Հայ ժամանակակից գրականությունը և կապռեալիզմը/Վարդան Ջալոյան

Պոստմոդեռն բառի առաջին հեղինակավոր հիշատակությունը պատկանում է պատմաբան Առնոլդ Թոյնբիին 1947թ.-ն: Այն նշանակում էր  մոդեռնի/Արևմուտքի գերակայության վերջը, իմա՝ Արևմուտքից հետո:

Հետագայում այն սկսեց կիրառվել արվեստում և գրականության մեջ նոր միտումները բնութագրելու համար։ 1971-ին գրականագետ Իհաբ Հասանը այն օգտագործեց հետպատերազմյան գրականության առանձնահատկությունները բնութագրելու համար։

Բառը ավելի մեծ տարածում գտավ 1979 թ.-ին Ժան-Ֆրանսուա Լիոտարի «Պոստմոդեռնիստական իրավիճակ. Զեկույց գիտելիքի մասին» գրքի հրատարակումից հետո, որտեղ պոստմոդեռնի հասկացությունը տարածվեց ողջ մշակույթի և հասարակության վրա:

Ըստ Ֆ. Ջեյմիսոնի՝ Պոստմոդեռնը արդյունք է ուշ կապիտալիլիզմի տրամաբանության և ընդգրկում է սոցիոմշակութային ողջ իրականությունը։

Կապիտալիզմը, ըստ Ջեյմսոնի, իր զարգացման ընթացքում անցել է շուկայական կապիտալիզմի և մենաշնորհային իմպերիալիզմի փուլեր, որոնք համապատասխանում էին ռեալիզմին և մոդեռնիզմին, իսկ կապիտալիստական զարգացման հետագա փուլում՝ պոստմոդեռնիզմին։

Պոստմոդեռնիզմ նշանակում է մոդեռնիզմից հետո։ Դա նշանակում է, որքան մոդեռնիստական ոճ, այնքան պոստմոդեռնիստական արձագանք։ Այն ընդիմանում էր բարձր մոդեռնիզմի հաստատված ձևերի դեմ, որն այսօր նվաճել է համալսարաններ, թանգարաններ, արվեստի պատկերասրահներ և հիմնադրամներ։ 

90-ական թթ․ «պոստմոդեռնիզմ» եզրը տարածում ստացավ հայաստանցի արվեստագետների շրջանում, իսկ Ա․ Շեկոյանի «Անտիպոեզիայի» դուրս գալուց հետո՝ գրական քննադատների մոտ։

Արմեն Շեկոյանը Վիոլետ Գրիգորյանին տրված հարցազրույցում ասում է․ «Գրախոսներն ու գրագետներն ինձ հաճախ անվանում են պոստմոդեռնիստ` մոռանալով, որ մեր գրականության մեջ նույնիսկ մոդեռնիստներ չեն եղել: Այնպես որ, ես պոստմոդեռնիզմ երևույթը չեմ հասկանում` մանավանդ գրականության մեջ և մանավանդ Հայաստանում, որովհետև պոստմոդեռնիզմին պարտադիր պիտի մոդեռնիզմը նախորդած լիներ: Այն, ինչ եղել է մեր սովետական գրականության մեջ, ոչ թե մոդեռնիզմ էր, այլ` ընդունված ավանդույթից մի փոքր շեղում: Մեզանում նույնիսկ ռեալիզմ գոյություն չի ունեցել. մեր ապրած սովետական երկրում միայն ռեալիզմն էր ընդունված, բայց այդ երկրում հատկապես ռեալիստական որևէ բան չէիր կարող գրել և տպագրել: Իրականում միայն սոցռեալիզմն է օրինական գոյության իրավունք ունեցել:» Այսպիսով, ըստ Ա․ Շեկոյանի հետխորհրդային հայաստանյան գրականությունը հետ֊սոցռեալիստական է։

Չնայած դրան, գրական քննադատները այն շարունակում են կիրառել մի շարք հեղինակների ստեղծագործությունների համար՝ Վ․ Գրիգորյան, Վ․ Մարտիրոսյան, Ա․ Օհանյան, Ա․ Ոսկանյան և այլն։ Դա հնարավոր է, հաշվի առնելով նրանց նորարական բնույթը։ Բայց հետաքրքիր է, որ պոստմոդեռնիզմի մասին քննարկումը սկսվեց, երբ Արևմուտքում սկսեցին խոսել պոստմոդեռնիզմի ավարտի մասին։

Բայց, առանձին բացառություններով, Արևմուտքից եկող այս և մյուս տեսական նորարությունները գրական համայնքը մերժեց։ Հարգարժան գրողը գրում է․ «Մշակույթի քննաբանները կարմիր գիծ են քաշել զարգացման շրջափուլերի միջև, որոշ ինքնատիպ հատկանիշներ հաշվի առնելով՝ դրանք կաղապարել այս կամ այլ «իզմ»-ի տիրույթում՝ կլասիցիզմ և հետագա հանգրվանները՝ մոդեռնիզմ ու պոստմոդեռնիզմ, փորձելով գիտական տեսք և բովանդակություն տալ իրենց մտազննումներին: ․․․այնինչ սա պետք է լինի ուսումնասիրության դժվար հաղթահարելի, անչափ անհրաժեշտ ու գլխավոր ուղղություն՝ շարժում դեպի մշակութային երկնասլաց լեռնաշղթայի խորքերը:» Ընթերցողը կարող է հանգիստ լինել, այս թռիչքը վտանգավոր չէ՝ «մշակութային երկնասլաց լեռնաշղթայի խորքերը» բավական հարթ են․ «․․գրականությունն ու արվեստները ․․․ ըստ էության պատկանում են ժողովրդի մտավոր ու հոգեղեն դաշտին»:

Մարկ Ֆիշերը գրում է․ «Հայտնի է, որ Ջեյմսոնը պնդում էր, որ պոստմոդեռնիզմը «ուշ կապիտալիզմի մշակութային տրամաբանությունն է»։ Նա ցույց տվեց, որ ապագայի փլուզումը բաղկացուցիչ է պոստմոդեռն մշակութային բեմահարթակի համար, որտեղ գերիշխող են կոլաժն ու պաստիշը: Քանի որ Ջեյմսոնը համոզիչ կերպով ցույց է տվել պոստմոդեռն մշակույթի կապը սպառողական կապիտալիզմի որոշակի միտումների միջև, կարող է թվալ, որ կապիտալիստական ռեալիզմ հասկացության կարիքն ընդհանրապես չկա։» [Հղումները ըստ՝ Марк Фишер. Капиталистический Реализм.— 2009.]

Մարկ ֆիշերը նշում է այն երեք պատճառները, թե ինչու նա գերադասում է «կապիտալիստական ռեալիզմ» տերմինը «պոստմոդեռնիզմից»։

Երբ Ֆ․ Ջեյմսոնը գրում էր իր ուշ կապիտալիզմի մշակույթի վերլուծությունը, դեռևս գոյություն ուներ «իրական սոցիալիզմ», որը սակայն խոր ճգնաժամի մեջ էր։ 80-ականներին, ոչ առանց դիմադրության,  հաստատվում է կապռեալիզմը, ըստ Մ․ Ֆիշերի՝ «երբ Մարգարետ Թետչերի ուսմունքը, որ «այլընտրանք չկա» (կապիտալիստական ռեալիզմի համար ավելի հաջող կարգախոս չի կարող լինել) դարձավ անօրինակ դաժանությամբ ինքնաիրականացող մարգարեություն։» Մեկ այլ ձևակերպումով՝ «պատմության ավարտը»։

Երկրորդ, պոստմոդեռնիզմը ենթադրում էր որոշակի հարաբերություններ մոդեռնիզմի հետ: Ըստ Մ․ Ֆիշերի․ «Կապիտալիստական ռեալիզմն այլևս չի պահանջում նման բախում մոդեռնիզմի հետ։ Ընդհակառակը, նա մոդեռնիզմի հաղթահարումն ընդունում է որպես ակնհայտ իրողություն. այժմ մոդեռնիզմը մի բան է, որը կարող է պարբերաբար վերադառնալ, բայց միայն որպես սառեցված գեղագիտական ոճ և ոչ երբեք որպես կենդանի իդեալ։» Մոդեռնիզմը չի ընկալվում ոչ որպես այլընտրանք, ոչ որպես նոր դասականություն։

Երրորդ կետում Մարկ ֆիշերը գրում է «այլընտրանքի» կանխապես ֆաբրիկացիայի մասին կապիտալիստական ռեալիզմի մշակույթում։

Ֆ․ Ջեյմiսոնը սարսափով էր խոսում այն մասին, թե ինչպես է կապիտալիզմը թափանցում նույնիսկ մարդկային անգիտակցականը: Հիմա այն փաստը, որ կապիտալիզմը գաղութացրել է մեր երազանքները, դարձել է անվիճելի։

Մարկ Ֆիշերը գրում է․ «1960-1970-ական թվականներին կապիտալիզմը ստիպված եղավ զբաղվել արտաքին էներգիաները զսպելու և յուրացնելու խնդրով։ Հիմա նա իրականում հակառակ խնդիրն ունի. ինչպե՞ս, իր մեջ չափազանց հաջող կերպով ինտեգրելուց հետո այն ամենը, ինչ իրեն հակադրում էր, նա կարող է գործել առանց արտաքին տարածքի գաղութացման և շահագործման:»

Նա նշում է, որ Արևմուտքում ձևավորվել է նոր սերունդ, ում համար կապիտալիզմի այլընտրանքի բացակայությունը խնդիր չէ։ Կապիտալիզմը պատկերացման սահման է։

Այն խնդիր չէ նաև հայաստանյան հետխորհրդային սերնդի համար, որը այլընտրանք չի տեսնում ավազակային և օլիգարխիական դժոխային կապիտալիզմի համար, արևմտյան կապիտալիստական դժոխքից բացի։ Դժոխքին այլընտրանք չկա, գրականությունը դժոխքի մասին է։

Ժամանակակից կապիտալիզմը ջնջում է detournement և recuperation՝ շրջանցման և վերականգնման միջև եղած տարբերությանը, այսինքն՝ դասական օրինակների կանխամտածված աղավաղման՝ դրանք վարկաբեկելու նպատակով և արմատապես քննադատական ստեղծագործությունների՝ մեյսթրիմին ինտեգրելու միջև:

Այժմ մենք գործ ունենք ոչ թե քնադատող և հակադրվող ստեղծագործությունների համակարգին ինտեգրվելու հետ, այլ, ընդհակառակը, դրանց նախապես ֆաբրիկացիայի հետ՝ կապիտալիստական մշակույթի ցանկությունների, ձգտումների ակտիվ ֆորմատավորման և ձևավորուման համար։

Մարկ Ֆիշերը գրում է․ «Դա կարելի է հաստատել, օրինակ, հատուկ «այլընտրանքային» կամ «անկախ» մշակութային գոտիների ստեղծմամբ, որտեղ խռովության և բողոքի հին ժեստերը անվերջ կրկնվում են, ասես առաջին անգամն է։ «Այլընտրանքը» և «անկախությունը» որևէ բան չեն մատնանշում մեյնսթրիմից անդին:»

Ովքեր գրել են ստեղծագործական դրամաշնորհներ, գիտեն, որ «այընտրանքայինը», «կրեատիվը», «նորարարը», նույնիսկ «պայքարողը», ցանկալի պահանջներ են նախագծի համար։ Բայց տեղային, հանդուրժող և անպատճառ՝ «ռեալիստական»։ «Ռեալիստական բունտ» օքսյումորոնը շատ ժամանակակից գաղափար է։

Ամփոփենք․ պոստմոդեռնիզմը անհաջող եզր եղավ հայաստանյան գրականության մեջ նորարարությունը բնութագրելու համար, որոշ քննադատներ գերադասեցին տեղային «անտիպոեզիա» եզրը, գեղարվեստական հին կաղապարներին հակադրվելու համար։

Կապիտալիստական ռեալիզմը ավելի ճշգրիտ եզր է, բովանդակային ավելի մոտ հայաստանյան իրականությանը, այն կարող է բացահայտել մեր պոեզիայի և արձակի քննադատական կարողությունները։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *