Արփի Ոսկանյան/Գեշ ժամանակներ

1878 թվական, փետրվարի 4

Պատուհանից ոչինչ չէր երեւում, թեպետ ցերեկ էր։ Սաստիկ բուքը դրսից վարագույր էր կապել։ Քամին ոռնում էր վիրավոր գայլի պես, երբեմն քամու ոռնոցին կրակոցներ էին գումարվում, երբեմն կնոջ տնքոցներ։ 

Երիտասարդ կինը պառկած էր անկողնում մեջքի վրա՝ բարձը ոտքերի արանքում սեղմած։ Քրտինքի կաթիլները շարվել էին ճակատի վրա՝ հուլունքների պես։ Աչքերը կիսափակ էին, ասես քունը սաստիկ տանում էր, բայց չէր կարողանում քնել։

Տան դուռը բացվեց, եւ մի մեծ ձնագունդ ներխուժեց ներս։

– Աման, աշխարհքի վերջն է,- ասաց ձնագունդը,- մարդու շունչը կկտրե, աչքերնիս ցավին, փողոցի վրա ինկած դի եմ տեսել․․․

– Յուղաբեր, բան մը արա, դայակին կանչե,- ընդհատեց նրան հեւասպառ մտեցած կինը,- քույրդ կծնե, մարդ է պետք ղրկել Գատըգյուղ, Մկրտիչն էլ առտու դուրս եկավ․․․ Տիգրանն էլ երեկվանից չի դարձել․․․

– Գեշ ժամանակներ են, տուտու, ռուսական բանակը կմոտենա Սան-Ստեֆանոյին, արդեն շունը տիրոջը չի ճանչնա, ամեն բան խառնվավ․․․

– Ասիկա էլ որոշեց հենց հիմա ծնի․․․․

Կողքի սենյակում պառկած կինը չարագույժ տնքաց։ Օդում տագնապ կար։ Տագնապն ամենուր էր։ Եվ երբ տան դուռը կրկին բացվեց, նրանք վախից ցնցվեցին։ Ամբողջությամբ ձնակոլոլ տղամարդը հավասարակշռությունը կորցրեց ու ընկավ։

– Եկավ, եկավ, հոր տան եկավ,- ասաց Տուտուն,- մենք աստեղ չենք գիտնար ինչ անել, անիկա քեֆ կանե, անդա՜րդ, մեկ պատը ինծի, մեկ պատը քեզի․․․

– Ի՞նչը չես հավնիր, Տուտու,- փնփնթաց տղամարդը։

– Տիգրան, Գատըգյուղ գնալ է պետք, դայակին կանչել, քույրդ կծնե․․․

– Քույրս էրիկ չունե՞, էրիկն ինչո՞ւ չի երթար․․․

– Քա, ինչ տեսակ մարդ ես դուն, չես հասկնա՞ր, որ տանը չէ, չեն կրնար իմաց տալ։

Ծննդակնն այս անգամ շատ բարձր տնքաց։ Քույրը  նետվեց նրա սենյակ, բռնեց ձեռքը, ափը հպեց ճակատին, տեսավ՝ ոտքերի արանքում սեղմած բարձը՝ ամբողջությամբ թաց․․․ 

– Մի մտածիր, լավ կըլլա,- ասաց  ու վերադարձավ մոր ու եղբոր մոտ։ էլ չխոսեց եղբոր հետ, որ փորձում էր հանել վերարկուն, որի վրա նստած ձյունն արդեն հալվել էր։ Թեւքը մտցրեց վերարկուի մեջ, կոճկեց, ինչպես փոքր երեխային, գլխարկը դրեց ու հրելով դուրս արեց փողոց։

Ծննդկանի կոպերը ծանրանում էին գնալով ավելի ու ավելի։ Ինչքան ցավն ուժգնանում էր, այնքնա քունն ավելի էր տանում։

– Մի քնանար,- ասաց քույրը։

Փոթորիկն էլ ցավին համահոնչ ուժգնանում էր։ Ծննդկանի սենյակ մտան մյուս քույրերն էլ՝ Մաքրիկն ու Երանիկը։ Մայրը նույնպես անհանգիստ էր։ 

– Մտիցս չի ելլեր դիակը,- ասաց Յուղաբերը,- Սելամսզի քյոշու դարպասի կողը, հենց փողոցին վրա։ Գեշ  ժամանակներ են․․․

– Ժամանակները միշտ ալ գեշ կըլլան,- ասաց Տուտուն,- իմ տասնչորս տարուս ավելի գեշ էին։ Կիներն առհասարակ դորս չէին գա փողոց, իսկ տղամարդիկ առտոն դուրս գալիս հրաժեշտ կուտային, ոչ ոք գիտեր կդառնա տուն թե ոչ։ Պատահական ենիչերի մը իր յաթաղանի սրությունը ստուգելո համար կրնար քրիստոնյայի գլուխ թռցնել։ Հույն ու հայ տղամարդիկ իրենց բեխը կկտրեին, ֆեսը կքաշեին ականջներուն վրա,  կքայլեին հեզիկ ու կորաքամակ, որ հանկարծ նայվածքը չհանդիի ենիչերիի մը ակնարկին։ Նույնիսկ սուլթաններ կվախնային ենիչերիներուն։ 

– Ու դրա համար քեզի ծնողքդ տանը պահած էի՞ն, չըլլա՞ թե բամբակի մեջ,- ծիծաղեց Մաքրիկը։

– Ու դուն պիտի գնայիր եկեղեցի, քանզի արդեն արբունքի հասած էիր,- ասաց Յուղաբերը։

– Չեք ուզեր, չեմ պատմի,- նեղացած ասաց Տուտուն։

– Պատմե, տուտու,- հանկարծ խոսեց ծննդկանը, որի բերանից մինչ այժմ միայն տնքոցներ էին դուրս գալիս։

Տիգրանը փորձում էր գտնել ճանապարհը, բայց չէր կարողանում։ Մի կողմից բուքն էր խանգարում, մյուս կողմից՝ խմածությոնը։ Բայց հասկնում էր, որ տարբերակ չունի, պիտի հասնի Գատըգյուղ ու բերի դայակին։ Ու գնում  էր՝ ձյան մեջ խրվելով, չկարողանալվ դուրս գալ, ընկնելով, վեր կենալով, մլորվելով, գտնվելով։ Գնում էր ու գնալու հետ սթափվում էր, իսկ սթափվելու հետ զարմանում իր վրա, որ էդ ձնաբքին դուրս է եկել փողոց։

– Աման, տուտու,- ասաց Յուղաբերը,- քու հարդ, մարդ ալ խելք չունեի՞ն․․․ ատանկ զալիմ ժամանակ ինչո՞ւ քեզ ժամ ղրկեր են։

– Պատրիարքարանին ձեռքը երկար էր, պատրիարքը ենիչերիներուն աղային հետ լավ կապեր ուներ եւ կհսկեր, որ իր հոտը պարտավորությունները կատարի, չկարաոներուն կպատժեր։

– Երկու կրակի մեջ մնացած էիք․․․

Հերթական անգամ ընկնելուց հետո Տիգրանը նորից վեր կացավ, քամին ասես փորձում էր պոկել նրան կանգնած տեղից եւ ձնախառը ապտակներ էր հասցնում։ Արդեն համարյա սթափված, նա տեսավ, որ Գատըգյուղի գերեզմանոցի մոտ է։ Հանգստացած շոնչ կքաշեց․ քրոջը ոչինչ չի լինի, տատմորը հիմա կվերցնի ու կհասցնի տեղ։

-Պահքի օրերուն Պատրիարքարանի յասախճիները կպտտեին  թաղերը, որսի շուներու պես հոտ կքաշեին, եւ եթե տունեն միսի հոտ գար, տանտերը կձեբակալեին։Մսեղենը կառնեին ու տուգանք կսահմանեին։ Երբեմն ալ կտանեին եկեղեցիի բակն ու հոն կծեծեին։ Եթե մեկը դիմադրեր, կտանեին Պատրիարքարանի զնդանը եւ ամիսնորով կպահեին, մինչեւ որ հանցավորը մեղա գար։ Կամ հիմարանոց կգցեին։ Նառլը Գաբուի սուրբ Հովհաննս եկեղեցու նկուղն էր։ 

Ծննդկանը ճիչ արձակեց։

– Աման, աղջիկս, ի՞նչ անեմ քեզի համար, աս ինչ փորձանք էր, չես դիմանա՞ մինչեւ կուգան։

– Կդիմանամ, տուտու, դու պատմե, եղավ-անցավ։

– Յուղաբեր, ջուր տաքացրու․․․ 

– Կտաքացնեմ, դու պատմե,- ասաց Յուղաբերը։

– Խենթերին կծեծեին՝ ձեռքերը կապած։ Նրանք կհայհոյեին, սրանք կծեծեին։ Անգամ մը ատանկ արեցին, երբ Պատրիարքը Նառքը Գաբուի սուրբ Հովհաննես եկեղեցիին մեջ պատարագ պիտի մատուցեր արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների ու դպիրների հետ։ Նաեւ ամիրաներ եկած էին։ Բայց պատարագի հենց սկզբում հիմարանոցից սկսեցին աղմկել ու հայհոյանքներ բաց թողնիլ։ Բարապանները կերթային նկուղ,  կըսեին՝  սատկացնենք պիտի այդ շներին։ Խենթերն ավելի կպոռային, ավելի ուժեղ կհայհոյեին։

Տան դուռը բացվեց, բլորը ոգեւորված վազեցին սենյակ՝ կարծելով, որ Տիգրանն է բերել տատմորը, բայց տեսնելով, որ Մկրտիչն է, բոլորի դեմքերին հիասթափության նշաններ հայտնվեցին

– Ինձ տեսենլուց նախկինում ասչափ տխրած չիկայիք,- ասած Մկրտիչը,- ի՞նչ պատահած է։

– Կինդ կծնե,- ասաց Յուղաբերը,- ժամեր առաջ Տիգրանն եկավ գինովցած, ղրկեցինք, որ դայակին կանչե։ Դեռ եկած չեն։

– Դուրսը սաստիկ եղանակ է, նորմալ մարդն այս փոթորկի մեջ դուրս չի գա։

– Չոճուխը ժամանակ գտավ ծնվելու․․․

Ծննդկանը ուժգին գոռաց։ Բոլորը գնացին նրա մոտ։ Մկրտիչը նստեց անկողնու կողքին ու բռնեց ձեռքը։

– Ամեն բան կկարգավորվի,- ասաց,- առաջին անգամը չէ, պիտի որ չվախնաս։

– Էնքան գեշ ժամանակ է, որ կրնա՞ մարդ չվախնալ․․․

– Գեշ,- հեգնեց Երանիկը,- քո  ջահել օրերուց ա՞լ գեշ․․․ Պատմածներդ լսե՞մ, թե՞․․․

– Իսկապես, Տուտու, պատմե, լսենք, մխիթարվինք, որ ավելի լավ ժամանակներւմ կապրինք։

– Ջանմ, Մկրտիչ հոգնած կերեւի, թող հանգստանա, գլուխը չտանիմ,- ասաց Տուտուն, որ երեւում էր փեսայից պատկառում է, թեպետ տարիքով գրեթե հասակակից է իրեն։

– Ատ ի՞նչ կպատմեիր, Լուսիկ, հետաքրքիր կերեւի,- հարցրեց Մկրտիչը, որ նստել էր կնոջ գլխավերեւում ու շոյում էր գլուխը։

 – Հիմարանոցներուն մասին կպատմեմ, ուր կնետեին հանդուգն մարդկանց ու զանազան պատիժներ կհոինեին, ու թե ոնց եկեղեցին մասնակիցը կըլլար ասանկ գեշ բաներու։ 

– Ամբողջ աշխարհքումն էլ նույն բանն է,- ասաց Մկրտիչը․․

– Պատմե, Տուտու, թող Մկրտիչն էլ լսե,- խնդրեց ծննդկանը։

– Լավ, որ կուզիք․․․ Օր մը վերնատունեն մի կին խիստ զգացվավ խենթերու այդ ձայներեն, սկսեց  մինդարներ նետել հավաքվածներուն վրա։  Պատարագեն ետք, երբ ժողովի սրահեն մեջ կմտորեին պատահածի վրա, մարդ մը մոտեցավ ամիրային եւ ասաց՝ ժամանակները գեշ են, թաղերուն մեջ անհնազանդներուն ու խենթերուն թիվը կշատանա, մեր զնդանը չի բավեր, դուն միայն կրնաս ճար գտնիլ։ Ով սուրբ փրկիչ, կգոչեն  աշխարհականները, ժամանակները գեշ են, մեզ փրկե մեր բորոտ ոչխարներեն։ Ան ատեն Գազազ Ամիրան կորոշի հիմարանոց մը շինել իր ծախքով քաղաքի պարիսպներից դուրս, Ետի Գյուլե կոչվող ամայի վայրը։

Տան դուռը բացվեց աղմուկով եւ ներս մտան արդեն բոլորովին սթափված Տիգրանը տատմոր հետ։

– Չորս անգամ ճամփեն կորցուցած եմ,- ոգեւորության մեջ ասաց Տիգրանը,- գեշ եղանակ է, շատ գեշ․․․ Ռուս զինվորները Պոլիս մտած են․․․ 

Դայակը արագ լվաց ձեռքերն ու անցավ ծննդկանի սենյակ, որտեղ Յուղաբերն արդեն պատրաստել էր բոլոր պարագաները։ Տիգրանը դուրս եկավ սենյակից, բոլորը դուրս եկան, ծննդկանի հետ մնացին միայն Յուղաբերն ու տատմերը։

Տան դուռն ուժին թակեցին։ Բոլորը վեր թռան։ Տիգանը մոտեցավ դռանը, բացեց, ձյան մեջ բաշի բոզուկներն էին կանգնած, թրքական ոչ կանոնավոր բանակի զինվորները, որ ենիչերների պես արյունարբու չէին, բայց մասնագիտացած էին թալանի ու դիակապտության գործում։ Թրքերեն ինչ-որ բան ասացին, որ տան ներսում գտնվողները քամու ձայնի պատառով չկարողացան հասկանալ։

– Ի՞նչ կըսեր,- հետաքրքրվեց Տուտուն Տիգրանից, երբ այն դուռը փակեց։

– Կըսեր, թե կրակելու են, կրակոցներու ձայներից չվախնանք․․․ 

– Է, առտուց կկրակեն,- ասաց Տուտուն,- ան անտեղ կտնքա, քամին իր հերթին, ատոնք էլ կկրակեն․․․

 Լսվեց երեխայի ճիչը։

– Ասքան շո՞ւտ,- զարմացավ հայրը։

Բոլորի տրամադրությունը փոխվեց, ասես մի մեծ ու ծանր գործ ուսերից գցած լինեին։ Քիչ անց դուրս եկավ Յուղաբերը՝ ձեռքերի մեջ սպիտակ կտորներով կույտ, ասես սպիտակեղենը տանում էր լվացքի շորերի համար առանձնացրած զամբյուղը նետելու։ 

– Ահա,- ասաց նա՝ ցույց տալով սպիտակ կտորների խուրձը,- աս ալ մեր աղջիկը։

Բոլորը նայեցին ու զարմացած նկատեցին սպիտակեղենի միջից ծիկրակող փոքիկ, կնճռոտ դեմքը։

– Աս ի՞նչ է,- հիասթափությամբ ասաց Տիգրանը,- աս ալ չոճուխ է՜, պե՜․․ կարծես քիչ մը փրփուր է․․․ Մեղք քաշած նեղությանս․․․

– Վերջ տուր, Տիգրան,- Մաքրիկն էր, որ դիմելով Մկրտիչին, հարցրեց,- պատրաստած անուն մը ունի՞ք․․․

– Զապել,- ասաց Մկրտիչը։

– Սիրուն անուն է,- ասաց Յուղաբերը,- Զապել կդնենք, Սիպիլ կըսեն։

– Գրագիտուհի մըն էլ կա, լսած եմ անունը,- ասաց Երանիկը։

– Զապել Ասատուր, Հրանտի կինն է,- ասաց Մկրտիչը։

– Զապե՜լ,- անչար հեգնանքով ասաց Տիգրանը,- Փրփուր ասեք, պրծեք․․․

Please follow and like us: