Հաճախ պատահում է, որ բանաստեղծությունն ինքնիրեն չի ծնվում, այլ ցանկություն է առաջանում կամ որոշում ես գրել մի բանի մասին, որը տպավորել է քեզ։ Մտքում ծագում են հրաշալի համեմատություններ ու պարզորոշ պատկերներ… Բայց այս ամենը բանաստեղծությամբ ներկայացնելու փորձը ձախողվում է։ Մի հուսահատվիր։ Գլխում ծագածը արագ և ճիշտ բանաստեղծական ձևի մեջ դնելու համար նույնպես անհրաժեշտ է որոշակի փորձ: Եվ հենց հիմա դու կարող ես սկսել այն ձեռք բերել՝ կատարելով մի քանի վարժություն :
Վարժություն 1. «Հեշտ չափածո»
Գրի՛ր առաջին անիմաստ տողը, իսկ հետո շարունակիր բանաստեղծությունը՝ դրան ավելացնելով այն ամենը, ինչ մտքովդ անցնում է։
Փորձիր հնարավորինս երկար պահպանել չափը եւ գտնել համապատասխան հանգը: Մի փորձիր հետևել իմաստին, սա պարզապես վարժություն է: Այն զարգացնում է բառապաշարի ճկունությունը, հանգի և չափի զգացումը:
Օրինակ՝
Ես հեռանում եմ քեզանից, իմ սեր
ապա․
Ես մոռանում եմ սիրել մի կայսեր,
Ահա թե ուր է ամենը հասել,
Չունեմ ես մորուք, չունի նա վարսեր։
Վարժություն 2. «Հանգավորել ամեն ինչ»
Այժմ զբաղվենք հանգով: Գրեք միտքն եկած առաջին բառը: Ապա գրեք բոլոր հանգերը (բառ ու բառակապակցություն), որ կարող եք մտածել: Փորձեք լինել հնարավորինս ստեղծագործ:
Օրինակ՝
Սեղան, եղան, աբեղան, երեխան, չեղան, խան, կախաղան եւ այլն։
Վարժություն 3. «Դասականներին նմանակելով»
Այժմ, եթե մի քիչ էլ զոռ տաս ուղեղին, կարող ես զվարճանալ այս վարժությամբ, որի նպատակն է սովորեցնել պահպանել չափը: Վերցրու մեկ այլ բանաստեղծի ցանկացած «ճիշտ» բանաստեղծություն և նոր բառերով գրիր նրա ոտանավորի յուրաքանչյուր տողը:
Օրինակ՝
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին: (Չարենց)
Աչքերս փակ էին ու թաց, հիշո՞ւմ ես, Տեր իմ Աստված,
Սիրտս մռայլ ու մթնած, հիշո՞ւմ ես, Տեր իմ Աստված։
Իսկ դու նայում էիր վերից՝ անհաղորդ ու խռոված,
Անգամ անձրեւ չէր գալիս, հիշո՞ւմ ես, Տեր իմ Աստված։
Վարժություն 4. «Ուզում եմ գրել այն, ինչ մտածում եմ»
Դու պարզապես ընտրում ես թեմա, վերցնում մի որոշակի առարկայի կամ երեւույթի նկարագրություն։ Գրիր բոլոր զուգորդումները մի տողի վրա, առանձնացրու ստորակետով և ստեղծիր դրանցից բանաստեղծություն:
Օրինակ՝ բանաստեղծություն աշնան մասին.
աշուն, տերևներ, ոսկեհանդերձ, միգասքող, դեղին, ոսկի, չվող թռչուններ, չու…
Այստեղից մենք կարող էինք ստանալ.
Ոսկեհանդերձ ես կրկին,
Կրկին դեղին, միգասքող,
Եվ տերեւներիդ ոսկին
Եվ թռչուններդ չվող
Մաշում են սիրտս տխուր,
Տաշում են տողս բարակ,
Եվ հեռուներից անլուր
Գալիս է թախծի վարակ։
Վերցրու քո սեփական, ինքնատիպ թեման, հավաքիր ավելի շատ նյութ: Կամ գուցե, ընդհակառակը, ծեծված թեման քեզ համար առանձնահատուկ բան կբացահայտի։ Որքան շատ թեմաներ կիրառես վարժվելու ընթացքում, այնքան ավելի հակիրճ և գեղեցիկ կլինի քո բանաստեղծական խոսքը:
Հնարավոր է՝ միանգամից լավ չստացվի։ Շատերը գուցե հուսահատվեն, բայց պետք չէ, ոճը վարպետության հատկանիշ է։ Սկզբում հմտանում ես, հետո հայտնվում է ոճը: Այն ոչ մի տեղ չի փախչի, այն քո ներսում է, այն քո մտածելակերպն է, քո նախասիրությունները, քո ինքնատիպությունը։ Երբ դեռ նոր էիր սովորում տառերը, խոսք լինել չէր կարող սեփական ձեռագրի մասին։ Հետո, երբ տառերը գրելն արդեն մեծ ու անհաղթահարելի դժվարություն չի թվում, որտեղից որտեղ հայտնվում է ձեռագիրը։ Նույնը տեղի է ունենում բանաստեղծական արվեստում, սկզբում դու հմտանում ես, հետո քո իրական ԵՍ-ը սկսում է հորդել տողերի միջոցով։
Պատրաստեց Գայանե Պողոսյանը