Կարինե Մանասյան/Խաղաղաջուր

~~~
խաղաղվի՛ր,
այնքան խաբուսիկ,
ինչպես Խաղաղ օվկիանոսը
ու խորտակիր այն հերոսին,
որ հանդարտություն է փնտրում ափերում քո
ու բռունցքներիդ մեջ
պաշտպանվում արևից:
խաղաղվի՛ր,
ամենահեռու ծովերում,
ամենախոր կետերում,
ուր աղմկում են՝
փնտրելով լռությունը,
որն իր մեջ խորակում է
այն խաբուսիկ հանդարտությամբ,
որում մեռնում են՝
սիրահարվելով ծովի կապույտին:

22:26
04.09.2023

~~~

ես,
որ կարող էի լինել ավելի փոքր
ու կարմիր,
կամ ամենագեղեցիկ երկրների միջև,
բայց ես խաղաղ եմ ավելի
քան պետք է լինել…

21:25
11.09.2023

~~~

դեռ չբացահայտված կետերում
ես ամենաշատն եմ փնտրում քեզ
ու վախենում խեղվդել
ամենաչոր մտքերում՝
հեռու ոսկե ձկնիկից,
որ իր չգոյությամբ
ամենաշատն է մեղավոր
ծովի ալիքներում…

22:08
12.09.2023

~

դու անում ես վերջին կումը՝
շշից.
մինչև ծովը նետելը,
թուղթ դիր ներսում
ու պատմի,
թե ինչ տեսք ունի սերը՝
ցամաքում

23:45
26.10.2023

~~~

… իսկ օվկիանոսում
սերը
միմյանց ոտքերից բռնելն
ու ավելի խորը խորտակելն է
(այն իսկ խաղաղության մեջ,
որում մեռնում է սերը)

23:47
26.10.2023

~~~

ամենամեծ բանը,
որ կարող ես անել ինձ համար,
դա ծովից դուրս գալն
ու մի քիչ չորանալն է
աչքերիս տակ
ու արցունքի տեսքով կախվելը,
հետո նորից ընկները 
ծովի մեջ
ու թաթախվելը
այն խաղաղության մեջ,
որում ծնվում
ու մահանում են

22:06
10:09.2023

~~~

դու պակասում ես,
ինչպես բառարանում՝
բառս,
ինչպես խանութում՝
հացը,
ինչպես ծարավում եմ ես
ու չեմ գտնում կապույտ բաժակը,
որով ուզում եմ խմել ջուրը՝
օվկիանոսի,
որ խաղաղեցնեմ
ինձ…

22:03
18:11.2023

~~~

և երազելով ցամաքի մասին,
որտեղ սիրո մասին ոչինչ
չի ջրիկանում,
որտեղ սիրելուց հետո
չոր ես դուրս գալիս,
որտեղ սիրո մասին ոչինչ
չի մնում ջրի երեսին,
ես խորտակվում եմ
խաղաղ՝
օվկիանոսում․․․

23։26
29․12․2023

~~~

այնքան խորը, 
որքան խաղաղ օվկիանոսը․․․
ես այդքան տեղ եմ պահել
քեզ սիրելու համար,
բայց զգացմունքային այդ թեթևությունը
խորություն չի ճանաչում

08։39
16․11․2023

~~~

և իմանալով,
որ թաթախվելով
այս կապույտ անդորրում
դու ընդմիշտ կառչած կմնաս
ոսկե ձկնիկին,
ես սերը ջրի երես եմ հանում
ու ներքևում թողնում այն ամենը,
ինչ ծանրացնում է
այս թեթև,
թեթև ալիքները․․․

23։34
29․12․2023

~~~

այն սերը,
որ ստեղծել է քեզ ցամաքում,
հիանում է այն կապույտով,
որի մեջ մեռնում է խաղաղությունս,
որտեղ ես
փորձում եմ ստեղծել սերը՝
օվկիանոսի
ամենաչբացահայտված խորքերում

23։48
29․12․2023

~~~

և օվկիանոսը,
որ չի դիմանում իր խորությանը,
չի համակերպվում ալեկոծումներին իր
ու գիշատիչներին,
որոնք չեն ուզում կիսել կյանքը նույն,
ողջունում է մարդկանց,
ովքեր վարձում են ժամանակը
խաղաղության գաղտնիքը 
բացահայտելու համար

17:54
16.12.2023

~~~

… ու ամենավերջում
վերադարձիր այն ափերը,
ուր քեզ սպասում է հերոսը,
որ քո մեջ գտնում է խաղաղությունը,
որ քո մեջ գտնում է
ինքն իրեն…

18:11
09.09.2023

Please follow and like us: