Սոցռեալիզմից պոստմոդեռնիզմ և կապիտալիստական ռեալիզմ/Վարդան Ջալոյան

Խորհրդային Միությունում սոցռեալիզմը մի շատ կարևոր գործառույթ ուներ․ ցույց տալ, որ սոցիալիստատական համակարգը լավ է, իսկ կապիտալիզմը՝ չարիքի թագավորություն։ Սոցռեալիզմը ոչ միայն իրականության նկարագրություն էր,  այլև ցուցանում էր՝ հատկապես ինչպիսին պետք է լինի սոցիալիստական իրականությունը և սովետական մարդը։ Դա գաղափարախոսական պատվեր էր, որը իրագործում էին ԶԼՄ֊ները, գրականությունը և արվեստը և այլն։

Հետխորհրդային տարիներին հայաստանյան մտավորականների մի զգալի մասը սկսեցին զբաղվել «ազգային գաղափարախոսության» անպտուղ փնտրտուքներով։ Անցումային շրջանը Հայաստանում ավարտվեց և սկսվեց կապիտալիստական «վերակառուցման» դարաշրջանը։ Հավանաբար այդ «վերակառուցմանը» համապատասխանում էր նոր «կապիտալիստական ռեալիզմի» գաղափարախոսությունը։ Այս դրույթը կարելի է կասկածի տակ դնել, քանզի կապիտալիզմը և շուկայական հարաբերությունները բացառում են գաղափարախոսությունը, դրամի իշխանությանը այն պետք չէ։ Բայց այն կա և այն կարելի է անվանել «կապիտալիստական ռեալիզմ»։

«Կապիտալիստական ռեալիզմ» եզրը լավ ծանոթ է արվեստագետներին։ 1963 թվականի հոկտեմբերի 11-ին նկարիչներ Գերհարդ Ռիխտերը, Զիգմար Պոլկեն և Կոնրադ Լյուգը Դյուսելդորֆում կազմակերպեցին «Կապիտալիստական ​​ռեալիզմի ցուցադրում» («Leben mit Pop – Eine Demonstration für den Capitalitalistenen Realismus») ցուցահանդեսը։ Իրենք՝ արվեստագետները, որոնցից երկուսը ապրել են ԳԴՀ-ում, հեգնանքով մեկնաբանում են, որ մի կողմից դա  պատասխան է սոցիալիստական ռեալիզմի արվեստին, իսկ մյուս կողմից՝ քննադատում է կապիտալիստական սպառողական հասարակությանը։

Եզրը կրկին հայտնի դարձավ բրիտանացի փիլիսոփա Մարկ Ֆիշերի (1968-2017) «Կապիտալիստական ​​ռեալիզմ. Այլընտրանք չկա՞»  գրքի շնորհիվ (2009 թ.): Դժբախտաբար նրա կյանքը վաղ ընդհատվեց ինքնասպանությամբ։ 

Այդ գրքում Ֆիշերը հիմնավորում է «կապիտալիստական ռեալիզմի» հայեցակարգը, որը նա նկարագրում է որպես «համատարած զգացողություն ոչ միայն այն մասին, որ կապիտալիզմը միակ կենսունակ քաղաքական և տնտեսական համակարգն է, այլև որ այժմ անհնար է նույնիսկ պատկերացնել դրա հետևողական այլընտրանքը։» Այն կրկին հեգնական խաղարկում է «սոցիալիստական ռեալիզմ» տերմինը։

Կապիտալիզմը դառնում է միակ իրականությունը, որ կարող ենք պատկերացնել թե որպես առօրյա, թե որպես մեր երևակայության սահման, առաջին հերթին, այլընտրանքային աշխարհների հնարավորության բացակայություն։

Մարկ Ֆիշերը հիմնվում է Ֆ․ Ջեյմիսոնի ուշ կապիտալիզմի մշակույթի տեսության, Սլավոյ Ժիժեկի գաղափարախոսության տեսության և Դեվիդ Հարվիի նոլիբերալիզմի քննադատության վրա։

Մարկ Ֆիշերի հիշատակում է «Ավելի հեշտ է պատկերացնել աշխարհի վերջը, քան կապիտալիզմի վերջը» արտահայտությունը, որը վերագրվում է և՛ Ֆրեդերիկ Ջեյմսոնին, և՛ Սլավոյ Ժիժեկին։ Այն լավ բնութագրում է կապիտալիստական ​​ռեալիզմի էությունը. կապիտալիզմը միակ կենսունակ տնտեսական համակարգն է, այսինքն՝ «այլընտրանք չկա», ինչպես ժամանակին հռչակեց Մարգարետ Թետչերը։ Ըստ Մարկ Ֆիշերի կապիտալիստական ռեալիզմը «համատարած մթնոլորտի պես մի բան է, որը պայմանավորում է ոչ միայն մշակութային արտադրությունը, այլև աշխատանքի և կրթության կարգավորումը, հանդես գալով որպես մի տեսակ անտեսանելի պատնեշ, որը արգելափակում է միտքն ու գործողությունը»: Հատկապես հետխորհրդային դարաշրջանում անսանձ կապիտալիզմը կարողացավ վերակառուցել մարդկության պատմությունը կապիտալիստական ​​պատումի, որտեղ նեոլիբերալիզմը բնական պատմական առաջընթացի արդյունք էր և նույնիսկ մարդկային զարգացման գագաթնակետը:

Կապիտալիստական ռեալիզմը նույնական չէ նեոլիբերալիզմի հետ, դրանք փոխլրացնող գաղափարախոսական երևույթներ են։ 

Նեոլիբերալիզմը գովերգում է կապիտալիզմը՝ այն ներկայացնելով որպես գործնականում ուտոպիստական սոցիալ-տնտեսական պայմաններին հասնելու և իրականացնելու անհրաժեշտ միջոց։ «Կապիտալիստական ռեալիզմը» ընդհակառակը կոչ է անում լինել ռեալիստ, չունենալ չափազանցված սպասումներ, իսկ հուսահատությունն և հիասթափությունը ներկայացնում իբրև բնական։ Կապիտալիզմը վատն է, բայց ավելի լավ այլընտրանք գոյություն չունի։

Կապիտալիստական ռեալիզմի հռչակած այլընտրանքների բացակայությունը ստիպում է հակակապիտալիստական ​շարժումների մեծամասնությանը հրաժարվել կապիտալիզմին վերջ տալու պայքարից և փոխարենը դիմակայել դրա վատթարագույն դրսևորումներին։ Հակակապիտալիստ ակտիվիստը ևս կապիտալիզմի ջանասեր աշխատողն է։ Նրա այս միտքը շարունակություն գտավ ձախ ակսելերիոցիոնիստների, այդ թվում Նիք Սրնիչեկի մոտ։

Ֆիշերը պնդում է, որ նեոլիբերալիզմի քաղաքականությունը նպաստել է հոգեկան խանգարումների աճին, և որ խնդիրը պահանջում ավելի քաղաքականացնել այն։ Նա մատնաշում է մասնավորապես ձանձրույթի տարածումը․ օրինակ՝ դպրոցականներին ձանձրալի է կարդալ։

Էական է Մարկ Ֆիշերի մոտ նեոլիբերալիզմի և ստալինիզմի միջև զուգահեռը։ Ստալինիզմի էությունը և հիմքը կյանքի բոլոր բնագավառների գաղափարախոսությանը և բյուրոատական ապարատին ենթարկելն է։ Մասնավորապես այդպիսին է սոցռեալիզմը, որը մշակույթում՝ գրականություն, արվեստ գաղափարախոսան և բյուրոկրատական  վերահսկողության սկզբունքն է։ Նեոլիբերալ տեսաբանների սոցիալիզմի պլանային տնտեսական համակարգի քննադատության էությունը պետական բյուրոկրատական վերահսկողությունը ազատ շուկայի ինքնակարգավորմամբ փոխարինելն է։ Մարկ Ֆիշերը, ընդհակառակը, զուգահեռներ է գտնում ստալինյան և նեոլիբերալ բյուրոկրատիայի միջև։

Դեվիդ Հարվին և նրա գործընկերները ցույց են տվել, որ նոլիբերալիզմի հակաբյուրոկրատիզմը առասպել է։ Նրանք մասնավորապես վերլուծել են արևմտյան համալսարանի դասախոսի պրակտիկան, ով տարեկան լրացնում հարյուրավոր էջերի հաշվետվություններ, զեկուցագրեր և այլն։

Հայաստանցի արվեստագետը, գրողը, այլ ստեղծագործողները նույնիսկ փոքր դրամաշնորհ ստանալու համար լրացնում են տասնյակ էջեր, իսկ ապա լրացնում նույնքան ընդարձակ և անիմաստ զեկուցագրեր և այլ թղթատարությամբ զբաղվում։ Ստեղծագործողը ոչ միայն պետք է ստեղծագործի, նրա ստեղծած արդյունքը պետք է լավ «փաթեթավորված» լինի, «լավ տեսք» ունենա բյուրոկրատական հաշվետվությունը։ Ստեղծագործողը ոչ միայն պիտի լավ նկարիչ լինի, այլ նաև՝  հաշվապահ և այլն։ Ստալինը ոչ մի տեղ չի անհետացել, այն դարձել է ներքին, արվեստագետը ինքն իր բյուրոկրատն է և ցենզորը, չհաշված իր վերադաս դրամաշնորհ տվող կազմակերպության վերահսկողությունը։

Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ «կապիտալիստական ռեալիզմը» գրականության տեսության և քննադատության համար։ Կարծում եմ առաջին հերթին հարկավոր է հասկանալ պոստմոդեռնիզմի և կապռեալիզմի միջև տարբերությունը։

Մարկ Ֆիշերը գրում է․ «Հայտնի է, որ Ջեյմսոնը պնդում էր, որ պոստմոդեռնիզմը «ուշ կապիտալիզմի մշակութային տրամաբանությունն է»։ Նա ցույց տվեց, որ ապագայի փլուզումը բաղկացուցիչ է պոստմոդեռն մշակութային բեմահարթակի համար, որտեղ գերիշխող են կոլաժն ու պաստիշը: Քանի որ Ջեյմսոնը համոզիչ կերպով ցույց է տվել պոստմոդեռն մշակույթի կապը սպառողական կապիտալիզմի որոշակի միտումների հետ, կարող է թվալ, որ կապիտալիստական ռեալիզմ հասկացության կարիքն ընդհանրապես չկա»։

Հաջորդիվ ցույց կտանք կապռեալիզմի և պոստմոդեռնիզմի տարբերությունը, կանդրադառնանք կապռեալիստական վեպի տեսությանը։

Ինչպես հայտնի է, պոստմոդեռնիզմի տեսությունը Հայաստանում վատ ընկալվեց, գուցե կապռեալիզմը ավելի կենսունակ լինի։

Please follow and like us: