Շառլ Բոդլեր/Փարիզի սփլինը

1.Օտարականը

– Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՛, խորհրդավոր մարդ, հո՞րդ, մո՞րդ, թե՞ եղբորդ:
– Ես չունեմ ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ քույր, ո՛չ եղբայր:
– Բարեկամների՞դ:
– Դուք ասացիք մի բառ, որի իմաստն ինձ մինչև օրս անհայտ է մնացել:
– Հայրենի՞քդ:
– Ես չգիտեմ, թե ո՛ր լայնության տակ է գտնվում այն:
– Գեղեցի՞կը:
– Հաճույքով կսիրեի դիցուհուն եւ անմահին:
– Ոսկի՞ն:
– Ատում եմ, ինչպես դուք՝ Աստծուն:
– Ուրեմն ի՞նչ ես սիրում դու, տարօրինակ օտարական:
– Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ անցնում են…. այնտե՜ղ… այնտեղ…. հրաշալի՜ ամպերը…

2.Պառավի հուսահատությունը

Փոքրիկ, խորշոմած պառավն անսահման բերկրանք զգաց՝ տեսնելով այն սիրունիկ մանկանը, ում ամեն ոք ուզում էր գգվել, ում բոլորն ուզում էին դուր գալ։ Այդ սիրուն արարածը փոքրիկ պառավի նման փխրուն էր, նրա պես անատամ ու անմազ։

Եվ նա մոտեցավ՝ ցանկանալով նրան շինծու ժպիտներ ու հաճելի դիմախաղեր անել։

Սակայն երեխան ահաբեկված՝ թպրտաց այդ բարի զառամյալ կնոջ փաղաքշանքից եւ տունը լցրեց իր ճղճղոցով։

Այնժամ բարի պառավն առանձնացավ իր հավերժական մենության մեջ եւ մի անկյունում կուչ եկած՝ արտասվեց, ասելով․ «Ա՜խ, անցել է արդեն մեր՝ դժբախտ պառավներիս՝ անգամ անմեղ արարածներին դուր գալու ժամանակը, եւ մենք սարսափեցնում ենք փոքրիկ երեխաներին, երբ ուզում ենք սիրել»։

3. Արվեստագետի խոստովանությունը

Որքա՜ն հոգեթափանց են աշնան օրերի վերջին ժամերը, ա՜խ, ցավի չափ հոգեթափանց, քանզի կան որոշ հեշտալի զգացումներ, որոնք տարտամ են, բայց եւ շատ ուժգին, եւ ոչինչ այնքան խորը չի խոցում, որքան Անվերջությունը։

Մեծագո՜ւյն հաճույք է հայացքը սուզել երկնքի եւ ծովի անեզրության մեջ։ Մենությո՜ւն, անդո՜րր, լազուրի անզուգական անարատությո՜ւն, հորիզոնում թրթռացող մի փոքրիկ առագաստ, որն իր աննշանությամբ ու մեկուսիությամբ նմանակում է իմ անամոք գոյությունը, կոհակների միալա՜ր մեղեդի։ Բոլոր այդ բաները խորհում են ինձնո՛վ, կամ ես եմ նրանցով խորհում (քանզի տենչանքի ահագնության մեջ եսը կորչում է արագորեն)։ Նրանք խորհում են, ասում եմ ես, բայց՝ երաժշտորեն ու գեղանկարչորեն, առանց նրբադատության, կշռադատության ու եզրահանգումների։

Այնուհանդերձ, այդ խոհերն ինձնից են բխում, թե հառնում են այլ բաներից, շուտով դառնում են չափազանց ուժգին։ Եվ ուժն այդ հեշտանքի ծնում է խռովք եւ տառապանք որոշակի։ Սաստիկ լարված նյարդերս ունենում են արդեն սոսկ աղեկտուր, ցավագին թրթիռներ։

Եվ հիմա ինձ խոցում է խորությունը երկնի, նրա թափանցիկությունը վհատեցնում է ինձ։ Ծովի անզգայությունը, տեսարանի անշարժությունը ընդվզեցնում են ինձ․․․ Ա՜խ, հարկավո՞ր է հավերժորեն տառապել կամ հավերժորեն փախչել գեղեցիկից։ Բնությո՜ւն, գայթակղուհի՛, մշտահաղթ ախոյանուհի՛, թո՜ղ ինձ։ Բավ է փորձարկես տենչանքներս ու հպարտությունս։ Գեղեցիկի քննությունը մի մենամարտ է, երբ արվեստագետը, պարտվելուց առաջ, աղաղակում է ահից։

4. Կատակները

Նոր տարվա բռնկումն էր. ցեխ ու ձյան քաոս, որի միջով անցնում էին հազարավոր կառքեր՝ շողշողուն խաղալիքներով ու կոնֆետներով, վխտացող ագահություն ու վհատություն, մեծ քաղաքի պաշտոնական ցնորանք, որ արվում է ամենից ավելի մենակյաց հոգիները խռովելու համար։
Այդ ժխորի ու թոհուբոհի մեջ վազում էր մի էշ, որին քշռում էր խարազանով զինված մի անտաշ։
Էշը պատրաստվում էր մտնել նրբանցքը, երբ մի ձեռնոցավոր, կոկված, փողկապը խեղդելու չափ պինդ կապած եւ նոփ-նոր շորերի մեջ բանտված մի սիրունատես պարոն հանդիսավոր կերպով խոնարհվեց այդ ստորացված անասունի առջեւ եւ գլխարկը հանելով ասաց նրան․ «Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ երջանկություն», ապա վերադարձավ իր չգիտեմ , թե ինչպիսի ընկերների մոտ, գոհունակ տեսքով՝ ասես խնդրելու նրանց, որ խրախուսելով իրեն, ավելացնեն իր ինքնագոհությունը։

Էշը չնկատեց այդ սիրունատես կատակասերին եւ շարունակեց եռանդագին վազել այնտեղ, ուր իր պարտականությունն էր կանչում իրեն։
Մինչդեռ ես հանկարծ համակվեցի մի անսահման կատաղությամբ դեպի այդ հոյակապ հիմարը, որն, ըստ իս,խտացրել էր իր մեջ Ֆրանսիայի ողջ սրամտությունը։

Թարգմանությունը՝ Հենրիկ Բախչինյանի

Արտատպված է «Արձակ Էջեր» գրքից, Երեւան 2023

Please follow and like us: