Մեծահասակի ու երեխայի մտերմության մեջ մի անբացատրելի ուժ կա: Նրանք իրար հասկանում են առանց խոսքի ու յուրովի սիրում: Այդպիսի մտերմություն կար Զապել Եսայանի եւ իմ միջեւ, երբ նա հիսունն անց էր, իսկ ես նրանից կես դար փոքր էի: Զապել Եսայանը հաճախ էր լինում մեր տանը, գալիս էր եւ մենակ, եւ իր աղջկա ու տղայի հետ: Ծնողներիս հետ խոսում էին, ծիծաղում, խորհում, տխրում…
Ես ու քույրս մի անկյուն քաշված (արգելված էր մեծերի հետ սեղան նստել, նրանց զրույցը լսել)՝ հմայված նայում էինք տիկին Զապելին: Հատկապես տպավորիչ էին աչքերը, լիքը շուրթերն ու ալեխառն մազերը, որ միշտ հավաքված էին ծոծրակին, բայց չէին ենթարկվում, ու գանգուրները դուրս էին պրծնում՝ արծաթե պսակի պես շրջանակելով դեմքը, որ լույս ու բարություն էր ճառագում:
Մի անգամ նա ականատես եղավ, թե ինչպես, սեղանը դաշնամուր դարձրած, նվագում եմ ու երգում: Դեմս Կոմիտասի երգերի նոտաներն էին, որ միշտ հենում էի մի որեւէ առարկայի: Եսայանը շոյեց գլուխս ու ասաց. «Ապրիս աղջիկս, ես քեզ անպայման դաշնակ կնվիրեմ: Երբ «Բարպա Խաչիկ» գիրքս տպվի, քեզ անպայման գեղեցիկ դաշնակ կգնեմ»:
Ուրախությունից տեղիցս վեր թռա ու փարվեցի նրան: Դաշնամուրն այն տարիներին անհասանելի երազանք էր: Մինչեւ օրս էլ համոզված եմ, եթե գիրքն այդ ժամանակ լույս տեսներ, Եսայանն անպայման իր խոստումը կկատարեր:
Մեր տունը Խորհուրդների փողոցում էր՝ երեսնական թվականների Երեւանի կենտրոնում: Նրա շրջակայքում էին Լենինի հրապարակը, Կառավարական տունը, բանկը, թատրոնը, դեղատունը, «Տորգսինը», Քսանվեց կոմիսարների զբասայգին, «Անաստված» կինոթատրոնը, բաղնիքը… Բոլոր ճանապարհներն ասես անցնում էին մեր տան միջով: Սուրճի, թեյի սեղանի շուրջը մեզ մոտ հավաքվում էր մտավորականության ծաղիկը: Մեր ընտանիքին մոտ մարդիկ հիվանդ հորս նկատմամբ ուշադիր էին. մի երեկո անգամ նրան մենակ չէին թողնում: Նրանց այցելությունը ոչ միայն ծնողներիս, այլեւ քրոջս ու ինձ համար էլ արտաքին աշխարհի հետ կապ էր:
Մի երեկո Զապել Եսայանը մեզ մոտ էր ամբողջ ընտանիքով: Երկար մնացին եւ երբ գնացին, տատս նկատեց, որ սեղանին մոռացել են իրենց տան բանալիները:
Իսկ տունը բավականին հեռու էր՝ Աբովյան փողոցի «մասնագետների» շենքը: Մինչեւ մերոնք մտածում էին՝ ինչ անել, աննկատ վերցրի բանալիներն ու դուրս թռա: Ամառային գիշեր էր, վազում եմ մթության մեջ. ահա Աբովյան փողոցը, որ քիչ թե շատ լուսավորված էր… Նրանց հասնում եմ դեղատան մոտ ու տալիս բանալիները: Մինչ նրանք անսպասելիությունից չգիտեն ինչ անել՝ ես արդեն հեռվում եմ: Տանը, իհարկե, ստացա հասանելիք պատիժը, բայց հայրս նաեւ գովեց համարձակությունս:
1935 թվականին հայրս վախճանվեց. Զապել Եսայանը մեր ընտանիքին ավելի մտերմացավ: Նրա որդին՝ Հրանտը, խառնվածքով մորից տարբեր էր, միշտ լռակյաց, գլուխը կախ, բայց շատ բարի ժպիտ ուներ: Նրան բոլորը սիրում էին ու ասում, որ լավ քիմիկոս է: Քույրը նրա հակապատկերն էր՝ մինչեւ հիմա էլ ականջիս Սոֆիի ծիծաղն է. այնքան կենսուրախ էր:
Եսայանների ընտանիքում երջանիկ իրադարձություն եղավ. Սոֆին ամուսնացավ Սարիբեկ անունով մի երիտասարդի հետ, որը գյուղից էր եւ, եթե չեմ սխալվում, բա- նասեր էր, համալսարանը նոր էր ավարտել:
Սոֆին աղջիկ ունեցավ, անունը Զաբել դրեցին: Կապույտ աչքերով, սպիտակամաշկ, սիրուն երեխա էր եւ շատ նման էր իր տատին:
Զապել Եսայանը մեծ ոգեւորություն էր ապրում, խանդավառված էր հայրենիքով. տպավորություններն ամբարում էր, որ հետագայում վեպեր էին դառնալու: Նա սիրված էր որպես մարդ, որպես ստեղծագործող, որպես դասախոս: Իսկ այդ տարիներին հասարակության կողմից սիրվածները միշտ շրջապատված էին մարդկանցով, հատկապես երիտասարդությամբ:
Եսայանն ամենուրեք էր՝ Գրողների միությունում, համալսարանում, վեպեր էր գրում, ելույթներ ունենում, զեկուցումներ կարդում, եռանդուն մասնակցում էր գրական վեճերին, հալածանքներից պաշտպանում տաղանդավոր գրողներին:
Մերոնք՝ մայրս եւ տատս, հիացած ու զարմացած լսում էին նրա պատմածները, թե ինչ է ասել Չարենցին, Բակունցին, Մկրտիչ Արմենին քննադատողներին: Ես լսում էի կլանված ու յուրովի ընկալելով պատմածը, առանց պատկերացնելու իրադրությունը, ուրախանում, որ Զապել Եսայանն այդքան մեծ է:
Անցան տարիներ, հետո հասկացա, թե նրա ամեն մի ելույթն ինչ նշանակություն ու արժեք ուներ: Ահա նա ինչ է ասել Չարենցի մասին. «Եղիշե Չարենցը մեր ամենամեծ բանաստեղծն է, այդ անուրանալի է բոլորի համար, նրա տաղանդը շոշղոշուն լույսի պես շլացնում է մեզ… Մեզանից շատերի անուններն անհետ կկորչեն, բայց գալիք սերունդները չեն մոռանա Չարենցին: Թերեւս մեզանից ոմանց անուններն անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, որ Չարենցի արժեքով մեկու մը մասին եղել ենք արդար կամ անարդար»:1
Երբ Եսայանին մեղադրել են, թե ինչո՞ւ ժամանակակից կյանքի մասին վեպ չի գրում, տարված է անցյալով, իրականությունը պատկերելուց վախենում է, Եսայանը պատասխանել է. «Ինչո՞ւ պետք է վախենանք այն կյանքից, որի մեջ ապրում ենք ուրախությունով եւ ոգեւորությունով եւ որուն կերտման մասնակցում ենք»,- եւ ավելացրել, որ չի կարող անմիջապես նոր թեմատիկայի անցնել, նշելով. «Ոչ ոք ինձ երախտապարտ չէր լինի, եթե մեկը մյուսի ետեւից հրապարակ հանեի վիժված գործեր: Իմ բազմամյա փորձառությունս եւ իմ ստեղծագործական առանձնահատուկ տվյալներս ինձ թելադրում են համբերել եւ այդ միջոցին տոգորվել մեր ներկա գրականությամբ»:
Զապել Եսայանը պաշտոնական մի անձնավորության, որ եկել էր գրողների տուն հերթական միջոցառման՝ հաստատելու, որ, իբր, Ակսել Բակունցը ժողովրդի թշնամի է, զայրույթով ասում է. «Ես չգիտեմ, թե դուք ո՞վ եք կամ ի՞նչ կաշխատիք, բայց իրավունք չունիք Բակունցին վերաբերյալ այդ կերպ արտահայտվելու: Ակսել Բակունցը Մոպասանին քով դրվելիք արվեստագետ մըն է»:
Եվ այս բոլորը անհատի պաշտամունքի տարիներին:
Չգիտեմ, թե գույժն ինչպե՞ս հասավ, ինչպե՞ս իմացանք, որ Զապել Եսայանը ձերբակալված է: Արցունքը քիչ էր: Պետք էր նեցուկ լինել նրա հարազատներին, օգնել, որ ձեռագրերը չոչնչացվեն: Մայրս, վտանգի ենթարկելով իրեն, օգնեց: Սոֆիին, ամուսնուն եւ երեխային հանեցին Աբովյան փողոցի իրենց բնակարանից եւ տեղավորեցին ինչ-որ փայտաշեն տնակում: Հրանտին ազատեցին աշխատանքից, բայց այն օրը, երբ ուզում էին հանել նաեւ բնակարանից, Մոսկվայից պաշտոնական գրություն ստացվեց. Հրանտ Եսայանի գյուտն արժանացել էր հեղինակային իրավունքի եւ թույլ էր տրվում ներդնել արտադրության մեջ: Զապել Եսայանի որդին իրավունք է ստանում աշխատել գործարանում եւ ապրել իր տանը: Բայց չկա նրանց տան հիմնական սյունը՝ Զապել Եսայանը: Եվ հոգեկան ծանր ապրումներն իրենց գործն անում են. հիվանդությունը, մա- հը չոքել են Եսայանների դռներին: Մահանում է Հրանտի աղջիկը՝ Սոնան, կինը՝ Բերկրուհին, ավելի ուշ, հիսնական թվականների սկզբին, որդին՝ Վահրիկը: Դպրոցի դասատուները ողբում են, ասելով, որ կորցրին ապագա մեծ ֆիզիկոսի:
Սոֆի Եսայանի մոտ հոգեկան խանգարման նշաններ են նկատվում: Ամուսինը նրան համոզում է երեխայի հետ գյուղ գնալ՝ իբր հետագա հալածանքներից խուսափելու համար: Սոֆին գնում է Գառնի, աշխատանքի ընդունվում դպրոցում որպես ֆրանսերենի ուսուցչուհի: Ամեն րոպե սպասում ենք, որ մորս էլ կձերբակալեն, նա աշխատում է հանրային գրադարանում: Երբ աշխատանքից վերադառնալուց մի փոքր ուշանում է, ես ու քույրս վախվորած դուրս ենք գալիս փողոց, սպասելով կամ նրան, կամ վատ լուրի, կարծես այդ լուրը տանը մեզ չի հասնի…
Մորս ազատում են աշխատանքից. գալիս է տխուր, վիրավորված, բայց ոչ ընկճված: Նրան ասել են. «Ռուսերեն չգիտեք, ձեզ պետք է փոխադրենք ուրիշ բաժին»: Մայրս, անգլերեն, ֆրանսերեն, մի քիչ էլ գերմաներեն գիտեր եւ իր աշխատած բաժնում հենց եվրոպական լեզուների իմացություն էր անհրաժեշտ. արտասահմանից գրքեր, պարբերականներ էին ստացվում, որ պետք է կարդար, մշակեր: Կռահելով, որ ռուսերենը սոսկ պատրվակ է իրեն աշխատանքից ազատելու համար, մայրս դիմում է տալիս ու գրադարանից հեռանում:
Պետք է նոր աշխատանք գտնել, հոգալ ընտանիքի ապրուստը. ամեն րոպե պատրաստ ավելի վատի…
Մեր ընտանիքն ապրում էր հորս մահից հետո մեզ տրվող անհատական թոշակով: Հայրս քաղաքական վտարանդի էր, Հայաստան էր եկել Ֆրանսիայից: 1925 թվականին Ֆրանսիայի կառավարությունը կոմունիստական գործունեության համար նրան երկրից վտարել էր, եւ, համաձայնություն ստանալով խորհրդային կառավարությունից, մորս հետ եկել էր Երեւան: Թերեւս այդ հանգամանքը օգնեց, որ մորս չձերբակալեցին:
Մայրս աշխատանք է գտնում սոցիալական ապահովագրության բաժնում՝ որպես մեքենագրուհի եւ ձեւացնում է, որ շատ գոհ է: Ոչինչ չի ասում, բայց ուղեղում շարունակ մի միտք է. եթե իրեն ձերբակալեն, զավակներն ու ծեր սկեսուրը ի՞նչ են անելու, ո՞վ պետք է նրանց օգնության ձեռք մեկնի: Շուրջը ոչ մի հարազատ չկա, բոլորն արտասահմանում են, աշխարհով մեկ սփռված:
Ու շարունակ լսում է. «Դուք արտասահմանում հարազատներ ունեք», հաշվի չի առնում հայի ճակատագիրը, թե հայն ինչո՞ւ է աշխարհով մեկ ցրված:
Իսկ մորս հարազատները չգիտեն իրավիճակը, շարունակ նամակ են գրում: Հիշում եմ մորս կցկտուր պատասխանները. մենք լավ ենք, երեխաներն առողջ են, մեջբերումներ՝ մեր խոսքերից եւ, որ շատ է մտածում իրենց մասին, թե ամեն րոպե կարող են գործազուրկ դառնալ:
Միայն Ֆրանսիայում ապրող քույրն է զգում, որ նրա վիճակը լավ չէ, առիթ է փնտրում, որ մեկի միջոցով ծանրոց ուղարկի: Իսկ այդ ծանրոցը մի նոր վախի պատճառ է դառնում: Մայրս քրոջս ու ինձ շարունակ ներշնչում էր. ինչ լավ է, որ հայրենիք եկավ, որ մենք սովորում ենք, իսկ Ֆրանսիայում չէր կարողանա մեզ ուսման տալ, ու մենք կաշխա- տեինք որպես կոճակ կարող կամ օղակ բաց անող բանվոր:
Նրա խոսքն ընդունում ենք անվերապահորեն, հպարտանում, որ դպրոց ենք գնում, հետո համալսարան կգնանք…
Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որ նոր վիշտ ու փորձություններ բերեց միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ մեր ընտանիքին: Մայրս մեկնում է գյուղ, աշխատում է դաշտում, որ կարողանա կերակրել մեզ:
1942 թվականի գարնան մի օր հնչում է դռան զանգը: Ներս է մտնում գզգզված մազերով, աղքատի հագուստով մի կին: Տատս կարծում է մուրացկան է, ուզում է հաց տալ, իսկ նա վզովն է ընկնում ու հեկեկում: Սոֆի Եսայանն է: Առանց հուզվելու հնարավոր չէ նկարագրել նրա տեսքը: Հագել էր մոր մահուդե խալաթը, որից ոչ գույն էր մնացել, ոչ տեսք: Խալաթը հասնում էր մինչեւ գետնին, մեջքին գոտու փոխարեն լվացքի պա- րան էր կապված, իսկ ոտքերին՝ պատառոտված կոշիկներ:
Երբ մի փոքր հանգստացավ, պատմեց, որ աղջիկը՝ Զաբելը, մահացել է: Երեխան կարմրուկով է հիվանդացել. ինքը չի իմացել՝ լողացրել է, տանտերերն էլ տնից են հանել:
Աներեւակայելի թշվառություն. խեղճ կինն իրեն լրիվ կորցրել էր: Ո՞ւր էր առաջվա ծիծաղը, մնացել էին միայն կապույտ աչքերը եւ խիտ ու գանգուր մազերը, որ արդեն ճերմակին էին տալիս:
Իմացանք նաեւ, որ Սարիբեկը Սոֆիին գյուղ ուղարկելուց հետո ամուսնացել է: Հետո ռազմաճակատ է մեկնել եւ այնտեղ զոհվել: Զապել Եսայանի ամբողջ ունեցվածքը, այդ թվում եւ ամուսնու՝ Տիգրան Եսայանի նկարները, մնացել են այդ կնոջը:
Մայրս, որ կիրակի օրերը գյուղից տուն էր գալիս, լսելով այս պատմությունը, որոշեց դատի տալ եւ այդ կնոջից Եսայանների իրերը հետ վերցնել: Բայց դատից ոչինչ չստացվեց, քանի որ կինն ամեն ինչ թաքցրել էր, ասելով, որ Սարիբեկն իրեն ոչինչ չի թողել:
Սոֆիին հաջողվեց տեղավորել եղբոր ապրած տան նկուղային բնակարանում, լուծվեց նաեւ նրա աշխատանքի հարցը, ընդունվեց դպրոց որպես գրադարանավարուհի: Եվ թվում էր, թե նրա կյանքը կամաց-կամաց կմտնի հունի մեջ, բայց հիվանդությունը գլուխ էր բարձրացնում: Նա մեկ տանն էր, մեկ՝ հոգեբուժարանում: Ընդ որում, հիվանդության նոպաների ժամանակ չափազանց քաղաքավարի էր: Նրա հիվանդությունը քաղաքական հողի վրա էր. սեւ ցուցակ ուներ, ուր գրանցում էր իր կարծիքով կասկածելի մարդկանց: Կարմիր ցուցակում միայն մորս անուն – ազգանունն էր՝ Ալիս Թերզյան: Նրան սիրում էր ու վստահում: Ալիսն իր սուղ միջոցներից միշտ նրան բաժին էր հանում, միշտ նեցուկ էր, պաշտպան: Լինում էին պահեր, երբ Սոֆին ինձ ու քրոջս նախանձում էր, ուզում էր, որ մայրս իրեն ավելի շատ ուշադրություն նվիրի: Ինչ արած, հիվանդ էր եւ պետք էր համբերատար խնամել նրան: Այն, ինչ Զապել Եսայանը չկարողացավ անել իր դստեր համար, մայրս արեց պատերազմական եւ հետպատերազմյան ծանր, զրկանքներով ու դառնություններով լեցուն տարիներին:
Զարմանում եմ, թե մորս փխրուն ուսերը որքան փորձությունների դիմացան: Երբեմն նա ինձ պատկերվում է անվարժ լողորդի տեսքով, որը, չիմանալով, թե ծովը խորն է, նետվում է ալիքների մեջ ու լողում:
Չի խորտակվում, որովհետեւ չի պատկերացնում խորությունն ու իրեն սպառնացող վտանգը:
Բայց իրականում մի՞թե այդպես էր, մի՞թե նա չէր զգում ծովի խորությունը: Պարզապես բնությունը նրան օժտել էր հոգեկան մեծ ուժով ու պայծառ հավատով: Վիշտն ու դժվարությունը տանում էր զուսպ, նրա շուրթերից տրտունջ, դժգոհություն չէր լսվում: Միշտ մեր ընտանիքի վիճակը համեմատում էր ուրիշների հետ եւ հավատացնում, որ մերն ավելի լավ է: Ուրիշի վիշտը մեծացնում էր, մերը փոքրացնում եւ կարողանում էր ինձ ու քրոջս համոզել, որ մենք երջանիկ ենք, բախտից դժգոհելու պատճառ չունենք: Իսկ վաղը, երբ համալսարանն ավարտենք, շատ լավ կապրենք: Երբ քույրս ասպիրանտուրան ավարտեց, իսկ ես՝ հա- մալսարանը, եւ արդեն ի վիճակի էինք թեթեւացնել նրա հոգսը, ավաղ, նա կյանքից հեռացավ: Ասես ամեն ինչ ձեւել – չափել էր այնպես, որ կարողանար միայն մեզ ոտքի կանգնեցնել: Ես ու քույրս մեր որդիական պարտքը մի փոքր անգամ չկարողացանք վերադարձնել:
Սկսեցի գրել մեր ընտանիքը շրջապատող մարդկանց մասին, նրանցից յուրաքանչյուրի պատմածի մեջ փնտրելով մորս կերպարը: Նա իր խղճուկ նյութականով քանի-քանիսին էր ձեռք մեկնել, ոտքի կանգնեցրել, որքան մարդ էր նրան երախտապարտ: Մորս մահից հետո Սոֆիին նեցուկ եղավ Սերիկ Դավթյանը, որ բանտում Զապել Եսայանի հետ էր եղել: Իմացա, որ Զապել Եսայանը վախճանվել է բանտում 1943 թվականին. Սոֆին իր կյանքի վերջին երկու տասնամյակում աշխատում էր Գիտությունների ակադեմիայում եւ ամբողջովին նվիրվեց մոր գրական ժառանգության վերականգնման, գրքերի հրապարակման գործին:
Ժամանակը շտապեցնում էր, պետք է գրեի նաեւ Զապել Եսայանի քիմիկոս որդու՝ Հրանտի մասին, որը քիչ ներդրում չունեցավ մեր հանրապետությունում քիմիայի զարգացման գործում: Սինթետիկ կաուչուկի կոմբինատը զարգացավ նրա աչքի առջեւ եւ նրա անմիջական մասնակցությամբ: Հրանտ Եսայանի պատմածը գրի առա 1977 թվականին, նրա մահվանից հինգ տարի առաջ:
Ծնվել է Փարիզում՝ 1910 թվականին: Հայրը՝ նկարիչ Տիգրան Եսայանը, հայ իրականության ճանաչված դեմքերից էր: Հրանտը մանկուց շատ էր ճամփորդել, քանի որ մայրը հայաշատ վայրերում սիրված ու ճանաչված գրող էր, հասարակական գործիչ: Ամենուրեք նրան սպասում էին, ծարավի էին նրա խոսքին:
Զապել Եսայանը ճամփորդում էր ոչ միայն իր ապագա գրքերի համար նյութ հավաքելու, այլ առաջին հերթին՝ հայրենակիցներին պաշտպան կանգնելու համար: Դեռ 1908 թվականին նա գալիս է Կոնստանդնուպոլիս, Ադանայի ջարդի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնում է Կիլիկիա եւ հոդվածներ տպագրում աղետի մասին, «Ձայներ որբերու թշւառութենէն», «Աղէտի զոհերէն»: Երկու տարի անց Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրում է «Աւերակներուն մէջ» գրքում:
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու լուրը Զապել Եսայանին հասնում է Կոստանդնուպոլսում, որտեղ գտնվում էր որդու հետ: Եսայանը եղեռնից հրաշքով փրկվում է: Հիշում եմ, նա պատմում էր, որ հյուրանոցից դուրս գալիս երկու թուրք իրեն հարցնում են. «Դո՞ւք եք Զապել Եսայանը»: Ասում է՝ «Ոչ, նա ներսում է» եւ անշտապ հեռանում: Զապել Եսայանին փրկում է ինքնատիրապետումը: Նրան հաջողվում է որդու հետ անցնել Բուլղարիա, Ռումինիա եւ հասնել Թիֆլիս:
«Մեզ շատ ջերմորեն ընդունեց Հովհաննես Թումանյանը, – վերհիշեց Հրանտը: – Նա մեզ իր տանը տեղավորեց, ապա ամառանոց տարավ: Հիշողությանս մեջ հատկապես վառ է մնացել ամառանոցի շրջակայքը, որտեղ անհամար կակաչներ կային»:
Փարիզ՝ ամուսնու մոտ, վերադառնալու համար Զապել Եսայանն անցնում է Իրանով, գնում Բաղդադ, Բասրա, Եգիպտոս: Դա սոսկ դեգերում չէ, ամենուրեք նա զբաղվում է հայ տարագիրների ու որբերի հավաքագրման ու տեղավորման գործով: Վերջապես մի առեւտրական նավով նրան հաջողվում է Մարսել հասնել:
«Հիշում եմ,-ասում է Հրանտը,- որ պատերազմի պատճառով նամակները կանոնավոր տեղ չէին հասնում, եւ երբ մենք Փարիզի կայարանից կառքով տուն հասանք, հայրիկիս զարմանքին եւ ուրախությանը չափ չկար:
Քսանական թվականներին հայրս վախճանվեց»:
Զապել Եսայանը, անձնական վիշտը թողած, զբաղված էր գաղթաշխարհի հայության ճակատագրով: Նրա կյանքի լուսավոր էջերից մեկը 1926 թվականն էր, երբ գալիս է Մոսկվա, այնտեղից էլ Խորհրդային Հայաստան, լինում է Բաքվում, Լեռնային Ղարաբաղում: Ամենուրեք ապրում է ոգեւորությունը, նոր կյանք կառուցող մարդկանց նվիրվածությունը, հավատը նրան ստեղծագործելու մեծ լիցք են տալիս: Իր տեսածի մասին նա պատմում է ֆրանսահայությանը, հանդես գալիս մամուլում, որ կարողանա իր ձայնը հասցնել աշխարհով մեկ սփռված հայությանը: Հոգին լցված է հրճվանքով, կա, ապրում է Հայաստանը, կա եւ ապրում է նրա ժողովուրդը: Նա պատմում է անձնուրաց մարդկանց մասին, որոնք կառուցում են վերածնված հայրենիքը: Այդ տպավորությունների արգասիքը եղավ «Պրոմեթէոս ազատագրուած» գիրքը: Այդ ուղեւորությունից հետո Զապել Եսայանը չկարողացավ հեռվում հանգիստ մնալ, նրա հոգին վերածնված հայրենիքում էր:
«Մեր ընտանիքը, – ասում է Հրանտը, – Փարիզում մնաց մինչեւ 1933 թվականը: Մայրս ու քույրս հայրենադարձվեցին, իսկ ես մեկ տարի էլ մնացի Ֆրանսիայում, քանի որ պետք է ավարտեի Սորբոնի համալսարանի քիմիական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ընդունվեցի առաջադեմ երիտասարդության շարքերը, տարածում էի մեր թերթը: 1934 թվականին ես եւս եկա Հայաստան»:
Հրանտ Եսայանի կյանքում բախտորոշ դեր խաղաց անվանի քիմիկոս Ստեփան Ղամբարյանի հետ ծանոթանալը: Վերջինիս խորհրդով նա աշխատանքի անցավ սինթետիկ կաուչուկի գործարանի գիտահետազոտական լաբորատորիայում, որը հետագայում դարձավ Կիրովի անվան քիմիական կոմբինատի կենտրոնական լաբորատորիան: Աշխատում էր Ղամբարյանի ղեկավարությամբ, զբաղվում սինթետիկ կաուչուկի ստացման տեխնոլոգիայի հարցերով: Այդ տարիներին մի քանի գյուտի համար նա ստացավ հեղինակային իրավունք: Երբ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում հիմնվեց Գիտությունների ակադեմիան, Հրանտը դարձավ նրա առաջին ասպիրանտներից մեկը:
Եսայանը հետազոտում էր չհագեցած միացությունների բնագավառը՝ էթիլենային կամ ացեթիլենային միացությունները, որոնց ստացման համար հումք էին կաուչուկի կոմբինատի թափոնները: Այս թեմայով էլ պաշտպանեց թեկնածուական դիսերտացիա եւ աշխատանքի անցավ Գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտում: Նա երկրորդ անգամ ընտանիք կազմեց, կինը ուկրաինուհի էր, զավակներ ունեցավ: Գործընկերները նրան հարգում էին ե՛ւ որպես լավ մասնագետի, ե՛ւ որպես բարի ու ազնիվ մարդու:
Կարծես կյանքը նպատակ էր դրել ինչ-որ չափով մեղմելու Եսայան ընտանիքի կրած տառապանքները: Զապել Եսայանն արդարացվեց, հետմահու նա գրավեց իր պատշաճ տեղը որպես գրող, թարգմանիչ, հրապարակագիր: Նրա «Սիլիհտարի պարտեզները» առաջին գիրքը եւ «Բարպա Խաչիկ» երկարասպաս վեպը լույս տեսան:
Հրանտ Եսայանը, չնայած պատկառելի տարիքին, աշխատում էր Ակադեմիայում:
Նրան հաճախ կարելի էր տեսնել Երեւանի փողոցներում զբոսնելիս: Մայրաքաղաքը նրա աչքի առջեւ էր այդ տեսքը ստացել, նա Երեւանը սիրում էր մի առանձին սիրով: «Երեւանի կենսագրությունը նաեւ իմ կենսագ- րությունն է»,- հպարտորեն ասում էր Հրանտ Եսայանը: Իսկ ես ուզում եմ ընդհանրացնել. Երեւանի կենսագրությունը նաեւ Ֆրանսիայից, Թուրքիայից, Հունաստանից, Բուլղարիայից եւ այլ երկրներից քսանական-երեսնական թվականներին եկած հայերի կենսագրությունն է: Նրանք չվարանեցին դժվարություններից, բնիկների նման ձեռք – ձեռքի տված մեծացրին մանուկ Երեւանը: Եվ նրանց կյանքը, գոծունեությունը, խոսքերը սեր էր, հպարտություն, նվիրում, սրտացավություն եւ, ամենագլխավորը, հավատ:
❖❖❖
Զապել Եսայանի մասին հուշագրությունն արդեն ավարտել էի, երբ 1988 թվականի փետրվա- րին Հայաստանի գրողների տանը նշվեց անվանի արձակագրուհու ծննդյան 110- ամյակը: Հանդիսականների վրա ցնցող տպավորություն թողեց նրա յուղաներկ դիմանկարը, որը ոգեկոչել էր Զապել Եսայանին: Ասես նա նստած էր բեմում, ներկա էր իր մեծարանքի հանդիսությանը ու նայում էր խորախորհուրդ հայացքով:
Ներկաներն է՛լ ավելի հուզվեցին, երբ դիմանկարի հեղինակը՝ վաստակավոր նկարիչ Մարկոս Արզումանյանը, պատմեց նկարի ճակատագրի մասին: Զապել Եսայանին ասես կրկնակի մահ էր վիճակվել, որից հետո նա պետք է վերածնվեր եւ ապրեր հավերժության մեջ:
ՄԱՐԿՈՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ – Արուս Ոսկանյանին նկարելու ժամանակ խնդրեցի անվանի դերասանուհուն՝ օգնի, որ Զապել Եսայանին էլ նկարեմ: Ասաց.
– Դժվար չէ, տղաս, կօգնեմ։
Այդ ժամանակ հնչեց դռան զանգը:
– Նա է, իր ոտքով եկավ, – ասաց Ոսկանյանը:
Ներս մտավ Զապել Եսայանը:
– Ի՞նչ է, դեռ Արուսի նկարը չե՞ք ավարտել, – հարցրեց նա:
– Այսօր վերջին սեանսն է:
– Լավ, ես մի սիգարետ կծխեմ:
Իմանալով իմ խնդրանքը, հարցրեց.
– Ե՞րբ պետք է սկսենք, անուշիկ:
– Երբ ցանկանաք:
Ուրախությունից չէի կարողանում խոսել, ծնոտս դողում էր:
– Շատ բարի, բայց ե՞րբ:
– Հենց հիմա, տիկին Զապել:
Արուս Ոսկանյանն ապրում էր կաուչուկի գործարանի բնակելի շենքի չորրորդ հարկում, իսկ ես՝ երրորդում: Վազեցի տուն, կտավ բերեցի ու սկսեցի նկարել:
Եվ քանի որ Զապել Եսայանը նկարիչ Տիգրան Եսայանի կինն էր եղել, գետեր, թե ինչպես պետք է օգնել արվեստագետին, որպեսզի նա կարողանա բացահայտել բնորդուհու կերպարը:
Ես սկսեցի նկարել: Այնպիսի լարվածությամբ էի աշխատում, որ թիկունքս տնքում էր, վախենում էի հանկարծ հրաժարվի: Երջանիկ էի, որ նա համաձայնեց եւ նստեց մինչեւ վերջ: Վեց սեանս: Իհարկե, այդ ժամանակահատվածում նա շատ հետաքրքրական բաներ էր պատմում ֆրանսիական իմպրեսիոնիզմի, իտալական արվեստի մասին, խոսում էր երաժշտության, քանդակագործության մասին: Այնպես հոյակապ էր բացատրում Ռոդենի քանդակները, կարծես տեսաբան լիներ:
Նկարն ավարտեցի 1936 թվականին: Այն ժամանակ ես աշխատում էի Կաուչուկի գործարանում որպես գլխավոր նկարիչ: Այնտեղ էր աշխատում նաեւ Զապել Եսայանի որդին՝ Հրանտը: Մենք իրար ճանաչում էինք, եւ նա գիտեր, որ նկարել եմ իր մայրիկի դիմանկարը:
Եկավ այն ծանր օրը: Զապել Եսայանին ձերբակալեցին: Արուս Ոսկանյանն առավոտյան թատրոն էր գնում, սանդղահարթակում հանդիպեցինք իրար: Նա գրկեց ինձ եւ շատ հուզված ասաց.
– Իմացա՞ր, տղաս:
– Այո, իմացա:
Աչքերս լցվեցին:
– Լսիր տղաս, այդ գործը, այդ դիմանկարն աչքիդ լույսի պես պահիր: Դա մեր ժողովրդի համար սուրբ մասունք է:
– Ես խոստանում եմ ձեզ, տիկին Արուս, կյանքիս գնով պահել այդ նկարը:
Պահպանվեց այդ դիմանկարը ուրիշ ձեւով: Եվ այսօր ուզում եմ գաղտնիքը բացել.
1946 թվականին Երեւանում ջրհեղեղ եղավ: Գետառը բարձրացել էր եւ բավականին մեծ վնասներ հասցրեց: Ջուրը լցվեց նաեւ իմ արվեստանոցը: Կինս տեսնելով, որ ջրի վրա ծաղիկներով մի նատյուրմորտ է լողում՝ բղավեց. «Նատյուրմորտը վերցրու, շուտ արա, փրկիր»:
Ես փրկեցի այդ կտավը. Զապել Եսայանի նկարի վրա մի ուրիշ կտավ էի քաշել ու նրա վրա նկարել այդ ծաղիկներով նատյուրմորտը: Դիմանկարը շատ էր վնասվել: Նրա վրա աշխատեցի երեք- չորս ամիս, որովհետեւ պղպջակներ էին առաջացել, եւ կտավին լուրջ վտանգ էր սպառնում:
Աշխատելով այդքան ժամանակ, ես վերականգնեցի այս դիմանկարը, որը եւ ներկայացնում եմ ձեզ:
Դահլիճը հոտնկայս ծափահարեց Մարկոս Արզումանյանին, իսկ Զապել Եսայանի դիմանկարն առավել շնչավորել էր արձակագրուհուն: Նա նստած էր տիրաբար եւ իմաստուն դեմքին բազմանշանակ ժպիտ կար, կարծես ասում էր. «Աշխարհում դեռ ոչ մեկին չի հաջողվել սպանել գրողին: Նրա կյանքի ուղին հավերժ է»:
❖❖❖
Զապել Եսայանին նվիրված հուշագրությունս ընթերցողների կողմից մեծ արձագանքի արժանացավ. շատերը զանգահարեցին, ասելով, որ այս շնորհակալ գործը շարունակեմ: Գտնվեցին մարդիկ, որ իրենց իմացածը պատմեցին, լրացնելով արձակագրուհու մասին իրողությունը: Նրանցից մեկը՝ Երեւանի պետական պատկերասրահի աշխա- տակցուհի տիկին Աշխեն Սիմոնյանը, այն դժնդակ տարիներին եղել է Զապել Եսայանի հետ նույն բանտախցում: Նրա խոսքը մասամբ լրացնում է Եսայանի կյանքի վերջին տարիների սպիտակ էջերը:
ԱՇԽԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ – 1937- ին ինձ բանտարկեցին, բերեցին ներկայիս ՊԱԿ-ի շենքը, որ այն ժամանակ ՆԳԺԿ-ինն էր, եւ ասացին, որ բանտարկված եմ այսինչի ցուցմունքով: Այդ ցուցմունքը իրականությանն ամենեւին չէր համապատասխանում: Մարդը, որ մեր ընտանիքին շատ մոտ էր՝ ՀԿԿ Կենտկոմի արդյունաբե- րական բաժնի վարիչ Ստյոպա Բաբայանը, ցուցմունք էր տվել, թե իբր մեր տանը խոսել են Վրաստանի մասին, եւ ինքն ասել է՝ Մոսկվան Վրաստանին շատ գումար է հատկացնում, այդ պատճառով էլ այնտեղ արդյունաբերությունը զարգացած է: Իմ ամուսինը՝ Վարդգես Վարդապետյանը իբր ավելացրել է, թե արվեստը նույնպես այնտեղ զարգացած է, որովհետեւ շատ գումարներ են ստանում Մոսկվայից:
Նման խոսակցություն մեր տանը չէր եղել, ըստ երեւույթին այդ մարդուն ստիպել էին, այնպես ծեծել ու ջարդել, որ ճարահատյալ գրել էր: Իսկ ինձ մեղադրեցին այն բանի համար, որ մեր տանը եղած «հակասովետական խոսակցության» մասին իրենց չեմ հայտնել: Ասացին, որ ձերբակալված եմ, եւ իջեցրին բանտախուց: Այնտե- ղից տարան քաղաքային բանտ, հետո նորից բերին ՆԳԺԿ-ի բանտը: Մի անգամ էլ, երբ բերեցին հարցաքննության, ՆԳԺԿ-ի բանտախցում հանդիպեցի Զապել Եսայանին: Գիտեի, որ անվանի գրող է, հասարակական գործիչ, արտասահմանից եկել է Հայաստան, որ ուժերի ներածին չափով օգտակար լինի իր ժողովրդին: Բանտախցում նա տարիքով բոլորից մեծն էր, մենք նրան հարգալից տիկին Զապել էինք կոչում: Շատ համակրելի ու խելացի կին էր: Պատմում էր իր կյանքից, արտասահմանում իր ունեցած ծանոթությունների, հանդիպումների մասին: Պատմում էր Մոպասանի եւ մյուս անվանի գրողների գործերը: Այնպես էր պատմում, ասես կարդում էր: Լսում էինք կլանված: Տիկին Զապելին անընդհատ կանչում էին հարցաքննության: Վերադառնալուց հետո ծիծաղում էր, դառն հումորով ասում. «Այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որ զարմանում եմ, թե ինչպե՞ս են հորինում»: Շատ էր զայրանում. ինքը ինչ նպատակով է եկել Հա- յաստան, եւ իրեն ինչ են վերագրում՝ անվանելով ֆրանսիական լրտես: Շատ էր մտահոգված իր զավակների ճակատագրով, ոչ մի տեղեկություն չուներ նրանցից, թույլ չէին տալիս ոչ տեսակցություն, ոչ նամակագրություն:
Մի անգամ էլ նրան տարան հարցաքննության, բայց վերադարձավ երկու օրից միայն: Ոտքերը սարսափելի այտուցված էին: Երկու օր նստեցրել էին մի բարձր տեղ եւ ստիպել ոտքերը կախ գցել: Այսպես տանջել էին, պահանջելով ստորագրել, որ լրտես է: Հերոսաբար դիմացել էր: Այնպիսի վիճակում էր, որ չէր կարողանում անգամ նստել: Մենք նրան պառկեցրինք անկողին կոչվածի վրա: Օրերի ընթացքում աստիճանաբար ուշքի եկավ:
Մի անգամ էլ եկան ու նրան ասացին. «Ձեզ կանչում են իրերով»: Դա նշանակում էր, որ կամ աքսորում էին, կամ ազատում: Նման դեպքերում պայմանավորվում էինք կալանավորի հետ, որ եթե ազատվել է, մեզ որեւէ բան ուղարկի, ասենք՝ սանր: Դրանից հետո կարող էինք իմանալ, որ ազատ է արձակված: Զապել Եսայանին իրերով տարան, բայց քանի որ պայմանավորված առարկան չստացանք՝ ենթադրեցինք, որ աքսորել են:
Անցան ամիսներ, ինձ տարան քաղաքային բանտ, հետո բերեցին կենտրոնական բանտ, հետո նորից՝ քաղաքային: Մեր բանտախուցը գտնվում էր երկրորդ հարկում: Դիմացն այն բանտախուցն էր, որտեղ նստեցնում էին հացադուլ հայտարարած կալանավորներին: Մենք ոչ կարդալու իրավունք ունեինք, ոչ կարելու՝ ոչ մի բանով զբաղվելու իրավունք չունեինք: Անընդհատ պետք է մտածեինք, որ թշնամի ենք եւ պետք է դատապարտվենք: Ասեղ մեր հարազատները գաղտնի էին ուղարկում, ինչ-որ բանի մեջ թաքցրած: Մենք, կանայքս, հաջողացրինք տոպրակ կարել: Բանտի բակում փոքրիկ կրպակ կար, որտեղ շաքար էին վաճառում, պաքսիմատ… Մեզ հսկող կնոջը՝ «կլյուչնիցա» Վարդուշին, փող էինք տալիս, որ մեզ համար այդտեղից ուտելիք բերի: Ուտելիքը, հետն էլ անպայման սխտոր, դնում էինք տոպրակի մեջ, եւ որովհետեւ այդ բանտը մնացել էր Նիկոլայի ժամանակներից ու դռները երկաթյա չէին, այլ փայտից ու լայն ճեղքերով, ուտելիքով տոպրակը ճեղքից ներս էինք գցում հացադուլ հայտարարած բանտարկյալին: Երբ մեզ զբոսանքի էին տանում, կես ժամ պահում էին բակում. այդ ընթացքում բաց էին թողնում խցի դուռը եւ պատուհանը, որ մի քիչ օդափոխվի: Զբոսանքի գնալիս ես էի տոպրակը հացադուլավորներին գցում: Այդ օրը մոտեցա դռանը եւ հարցրի.
– Ո՞վ կա այդտեղ:
Ասաց՝ Լիպարիտ Բարսեղյանը: Կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղարն էր: Նրա կինն էր Հայկանուշ Թումանյանը, որը նույնպես կուսակցական աշխատող էր եւ Միկոյանի քենին: Լիպարիտ Բարսեղյանը հարցրեց.
– Իսկ չգիտե՞ս Հայկանուշն ո՞ւր է:
Ասացի.
– Կարծում եմ, որ Միկոյանը նրան ազատած կլինի:
Այդպես էլ էր:
Լիպարիտը սկսեց լալ:
Երբ արդեն ուզում էի իջնել, տեսա տիկին Զապելին՝ աստիճաններով բարձրանալիս: Հերարձակ էր:
– Տիկին Զապել, – հարցրի, – ո՞ւր էիք, ինչպե՞ս հայտնվեցիք:
Ասաց.
– Մահվան քավարանեն կուգամ, աղջիկս: Մահվան քավարանեն:
Մարդիկ կարող են հիմա չհավատալ, բայց իրոք այդպես է եղել, բանտային պայմաններում առանց հսկիչի նրան թողել էին, որ միայնակ բարձրանա աստիճաններով: Չմոռանամ ասել, որ մեր կողքի բանտախցում էլ պահում էին այն կանանց, որոնց արդեն դատապարտել էին: Զապել Եսայանի ձեռքից բռնելով, տարա իմ բանտախուցը, խնդրեցի.
– Տիկին Զապել, արագ պատմեք, թե ձեզ ի՞նչ է պատահել: Պատմեք, քանի Վարդուշը չի եկել:
Եվ նա պատմեց: Երբ իրեն ասել են. «եկեք իրերով», տարել են զինտրիբունալ, որ եկել էր Մոսկվայից: Զինտրիբունալը նրան մեղադրել է լրտեսության մեջ, դատապարտել գնդահակարության: Մահվան դատապարտվածների խցերը գտնվում էին բանտում: Եվ ահա նրան տանում են այդ խցերից մեկը, միաժամանակ իրավունք են տալիս Մոսկվա դիմում գրելու, որպեսզի մահվան դատավճիռը փոխարինվի տասը տարվա աքսորով:
Եվ նրա դիմումը, իսկապես, ուղարկում են Մոսկվա:
Զապել Եսայանը արագ – արագ պատմում է, որ հասցնի ասելիքն ավարտել:
Մի անգամ հսկիչը նկատում է, որ տիկին Զապելն ընկած է գետնին՝ արյան մեջ կորած. արյունը հոսում է քթից, բերանից, ականջներից: Ճնշումն էր բարձրացած եղել, եւ արյունահեղությունը նրան կաթվածից փրկել էր: Անմիջապես փոխադրում են հիվանդանոց: Այդ ժա- մանակամիջոցում Մոսկվայից գալիս է դիմումի պատասխանը, ուր մահվան դատապարտվածությունը փոխարինվել էր տասը տարվա աքսորով: Եվ հիմա նրան տանում էին այդ բանտախուցը, որտեղից պետք է գնար աքսոր: Փառք Աստծո, որ այս ամբողջը տիկին Զապելը հասցրեց պատմել: Մեկ էլ «կյլուչնիցա» Վարդուշը լեղապատառ ներս ընկավ.
– Էս ի՞նչ բան է…
Բանտարկյալին մենակ թողնելու համար ինքը պատասխան էր տալու: Իսկույն Զապելի ձեռքից բռնեց, տարավ իր բանտախուցը: Ինձ էլ երկու օրով կարցեր նստեցրին՝ մեր խուցը բերելու եւ հետը խոսելու համար: Այլեւս տիկին Զապելի մասին լուր չունեցա: Մեկ էլ լսեցի, որ աքսորի ճանապարհին մահացել է:
– Դա 43 թվականի՞ն էր:
– Այդպես է գրված: Այս ամբողջը, որ պատմեցի, 38 թվականի պատմություն է: Մեր բանտախցում շատ կանայք կային. Կարինե Գյուլիքեւխյանը, Մարգո Երզնկյանը…բոլորին աքսորեցին: Պիտի որ 39 թվականին լիներ:
– Ուրեմն Զապել Եսայանը ոչ թե ճանապարհին, այլ աքսորավայրում է նահատակվել:
– Ասում են, իբր Բաքվում նրան տեսնող է եղել, երբ նավով պետք է փոխադրեին Կրասնովոդսկ, եւ որ նավի վրա փորհարությամբ է տառապել եւ նրան Կասպից ծովն են գցել: Կա մահվան մեկ ուրիշ վարկած. Բաքվում պարկի մեջ են մտցրել եւ գազանաբար ծեծել: Ականջիս հասել է նաեւ այսպիսի տեղեկություն. բանտում Եսայանը հերոսաբար չի ստորագրել իրեն հարուցած մեղադրանքի տակ: Սակայն այնքան սոված են պահել, որ, ի վերջո, հարկադրված է եղել ստորագրելու: Այդ օրը նրան տվել են մի բաժակ կաթ եւ սպիտակ հաց:
– Չգիտեմ, գուցե դա եղել է դատաքննության ժամանակ: Բայց ի՞նչ դատ, կարծում եք քննո՞ւմ էին: Դատավարությունը տեւում էր մի քանի րոպե: Քաղաքային բանտում, իրոք, քննում էին: Եվ շատ մարդիկ փրկվում էին, որովհետեւ հնարավորություն ունեին խոսելու, բացատրելու, դատապաշտպան վարձելու: Այնտեղ այդ իրավունքները պահպանվում էին: Իսկ ՆԳԺԿ-ի դատարանում դրա մասին խոսք լինել չէր կարող: Օրինակ, ինձ հայտնի է, որ մեր տղաներից 390 հոգու գնդակահարելիս միայն մի քանի հարց են տվել:
– Այսինչ այսինչյան՝ դու՞ք եք.
– Այո:
– Ձեզ մեղավոր համարու՞մ եք:
– Ոչ:
Այսքանը՝ հայտարարել են դատավճիռը: Իսկ նրանք մահվան պահին բղավել են. «Կեցցե Ստալինը»:
Մենք՝ կալանավոր կանայքս, համոզված էինք, որ ֆաշիզմը մեր երկրում հաղթանակել է, եւ սովետական իշխանություն այլեւս գոյություն չունի, եւ այդ պատճառով էլ մեզ բանտարկել են: Երբ բանտարկում էին կոմունիստին, բանտարկում էին նաեւ նրա կնոջը: Ինձ հետ նստած էր Չարենցի կինը՝ Իզաբելան: Նա շարունակ ասում էր. «Չեմ հասկանում, ինձ ինչո՞ւ են բանտարկել: Ես Չարենցի մի բանաստեղծությունն անգամ չեմ կարդացել»: Իմիջիայլոց, առաջինը նրան աքսորեցին:
– Էլ ովքե՞ր են եղել ձեզ հետ նստած:
– Տարբեր ժամանակահատվածներում տարբեր կանայք են եղել, բայց հետո բոլորիս միացրին: Թոխմախան գոլ էին ասում, ախոռի նման մեծ շենք էր, որտեղ մի կողմում քրեական բանտարկյալներն էին, մյուսում՝ քաղաքականները: Հողե հատակ: Խցերում մեծ լվեր կային, որ թռչելիս բվվոցը լսվում էր: Արթնանալիս բոլորիս մատները այտուցված էին, կուչ եկած խոնավությունից ու ցրտից: Էլեկտրականություն չկար, մի հատ նավթե լամպ էր վառվում: Ահա այդտեղ բոլորիս միացրին, այդտեղ էին նաեւ Իզաբելլա Չարենցը, Մարիցա Վշտունին, Ալազան Մարոն, Լյուսյա Թոթովենցը, Ռոզա Խանջյանը, Արաքսյա Տեր- Սիմոնյանը, Սերիկ Թութունջյանը, Ռոզա Եսայանը, Ամատունու, Ստյոպա Ակոպովի կանայք, Եղյա Չուբարի կինը՝ Մանյա Չուբարը… Շատերը կային:
– Զապել Եսայանը պատմե՞լ է, որ կոտորածի ժամանակ գնացել է Ադանա, Կիլիկիա, հասարակական ինչ գործունեություն է ծավալել:
– Այո, շատ բան է պատմել:
– Մանրամասներ հիշու՞մ եք:
– Ոչ, շատ բան չեմ հիշում, որովհետեւ հիմնական խոսակցությունն այն էր, թե այսինչին այս մեղադրանքն են տվել, այնինչին այսքան են դատապարտել: Հիմնականում խոսում էինք մեր երեխաների մասին: Բայց Զապել Եսայանը պատմում էր, անընդհատ պատմում: Շատ հետաքրքիր զրուցակից էր, հիանալի կին:
1987 – 1992
Արտատպված է «Ազգ» օրաթերթի «Մշակույթ» հավելվածից (թիվ 12(372), 30 մարտ, 2018, թիվ 13 (373), 6 ապրիլ, 2018)