Տերենտի Գրանելին (1897-1934) վրացական գրականության դասականներից է։ Ողջունել է ռուսական հեղափոխությունը եւ Վրաստանի դեմոկրատակաան հանրապետության ստեղծումը, սակայն դրա անկումից հետո բոլշեւիկներին դեմ է դիրքավորվել։ Քաղաքական հայացքների պատճառով յանքի վերջին տարիներին եւ մահից հետո նրա գրականությունը սկսել է անտեսվել ու մոռացության մատնվել եւ միայն 70-ականներին նորից արժեւորվել է։
Վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի
* * * * *
ՄՏՔԵՐԻ թելը իմ մանվում է առ այսօր,
Հիմա հիշում եմ ես էլի ծաղիկն այն հեզ:
Եվ օրեր անց կհասկանան՝ ի՜նչ էր այն, որ
Կրակ դառած այրում էր ինձ, ի՜նչ էի ես:
Երբ գա վերջին պահը՝ դիմակս դեն նետող,
Եվ իրական դեմքս դարձնի ողջին ի տես,
Կհասկանան բոլորն, ավա՜ղ, ինձնից հետո՝
Ի՜նչ կրակ էր այրողը, և ի՜նչ էի ես:
* * * * *
ԵՍ ասես այնտեղ եմ,
Ես ասես այստեղ եմ,
Տերն ասի, թե ով եմ,
Տերն ասի՝ որտեղ եմ:
Տերն ասի, թե ով եմ,
Տերն ասի՝ որտեղ եմ,
Ես ասես այնտեղ եմ,
Ես ասես այստեղ եմ:
ԱՅՍՕՐ
Խոհեր: Ցավելու
Անձրև է իմ դեմ:
Ես Ռուսթավելու
Մայթերը կընկնեմ:
Տնքոցը եկող
Մոգում է դալուկ:
Այսօր էլ ողող
Եմ ցավով թալուկ:
Ունեիր դու ինձ
Երբևէ… Խա՜ս օր:
Անցյալ է, ու ինձ
Էլ չունես այսօր:
Խոհեր: Ցավելու
Անձրև է իմ դեմ:
Ես Ռուսթավելու
Մայթերը կընկնեմ:
ԹՌՉՆԱԿԸ
Արևը ելավ
Օրվա մի կողից:
Թռչնակը իջա՞վ,
Թե՞ ծլեց հողից:
Փողոցների լավ
Օրերն հուշ են հին:
Թռչնակը թռա՞վ,
Թե՞ թոշնեց հողին:
* * * * *
ԱՅՍՕՐՎԱ հուշը երեկն էր հղում,
Տողերս՝ շողեր վերհուշից թռած:
Տանում են քայլերը իմ դողդողուն,
Մութը փողոցում հալվում է վրաս:
Գիշեր՝ զառանցման ալիքներ խութին,
Տերևաթափը՝ ցավագին մի խաղ:
Ելավ, լույսն ելավ խխունջից մութի,
Բացվում է, սակայն լուսաբացն էլ՝ պաղ:
* * * * *
ԱՆՁՐԵՎԻ տաք լույս,
Ցմքած, ցնդած ցավ,
Ու թևին ույծ
Պահն ինքն էլ անցավ:
Գամմայի նվագ,
Ցմքած, ցնդած ցավ,
Իր հետ սևահագ
Պահն ինքն էլ անցավ:
Ճախրանք ու երկինք,
Ցմքած, ցնդած ցավ,
Նրա հետ կրկին
Պահն ինքն էլ անցավ:
Շողշողացող հանգ,
Ցմքած, ցնդած ցավ,
Ու իր թևին թանկ
Պահն ինքն էլ անցավ:
Կյա՜նքն ինքն էլ անցավ:
* * * * *
ԿՐԿԻՆ հեռավոր պահերի հուշեր,
Իրենց մեջ՝ խոհերն իմ երկնամուգ:
Եվ գիշե՛ր, գիշե՛ր և գիշե՛ր, գիշե՛ր
Եվ սո՜ւգ է, սուգ է, և սո՜ւգ է, սո՜ւգ:
Անցած օրերից՝ հիշատակ-մրուր,
Տեսածիդ վերջում՝ անտեսի ուրդ:
Արև թեժ և հուր, արև թեժ և հուր,
Եվ երկինքը լուրթ է, լուրթ ու լո՜ւրթ:
ԵՍ ՈՒ ԳԱԼԱՔՏԻՈՆԸ
Երեկ… Տենդ ու տապ անդունդի պես խոր,
Հիշում է գուցե Զոզիան իմ քույր:
Դևն ինքն է Գալաքտիոնի տեսքով,
Իմ մեջ Հրեշտակն է շուշանաթույր:
Առօրյա եկող տաքուկ նամակներ,
Իջնում եմ այգի, այսօր՝ սըռ ու ցուրտ:
Գալաքտիոնը հողի կիրք է ջեռ,
Իմ մեջ՝ արփենի շողը նրբաշուրթ:
Հեռվում հողմերգ է, մոտիկում՝ ոսոխ,
Արդեն ժամի յոթն է, մութը տիրած:
Գալաքտիոնի մեջ կապույտն է ճոխ,
Իմ տողերի տակ՝ վիհեր ու վիրապ:
Երեկ տենդ ու տապ՝ արցունքի պես խոր,
Հիշում է գուցե Զոզիան իմ քույր:
Դևն ինքն է Գալաքտիոնի տեսքով,
Իմ մեջ Հրեշտակն է շուշանաթույր: