Վարդան Ջալոյան/ՇՏԱՊ ԵՐԵԽԱ

Ուժասպառ պառկած էինք: Համբուրեցի ուսը և ասացի.

– Շտապ երեխա եմ ուզում: Աղջիկ:

Ծիծաղեց:

– Ինը ամիս պետք է սպասես:

Սպասելու ոչ մի ցանկություն չկար.

– Եթե սիրում ես, եթե չես ուզում ինձ կորցնել, պետք է  հենց հիմա սարքենք: 

Հանեց թոքը, սիրտը, ստամոքսը:

Մտահոգ նայելով անդամների մեծությանը՝ ասացի.

– Երեխայի համար մեծ են,- ու ճմրթեցի ձեռքումս, որ փոքրանան: Տնքաց.

– Զգույշ, շատ  ցավոտ է:

– Երեխա եմ ուզում,- համառ պնդեցի ես:

Հանեց մյուս անդամները՝ ոտքերը, ձեռքերը, շրթունքները: Ճզմեցի ու տրորեցի դրանք, որ փոքրանան: Ցավից շարունակ տնքում էր: Աշխատում էի ուշադրություն չդարձնել և կենտրոնանալ գործի վրա:

– Շունչ չկա մեջը, կենդանի չէ, – անհանգստացած ասացի ես: Շունչը տվեց երեխային, դադարեց շնչել: Ինչ չես անի, երբ սիրում ես:  Նկատեցի, որ աչքեր չկան.

– Աչքերդ էլ տուր,- պահանջեցի ես: Լաց եղավ ու աչքերը տվեց ինձ: Անշարժ ու անշունչ մի կողմում պառկած էր նա, մյուս կողմում՝ լացող երեխան: Ինչո՞ւ լացող աչքեր տվեց: Հիմա ես ի՞նչ անեմ, ո՞նց հանգստացնեմ պստիկին: Կուրծք տալ է պետք, բարուրել է պետք, քնեցնել է պետք, ես ինչպե՞ս դա անեմ: Նեղսրտած գոռացի.

– Վեր կաց, ի՞նչ ես մեկնվել:

Միայն ասաց.

– Ձեր ձեռքը պրծում չկա:

 Կերակրեց մեր աղջկան, բարուրեց ու քնեցրեց: Ես էլ մեկնվեցի կողքը: Երեքով լավ է:

Please follow and like us: