Արևը թառել է փողոցին ու թրծել ասֆալտը: Օդը քարացել է. շենքերի պատերը, կարծես, հալվում են թեժությունից: Ամայի են փողոցները՝ առանց ծառեր, իսկ շինություննեըը վառվռում են տաքությունից ու ավելի շիկացնում օրը:
Փողոցում հայտնվելն ու երկար մնալն անմտություն է. վաղուց ճանապարհներին քայլող ու զբոսնող մարդիկ չեն նշմարվում: Ճամփաները վերացել են. վերածվել են տների, բնակարանների, հյուրանոցների, ռեստորանների: Երբ օգոստոսյան արևի տակ սխալմամբ կամ պատահաբար մարդ է հայտնվում, խելակորույս ծածկ է փնտրում: Փողոցը երթուղի է մեքենաների համար, շենքերը՝ միմյանց կապող հասցե, ուր չեն հանդիպում ու բաժանվում մարդիկ, որտեղ պատմություններ չեն ծնվում ու հիշողություններ չկան: Պատմական ու մշակութային շենքերն այլևս տեսանելի չեն քաղաքի եզրերից, դրանք տեսանելի չեն նույնիսկ մոտակա փողոցներից. մնացել են նորակառույց բազմահարկերի ստվերում: Սև ու վարդագույն քարե շենքերը խոնարհվել են, փոքրացել, կռացել, դրանք չեն քաղաքի տերը, քաղաքն այլևս այդ շենքերով չեն ճանաչում, քաղաքի տերերը մոխրագույն հսկաներն են` խոռոչային լուսամուտներով, չզանազանվող ու չհիշվող:
Երևանի հին ու կարևոր՝ Արամի ու Բուզանդի փողոցներում՝ տուֆակերտ սև շենքերին օրորվում են ցուցանակները՝ խամրած ու կեղտոտ՝ հիշեցնելով, որ այս տներում ապրել են կարևոր մարդիկ, պատմական մարդիկ: Մարդիկ, որ բեկել են իրադարձությունները ու պատմության ընթացքի մեջ պահպանել Հայաստան պետությունը: Մի ակնթարթ նայում ենք այդ շենքերին, անրջում՝ իբր կանգուն են, մտովի ներս մտնում, քայլում տան ներսում, ուսումնասիրում գրասեղանը, գրքերը, նամակները, պատկերացնում, թե ինչ էին խորհրդակցում, ինչ էին զգում այդքան կարևոր ու պատմական որոշումերը կայացնելիս, իսկ հետո սթափվում, նայում ավերակներին ու գլխիկոր լքում փողոցը: Մի քանի վայրկյան ուղեկցում են մեզ այդ շենքերի կիսախարխուլ պատկերները, հետո մոռանում ենք լքված փլատակների մասին:
Փողոցի եզերքին բազմած բլուրից փոշու ամպ բարձրացավ, սարսափած նայեցինք վարորդին՝ կհասցնի՞ անցնել ճանապարհը, սակայն կարմիր լույսը վառվեց, ու մնացինք խաչմերուկում: Քրտնած ու արևից խանձնված մեր դեմքերին իջավ քանդվող բլուրի հողոտ փոշին: Մանրազնին սրբեցինք հողը մեր վրայից, որ չհիշեցնի բլուրի մասին, և անհամբեր հաշվում ենք լուսացույցի վայրկյանները: Իննսուն վայրկյան տևող լուսացույցներն անտանելի են. չեն թողնում արագ տեղ հասնել ու մոռանալ քաղաքի մասին:
Փորձում եմ չնայել փլուզվող բլուրին, սակայն մտապատկերումս բարձունքն է՝ սաղարթախիտ ու հաստաբուն ծառերով ծածկված, այդ ճեմուղիներում ֆիլմերի տեսարաններ էին նկարահանում, իսկ գագաթին թիկնած սրճարանում արվեստագետներն էին հանդիպում: Այդ ծառերը, իննիսուկաններին, թաղամասի բնակիչներին փրկեցին ցրտահարությունից: Իսկ հիմա այստեղ մարդիկ չկան, նրանք բնակարաններում են և լուսամուտներից լուռ հետևում են, ասես ուրվականներ լինեն: Փլուզվող բլուրից օդ բարձրացող կեղտոտ, փոշիախառը հուրը կպչում է մեր դեմքին ու թմրեցնում մեր կարծրացած միտքը: Մենք հոգնած ենք և անորոշ միմյանց ենք նայում: Ուզում ենք արագ դուրս պրծնել տարածքից ու մտքներիցս ջնջել այս տեսարանը ևս:
Վերջապես ավտոբուսը սլացավ, վարորդն անընդհատ փռշտում է և փորձում ազատվել կոկորդում հայտնված փոշուց, մենք՝ հեռախոսների էկրանն ենք թերթում՝ ավելի թեթև լուր կամ տեսարան գտնելու հույսով:
– Քաղաքը հիշողություն դարձավ, մնաց միայն լուսանկարներում, իսկ դուք այնքան անտարբեր եք նայում, կարծես ձեր քաղաքը չէ,- ասաց մի տարեց կին՝ խոժոռ ու հանդիմանական նայելով ավելի երիտասարդներիս: Ձայնը, որ լսեցինք, անսպասելի էր ու խոցող: Վաղուց քաղաքի մասին հարցադրումներ չկան. գուցե, հոգնեցինք պատասխաններ չլսելուց: Քանդվող այգիների տարածքում կառուցվող առանձնատների ու շենքերի բնակարանները սպառվում են ակնթարթորեն, իսկ Երևանի պատմական ու ամենահին այգու ավերված տարածքում շատերն են պայքարում բնակարան ձեռք բերելու համար:
Կորցնելով ճարտարապետական նկարագիրն ու կանաչ քաղաքի հռչակը՝ Երևանը վերածվել է բնակելի շենքերով ու հյուրանոցներով պատված տարածքի: Եվ, կարծես, հաշտվել ենք, որ ավելին ունենալու արժանի չենք:
Կինը, սակայն, ոչ թե մենախոսեց կամ հռետորական հարց տվեց, այլ համառորեն պատասխանի է սպասում: Ուզում է իմանալ՝ ի՞նչու այսպես եղավ, ի՞նչու ենք անտարբեր: Հայացքը կանգ առավ ինձ վրա: «Անտարբեր նայում եք» մեղադրանքը մեխվել է ուղեղումս և հանգիստ չի տալիս: Այնքան անհարկի թվաց կշտամբանքը, որ արդարանալու պահանջ զգացի: Եթե ասեր՝ ի՞նչու ոչինչ չեք ձեռնարկում, ավելի արդար կլիներ: Երևի խոստովանեմ տիկնոջը, որ մշտապես թաքցնում եմ հայացքս՝ ավերվող շենքերի փլատակները չտեսնելու համար: Հաճախ են քայլերս տանում Երևանի առաջին ու ամենասիրուն փողոցը, որտեղ, դեռևս, պահպանվել են սև տուֆից կերտված գողտրիկ մի քանի շենքեր, ու երբ թեքվում եմ սիրելի գրողի տուն-թանագարանի կողմը, հուսալքվում եմ խառնաշփոթից: Քաղաքի կենտրոնում՝ սև ու վարդագույն տուֆակերտ շենքերի բակում հյուղակներ են: Ամեն անգամ այցելելիս հույս եմ ունենում, որ շուտով, շատ շուտով այդ տաղավարներն ու կրպակները կքանդվեն, պաշտոնյաներ ու ճարտարապետներ կհայտնվեն և կազատեն Երևանի ամենահմայիչ փողոցի ամենագողտրիկ բակերից մեկը անճոռնի շինվածքներից: Բայց տեսարանը չի փոխվում, ու շվարած կանգնում եմ՝ չիմանալով՝ ինչ անել: Հետո անցնում եմ բակերի միջով, որոնք այլևս բակեր չեն, այլ ցանկապատված սեփական տարածքներ, հասնում եմ Նալբանդյան փողոց, որտեղ ապրում էր մեկ այլ սիրելի գրող, նրա տունը փրկել չկարողացանք, շենքի ճակատին մնաց միայն ցուցանակը, որ այս տանն է ապրել գրողը: Ապրել է, բայց, այնտեղ արդեն ոչինչ չկա, ոչ մի հիշողություն, այնտեղ խանութ է, որը սպասարկում է քաղաքում ապրողներին:
Իսկ որքան եմ տագնապել մեր փողոցի սոսու համար: Հաստաբուն ու սաղարթախիտ բոլոր ծառերը կտրեցին, մնացել էր այդ մեկը՝ ամենասիրունը, ամենահայտնին: Մենք հանդիպում էինք այդ ծառի մոտ, որովհետև, հիշվող այլ վայր մեր փողոցում չկա: Կանգնում էինք ծառի ստվերում, մինչև մեզ փնտրող մարդիկ հասնեն մեզ: Ծառն այնքան բարձր էր, և այնքան մեծ էին սաղարթները, որ փակում էին հարակից շինությունների անճոռնի գովազդները, և տոնավաճառի վերածված փողոցը նորից հմայիչ էր դառնում: Ջուր Էի տանում տնից, ջրում, օրվա մեջ մի քանի անգամ անցնում կողքով, որ տեսնեն՝ ծառը հսկող ու խնամող ունի, ու չկացնահարեն: Կողքի խանութի տնօրենին ստեցի, որ լրագրող եմ ու հոդված կգրեմ, եթե կտրի ծառը: Նրան «անհանգստացնում» էին ծառի սաղարթները. խանութի ցուցափեղկերը լավ չէին երևում: Հետո անհարմար եմ զգացել ստելու համար, հետո նորից արդարացրել սուտս, որովհետև «սովորական» մարդիկ պահանջելու իրավունք չունեն, «սովորական» մարդիկ պիտի աննկատ ապրեն՝ իրենց գլխին փորձանք չբերելու համար: Ամեն օր քննախույզ զննել ենք իրար՝ փորձելով կռահել միմյանց մտադրությունները: Բայց հայտնվեց «հեղինակավոր» մի մարդ՝ շրջապատված թիկնապահներով ու անվտանգության աշխատակիցերով, տապալեց ծառը և այդտեղ հյուրանոց սարքեց: Ես նրան մոտենալ չկարողացա, չփորձեցի: Մի՞թե կհավատար, որ լրագրող եմ։ Եթե նույնիսկ հավատար, ի՞նչ էր փոխվելու, նա եկել էր փաստաթղթերը ձեռքին: Իսկ եթե փորձեի մոտենալ, աղաղակեի, մարդիկ հավաքվեին, շատանայինք, բազմապատկվեինք ու արգելեինք… Բայց խիղճս հանգիստ է, որ անտարբեր չեմ…
Կողքիս ուղևորը շշնջաց ականջիս.
– Կարծում ես՝ չգիտի՞, որ անտարբեր չենք, պարզապես, այդպես է ասում զայրույթից, մեզ ցավեցնելու համար, որ ոչինչ չենք անում:
Ուշադիր նայեցի ականջիս փսփսացող ուղևորին: Մի՞թե նա էլ էր ինձ նման արտասվել քանդվող կոթողների ու կացնահարվող ծառերի համար: Գուցե մյուսները, շատերը, բոլորը հուսալքված են, հիասթափված շրջապատից, իրենցից, կատարվողից: Տիկինը, հավանաբար, շատերին է հարց տվել և պատասխան չի լսել: Զննում եմ մարդկանց անխաղաղ դեմքերը, փորձում կռահել նրանց ապրումները: Մեզ նույն մտքերն են տանջում, պարզապես քաղաքից ու մեր մտքերից փախուստն ենք տարբեր կերպ իրացնում:
Հանկարծ երթևեկությունը կանգ առավ, մարդիկ՝ մեծ խմբերով, անցնում են ճանապարհը՝ տոնական ու խանդավառ, կարծես ամբողջ քաղաքը ոտքի է ելել, կարծես պատմական իրադարձություն է կատարվելու: Մի՞թե հնարավոր է, քաղաքում «մեծ» իրադարձություններ այլևս չեն կատարվում, միայն սովորական, առօրեական, կենցաղային:
Վարորդը ձայն տվեց անցորդներին.
– Ի՞նչ է եղել, ու՞ր եք գնում…
– Կարմիր կամուրջն են սարքել, գնում ենք բացմանը:
Իջանք ավտոբուսից: Մարդիկ դուրս են գալիս մեքենաներից ու միանում բազմությանը: Հիացած, ոգևորված զրուցում են.
– 1918 թվականին՝ Սարդարապատի հաղթանակից հետո, հենց այս կամրջով են Երևան վերադարձել հայոց զինվորներն ու հրամանատարները:
– Ասում են՝ կամրջի տակ պահպանված միջնադարյան մաքսատուն կա:
– Կարմիր կամուրջը Երևանի դարպասն է եղել, ամբողջ տարածքը վերականգնել են ու թանգարան դարձրել:
– Ո՞վ է վերականգնել ավերված ու լքված կամուրջը, միայն թե մեկ անհատի պոռթկում չլինի, արթնացում լինի, կոթողները վերականգնելու համատարած գիտակցում,- շշնջացի:
Վաղուց, Երևանի փողոցներում անշտապ, զրուցող ու ժպտացող այսքան մարդ չէր եղել: Անճոռնի ու ցիրուցան նորակառույց շինությունները ճանապարհն անճանաչելի են դարձրել, մեր հայացքները գամվել են արևից փայլփլացող կարմրատուֆ կամրջին, մենք քայլում ենք ոլոր-մոլոր արահետներով, առանց տձև շինվածքներին նայելու, հուզված ու հպարտ քայլում ենք դեպի Կարմիր կամուրջը, դեպի հին թաղը: