հետո մտածում ես ինչպես չհասնես 70-ին։ 

70-ից հետո անկոչ հյուր կգա անհայտությունը, դու կլողաս հիշողությունների բուռն ծփանքում, ափսոսանքի ու թախիծի մոխրակույտերում։ Կորոշես ընկնել երիտասարդների տան հեռավոր անկյունն ու ծվարել, այս ու այն կողմ քաշքշվել, հաշվել կարասիները, սարդոստայնների հիասքանչ գծերն ու անկյունները։ Հետո կփորձես ծերի իմաստուն ու վեհ տեսք ընդունել, վեճ, աղմուկ հրահրել քեզ նկատելու փափագով, հետո դա էլ է կանհետանա, ու դու այլևս չես լինի։ Կսկսես երազել, որ վրադ գոռան, հայհոյեն, քեզ կռվազան ու ջադու անվանեն․․․

Հետո դու կմահանաս։ 

Քեզ կմնա փողոցներով հավասարաչափ բաշխված տեղաշարժը, դու կշնչես անիծված օդը, մեռած ու կենդանի միլիոնավորների շնչած ու արտաշնչած, թանձր հևոցների ու կորուստների, մեռած հույսերի օդը, ու ինչքան էլ համոզեն, որ դու չկաս, այս ու այն կողմ նետեն քեզ, դու կաս․․․

Քեզնից կխլեն մարմինդ, բայց կմնա թափառական ու հյուլեական հոգիդ։ Դու կբարձրացնես հայացքդ անշարժ ամպերին, կդիպչես ու դատարկ ետ կվերադառնաս զբաղված տարածքներից ողբաձայն աղմուկով։ Քեզ կթողնեն լայնարձակ փողոցների ապուշություններում անեզր ճախրանքները, մինչ կխփեն դագաղի մեխերը։ 

Մինչ կանգառ 1000 քայլ է, ևս 10 քայլ մինչև ավտոբուսը, որ գրկես անդավաճան սիրով։ Հմայես քեզ նրանց աչքերով, մաքուր, մանրակրկիտ-չես ների ուրիշ ձև-դեմքը՝ դիմահարդարված, տարօրինակ ապշահար, շրթունքները՝ քաղցած,-գրված այտերին ներս ընկած, մազերը՝ շագանակագույն, խնամքով ներկած, երկար, հայացքը՝ վառվռուն էրոտիկ․․․ կնայեն, կցանկանան, կխղճան, կսիրեն, կատեն։ Մերկ չեն տեսնում, մենք վաղուց անամոթ մերկ ենք։ Մարմինը ձիգ է, սահուն-գեր, կասկածելի ծալքերով, ո՞ւմ ինչին է խանգարում․բոլորն ունեն ծալքեր որովայնին, մեջքին, բոլոր մասերում։ Մերկ մարմինը սիրո նման մի բան է ծնում առողջների մոտ, առանց սիրո քայքայման ու նեխման բարդ հյուսվածք է։ Սերն արագ է անհետանում վերջնական։  

Կանգնիր, գրպանում շոշափիր միշտ պատրաստի կլորիկ 50 հազար դրամը։ Ապահովության, ինքնավստահության համար, համենայն դեպս։ Շատ բան կարելի է գնել ու չաղքատանալ, էլի ունես, քո տարիքում չեն աղքատանում, հակառակը՝ գանձեր են հավաքում։ Շոշափիր 50 հազարը-տեղո՜ւմ է, հիանալի է․․․մեծ գումար է, կհրապուրի, կմոտենան, կհարցնեն, պարտք ունեն, բան․․․սեռաքաղցները աչքերը կչռեն, բոլորի մեջ կա հրապուրողն ու վաճառողը, առաքինին ու շնացողը, քնած կամ արթուն, թույլիկ կամ գայլի երախով։

Այստեղ բոլորը տեղ են գնում, ավտոբուսը տեղ է հասցնում բոլորին, բոլորը նույն տեղն են գնում, կարճ ժամանակով բաժանվում ու ետ գալիս հանդիպում, շատ կարճ ժամանակով, հևալով մինչև գերեզման։ Բոլոր եզակի օրերին կգնան ու ետ կգան, լռիկ կնստեն, հոգնած՝ ճաշասեղանի մոտ, երեկոյի մի պարզ երգ կերգեն, աստղային տրտում՝ առանց հանգերի, մի զրույց կպոկվի շրթունքներից, երեխաներին՝ սառը համբույրը, մինչև 63-ը, հետո թոշակ-բան ու․․․ մորաքո՛ւյր, նստի՝ վեր կթռչի դպրոցականը՝ մորաքույրի դիմաց, հոգնության չո՜ր նստարանին։ 

Հղի կնոջը՝ տարեց մի տղամա՛րդ կկարեկցի՝ «Նստիր, քույրիկ», դու հղի ես․․․հղին գլուխը հանդարտ կհենի տարեց տղամարդու ոտքին, կննջի, կքնի, մինչև վերջ, չեն բաժանվում տիեզերական տարածություններում հղին ու տարեց տղամարդը, Ծիր Կաթինի անհասանելի հեռավոր գրքում գրելով միակ անկրկնելի պատմություններ։ 

Դեմքերը փոխվո՜ւմ են, տարբերվում, սիրելի, անտարբեր, բարկացած, անհույս, ինքնասպանի աչքերով, իջնել-բարձրանալու կարգուկանոնով, ռոբոտային՝ գումար գցի, մի մոռացի-ծրագրավորել են․․․

Իջիր կյանքի ավտոբուսից, տեղ ես հասել։ Վստահ քայլիր վաստակած օրապահիկով՝ հացը, բանանն ու օրական կես ձվի գումար թոշակը բավականացրել է բոլոր վիտամիններին ու հանքային աղերին․ էլ բան պետք չի։ Տունը կա՝ ծայրից ծայր քայլելու համար, կոմունալները մեծ չեն, տղադ կվճարի, վերելակի փողը հարևան հարուստն է վճարում, քեզ կմնան քաղաքն ու թոռները,-անուշիկներ են,-դրանց համար դեռ մի բան կմնա, հույզ, խաղալիք-անուշեղեն։ 

Խոսուն աչքերը զինվորականինն էին, հին տղերքից է, մինչև կուրծքը հասնող անխնամ մորուքով, դիրքերում ինչ սափրվել-բան, կենդանի աչքերով, եռանդուն, վառոդ, ծուխ, հող, արյուն, լաց տառապանք ու մահ ծծած աչքերով։ Սրան դու ուշքի կբերես, կմոտենաս, կժպտաս, մի բան կասես, կհիշեցնես իր որբ սեռն ու սերը, որ մահացել է խոնավ հողի, խրամատի, մահվան մեջ։ Կգրկի իր եռացող արյամբ, շիկացած կրքով, կգրկի վրեժի ծարավ իր մարմնով քո մարմինը։

Քայլիր սիգաճեմ, շրջանայինում ես, կյանքի վազքուղում, շրջապտույտ, պայթյուն, եռք 5-6 կիլոմետր շառավղի վրա՝ երկարությամբ ու լայնությամբ, բարձրություն չկա, խորություն՝ որոշ ժամանակ անց՝․․․ողջու՜յն հարազատ հող, քո վերջին հանգրվան-գիրկն է ընդունելու, եթե այլ հավերժ տարբերակ չլինի։

Դրամատներ, խանութներ, ինստիտուտներ, սրճարաններ, լուրջ-անլուրջ դեմքերի հորդում, ծիծաղաշարժ ու հուզիչ, կարեկցական։ Խառնվիր անմիտ վազքին ու նայի վերևից՝ ամպերից․հայեր, ռուսներ, հնդիկներ, պարսիկներ, այլ․․․իրար հյուսված, չտեսնելու տվող, հայացքներին՝ ոչինչ չասող։ 

Իջիր գետնանցումով, հոսիր ամբոխի մեջ, Հաշվիր քայլերդ ու հասկացիր յուրաքանչյուր քայլի ուղղությունն ու իմաստը, տես երևույթի շնչառությունը հոգուդ մեջ, ժպտա հիմարաբար ու մռայլ, հանելու հոգևարքի  ժպիտն ու ծիծաղը- ծիծաղի մասին՝ մի ուրիշ անգամ, – ծիծաղն ախր ոչնչից է։

Շոյիր անանուն «Տաշիր Պիցցան», գլուխ գլխի զույգերով, մորուքով այթիշնիկներով, կտուց-կտուցի դպրոցականներով, կլանող միամիտ աչքերով։ Հասիր «Միստր Գիրոս», քո սեղանն այստեղ է-հումորով ժպտալով քո տեղում նստի, սուրճը՝ թունդ, գինին ու շոկոլադը հրեղեն։ Խոսիր ինքդ քեզ հետ-արդեն սովորել ես․․․ինչ տարբերություն ում հետ ես խոսում՝ քո թե մեկ ուրիշի, բոլորն էլ մարդ են, դա  է խնդիրը․․․

Հայացքդ համառ ցրվում է դեմքերի՜ մեջ։ Ջահել, թարմ, ապագա ծերի կանխագծված դիմագծերով, մեղեսիկե, հուզիչ, կրքոտ աչուկներով, սաթե ձեռքերով, դեռևս շնչող մահվան շնչառությամբ։ Սրահի լույսերը խրվում են սրտիդ մեջ ու ծակծկում հոգիդ, ցոլցլում բաժակի մեջ, հաց-պանիրի վրա-հայկական անուշ լավաշի, տնական հացի, մինչև մի կողմ հրես ու հոգնած ուղեղդ հառես մանկական հուշ-երազանքներին։ Քեզ վրա հառում են աչքերը բութ, հեգնական զսպված քրքիջով, իրենց սեղանները՝ առատ, լիքը-լիքը բաներ։ Իմը չեն, իմը մնաց ավտոբուսում՝ զինվորը՝ մեռած հայացքով, իմ զինվորը, կյանքի վերջին մարտիկը՝ մահ որոնելիս։ 

Խմիր անհագ առաջին կաթիլը բարկ արևահյութի, ձեռքերդ կքրտնեն գինուց, աչքերդ մեղկ կուլ կգնան, զուր, քեզ խաբելով կփորձես չեզոքացնել երկու մեծ կտոր շոկոլադով։ Կհիշես Մոնտե-Կառլոն, Նիցցան, Պրագան, ճանապարհորդությունները վճարող ապուշների հետ։ Հիմա բավարարվում ես ֆեյսբուքով, ուրիշ տեղ չեն ընդունում, միայն կենդանի-մեռած սոցցանցային դեմքեր։ Զրուցիր նրանց հետ ըստ իրենց էջի,նկարների ու գրությունների, կիսվիր նրանց հետ, նրանք՝ մեռյալները գաղտնապահ են ոչինչ չեն պատմում քո մասին․․․կլայքես նրանց ապուշությունները, որ իրենք էլ քո ապուշությունները լայքեն, կհիմարացնեք մարդկային հարաբերությունների վերջին դարի հորինած վերացական տարածքներում․․․այստեղ բոլորը կարող են հաղթել բոլորին ուղեղի ձեռնաշարժությամբ։ 

Չէին խնայում ճանապարհորդությունները վճարող ապուշները, տալիս էին, հավաքում էիր խնամքով թղթադրամները, մորդ էիր խնամում-պահում վճարվողի սիրասուն փողերով, կուտակում գաղտնի, փո՜ղը՝ կյանքի հրդեհը, եռքոտ, սիրազուրկ հրեշն անմիտ, անսեր կրքերի․․․

Աչքերդ կուլ են գնում գինու բթացնող դառը հաճույքից, կնոջ ամայությունից, մինչ գլուխդ կդնես սեղանին, կերազես մի ուրիշ սիրտ, ուրիշ կարոտ, սեր, հմայք, քեզ սպասող-չսպասողներին կհայհոյես։ Կերազես, որ վաղն էլ գաս այստեղ, հմայքի ու մոլորության վայրը, թող ծիծաղեն քո մաշված աչքերի, ծվատվող ուղեղի, հոգնած սերերիդ վրա։

Ամեն ինչ կանխորոշված է, փոքրիկ զինվորս, ամեն ինչ վաղուց եղել է, ու չի եղել, որ չլիներ․․․մայրը՝ երեխայի հետ, սիրահարը՝չդիմացող-համբուրվող, պիցցայի վրա քաղցած, անհագ հարձակվող աղջիկները, հյութը ձողիկով ֆռթացնող միայնակը, քարե նստարաններին նստոտածներ, 12-ամյա պատանին ականջակալներով՝ ֆիլմի վրա, մարդը՝ հայացքով կառչած արու-որձերից։ 

 Բերում-տանում են ամանները, սպասարկում, թեյավճարը՝ աղքատիկ, 70-ին մոտ ծեր պահապանը, երկար զրուցում է, հպարտ պատմում է 120 հազար դրամ աշխատավարձի մասին-այս տարիքո՜ւմ-ես եմ թոռանս մարզական պարապմունքների գումարը տալիս, երեք թոռ ունեմ, զրուցընկերն ասաց՝ լրագրող եմ, կգրեմ քո մասին։ 

Մի պայծառ, լայն ժպիտ կշողա նախկին դեմքդ ի վար, ցավոտ տնքոց կպոկվի արագ բաբախող սրտիցդ։ Կվերցնես լայնաբերան գավաթը, կըմպես աշնանաբույր, կարմիր գինու վերջին կաթիլները, վերջի՜նն այսօր, անհաստատ կքայլես սեղանների արանքներով, դիպչելով ու զնգացնելով գավաթները, մահացած հայացքներով կշոյես դիմացի պատերն ու նկարները։ Կարբես եռուզեռից-մեծ բան չէ․․․ձուլվես-անհետանաս մեղկ հայացքներով, գրկես ոչ մեկին, հենց այնպես, առանց կրքի, չհաշված զինվորին։ Նա գնաց մտմտալու մահվան օրը, մի դիրքից մյուսը տեղափոխվելով բզբզում է զենքի փակաղակը, ծխում, աչքը՝ ամպերին, անձայն հետևում երիտասարդ մարտիկներին, պաշտպանում նրանց մահից, հետևում թշնամական շարժին․զինվո՜րս, վերջին պահապանն աշխարհի։ 

Թող ժամանակն անցնի, կի՛ն․․․ դու ժամանակն ու կշիռները ճշգրիտ գուշակելու ընդունակության ներքին զգացողություն ունես։ Ցանկացած պահի կարող ես առանց ժամացույցին նայելու գուշակել ժամանակը և ասել ժամը քանիսն է, վայրկյանները չհաշված․․․ մեր կյանքն վայրկյանները տրված չէ քեզ՝ գուշակել։ Դու կարող ես բարձրացնել մի քաշ, կամ նայել այդ քաշին ու ասել՝ թե քանի կիլոգրամ է, ու կսխալվես միայն գրամներով-դա էլ չէ տրված քեզ։ Կասես այսքան ու այսքան, մեր ավարտը 33 գրամ փոշի է՝ կացիում, ֆոսֆոր-բան 1․5-2 մետրի մեջ ամփոփված։  

Քեզ կխանգարի ու կհմայի երեխայի ճիչն ու աղմուկը, սիրով՝ քեզ  մեկնված ձեռքը։ Կգցես վերջին քայլերը թեթևասահ, կմղվես հորդուն դեղին մի հրաշեկ արեգակ, կննջես նրա բոցերի ներքո։ Վազք-քայլ դեպի անորոշություն, դեպի մանկությունն ու մանուկը, դեպի վերջին անմեղությունը, մահվան վազքի մեջ դանդաղ անէություն գնացող իմ զինվո՜րս․․․  

Ճանապարհորդությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են բոլոր ճանապարհորդությունները։ 65-ամյա կնոջ ավարտը․․․ մանուկ ժամանակ վազել է ոտաբոբիկ, միակ կոշիկը խնամքով հագել-պահել, արուներից զուր զգուշացել, որ կուսությունից չզրկեն, մինչև հասնի այստեղ։ 

Վերջին քայլերը, քեզ հատկացված ամենակարևորն են, վերջին օրերի ու ժամերի թառանչները։ Գիտե՞ս ով է ում հաղթում, ո՞վ է ում խաբում ու խաբվում,  պաճուճազարդված պատրանքներում, ինքնախաբեության մոլուցքով։ 

Վերջին գավաթն այրում է հոգին, զինվորի մեջ մարելու մտքերը-աղոթքս քեզ, զինվորս․․․Աստվա՛ծ քեզ պահապան․․․

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *