Ժիլ Դելյոզը և Նարինե Իսաջանյանի հարթ տարածությունները/Վարդան Ջալոյան

Երբ Նարինեի հետ նայում էինք իր վերջին աշխատանքները, ինձ այդ կախարդական մակերեսները հիշեցնում էին Լուիս Քերոլի Ալիսայի հարթ աշխարհները: Խնդիրն այն է, որ Ալիսան, ըստ Ժիլ Դելյոզի մեկնաբանության, չի ձգտում խորանալ, այլ սահում է մակերեսների վրայով: Այդ իմանենտությունը ինձ հիշեցրեց, որ աշխարհը հասկանալու համար Աստված պետք չէ, գուցե՝ միայն ծրագրային հավելված։

Արվեստագետ Նիքոլաս Չելյապովը գրում է․ «Եթե հեռվից նայես Նարինեի գործերին, երբեմն առաջին հայացքից կտավի վրա շատ բան չի կատարվում, բայց ինչ-որ բան քեզ ձգում է։ Երբ մոտենում ես դրան, ամբողջ աշխարհը, նրա աշխարհը, որը շատ կապված է քո աշխարհի հետ, հայտնվում է քո առջև, և դու ավելի ու ավելի ես մոտենում: Այս աշխարհը դառնում է յուրահատուկ և եզակի տիեզերք, երբ դու գեղեցիկ հնարավորություն ունես տեսնելու նրա անհատական ցուցահանդեսը»:

Գրող և արվեստաբան Էդ Հարքերը, նշելով, որ Նարինեն Պոլլոքի արվեստի արդիական շարունակությունն է, գրում է․ «Գունավոր այս պայթյունը ոլորված, պարույրաձև գծերի մեջ ինձ հիշեցնում է բուն Տիեզերքը, որն ընդլայնվում է ամեն ուղղությամբ առանց որևէ կենտրոնի և այնուամենայնիվ՝ ներդաշնակ ու միասնական, ասես կազմված է մեկ օրգանական կտորից»:

Նարինե Իսաջանյանը նախնական կրթությամբ ճարտարապետ է, իսկ դա նշանակում է, որ նա վարպետորեն տիրապետում է գծի և կառուցվածքի արվեստին։ Հավանաբար ճարտարապետությունը ամենակոնկրետ արվեստն է, որ միշտ կապված է եղել ուտիլիտար, սոցիալական, երբեմն՝ քաղաքական նպատակների հետ։ Ճարտարապետական աշխարհընկալումից մինչև աշխարհի վերացական և էկոլոգիական տեսողությունը հսկայական հեռավորություն կա, որը արվեստագետը հաղթահարել է մեծ համառությամբ։ Իր խոսքերով՝ հատկապես դժվար էր հաղթահարել գծի, գծելու, գծային ձևերի գայթակղությանը։

Անցյալ դարի 50-ականներին Պոլլոքի արվեստը հակադրում էին սոցռեալիզմին, իսկ Նարինե Իսաջանյանը Հայաստանից է, որտեղ երկար ժամանակ իշխողը արվեստում եղել է սոցռեալիզմը։ Հայաստանում վերացական արվեստը ծագել է անցյալ դարի 70-ականներին և բացի էսթետիկական խնդիրներից իր ենթատեքստում ուներ նաև քաղաքական ազատության ձգտումը։ Բայց բնորոշ է, որ Նարինե Իսաջանյանը մերժում է Պոլլոքի հետ զուգահեռները՝ նշելով մոտեցումների տարբերությունը։

Ճարտարապետությունը փակ կառույց է, գիծը՝ սահման և սահմանափակող։ Նարինե Իսաջանյանի ստեղծած տարածությունները անսահման են, ինպես Օվկիանոսը, անվերջ՝ ինչպես Տիեզերքը և փխրուն՝ ինչպես Հողը։ Գերադասում է մեղմ գույներ և իր նյութերին վերաբերվում հոգատար խնամքով,ինչի շնորհիվ նրա հարթությունները ձեռք են բերում հատուկ նրբություն։ 

Նարինեն ձգտում է ստեղծել հարթություններ, որոնք կենդանի են, իրենց բարդ բազմազանության շնորհիվ: Կենդանի մարմինը անկենդանից տարբերվում է, իհարկե, ոչ թե նրանով, որ ավելի կարգավորված է, այլ ընդհակառակը՝ այն ավելի մեծ քաոս է ներկայացնում: Հենց դրա համար կենդանի օրգանիզմները ավելի մեծ ազատություն ունեն:

Բազմությունները բնորոշվում են իրենց կարդինալ թվով, բնական քաոսը ունի իր կարդինալ թիվը, որ բնորոշում է նրա բազմազանությունը, արվեստագետը ստեղծում է բազմազանություն, որի կարդինալ թիվը շատ ավելի բարձր է: Նելսոն Գուդմանը,մերժելով միմեսիսը, «արվեստի աշխարհները» բնութագրում է իբրև շատ բարդ սեմիոտիկ համակարգեր։

Տարբեր նյութերի համադրումը Նարինե Իսաջանյանի աշխատանքներում, իհարկե, չի ենթարկվում որևէ պլանի կամ կանոնի, նա չի կազմակերպում իր հարթությունները, նյութը ինքնակազմակերպվում է, և քաոսից պատահական փոխազդեցությունները ստեղծում են տպավորիչ և փոխկապակցված տարածական համակարգեր։

Նարինեն իր աշխատանքներում ձգտել է ազատվել ձևի բոլոր միջոցներից՝ ոչ միայն նշաններից, այլ նաև գծից և ռիթմիկ ժեսթերից, ինչի շնորհիվ առաջին պլան է դուրս եկել հում մատերիայի ազատ խաղը։ Նյութականը նրա մոտ անորոշ է, զուրկ ձևից, ամորֆ է, նույնիսկ հոսող, և ընդմիշտ կայացման մեջ է։ Զուգահեռներ անցկացնելով վերացական արվեստում գունային դաշտի ուղղության  հետ՝ Էդ Ռեյնհարդտ և այլն, կարող ենք ասել, որ Նարինե Իսաջանյանի արվեստը նյութական դաշտի աբստրակցիա է։

Նարինե Իսաջանյանը շեշտադրում է պեյզաժային պատկերավորությունը, բայց դա տարերքների պեյզաժ է, զուրկ օրգանականի ներկայությունից։ Սակայն «լուսնային պեյզաժ» չէ, այլ էներգիաների պեյզաժ, որ դիտողին լիցք է հաղորդում։ Այն էկոլոգիական է, որովետև մեզ համար բացում է նյութական աշխարհների (որի մի մասն է մարդը) անսահման բազմազանությունը։ 

Նարինեն տարիներ շարունակ համագործակցել է Քիքիի՝ հայաստանյան աբստրակտ արվեստի վետերանի հետ և վերջինս հիացած է Նարինեի ինքնատիպ մոտեցումներին. «Գազան Քույր եմ անվանում, հիմնականում, նրա համար որ նրա գործերում ոչ մի կոնցեպտ չկա… ոնց որ ասեցի էդ մակերեսները, էդ մակերեսեների պեղումները չունեն կանխամտածված, նախորոք որոշված ստրուկտուրաներ, դրանք բացարձակ քաոսային են, դրա համար խիստ տարբերվում են… հենց իր էդ մոտեցմամբ էլ տարբերվում են»։ Այս գնհատականը մեծ արժեք ունի, քանզի հիմնված է արվեստագետի խորապես ապրված զգացումի վրա։

Ազատվելով ձևից Նարինե Իսաջանյանը, նրա արվեստ արձագանքում այն պրոցեսներին, որոնք իր ներսում են, տարերի փոփոխվող բազամազանությանը, նորացող բազմությունների հախուռն հոսքին։

Հայտնի է, որ վերացական արվեստը իր բուռն զարգացումն է ապրում հենց հեղափոխությունների և ավերիչ պատերազմների ժամանակ: Իր նախորդ փուլը բնորոշելու համար Նարինեն օգտագործում է «քանդել» բայը, որի մասին նա «Մանիֆեստ» ունի: Իհարկե, համաշխարհային խոր ճգնաժամը մատնացույց է անում, որ մենք մուտք ենք գործում մի նոր և բարդ դարաշրջան: Նարինե Իսաջանյանը կարողացել է նյութական տարրերի քաոսից ստեղծել ներդաշնակ, օրգանական ամբողջականություն ունեցող աշխատանքներ։ 

Նրա աշխատանքները պարզ են, համարյա մինիմալիստական, բայց օժտված են լուսավոր աուրայով՝ լիրիկական մինիմալիզմ, որ օքսյումորոն է։ Երբ նկատում ես Նարինե Իսաջանյանի աշխատանքների բանաստեղծական շունչը, ցանկանում ես հաղորդվել  այդ նուրբ գործերին՝ հակադարձելու համար արտաքին քաոսին, որի առաջ մարդը անզոր է։ Նարինե Իսաջանյանը կարողանում է իր հանդիսատեսին հաղորդել հոգևոր ուժեր հավաքելու, դրանք զգալու ներքին կարողություն։

Շատ եմ հավանում Նիքոլաս Չելյապովի այս միտքը․ «Ահա թե ինչու Նարինե Իսաջանյանի արվեստը պետք է լինի յուրաքանչյուր թանգարանում, պատկերասրահում, հավաքածուում և տանը»։ Ես Նարինեի գործերից մեկը ունեմ․ այն ճառագայթում է Տիեզերքի անհասանելի բազմազանությամբ։

Please follow and like us: