Արմեն Շեկոյան․ ոչնչի և աղոթքի համար/Վարդան Ջալոյան

Պոեզիան մտքի արահետ է, և Արմեն Շեկոյանի պոեզիան գնում է աղոթքի թելադրության նեղ ուղով։ 

Աղոթքը, ինչպես նաև մոմ վառելը, Արմեն Շեկոյանի համար չի եղել սոսկ բանաստեղծական ժանր, այլ նաև ամենօրյա ծես․ «Ու ես գլխիկոր, Չիլոյի ասածի պես՝ գլխի-գլխիկոր Պռոշյանով իջա Սուրբ Սարգիս, գրպանումս մնացած երեք տասանոցներից երկուսով մի հատիկ մոմ առա, իսկ երրորդը գցեցի մի արկղի մեջ, որի վրա գրված էր՝ ՆՎԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՅԾԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ Բայց աղոթքս առաջ չէր գնում, ամենօրյա իմ աղոթքը ոչ մի կերպ չէր ձևավորվում, չնայած ես, ավելի քան երբեք, հստակ էի գիտակցում, որ Աստված իր գործը շատ ավելի լավ է անում, քան մենք՝ մերը։ Բայց էլի աղոթքս առաջ չէր գնում, ամենօրյա իմ աշխարհաբար և արեւելահայերեն «Հայր մերը» լեզվիցս ու մտապատկերիցս թռել էր, բառերը ոչ մի կերպ իրար չէին կպնում, եւ, փոխանակ աղոթեի, փաստորեն մտածում էի, բայց մտածելս էլ ինչ-որ չէր ստացվում, փաստորեն ոչինչ էլ չէի մտածում, փաստորեն հենց ոչինչն էի մտածում, հենց ոչնչի մասին էի մտածում, էնքան որ՝ դատարկված էի, ու շուրջս էլ դափ-դատարկ էր»։ [Արմեն Շեկոյան, «Երևան հյուրանոց»․ Եր․; 2003թ․, 327 էջ]։ 

Կարելի է ենթադրել որ նրա աղոթք-բանաստեղծություները գալիս են նրա իրական կրոնական պրակտիկայից։ Իմ ուշադրությունը գրավեց «փաստորեն հենց ոչինչն էի մտածում» դարձվածքը։ Այն կարող էր ասել այնպիսի մեկը, ով զգում և հասկանում է «ոչինչը»։

Այդպիսի «ոչինչ» է ինքը՝ բանաստեղծը․

Ոչնչություն

Ոչ ջաղացպան եմ, ոչ էլ բոստանչի.
ոչ չախչախ ունեմ և ոչ էլ բանջար:
Ոչ թագավոր եմ, ոչ էլ վեհափառ.
ոչ պալատ ունեմ և ոչ էլ տաճար:

․․․

Ես ոչ գազան եմ, ոչ էլ թռչուն եմ:
Ես ոչ նախկին եմ և ոչ էլ ներկա,
զի` ընդհանրապես
գոյություն չունեմ:

Հա՛. ոչ Պուտին եմ և ոչ էլ Ելցին,
զի չեմ ունեցել առաջին տիկին:
Ես ոչ ագռավ եմ և ոչ էլ մի ցին,
զի` գեղգեղում եմ նորից ու կրկին:

Այս ապոֆատիկ մոտիվը համառորեն կրկնվում է Արմեն Շեկոյանի մոտ․

ԱՅՍՔԱՆ ԲԱՆ

Ես չեմ եղել կառապան,
ես չեմ եղել բարապան,
ես չեմ եղել հավաստի,
ո՛չ քիլլեր, ո՛չ նավաստի
ես չեմ եղել կոմունիստ
ես չեմ եղել հումանիստ
․․․

Գուցե ճամփես շեղե՞լ եմ
Էլ ո՞նց ասեմ՝ եղել եմ,
երբ այդքան չեմ կերել,
երբ այդքանին չեմ գերել,
չեմ ցնծացել հաղթական
եւ չեմ դառել գաղթական
եւ չեմ եղել գյուղացի,
չեմ դառել քաղաքցի
եւ չեմ եղել ծառ ջրող
եւ չեմ եղել լուրջ գրող,
ղումարի մեջ էսքան վախտ
ես չեմ եղել դեռ կրող։

Սեփական ինքնության այս ապոֆատիկ ճանաչողությունը իմաստային շարունակություն ունի բանաստեղծի աստվածայինի  ապոֆատիկ ճանաչողության միջոցով․ «ոչինչը»՝ բանաստեղծական սուբյեկտիվությունը աղոթքի միջոցով հարաբերվում է «Ոչնչի»՝ Աստծո անճառելի էության հետ։ Այն ոչ մի կապ չունի բանաստեղծի ինքնահարգանքի հետ, նա գիտի իր տաղանդի չափը և ուժը։

Աղոթքը ապոֆատիկ է, քանզի ուղղված է Նրան, ով անիմանալի է։ Ապոֆատիկ/ անճառ աստվածաբանության գլխավոր անուն Դիոնիսիոս Արեոպագացու տեսական համակարգում հատուկ տեղ է գրավում աղոթքի տեսությունը, որ նա համարում է անմիջնորդ, անմիջական աստվածահայեցողություն: Անպղտոր, մաքուր մտքով կատարվող «ամենասուրբ» աղոթքի միջոցով միայն կարող է  հայեցողն առավել մերձենալ գերագույին՝ Աստծուն։ Ըստ Դիոնիսիոսի՝ «առաջին հերթին եւ միշտ» աստվածաբանությունը աղոթքից է պետք սկսել: Նա աղոթքը համարում է անմիջնորդ աստվածաբանություն, որի միջոցով ձգտելով Աստծուն, մերձենում եւ միանում ենք Նրան՝ ոչ թե Նրան ձգելով դեպի մեզ, այլ բարձրանալով առ Նա: [ըստ՝ Հրաչյա Թամրազյան․ Դիոնիսիոս Արեոպագացին և Գրիգոր Նարեկացին]։

Դիոնիսիոս Արեոպագացին «Խորհրդական աստվածաբանության մասին» գործում գրում է․ «Այսպիսին լինելու համար մենք աղօթքներ ենք յղում գերալույս Մէգին եւ անտեսութեան ու անգիտութեան միջոցով ձգտում տեսնել եւ ճանաչել Նրան, ով վեր է տեսութիւնից և գիտութիւնից միաժամանակ աղօթելով ձգտում չտեսնել եւ չճանաչել։ Քանզի սա է արդարեւ տեսնելը եւ ճանաչելը եւ գերագոյ Էն գերագոյապէս օրհնաբանելը՝ բացասելով բոլոր էերը ․․․»։ [Խորհրդական աստուածաբանութեան մասին, աշխարհաբարի վերածեց Վ. Ղազարյան, «Գանձասար», 2, 1992]

Արմեն Շեկոյանի շատ բանաստեղծական աղոթքներ կարծես նրա առավոտյան ամենօրյա աղոթքների ձայնագրություններն են․

Տերունական

Ծով է, ծով է Քո անհունը,
ուր մեր Հույսը ընդգրկում ես։
Հա՛յր մեր, որ մեր երկնքում ես, 
սուրբ լինի Քո Անունը։

կամ սա՝

Տիրաբար

Տեր իմ, փռված է քո դեմ
հոգիս՝ պաղ ու եղկելի։
Աչքի պոչով ես նայում
իմ անհամար մեղքերին
ու ներում ես շնորհում
ամեն ժամ և ամեն օր
ու հասնում ես նվաստիս
մշտապես ու ամենուր։

Այս աղոթքների մասին հեգնաբար է արտահայտվում ինքը՝ հեղինակը․ «Ես եկեղեցի գնում եմ, բայց ինձ հավատացյալ չեմ համարում, որովհետև ինքս իմ անձնական շահի ու հոգեկան հանգստության համար եմ եկեղեցի գնում, այլ ոչ թե` Աստծուն փառաբանելու»։

Իհարկե, աղոթք ասելը արդեն իսկ Աստծո փառաբանությունն է, բայց հաշվի առնենք, որ Արմեն Շեկոյանի Աստծո փառաբանությունը տարբեր է եկեղեցական֊դոգմատիկից․

Հայր մեր

Մեր անձնական ու հանուր,
մեր ընդերք ու մեր եթեր,
մեր խոշոր ու մեր մանըր,
մեր գերծանըր ու թեթև:

․․․

Մեր ապավեն հարեհաս,
մեր աստառ ու մեր երես,
մեր մտերիմ ու անհաս,
մեր գունատ ու վարդերես:

Մեր ձմեռ ու մեր գարուն,
մեր աշուն ու մեր ամառ,
Պատկառելի ու սիրուն,
մեր անմեռ ու մեր անմար:

․․․

Դու` ամեն օր ու անվերջ,
մեր հաշտություն ու մեր վեճ,
Դու` մեզնից դուրս ու մեր մեջ,
Դու` մեր սկիզբ ու մեր վերջ:

Ընտրել եմ միայն այն քառատողերը, որ ներկայացնում են Հիսուսին առնչված իր էսթետիկ կերպի հետ։ Շատ կարևոր «Ունեցվածք» բանաստեղծության մեջ Արմեն Շեկոյանը գրում է․

Ունեմ մի Աստված,
մի հատիկ Աստված՝ 
գունատ ու սիրուն։

Շատ կարևոր, որովհետև «ունեցվածքը» ինքնության ամենակարևոր անունն է։ Բանաստեղծը հաճախ է գրում իր աղքատիկ ինքնության մասին։ Այստեղ գրում է իր գանձերի մասին։

«Հայր մերի» մեջ Աստված ևս «գունատ ու սիրուն» է։ Ո՞ւմ մասին են այս ածականները։ Ռոմանտիզմից ի վեր, հավանաբար նաև շատ ավելի վաղ, դրանք տրվում են վաղամեռիկ բանաստեղծներին, և այդպիսին էր Հիսուս Փրկիչը։ Իհարկե, Արմեն Շեկոյանի Հիսուսը Եկեղեցու սարսափազդու Աստծո կերպարը չէ, այլ՝ խաչված բանաստեղծ։ 

Հինկտակարանային մտածողության մեջ կատարյալ թագավորը՝ Դավիթը, նաև կատարյալ բանաստեղծ է, իսկ Հիսուսը իրեն համարում էր Դավթի սերունդ, ուրեմն ոչ միայն արքա է, այլ նաև՝ պոետ։

Քրիստոսի անունով իրադարձությունը տեղի է ունենում իբրև խաչելություն, որպես անարդարության դեմ խաչից բարձրացող այլախոհություն և բողոք, ինչպես նաև որպես ներման խոսքեր։

Արմեն Շեկոյանը հաճախ է բնութագրում իր Հիսուսին իբրև ներող Աստված, իրեն՝իբրև ներման շնորհը ստացած։ Այդ ներման շնորհիվ, իբրև ներված աններելին, որ նա ընկալում է իբրև շնորհ, իբրև պոետ Աստծու բացությունը առ մյուս՝ «ոչնչության պոետին»։

Քրիստոսը Արմեն Շեկոյանի մոտ չունի գերբնական որակներ, այն կեցության անճառ ամբողջության անիմանալի անունն է, իսկ քրիստոնեությունը իրականության բանաստեղծական, փոխաբերական ներկայացում: Քրիստոնեության ուժն ու ազդեցությունը պայմանավորված են ոչ թե նրա աստվածային ծագմամբ, այլ  կյանքի ճշմարիտ կերպի՝ փրկության հնարավորությամբ:

Հիսուս Քրիստոսը չի օգտագործում իր ժամանակի փարիսցեական ավանդական աստվածաբանական խոսքաձևը և իր գաղափարները արտահայտում է գրական միջոցներով։ Նրա «Լերան քարոզը» միայն քաղաքականություն չէ, նաև պոեմ է։  Նա բանաստեղծ է և բանաստեղծներին՝ եղբայր։ Նրա Արքայությունը թագավորություն է առանց բռնության։ Այն թագավորականությունը վերածում է պոեզիայի։

Նրան չի կարելի հասկանալ աստվածաբանության՝ թեո-լոգիայի միջոցով, այլ՝ թեո-պոետիկայի, ինչպես նշում է Ջոն Կապուտոն: [Джон Капуто «Слабый Бог. Теология события»]։

Կատարյալ է Ա․ Շեկոյանի «Աղերսը»։ Ոչ թե այն պատճառով, որ սիրուն է ու հաճելի, որովհետև ավարտում է աղոթքի խորհուրդը՝ թող լինի Արքայությություն Քո․

 Աղերս

Էս պահերից մինչեւ մեր
կանխատեսումը վաղվա
կյանք է դրված եւ, ավա՜ղ,
մահեր էլ են շարված։ Տե՛ր,
ամենատես ամոքիչ, 
փակիր դռները վախի,
որ մենք զարթնենք ու քիչ֊քիչ
գանք դեպի քեզ։ Ու ձախից
հրեշտակներ ուղարկիր, 
որ հորդորեն գառներիդ, 
հրեշտակներ ուղարկիր
աջից և մյուս դռներից, 
որ գան՝ բախեն իրարու 
հավերժություն ու վայրկյան
որ մենք գոնե մի գարուն 
դիմավորենք իբրեւ կյանք։

«Աղերսը» անանուն հավատքի ստեղծագործական մարմնավորումն է (poiesis), որը պետք է գա, դեռ անհայտ հավատի, մարգարեական կոչ առ Աստծո արքայության։

Ափսոս Աստված չկա և հրեշտակներ չկան, բայց պոեզիան հենց անհնարինի ճշմարիտ հնարավորության մասին է։

Please follow and like us: