Ակսել Բակունցի մեղադրականի երրորդ կետում ասվում է․
3. Կազմակերպությունը կապված էր Մոսկվայի կենտրոնի հետ (Տեր–Վահանյան և ուրիշներ)։
Անխուսափելի հարց է առաջանում, թե ինչպե՞ս էր կապված Վաղարշակ Տեր-Վահանյանը Ակսել Բակունցի հետ։
Վաղարշակ Տեր-Վահանյանի մասին հայկական համացանցը համարյա լռում է, չնայած խոսքը գնում է ոչ միայն տրոցկիստ կուսակցական գործիչի, այլ նաև փայլուն մարքսիստ փիլիսոփայի և հայ գրականագետի՝ Խ․ Աբովյանի մասին տպավորիչ հետազոտության հեղինակի մասին։
Վաղարշակ Հարությունի Տեր-Վահանյանը (1893—1936) ծնվել է Մեղրու շրջանի Կարճևան գյուղում։ Բոլշևիկյան կուսակցության անդամ է եղել 1912 թվականից, երբ դեռ պատանի էր։ Եղել է նրա մոսկովյան կազմակերպության ակտիվ ղեկավարներից։
1922 թվականին նա դարձավ «Մարքսիզմի դրոշի ներքո» բոլշևիկյան հիմնական տեսական ամսագրի գլխավոր խմբագիրը։ Արդեն 1923 թվականին Տեր-Վահանյանին հաջողվեց մեծածավալ ուսումնասիրություն հրապարակել «ռուսական մարքսիզմի հիմնադրի»՝ Գեորգի Պլեխանովի մասին։
Ընտրելով Պլեխանովի ժառանգությունը որպես իր տեսական աշխատանքի թեմա՝ Տեր Վահանյանը դրսևորեց զգալի քաջություն և մտքի անկախություն։ Իր կյանքի վերջում Գ․ Պլեխանովը դարձավ բոլշևիկյան կուսակցության և Հոկտեմբերյան հեղափոխության բացահայտ թշնամի: Չնայած դրան՝ և՛ Լենինը, և՛ Տրոցկին հարգանքով էին վերաբերվում նրան և թույլատրեցին նրա աշխատանքների հրապարակումը։
1923 թվականին Տեր-Վահանյանը միացավ Լեոն Տրոցկու գլխավորած խմբավորմանը, որն ակտիվորեն պայքարում էր Խորհրդային Միությունում բյուրոկրատական այլասերման, կուսակցության մեջ դեմոկրատիայի բացակայության դեմ։
Տեր-Վահանյանը հրապարակեց մի քանի կարևոր հոդվածներ՝ նվիրված մարքսիստական տեսությանը և կուսակցական պատմությանը։ Նրա ուշադրության կենտրոնում էին ազգային մշակույթի հարցը, կրոնական մտածողության դեմ պայքարը, կրթության վերափոխման խնդիրներ և այլն։ Հատկապես կարևոր էր նրա մասնակցությունը «Բոլշևիկ», «Պրոլետարական հեղափոխություն» ամսագրերի, Մարքս-Էնգելսի ինստիտուտի աշխատանքներին։ Անվերապահորեն, նա եղել է ձախ ընդիմության կարևոր տեսաբաններից։
Գրելով Պլեխանովի կենսագրությունը` Վ․ Տեր-Վահանյանը իր առաջ լուրջ տեսական խնդիր էր դրել․ ինչպիսի՞ն պետք է լինի կենսագրության մարքսիստական տեսությունը։ Այդ գաղափարը նրա համար թանկ արժեցավ։ 1927-ին Գոսիզդատում 50 հազար տպաքանակով լույս տեսավ Ստալինի առաջին «Համառոտ կենսագրությունը», որը կազմվել է հենց հերոսի կողմից՝ ընդամենը 14 էջ։ Չնայած փոքր ծավալին, հրապարակման հետ կապված խնդիրներ առաջացան։ Այն միանշանակ չընդունվեց կովկասյան կոմունիստների կողմից, ովքեր գիտեին Ստալինի կյանքի իրական մանրամասները։
Վաղարշակ Տեր-Վահանյանը իր «Շողոքորթություն և պատմություն» ինքնահրատ (սամիզդատ) բրոշյուրում ակնարկը բնութագրել է իբրև «ճչացող չափազանցված», նշելով, որ հրապարակումը «հետապնդում է ակնհայտորեն ոչ պատմական նպատակներ» և «լի է ոչ ճշգրիտ տեղեկություններով»։
Կենսագրության գիտական մարքսիստական իր մեթոդը Վ․ Տեր-Վահանյանը փորձել է կիրառել «Խաչատուր Աբովյան» աշխատությունում։ Այստեղ նրա հետազոտական հետաքրքրությունները հատվել են Ակսել Բակունցի գրականագիտական աշխատանքների հետ։
Երբ կարդացի Վ․ Տեր-Վահանյանի «Խաչատուր Աբովյան» աշխատությունը, իսկական հաճույք զգացի։ Զգացվում էր, որ գրել է մասնագետ փիլիսոփան և հմուտ պոլեմիստը, որը մտածել է հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի կենսագրությունը։
Հայտնի է, որ Ստալինը փորձել է վերածել մարքսիզմը կրոնի, անձի պաշտանմունքով և այլ ատրիբուտների միջոցով։ Բայց կրոնը հիմնվում է ոչ միայն սրբազան տեքստերի, այլ հատկապես «սրբերի վարքերի» ժանրի վրա։ Այդպես էին գրվում խորհրդային տարիներին կոմունիստական առաջնորդների, պրոլետարական գրողների կենսագրությունները։ Այսօր էլ մտահոգիչ է, որ գրական կենսագրությունները գրվում են ստալինյան սխեմայով՝ իբրև «աշխարհիկ վարքաբանություն»։
1928 թվականին սկզբին XV-րդ համագումարում ձախ ընդդիմության պարտությունից հետո, Տեր-Վահանյանին սպառնում էր վտարում կուսակցությունից, ձերբակալություն և աքսոր: Մի քանի ամիս աքսորից Վ․ Տեր-Վահանյանը հայտարարեց, որ հեռանում է ձախ ընդդիմությունից և 1930-ին վերականգնվում է կուսակցությունում: Նրա կյանքի հաջորդ վեց տարիները նվիրված են եղել բոլշևիզմի սկզբունքների պաշտպանությանը, որոնք ոտնահարվում էին Ստալինի և կուսակցական վերնախավի կողմից։
1933 թվականին Տեր Վահանյանը հերթական անգամ հեռացվեց կուսակցությունից։ Վերականգնվելով 1934 թվականին՝ 1935 թվականին կրկին վտարվել է և աքսորվել Ղազախստան։ Նա անունը ամենավերջում համալրեց տխրահռչակ «Տասնվեցի դատավարության» մեղադրյալների ցուցակում, որի գլխավոր մեղադրյալներն էին Զինովևն ու Կամենևը։ 1936թ. օգոստոսին Վաղարշակ Տեր-Վահանյանը գնդակահարվեց:
1988 թ․ Վաղարշակ Տեր-Վահանյանը արդարացվեց, և նրա աշխատանքները դուրս բերվեցին պահոցներից։ Նրա ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը աճում է, ինչը վկայում են բաց համացանցում տեղադրված նրա աշխատանքները։
Վաղարշակ Տեր-Վահանյանին նվիրված կայք կա, որտեղ կարող եք գտնել արժեքավոր մատենագրություն։ Ջեսի Ռասելն ու Ռոնալդ Քոնը գիրք են հրատարակել նրա մասին [Jesse Russell, Ronald Cohn․ Vagarshak Arutyunovich Ter-Vaganyan, 2012, 176 էջ]: Ցավոք, Հայաստանում նրա անունը հիշատակվում է իմիջիայլոց, կապված 1936-38 թթ․ քաղաքական բռնաճնշումների հետ, այդ թվում՝ Ակսել Բակունցի և այլոց ներկայացված մեղադրանքների համատեքստում։
«Խորհրդային Հայաստանի» սեպտեմբերի 12-ի առաջնորդողում ասվում է․ «Իր եղբոր՝ գաղտնի տրոցկիստ Ընձակ Տեր Վահանյանի մեղսակցությամբ և նվիված ընկեր, հմտորեն քողարկված Դրաստամատ Տեր-Սիմոնյանի մասնակցությամբ տրոցկիստ-զինովևյան ավազակային կենտրոնի անդամ Վաղարշակ Տեր-Վահանյանը ճանապարհ հարթեց դեպի հայ ազգայնական գրողների՝ դաշնակ Բակունցի, Ալազանի, Վանանդեցու և այլոց սրտերը»։
Երկու խոսք՝ Ընձակ Տեր Վահանյանի մասին։ Ընձակ Տեր-Վահանյան (Մեղրու շրջան, Կարճևան, 1900–1937, Երևան), կուսակցական աշխատող, գրաքննադատ, պրոլետարական գրականության գաղափարախոս: 1932–33-ին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր, 1933–36-ին՝ Կոմկուսի Ղամարլուի շրջկոմի առաջին քարտուղար։ Բռնադատվել է, դատապարտվել գնդակահարության:
Հիմա հայաստանյան հրաշքների մասին։
Արարատ Մ. Հակոբյան «1937 թվականը Հայաստանում» հոդվածում գրում է․ «ԱԱՆ-ՊԱկ-ի արխիվի կարճված հազարավոր գործերի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 1930-ական թթ. Հայաստանում չի եղել քր. գործերում շարունակ շրջանառվող և անընդհատ կրկնվող քաղաքական բնույթի հակախորհրդային, հակապետական, տրոցկիստական, դաշնակցական, ազգայնական և այլ խումբ կամ կազմակերպություն: Իրականությունն այն է, որ մեզանում պարզապես եղել են ազգային նկարագիր ունեցող առանձին գործիչներ ու մտավորականներ, որոնք նեղ շրջանակներում խոսել են Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող խնդիրներից և ցանկություն են հայտնել, որ Հայաստանին միացվեն նրանից անարդարացի կերպով բռնազավթված հողերը` Կարսը, Լեռնային Ղարաբաղը, Սուրմալուն, Նախիջևանը, Ախալքալաքը և այլն»: Անհնարին է, որ, ըստ հեղինակի, լինեին «հակախորհրդային, հակապետական, տրոցկիստական, դաշնակցական, ազգայնական» խումբ կամ խմբեր։ Եվ նաև․ «Իրականությունն այն է, որ մեզանում պարզապես եղել են ազգային նկարագիր ունեցող առանձին գործիչներ ու մտավորականներ», որոնք երազել են, ասենք՝ «ծովից ծով Հայաստանի» մասին։ Իմբեցիլների հավաքածո, որ չէր հասկանում Ստալին-Բերիա կառավարման չարիքը։ Կարծում եմ հակառակը՝ նրանք հասկանում էին այդ չարիքը և նրանց պայքարը առաջին հերթին դրա դեմ էր։ Այլ է, որ նրանց գործունեության մեջ հանցակազմ չկար։
Ավելի նրբանկատ է գտնվել Հրանուշ Խառատյանը։ Մենք կներկայացնենք այն հատվածը, որտեղ նա անդրադառնում է «տրոցկիզմ» մեղադրանքին։ Այդպիսի մեղադրանք ներկայացվել է 109 անձի, բայց ինչպիսի․․․ Ամենակրթված մտավորականներին և կուսակցական գործիչներին։
Վերլուծելով տրոցկիզմին հարելու մեղադրանքը՝ Հ․ Խառատյանը գալիս է այն եզրակացության, որ հավանաբար միակ «իսկական» տրոցկիստը եղել է Մարքս-Էնգելսի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ներսիկ Ստեփանյանը։ [Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում : Պատմություն, հիշողություն, առօրյա․ 43-45 pp.]
Նա գրում է․ «Տրոցկիզմի մեղադրանքներով թեկուզ կողմնակի փաստարկներով գործերը, ինչպես Ն.Ստեփանյանի դեպքում է, բացառություն են: Այդ գործերում օրինաչափությունը փաստարկների և նյութերի բացակայությունն է: «Տրոցկիզմի» մեջ մեղադրվողների քննչական գործերում, չնչին բացառություններով, «տրոցկիզմի» դրսևորումները չեն քննարկվել, օգտագործվել է պարզապես «տրոցկիստ» պիտակավորումը, մեղադրանքը ներկայացնելիս երբեմն հիմք է հանդիսացել «տրոցկիստական հայացքների» համար ավելի վաղ դատապարտված անձանց հետ նախկին կամ ներկա ծանոթությունը, իսկ ավելի հաճախ չեն ծանրաբեռնվել դրա փնտրտուքով` հարկադրելով քննվողներին խոստովանել իրենց «տրոցկիստ» լինելը: Հայաստանում «տրոցկիզմի» մեջ մեղադրվողներից (նաև` քննիչներից) շատերը հազիվ թե իմացել կամ հասկացել են «տրոցկիզմի» էությունը կամ գաղափարը»:
«Նախկին կամ ներկա ծանոթություն» ասելով հեղինակը ակնարկում է, անշուշտ, Վաղարշակ Տեր-Վահանյանին, այն նշված է մեղադրականներում, բայց ինչո՞ւ խուսափել այդ անունը բացահայտ հիշատակելուց։ «Շատերը հազիվ թե իմացել կամ հասկացել են «տրոցկիզմի» էությունը կամ գաղափարը»։ Տրոցկու և ձախ ընդիմության գաղափարները լավ իմացել են ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ նրա հակառակորդները։ Չէ՞ որ խոսքը վերաբերում է ընդամենը տասը տարվա պատմությանը, իսկ մեղադրվողները մտավորականներ էին, որոնք լավ ծանոթ էին Տրոցկու գաղափարներին, որի գրքերը ազատ շրջանառության մեջ էին դեռ մի քանի տարի առաջ։
Ավելի շուտ շփոթություն պետք է առաջացներ այլ հարց․ Ինչպե՞ս «նացիոնալիսը» կարող է լինել «տրոցկիստ»։ Իր պատասխանը ունի Լավրենտի Բերիան։ իր «Փոշիացնել, հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին» հոդվածում ասում է. «Շատ հաճախ կուսակցության ու խորհրդային իշխանության թշնամիներն ազգային հանրապետությունների պայմաններում քողարկվում են ազգային կենցաղային առանձնահատկություններով ու տրադիցիաներով: Բնավ պատահական չէ, որ առանձին տրոցկիստական-զենովևական հակահեղափոխական տարրերը իրենց վնասակար ու տեռորիստական աշխատանքը քողարկելու համար Անդրկովկսաի հանրապետությունների աշխատավոր ժողովուրդների «ազգային խնդիրն» արտահայտողների դիմակ են հագնում:
Պատահական չէ, որ Ստեփանյանի տրոցկիստական խումբը Երևանում իր լկտի հակահեղափոխական տրամադրությունները թանձրորեն ծծեցնում էր նացիոնալիստական գարշահոտությամբ»:
Ժամանակակից պատմաբանը, կամ տրոցկիստը այն տարիներին, հավանաբար այլ բացատրություն կտար։ 1920 ականներին վարվում էր բոլշևիկյան՝ հակակայսերական ազգային քաղաքականություն, Ստալինը այն կտրուկ փոխեց դեպի ռուսական հայրենասիրություն, հայտնվեց ազգերի Մեծ Եղբոր գաղափարը։ Համապատասխանաբար՝ Բերիան այդ քաղաքականության իրականացնողն էր Անդրկովկասում։ Այդ նոր ազգային քաղաքականությունից դժգոհ կոմունիստները, իհարկե, «տրոցկիստ» են` պլյուս «նացիոնալիստներ»։ «Տրոցկիզմը» դեռևս ակնհայտ գաղափար էր 1930֊ականներին։
Վաղարշակ Տեր Վահանյանը եղել է աբովյանագետ, Ակսել Բակունցը՝ նույնպես։ Իսկ Խ․ Աբովյանը եղել է՞ տրոցկիստ։