Հովհաննես Թումանյան/Դժոխքի հանդեպ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,

Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։

— Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,

Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…

— Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…

1915


ԴԺՈԽՔԻ ՀԱՆԴԵՊ

Հո՜ւշ. հասավ օրը՝ վերջի՜ն, ահավո՜ր։
Սըրով ու հըրով բացվում էն էսօր
Հայոց դըժոխքի դըռներն ամրափակ.
Սարսափի պիտի աշխարհքը համակ,

Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից։
Ո՜ւհ, ինչքա՜ն մութն է գարշահոտ ու պաղ…
Ինչքան ոսկորնե՜ր, կըմախքնե՜ր անթաղ…
Էլ ի՞նչ կա հեռվում… հեռվի խավարում…

Ով է իմանում… ում աչքն է զորում…
Մեջտեղը մենակ, ժեռուտ բարձունքին,
Կանգնած է մայրը հողմերի տակին.
Որդու արյունը իր ձեռքն են տըվել.
— Խըմիր սուլթանի կենացը դու էլ…

Եվ նա, որ մարդ էր ու մայր էր երեկ,
Այժըմ, էն ժայռին կանգնած կիսամերկ,
Անուժ ու ապուշ խելագար է մի,
Բաժակը ձեռքին, որ պիտի խըմի…
Կանգնած է մենակ, և լոկ մոլեգին

Հողմերն են ոռնում, ու նըրանք չորս դին…
Բայց՝ հո՜ւշ. լռությո՜ւն… մըթին, ահավոր
Երկինք են նայում կըմախքները չոր,
Ու իրենց կարկամ շըրթունքները բաց՝
Խո՜սք են ասելու աշխարհքի դիմաց,

Խոսք, որ չի լըսված դեռևս լուսնի տակ…
Սարսափի պիտի աշխարհ բովանդակ
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից
Որ մարդ է ծընվել մարդու նըմանից։

1916


Please follow and like us: