Գրողի և լրագրողի նմանությունը և տարբերությունը լավ հասկանալի է․ լրագրողը գրում է նորությունների/ լուրերի մասին, իսկ գրողը ինչ խելքին փչի։ Բայց տարբերությունը հարաբերական է․ տաղանդավոր փաստագրական գործը գեղարվեստական ավելի մեծ արժեք ունի քան ապաշնորհ վեպը։ Նման տափակություններ կարելի է երկար գրել։ Բայց նրանք ընդհանուր գործ են անում՝ ներկայացնում են իրականությունը, երեկ սոցիալիստական, հիմա՝ կապիտալիստական։
Հավանաբար ժամանակակից հայաստանցի ընթերցողը չի ցանկանա կարդալ սոցռեալիստական վեպ։ Առաջին պատճառը այն մեծ խզումն է, որ որգոյություն ունի խորհրդային և ներկա՝ կապիտալիստական իրականության միջև։ Մյուսը՝ սոցռեալիստական վեպի յուրօրինակ կառուցվածքն է։ Այն հիմքում բաղկացած էր շատ դետալացված կենցաղային ռեալիստական տեսարաններից։ Այդ պահանջը ձևակերպվել է սոցռեալիզմի ձևավորման առաջին փուլում և կոչվում էր «մեզ պետք են խորհրդային Լև Տոլստոյներ», այն պետք էր ռեալիստական երանգավորում տալու համար։ Երկրորդ՝ կառուցվածքային շերտում հերոսները պայքարում են կուսակցության որոշումը կատարելու համար, հակահերոսները՝ նրանց խանգարում են։ Երկու շերտերի միջև կապը արհեստական էր որը քայքայում էր ստեղծագործության էսթետիկ ամբողջականությունը։
Եթե 1920-ականները փորձարարության տարիներ էին գրականության և արվեստի համար, բայց նաև լրագրության, երբ փորձում էին ստեղծել էգալիտար, բանվոր գյուղացիական թղթակցության վրա հիմնված զանգվածային հաղորդակցություն։
Խորհրդային մշակութային հեղափոխության հետևանքով երկրի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը դարձավ գրագետ։ Խորհրդային մարդու հիմնական պարտականություններից մեկը դարձավ «Պրավդա» թերթի ամենօրյա ընթերցանությունը։ Բայց կար նաև այլ կիրառություն՝ մախորկան փաթաթելու հարմար թուղթ էր։
Տոտալիտար հասարակության ձևավորմանը համընթաց ավանգարդի սկզբունքները դուրս մղվեցին։ 1930֊ականներին, երբ ձևավորվեցին սոցռեալիզմի սկզբունքները, նրանք ընդհանուր դարձան ոչ միայն գրականության և արվեստի համար, այլ նաև լրագրության։ Սոցռեալիզմը հիմնվում է մետակոնֆլիկտի այն բանաձևի վրա, որը տվել է 1934 թվականին խորհրդային գրողների առաջին համամիութենական համագումարում Մաքսիմ Գորկին:
Այդ հակամարտությունը/կոնֆլիկտը ենթադրում էր մի քանի կայուն դերեր, որոնց մեջ առանձնանում են երեք հիմնական տիպաբանական շարքեր՝ դրական հերոս – հասարակ մարդ – բացասական կերպար:
Հերոսների աստիճանակարգի վերևում առաջնորդներն են, ներքևում հասարակ մարդիկ։ Հասարակ մարդկանց տարերքը աշխատանքային էնտուզիազմն է, առաջնորդների համար՝ քվեարկելը, տոների, շքերթների շարասյուների մաս կազմելը: Նրանց հիմնական գործառույթը նոր, երջանիկ կյանքը վայելելն է։
Խորհրդային ամբողջատիրական հասարակությունում հաղորդակցության յուրահատկությունը նրա ուղղահայացությունն է, միակողմանիությունը (սուբյեկտից դեպի օբյեկտ)։ Վերևից վար գալիս էին հրահանգներ, հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ։ Ներքևից վերև՝ գնում էին բացատրագրեր, հաշվետվություններ և զեկուցագրեր:
Փնտրելով տեղեկություններ խորհրդային գրաքննության մասին՝ պատահմամբ հանդիպեցի Արտաշես Քալանթարյանի «Իսկ դո՞ւք որտեղ էիք» վեպին, որն անմիջապես անվանեցի «վերջին սոցռեալիստական վեպ»։
Այնտեղ կար ստալինյան դարաշրջանի անեկդոտ․ «Սովետական ժողովուրդը մեծ խանդավառությամբ հանդիսավոր ժողովներում ամենուրեք դեպուտատության թեկնածուներ է առաջադրում մեր հայրենիքի փառապանծ զավակներին, կուսակցության և կառավարության մեծանուն գործիչներ ընկ. Խրուշչովին, Մալենկովին, Բուլգանինին, Միկոյանին և ուրիշ- շների.. »[ էջ 238]․
Ըստ Վիքիպեդիայի՝ Արտաշես Փիրաղայի Քալանթարյան (1931, Երևան, – փետրվարի 23, 1991, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Եղել է ժուռնալիստիկայի բաժանմունքի առաջին շրջանավարտներից։
Անշուշտ, Ա․ Քալանթարյանը չի եղել սոցռեալիզմի առաջատար անուններից, ինչպես Ն․ Զարյանը, Հ․ Քոչարը, Վ․ Դավթյանը, Ս․ Խանզադյանը և այլն, սակայն իսկապես եղել է նկատելի անուն 60-80 ականներին իբրև լրագրող ֆելետոնիստ։ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր, փաստորեն՝ հեռուստաթատրոնի հիմնադիրն է։ Քալանթարյանին ամենամեծ ճանաչումը բերեց Հայկական հեռուստատեսության առաջին հեղինակային՝ «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարը։
«Իսկ դո՞ւք որտեղ էիք» վեպը երիտասարդ լրագրող Զավեն Շարաֆյանի մասին է, որը ժուռնալիստիկայի բաժանմունքը ավարտելուց հետո գործուղվում է գավառական քաղաքի «Լուսաբաց» թերթի խմբագրություն, ապա դառնում խմբագիր։ Վեպը ունի որոշ ինքնակենսագրական տարրեր, օրինակ՝ հերոսը ևս ֆելետոնիստ է։
Հավանաբար ժամանակակից ընթերցողին շատ չի հետաքրքրի այս մեծածավալ վեպը, եթե իր առաջ խնդիր չի դրել հետազոտել խորհրդահայ անցյալը և նրա մամուլը։ Վեպը ճանաչողական նշանակություն ունի, այն ներկայացնում է խորհրդահայ թերթի բարքերը ներսից։
Նախ՝ խորհրդային թերթը շատ կոշտ կառուցվածք ուներ․ «Առաջին էջը բացում են, նայում` առաջնորդող է, հասկացանք, հանրապետական լուրեր, հասկացանք: Երկրորդ էջը նայել չարժե` գիտեն, որ ճառեր են: Երրորդ էջո՞ւմ ինչ կա, բժշկական զրույց, ռեպորտաժ գործարանից, հանրապետական մամուլից վերցրած տեղեկանք` Չինաստանի տնտեսական զարգացման նոր ուղիները… Հասկացանք- Հիմա հանգիստ նստենք ու կարդանք չորրորդ էջը, որտեղ և թարմ տեղեկություններ կան արտասահմանից, և ֆելիետոն կա, և երգիծանք ու հումոր կա, և մարզական լուրեր, և միլիցիայի բաժնի տեղեկանքը քաղաքում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հակահասարակական երևույթների պատահարների մասին: Այդ ամենին գումարած նաև` հայտարարություններ և մահազդեր: Եղա՞վ:» [էջ 189]
Առաջին բանը, որ աչք է զարնում խորհրդային լրատվության արտառոց զգացմունքային ուժգնությունն է: Առաջին էջը բառացիորեն ճառագում է լավատեսություն, կենսուրախություն և վստահություն ընտրված քաղաքական կուրսի ճշմարտության հանդեպ։ Լրագրողը պարտավոր էր մշտապես ոգևորված գրել սոցիալիստական շինարարության հաջողությունների մասին։
Տիպիկ խորհրդային թերթում աշխատում էին տիպիկ լրագրողներ, ինչպես օրինակ Միհրան Գալստյանը․
«Այդ ժամանակ արդեն Միհրան Գալստյանը «Լուսաբացի» ակտիվ թղթակից էր:
Գրում էր այն ամենի մասին, ինչ տեսնում էր ու հատկապես ինչից զարմանում էր: Իսկ շրջապատում գրեթե ամեն ինչ զարմացնում էր նրան: Միամիտ, դյուրահավատ ու թեթեւ բնավորություն ուներ Միհրան Գալստյանը, այդ պատճառով էլ նրա լսած համերգը «ցնցող» էր լինում, տեսած ծաղիկը` «ահավոր գեղեցիկ», հանդիպած մարդը` «խորախորհուրդ ու առինքնող»: Եվ նա գրում էր ցնցողի, ահավոր գեղեցիկի ու խորախորհուրդի մասին եւ բերում խմբագրություն: Մկրտիչ Զուլոյանը սկզբում նույնությամբ ետ էր վերադարձնում ճարտարապետի գրվածքները, բայց տղան նորից էր բերում, եւ Մկրտիչ Զուլոյանը նրան սկսեց բացատրել, թե խմբագրությանն ինչ նյութեր են պետք: Եվ իրոք զարմանալի համառություն. ճարտարապետը բերեց հենց խմբագրի ասած անհրաժեշտ նյութերը: Խմբագիրը դիտողություններ արեց եւ մյուս օրը ստացավ խմբագրված ու նորից խնամքով մեքենագրված ինֆորմացիաներն ու ակնարկները: Միհրան Գալստյանը ամենեւին չէր նեղանում դիտողություններից, չէր նեղանում նույնիսկ, երբ խմբագիրը անխղճորեն ջնջում էր նրա բոլոր բացականչական նշանները, կախման կետերն ու ածականները:
Եվ սկսեց տպագրվել: Ոչ միայն տպագրվել, այլեւ փնտրված թղթակից դարձավ: Ինչի մասին էլ շտապ արձագանք պետք լիներ կամ տեղեկություն, խմբագիրը Միհրան Գալստյանին էր հիշում, որովհետեւ գիտեր, վստահ էր, որ հաջորդ օրը սեղանին կլինի եռանդուն երիտասարդի՝ խնամքով մեքենագրված թղթակցությունը:»[ էջ 52-53]
Արդեն 30-50-ականների սովետական «լրագրությունը» ամբողջությամբ ինտեգրվել է իրեն առաջարկված իրականության արտացոլման նորմատիվ սոցռեալիստական մոդելին՝ ըստ էության իրականության ուսումնասիրությունը և ներկայացումը փոխարինելով կանխորոշված կոնֆլիկտով և հերոսների կերպարներով։
Խորհրդային գաղափարախոսության էությունը բացատրում է Քիմիական գործարանի տնօրեն Գագիկ Բադալյանը․
« – Միտքս ամփոփեմ, սիրելի Զավեն, քո գրածները հենց նրանով են դուր գալիս ինձ, որ բանվորավարի են, պարզ են ու մարտական: Դու հարցի կոկորդից ես բռնում: Միայն թե ժամանակն է, որ ծավալվես ու բարձրանաս: Ոչ մի բանից մի վախեցիր, տղաս: Անխնա ու անզիջում եղիր, որովհետև նրանք, ում դեմ պայքարում ես՝ քո հոր թշնամիներն են, բանվորների թշնամիները: Ո՞վ հեղաշրջեց երկիրը, ո՞վ արյուն թափեց՝ բանվորներն ու չքավոր գյուղացիները։ Իսկ ո՞վ է վայելում նրանց հաղթանակի պտուղները`զանազան բյուրոկրատներ, օսլայած օձիքով ու փողկապով ինտելիգենտիկներ, որոնք կուսակցական ապարատն են սողոսկել խորհուրդների մեջ: Ահա փաստը: Եվ նրանց պետքը չէ, որ բանվորներն ու գյուղացիները նույն խեղճ վիճակի մեջ են: Նրանց թողտվությամբ ասպարեզը մնացել է սպեկուլյանտներին, գողերին խաբեբաներին, որոնք տզրուկների նման կպել են երկրի արյունատար անոթներին, վխտում են առևտրի ցանցում և կենցաղսպասարկման բնագավառում: Շուկա մտած կա՞ս : Դա բանվորի՞ համար է, Զավեն…»։ Սա սոցռեալիստական կոնֆլիկտի տարրերից է․ ազնիվ կոմունիստը և բանվոր դասակարգը ընդդեմ գողերի, խաբեբաների, և նաև տականք «ինտիլիգենտիկների»։
Խորհրդային տարիներին լրատվական միջոցները գտնվում էին կուսակցական վերահսկողության և լծի տակ։ Թե ինչպես էր դա կատարվում, հեղինակը ցույց է տվել քաղկոմի բյուրոյի մի նիստի օրինակով, որտեղ քննարկվում էր Զավեն Շարաֆյանի ֆելիետոնը ։ [ էջ151-176]
Անկախ նրանից՝ կկարդաք Արտաշես Քալանթարյանի վեպը, թե ոչ, խորհրդային ամբողջատիրական անցյալը պետք է հիշել։