Աշխեն Քեշիշյան/Շոշափիր կյանքը

***
…ձեռքս մեկնեցի դեպի ճերմակած-ալիք մազերը,
մի քանի փշուր սպիտակ ամպ թափվեց հորս գլխից։
Նա արդեն հրեշտակ էր.

***

Երեք ճերմակափետուր աղավնի
Թռչում էին մշուշի մեջ
Դեկտեմբերյան այս լուսաբացին։
Նրանք այնքան սքանչելի էին,
Որ կարող էին պոեզիա դառնալ,
չգրված աղոթք,
երազային պատկեր,
կադր՝ Տարկովսկու ֆիլմից,
սիրո խոստովանություն,
սիմֆոնիա,
նախաստեղծ արարչագործության,
մի մաս,
սակայն
պատկերն այդ ե՛ս տեսա,
երբ տղայիս ճանապարհում էի
դպրոց։
Եվ
ուղղակի
ուզում եմ պատմել ձեզ,
որ
երեք ճերմակափետուր աղավնի
թռչում էին մշուշի մեջ
դեկտեմբերյան այս լուսաբացին։

***

Շոշափիր կյանքը այնպես, ինչպես
Ձյունն է հալչում նորածիլ խոտի վրայից,
Այնպես, ինչպես երեխա ժամանակ
Արև ու տուն էիր նկարում՝
Ցուցամատդ սահեցնելով
Գոլորշապատ ապակու վրա։
Շոշափիր այնպես
Ինչպես շուրթերդ հպվում են
Ցայտաղբյուրի ջրին,
Ինչպես մյուռոնն է
Տաճարում հոսում
Նորածնի բյուրեղյա մարմնից։
Ինչպես եկեղեցում
Վառվող մոմը կաթկթում է ջրերի մեջ։
Շոշափիր, ինչպես քանդակագործի ձեռքերը
Մարմարն են հղկում
Ու տառապած հոգին
Հողն է շոյում։
Շոշափիր կյանքը,
Ինչպես թափանցիկ երազ,
Ինչպես դողացող տերև…

***

Կիսալուսինը հանգչում է
ակնոցիդ ապակու վրա։
Եվ օրն այս օրորվում է
հավերժության մեջ՝
երբեք չավարտվելու վճռականությամբ։

Please follow and like us: