նախաբան.
Ապրելով դարեր շարունակ ռուսական մշակույթի հարևանությամբ, ինչպես նաև տիրապետության տակ, ցեղը կրել էր բազմաթիվ ազդեցություններ, որոնցից ամենաէականը հանդիսացող՝ ռուս կանանց հմայքը և սեքսուալ ազատությունը, վերածվել էր կատարյալ մշակութային ասպատակության։
Սա մի կողմից իրական վտանգ էր ներկայացնում «ամուր» ավանդական ընտանիքներին, իսկ մյուս կողմից՝ ռուսական լայնածավալ «սեքսուալ դաշտը» այն պարարտ հողն էր, որտեղ ցեղի տղամարդիկ հնարավորություն էին ունենում միաժամանակ իրականացնելով իրենց դարավոր սեքսուալ անբավարարվածությունը՝ նաև որոշակի փորձ ձեռք բերել, որպեսզի հետո բարեհաջող հանգրվան գտնեն, ցեղի անփորձ, բարդույթներով լի, բայց սեքսուալ մեծ կարոտ և պոտենցիալ ունեցող կանանց հետ կազմած ընտանիքներում։
դեպքը.
Ռուսական պոռնոսայթերը անհանգստություն էին առաջացրել օվկիանոսից այն կողմ քիչ թե շատ խաղաղ հանգրվան գտած …..յանների ընտանիքում և խախտել էին նրա նահապետական թվացող անդորրն ու կայունությունը:
Ամեն անգամ երեկոյան, վերադառնալով ծանրաբեռնված աշխատանքային գործունեությունից՝ ամուսինը, լինելով հիմնականում հոգնած, ընդունելով կնոջ կողմից մատուցված ընթրիքը, որ ուղեկցվում էր նրա ձեռքերով պատրաստված ուտելիքի գովաբանությամբ և պատրաստման մանրամասների մանրակրկիտ նկարագրությամբ, այդ ամենի արդյունքում ստանալով հոգնածության հերթական դոզան, փառք տալով մարդկային մտքին, որ ստեղծել էր ինտերնետ կոչված հրաշքը, միակ մխիթարությունն էր գտնում քնելուց առաջ ընկղմվել ռուսական պոռնոսայթերը՝ որպես վերհուշ և անդարձ երազ օվկիանոսի մյուս կողմում մնացած հեռավոր, բայց նախկինում այդքան մատչելի և ցանկալի ռուս կանանց:
Երբեմն քիչ գինովցած վիճակում, երբ ավելի վառ էր դրսևորվում մաչոյական սկիզբը, նա անթաքույց հիացմունքով էր արտահայտվում նրանց մասին՝ անելով դա հաճախ կնոջ ներկայությամբ, որն էլ հերթական ճաշատեսակի գովքով և նկարագրությամբ կարծես փորձում էր մրցակցության մեջ մտնել ռուս կանանց հետ, համոզելով ինքն իրեն, որ ամուսնու կողմից ուշադրությունը կարելի է նվաճել՝ ապահովելով իր կողմից պատրաստված ուտելիքի անարգել ու մշտնջենական ներհոսքը նրա ստամոքսաղիքային համակարգ։ Կնոջը հաճախ հուսահատություն էր պատում, երբ հայելու մեջ տեսնում էր ժամանակի անողոք փոփոխությանը ենթարկված արտաքինը՝ արդեն կախված բոխախը, կոպերի այտուցվածությունը, երեք հղիությունների արդյունքում ձեռք բերած մարմնի ձևախեղումները, այս ամենի հետ՝ տարիքային հորմոնալ խախտումները՝ հոգնածության և նյարդայնության նշաններով ուղեկցված։ Հուսահատությունը փորձում էր ցրել՝ ընկղմվելով լուսավոր անցյալի հուշերը, երբ ջահել էր, առույգ ու գեղեցիկ, երբ իր «հետևից ընկած» անթիվ տղամարդկանցից ընտրեց ամուսնուն, որին սիրեց միայն այն բանի համար, որ մաչո էր՝ իր կարծիքով:
Միաժամանակ, բնավորությամբ լինելով ըմբոստ, մերթընդմերթ փորձում էր պայքարի ալիք բարձրացնել ամուսնու այդ նախասիրության դեմ և ողջ ցասումն ուղղելով ռուս կանանց կողմը՝ անվանում էր նրանց բոզեր, վերհիշելով նաև մերձավորներից մեկի ոչ այնքան նախանձելի վիճակը, որի ամուսինը տևական բիզնես երթեր անելուց հետո Ռուսաստան, այնտեղ արդեն երկրորդ ընտանիքն ուներ՝ կնոջը թողնելով պալատների մեջ բանտարկված՝ նրան, իհարկե, հեռու պահելով ընտանեկան ֆինանսներից:
Բայց այս ամենի հետ մեկտեղ, այնուամենայնիվ, արդեն ներքուստ հաշտված էր նաև այն մտքի հետ, որ ամեն տղամարդու «աչքը դուրսն է»՝ լրիվ չգիտակցելով, որ հենց ինքն էր ամուսնու կերպարը սեփական աչքերում ձևավորել, որպես «մաչո»՝ հաճախ արտահայտվելով այդ կապակցությամբ խնջույքի սեղանների շուրջ և որպես արժանիք ներկայացնելով այն։ Միաժամանակ, վստահաբար չուներ բավականաչափ ինտելեկտուալ կարողություն՝ կարգավորելու համար հարաբերություններն այնպես, որ չառաջանա մի երևակայական անհասկանալի խանություն, որտեղ իշխում էր տղամարդու կենդանական սկիզբը։
Չէր գիտակցում նաև, որ միշտ չէ, որ տղամարդու սերը կարելի է վայելել՝ բավարարելով նրա ստամոքսի լցվածությունը, քանի որ «կենդանու» մոտ կշտանալուց հետո գլուխ են բարձրացնում սեքսուալ պահանջները, որոնք բավարարելու համար պարարտ «դաշտ» չգտնելուց հետո հայացքն ուղղվում է դեպի լայնածավալ «հյուսիսային ջերմությունն ու առատությունը», թեկուզ՝ նախկին ու երևակայական։
Այս ապրումների արդյունքում շատ էր նեղվում և հուսահատվում, բայց ի վերջո իրեն հատուկ ոգու բարձրության հաշվին թևեր էր առնում ու մխիթարվում՝ եզրակացնելով, որ ամուսինը «հյուսիսային» դեգերումներից (առավել ևս՝ վիրտուալ) հետո ուր էլ գնար, ի վերջո վերադառնալու էր, քանի որ, նախ և առաջ, ընտանիք սիրող էր ու ինչպես ինքն էր հաճախ արտահայտվել՝ ընտանիքի հարցում «պահպանողական» էր։ Վերադառնալու էր, որովհետև իրականում բոլորովին «մաչո» չլինելով, բայց երևի թե իրեն շրջապատող միջավայրում հաստատվելու համար ենթագիտակցաբար դրա կարիքն ունենալով՝ միայն սեփական կնոջ հաշվին էր կարողանում այդ առումով զգալ իրեն լիարժեք «տղամարդ»։ Վերադառնալու էր, որովհետև հուսահատության հասնող ծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո, երբ «նախկին» օրերի նման մտածելն ավելորդ էր, բավարարվել ռուսական սեքսուալ դաշտի ընձեռնած հնարավորություններով, իր չիրականացած բոլոր սեքսուալ մղումներով ծանրաբեռնված մարմինն ապահով և հանգիստ հանգրվան էր գտնում ամուսնական անկողնում՝ երբեմն տեղի ունեցող սիմվոլիկ սեքսուալ ակտից հետո երեխայի պես քնելով կնոջ «մայրական գրկում»…
Դեկտեմբեր 2005
Լոս Անջելես
«Շրրրրրըխկ» գրքից