ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ/ՍԵՐ, ԿԵՂՏ, ԿԱԼԱՇՆԻԿՈՎ

Երբ մարտական հենակետի հանձնում-ընդունումը կատարվեց, ծանր զենքը բարձրացրին ու տեղադրեցին դիրքում, զենք-զինամթերքը դասավորվեց զինանոցում ու զինաբուրգում, ուտելիքի պաշարը՝ գետնափոր մառանում, մարսողության հետ խնդիրներ ունեցող հենակետի ավագը՝ կապիտան Բադալյանը, արտաքնոց գնալու բնական պահանջ զգաց, և երկու վատ նորություն բացահայտվեց: Պարզվեց, որ արտաքնոցը ծայրից-ծայր լցված է կղանքով, մեզով ու անձրևաջրերով, իսկ դա նշանակում էր, որ անհրաժեշտ է նոր փոս փորել ու արտաքնոց կառուցել և՝ որ յոթ գալար զուգարանի թղթերով տոպրակը անհետացել է: Բադալյանը, որը հաշվի առնելով բանակային սննդի՞ց, թե՞ ինչ-որ ուրիշ բանից պարբերաբար կրկնվող փորլուծությունը՝ իր սպորտային ճամպրուկում մշտապես մի գալար պահուստային թուղթ էր բարձրացնում հենակետ, վերցրեց պահուստային գալարը և հրահանգեց մինչև իր վերադարձը ինչ գնով էլ լինի գտնել զուգարանի թղթով տոպրակը:
Հենակետի սակավաթիվ անձնակազմից երկուսը՝ Բրդոտն ու Բիձեն, սկսեցին ուսապարկերը քրքրել, Բոյով Ճուտը՝ հենակետի բարձրահասակ խոհարարը գետնափոր մառանը տակնուվրա արեց, իսկ ավագի օգնականը՝ Կոտոշը, սկսեց տապիկով զանգել հարևան հենակետերը, որոնց անձնակազմերի հետ նույն մեքենայով էին բարձրացել:
Երբ հանգստացած ստամոքսով Բադալյանը վերադարձավ գետնատնակ, Կոտոշը վերջին հենակետի հետ էր զրուցում:
– Չկա, հա՞: Դե լավ, ապեր…
– Գտա՞ք,– հարցրեց Բադալյանը:
– Չէ,– տապիկի լսափողը ցած դնելով՝ ասաց Կոտոշը:
– Հենակետը բլինդաժի դեմը շարվի,– խիստ տոնով հրաման տվեց Բադալյանը:
Անձնակազմը հոգնած էր: Ճանապարհի մեծ մասը ոտքով էին եկել՝ ծանր զենքը, 14 օրվա սնունդը ձեռքով էին բերել, որովհետև հակառակորդի նշանառուները աշխատում էին և բաց՝ ծառազուրկ տարածքով մեքենայի անցնելը վտանգավոր էր: Այս ու այն կողմից լսվեցին անձնակազմի դժգոհության ձայները: Բադալյանը, բերանից փրփուր շաղ տալով, գոռաց.
– Զենքով, բրոնիժիլետով՝ պոլնի էպիկիրովկա:
Անձնակազմը դանդաղ էր շարժվում, մի քանի րոպե առաջ դասավորված զինամթերքն ու նառերի տակ դրված ուսապարկերը վերցնելը չափազանց տհաճ էր: Հենակետի ավագը թողնել տվեց՝ զենքերը կրկին դրվեցին զինանոցում, զինամթերքը զինաբուրգում, ուսապարկերը նառերի տակ, ապա նորից հրամայեց շարվել:
Երրորդ փորձից հենակետի անձնակազմը շարված էր դրսում: Բոյով Ճուտը, Բրդոտը, Բիձեն և Հարութը զրահաբաճկոնով ու սաղավարտով էին, ուսապարկերը մեջքներից կախած, իսկ հենակետի «լավերը»՝ Բիզոնը և Կոտոշը, միայն զենքերն էին վերցրել: Բիզոնը այնպես էր ճնշել Բադալյանին, որ կարող էր դուրս չգալ, պառկել նառերի վրա, հեռախոսով ծանոթության կայքեր մտնել, և Բադալյանը հազիվ թե բան ասեր, ինչպես որ հիմա ուշադրություն չէր դարձնում, որ նա միայն զենքն է ուսից կախ գցել, բայց նա չէր չարաշահում իր հնարավորությունները:
Ամեն անգամ, երբ հենակետ էին բարձրանում, նույն պատմությունը կրկնվում էր: Կապիտան Բադալյանը, որ գումարտակի ամենաթույլ սպան էր, որին զինվորները չէին հարգում և որից չէին վախենում, միշտ ինչ-որ պատճառ գտնում էր հենակետի անձնակազմը առաջին իսկ օրը դրսում շարելու համար: Դրանով նա փորձում էր ցույց տալ, թե իրավիճակի տերն է, որ պետք է ենթարկվեն իրեն, բայց ճիշտ հակառակ արձագանքն էր ստանում. իր ու զինվորների միջև նորից լարում էր ստեղծում:
– Էս էդքան հաբռգել եք, հա՞, որ ասում եմ շարվեք՝ չեք շարվում,– մի քիչ կատաղած, մի քիչ էլ կատաղու- թյուն խաղալով՝ գոռում էր Բադալյանը,– դուք երևում ա՝ լավ չեք ճանաչում Բադալ յանին: Ոչինչ, մի երկու ժամ ստեղ կանգնած կմնաք, տեղը կբերեք:
Բադալյանը ներկայացումները զվարճալի էին, բայց զենքով, ծանր ուսապարկով, զրահաբաճկոնով ու սաղավարտով 10-15 րոպե կանգնելուց հետո սկսում էին ձանձրացնել ու հոգնեցնել:

– Բադալյան, ախպոր պես, վերջացրու,– ասաց Կոտոշը,– կարող ա ճանապարհին ա ընկել, կարող ա ներքևում՝ կապտյորկում ա մնացել, վաղը մարդ կուղարկենք ճանապարհը նայելու: Եղածը զուգարանի թուղթ ա, էլի: Եթե չգտնվի, կասենք՝ ներքևից տղերքը կուղարկեն ջրի հետ:
– Մի պաշտպանի սրանց, Կոտոշ,– ասաց Բադալյանը,– էսօր զուգարանի թուղթն են կորցնում, վաղը զենքերը կկորցնեն, երկուսիս էլ բռնել կտան:
Բադալյանը սիրում էր իր խոսքը համեմել տղայական, փողոցային պատկերացումներով. նրան թվում էր, թե դրանով հարգանք է ձեռք բերելու հենակետի
«լավ տղերքի»՝ Բիզոնի ու Կոտոշի մոտ:
– Բադալյան, ես գնացի բլինդաժ,– անտարբեր արտաբերեց Բիզոնը և քայլեց դեպի գետնատնակը։
– Գնա,– ասաց Բադալյանը՝ կարծես իր թույլտվությունից էր կախված Բիզոնի գնալ-չգնալը,– Կոտոշ, դու էլ ներս մտի:
Բիզոնը, Բադալյանը, Կոտոշը ներս մտան գետնատնակ, իսկ մի քանի րոպեից ներս կանչեցին նաև հենակետի խոհարարին: Պատվերը ստանալուց հետո Բոյով Ճուտը գետնատնակից դուրս եկավ ու մոտեցավ գետնափոր մառանին: Ծալվեց, մարմնով 90 աստիճանի անկյուն կազմելով ներս մտավ: Մառանից Բոյով Ճուտը դուրս եկավ մի քանի օրվա ձվի ու պահածոյացված մսի պաշարը ձեռքին, իսկ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված երշիկները՝ սեղմված ատամներից կախված:

Գետնատնակի առջև շարված զինվորները հայացքով ուղեկցեցին Բոյով Ճուտին. նրանց հասանելիք մի քանի օրվա սնունդը «լավ տղերքը» ու Բադալյանը մի քանի րոպեում խժռելու էին, և իրենք նորից մսաբուսական շիլայի հույսին էին մնալու:
– Բադալյանին առիթ էր պետք մեզ դուրս հանելու համար,– ասաց Բրդոտը ու, շարքից դուրս գալով, նստեց գետնատնակի մոտ՝ հարթ մակերևույթից դուրս տնկված գլաքարի վրա:
Իրիկնանում էր, բայց անձնակազմը դեռ կանգնած էր գետնատնակի առջև: Կանգնած էր, որովհետև հացկերույթը ավարտվել էր, իսկ ճաշից հետո Բադալյանը արտաքնոց վազելու սովորություն ուներ և ամեն պահ կարող էր դուրս գալ գետնատնակից ու, անձնա- կազմը շարված չտեսնելով, նորից աղմուկ բարձրացնել: Շուտով հերթափոխի ժամանակն էր, գետնատնա- կի առջև կանգնածները հերթափոխելու էին դիրքերում կանգնած դիտորդներին և չէին ուզում, որ իրենց պատ- ճառով հերթափոխից իջած զինվորներն էլ չարչարվեն, իսկ եթե չենթարկվեին հրամանին, ամենայն հավանա- կանությամբ այդպես էլ կլիներ:
Բիձեն ու Բրդոտը հայացքը բոսորագույն վերջալույսին հառած ծխում էին, իսկ Հարութը նայում էր հենակետի տարածքում վեր բարձրացող միակ մատղաշ ծառին, որն անհասկանալի է, թե ինչպես էր առաջացել լերկ ապառաժների քարքարոտ միջավայրում: Նրան դուր էր գալիս նայել այդ ծառին, հետևել, թե քամու թույլ հոսանքից ինչպես են մեղմորեն շարժվում տերևները: Մշտապես, երբ նայում էր ծառին, սիրելի աղջիկը՝ Արփին էր միտքը գալիս, որովհետև ծառը հույս էր ներշնչում, որ բոլոր դժվարությունները և արգելքները հաղթահարելի են, որ շուտով կվերջացնի ծառայությունը և ինքն ու Արփին միասին կլինեն ու այլևս չեն բաժանվի: Հարութը նայում էր ծառին, մտովի թռչում Արփիի մոտ՝ ոչ վաղ անցյալ կամ ոչ հեռավոր ապագա և սաղավարտը այլևս չէր նեղում ծանրացած գլուխը, զրահաբաճկոնի ու զենքի ծանրությունը չէր զգում, ու այդ ծանրության տակ հոգնած ոտքերին թեթևություն էր իջնում: Ներսում մի հաճելի ջերմություն էր տարածվում, և գլխում մի բանաստեղծություն էր պտտվում, այն պոեզիայի գրքից, որ Արփին էր նվիրել բանակ գալուց առաջ և որը ամենուր իր հետ էր վերցնում՝ նույ- նիսկ ուսումնական զորավարժությունների ու մարտական հերթապահության ժամանակ:
«Էս ծառը ոնց որ մեր սերը լինի,– մտածում էր նա,– աճել է շրջապատին ու միջավայրին անտեսելով, և գնալով ավելի է բարձրանալու ու փարթամանալու»:
Հաջորդ օրը կապիտան Բադալյանը մարդ ուղարկեց, որ ստուգեն ճանապարհը, որով եկել էին, բայց զուգարանի թղթերով տոպրակը չգտնվեց: Նախորդ օրվա ճոխ ընթրիքից բարիացած՝ հենակետի ավագը զուգարանի թղթի գալարը դրեց գետնատնակի պատին ամրացված պահարանի դարակի վրա և պատվիրեց խնամքով օգտագործել: Շուտով մոռացան թղթի պակասության մասին և միայն, երբ ինչ-որ մեկը արտաքնոց գնալիս գալարից թուղթ էր պոկում, մյուսները հայացքով հետևում էին, որ հանկարծ շատ չվերցնի, անտեղի չվատնի թուղթը: Իսկ գալարը, ինչքան էլ խնամքով էին օգտագործում, բարակում էր մեծ արագությամբ: Բանակային սնունդը, նեխահոտ արձակող ջուրը և ցուրտ եղանակը հաճախ էին փորլուծություն առաջացնում և ոչ միայն Բադալյանի մոտ: Էժանագին, հաստ ու կոշտ թղթի գալարը հալվում էր, և մի շաբաթ անց Բադալյանի պահուստային գալարից համարյա բան չէր մնացել: Կոտոշը հոգացել էր, որպեսզի ներքևից՝ գումարտակից ջուր բերող մեքենայի հետ գումարտակում մնացած տղաները թուղթ ուղարկեն, բայց ջրի մեքենայի գալը հետաձգվում էր, որովհետև հերթափոխը երկարաձգվել էր՝ նրանց գումարտակը 14 օր- վա փոխարեն 21 օր պետք է մնար հենակետում, և գումարտակի հրամանատարը բենզինը խնայելու համար հետաձգում էր, որ ջրի մեքենայի հետ գնդից ստացվելիք հավել յալ մեկ շաբաթվա սնունդը ևս ուղարկի:
Մարտական հերթապահությունից հետո զինվորները իջնում էին և, բացի Բիզոնից ու Կոտոշից, նոր արտաքնոցի փոսն էին փորում: Քարքարոտ հողը մեծ դժվարությամբ էր փորվում, իսկ Բադալ յանը պարբերաբար դուրս էր գալիս գետնատնակից ու գոռգոռում, որ ավելի արագ անեն գործը, որովհետև գործածվող արտաքնոցը ծայրեծայր լիքն էր կեղտով: Գերհոգնած դիտորդները մարտական հերթապահության ժամանակ քնում էին, որովհետև նրանց հանգստի ժամանակը ծախսվում էր զուգարանի շինարարության վրա: Կարդալու ժամանակ չէր լինում, բայց Հարութը երբեմն գիշերով, երբ արթուն հերթափոխ էր լինում, ուսապարկից հանում էր Արփիի նվիրած գիրքը և վերընթերցում:
Նոր զուգարանի շինարարությունը ավարտելու գիշերը կիսախավար՝ մոմի լույսով լուսավորված գետնատնակի նառերի վրա պառկած Հարութը տեսավ, թե ինչպես Բադալյանը մոտեցավ դարակին ու, թղթի գալարը վերցնելով, դուրս եկավ: Երբ նա վերադարձավ, գալարը այլևս նրա ձեռքին չէր: Առավոտյան պարզվեց, որ գալարը գլորվել, արտաքնոցի անցքով ցած է ընկել և փոսի հատակում է: Կոտոշը հարցրեց անձնակազմի անդամներին, թե ով է մեղավորը, բայց ձայն հանող չեղավ, և նա հայհոյեց թուղթը փչացնողին: Բադալյանը, որ չգիտես ինչու լռել էր, հիմա ստիպված էր շարունակել լռել, այլապես կստացվեր, որ Կոտոշը իրեն է հայհոյել, իսկ դա ավելի կհեղինակազրկեր նրան: Կոտոշից հետո բոլորը սկսեցին հայհոյել նրան, ով ցած էր գցել թուղթը ու չէր խոստովանում: Ամենաթունդ հայհոյանքները Բադալյանն էր տալիս:
Հենակետում մի 12 էջանոց նոր տետր կար, «Զինվոր» թերթի մի համար և վերջ: Ճաշի ժամանակ Բիզոնը անձնակազմին հարցրեց, թե ում մոտ տետր կամ գիրք կա, թեև շատ լավ գիտեր, որ միայն Հարութն է հենակետ գրքեր բարձրացնում: Հարութը ձայն չհանեց, ոչ թե այն պատճառով, որ ուզում էր թաքցնել, այլ ճիշտ հակառակը. Հարութի գիրքը բոլորը տեսել էին և նրա մտքով չէր անցնում, որ այն կարող է որպես զուգարանի թուղթ դիտարկվել:

– Ուրեմն չկա, հա՞: Բա էս ի՞նչ ա,– ասաց Բիզոնը՝ Հարութի գիրքը մեջքի հետևից դուրս բերելով:
– Տուր ինձ,– պահանջեց Հարութը՝ ձեռքը պարզելով:
– Ձեռքդ,– սպառնաց Բիզոնը:
Հարութը փորձեց Բիզոնի ձեռքից վերցնել գիրքը: Բիզոնը անակնկալ հարվածեց Հարութի դեմքին, և Հարութը ընկավ գետնին: Ոտքի կանգնեց, շորերը թափ տվեց, ատելությամբ լի հայացքով նայեց Բիզոնին, ասաց.
– Գիրքը տուր:
Բիզոնը նորից հարվածեց ու սկսվեց ծեծկռտուքը: Ավելի ճիշտ ծեծը, որովհետև հենակետի տղաները, որ իբր փորձում էին բաժանել, իրականում բռնել էին Հարութի թևերը, իսկ Բիզոնը բռունցքներով ու ոտքերով հարվածում էր, մինչև այն պահը, երբ Բադալյանը ներս մտավ ու գոռգոռոցը դրեց: Հարութը նորից առաջ պարզեց ազատված ձեռքը:
– Գիրքս տուր:
Բադալ յանը մոտեցավ մահճակալին, վերցրեց գիրքն ու մեկնեց Հարութին:
– Թե ի՞նչ կա էս գրքի մեջ, որ սրա պատճառով կռիվ ես սարքում:

Ծեծկռտուքից երկու օր էր անցել, թղթի պաշարը գրեթե սպառվել էր: Երբ Հարութը դիրքից իջավ ու մտավ գետնատնակ, զգաց, որ ինչ-որ բան այնպես չի. տղաները մի տեսակ նայեցին իրեն ու հայացքները փախցրեցին, ասես ինչ-որ մեղք էին գործել իր հան- դեպ կամ ինչ-որ գաղտնիք էին պահում: Նայեց պատից կախված դարակին՝ տետրը այնտեղ էր, թուղթ կար, նշանակում է գրքին ձեռք չեն տվել: Սուրճ դրեց վառարանի վրա և գնաց ուսապարկից գիրքը հանելու: Գիրքը չկար: Բիզոնը անտարբեր տեսքով հեռախոսով ինչ-որ մեկին էր գրում:
– Գիրքն ո՞ւր ա,– հարցրեց Հարութը:
– Ի՞նչ գիրք,– հարցրեց Բիզոնը:
Արյունը գլխին խփեց, մարմնով ջղային դող անցավ: Մոտեցավ զինաբուրգին, Կալաշնիկովը վերցրեց, լիցքավորեց, պահեց Բիզոնի վրա: Բիզոնը անմիջապես սթափվեց.
– Բադալյանն ա վերցրել, զուգարան ա գնացել: Ասեց՝ տետրի թուղթը չոր ա:
– Կսպանեմ էդ անասունին,– ասաց ու դուրս եկավ գետնատնակից:
Գիրքը՝ Արփիի նվերը, այսքան ժամանակ ուժ և համբերություն էր տվել նրան բանակային կյանքին համակերպվելու համար. երբ նա բացում էր գիրքը, բոլոր դժվարություններն ու անարդարությունները՝ սպաների հայհոյանքները և ստորացումները, «լավ տղերքի» սանձարձակ ու լկտի պահվածքը, ոտնահարված արժանապատվությունը մոռացվում էին, և բանակային կյանքը տանելի ու ժամանակավոր էր դառնում: Հիմա, երբ Բադալյանը գիրքը վերցրել էր, զսպող բան չկար: Գետնատնակից մինչը նոր սարքված զուգարանը մոտ
50 մետր կլիներ: Լիցքավորված «կալաշը» իր առջև պահած քայլեց: Ջոկատի տղաները դուրս եկան և հեռվից նայում էին:

– Մի արա, Հարութ, պետք չի,– գոռաց Մեռելը:

Ուժեղ քամու հոսանքից մատղաշ ծառը ճկվել էր և նրա աչքի առաջ ժամանակից շուտ տերևաթափ էր լինում: Հասավ զուգարանին ու մի կարճ պահ սառեց, կանգնեց: Ապա լիցքաթափեց զենքը, նստեց գետնին ու սկսեց արտասվել այն մտքից, որ քիչ մնաց մարդ սպանի: Երբեմն նրա ականջին էին հասնում Բադալյանի շշնջոցը, որ նման էր անգիր սովորող տարրա- կան դասարանի աշակերտի անգիր սովորելուն, երբ տեքստի մի մասը մտքում է կարդում, մի մասը բարձրաձայն: Բադալյանը արտաքնոցում պպզած, բաց հետույքը և հետանցքից դուրս եկած թութքը արտաքնոցի ճյուղաշեն պատերից ներս թափանցող սառը քամուն հանձնած, պոեզիա էր կարդում: Ամեն նախադասության հետ նրա հոգին փափկում, նրբանում էր և մոռացված մի քնքշություն ջերմացնում էր սիրտը: Նրա աչքերը վազում էին տողերի վրայով, իսկ միտքը ընտանիքի՝ կնոջ ու երկու աղջիկների հետ էր, որոնց վեց ամիս է՝ չէր տեսել:

Please follow and like us: