Լելա Սամնիաշվիլի/Դիրիժաբլ

Դիրիժաբլ

Եկ  փախչենք այս երկրից՝ ծանր, ժանգոտ,
հին խողովակներով, հին տանիքներով լի,
Եվրոպան վարդագույն դիրիժաբլ է
և կթռցնի  մեզ կյանքի, երկնքի
կիզիչ երջանկության մեջ:

Թեև դիրիժաբլում տեղերը քիչ են,
ցանկացողնեը՝ շատ։
Եթե ​​մեկ է՝ արև ենք ուզում համառորեն, 
արի փախչենք Աֆրիկա, 
տեսնենք սավաննան լայնատարած՝
ցեղի դառը ծարավով, 
հորատանցքով,
ոտի ճամփեքով,
և ցույց տանք մեր աչքերին՝
կարելի էր տանիքը փոխել, մնալ էլ։

Եկ փնտրենք թաղված ադամանդները,
որ փորում-գտնում են երեխաները, և նրանց փայլերը
գեղեցիկ երկրների գեղեցիկ կանանց փայլ են հաղորդում,
քանի դեռ երեխաները անզոր են 
կողերից հանել քաղցը
նույնիսկ երազներում։

Ուրիշ երազներում շողշողուն օր է,
նույնիսկ եթե խավար է և քարերը կրկին 
կույր աչքեր են փորում։
Եկ փախչենք 
հողի ճիմերից, ցավի ճիմերից,
որն ուրիշ մեկը կջրի, և ուրիշ մեկը  կդեղի,
մենք չենք կարող մեզ չխնայել:

Հետևենք երազանքին, 
հետևենք առաջընթացին, 
հետևենք ամենաարագ փոփոխությանը,
թեկուզև երկիրն ու մոլորակը մնան
այս դիրիժաբլից  այն կողմ՝
դրսում, մեկուսի:

2018

Հոկտեմբեր

Նուռը դեռ թաքցնում է իր բյուրեղյա թրոմբները,
և աշունը նոր է։  Հասունության ժամանակը շատերը
թառամել են համարում, բայց կա րոպե կամ վայրկյան 
կատարելության։ Սրտի ամբողջը՝ շարժիչը, վառելիքը,
արգելակը, կանոնավոր գործում են։ Փայլում է մաշկը։

Չեն երևում ճաքերը՝ ոչ խոր, ոչ արտաքին կապտուկները։
Եվ այս պահը որսալու գնով
սկսվում է թառամելու ընկճախտը։  Եվ զատվում է բջիջը 
հյուսվածքից։ Թեև կարող է պատահել այնպես, որ
բոցավառվի, մի պահ անգամ չնայի իր թառամելուն
և հանկարծ անձնազոհ ու արագ պոկվի,
որ նրա անկումը  վկա չունենա աշխարհում։

 2020

Ողջույն հին ընկերոջը

Երբեմն մարդիկ
ինչ-որ անբացատրելի լարվածությամբ
սպասում են մարդկանց ողջունելուն:
Ատամը հեռացրած մարդու պես անհարմար
շարժում են բերանները:
Ժպիտը մեռնում է շուրթերի անկյուններում:
Նրանց կարթ է պետք, խանդավարության ճիճու,
որ նրանց ձայնը որսա և արտաբերեն.
«Բարև, ուրախ եմ քեզ տեսնել»:
Իսկ քողարկումը անտարբերությամբ
գրեթե անտեսանելի է դարձնում  նրանց:
Երևի կարծում են,
որ ամբողջ աշխարհը կարող է
կողքներով անցնել ու չնկատել։
Իրականում աշխարհը հենց դա է անում։
Բայց երբեմն պարզ ու հեշտ
արևն այնպիսի անկյամբ է ընկնում դեմքի վրա, 
կարող է նույնիսկ քեզ նման չլինես:
Այդքան էլ ցավալի չէ դա խոստովանելը։
Չէ որ դեմքը՝ իր բոլոր դիմագծերով,
ժամանակի և լույսի ձեռքերում
փափուկ մեղրամոմ է։
Ինքն էլ չգիտի, թե ինչ կծեփի:
Բայց կանգ չի առնում
մինչև ի վերջո ամեն ինչ չփչացնի:
Ահա թե ինչու սիրեցինք լուսանկարը, ոչ թե հայելին.
Փորձում ենք մեզ հաջող  անկյամբ բռնեցնել:
Մենք շատ բան ենք պահանջում ուրիշների աչքերից։
Ընկեր,
երբեմն պարզապես պետք է առաջինը ժպտալ
լույսի և ստվերի անհոգ, անդադար խաղում:

2018

Հրեշտակապետերին

Հեյ, ո՜վ եք մնացել այդտեղ,  անմահներ,
հեռացրեք թեւերը դեմքերից,
նախքան դատի քայլերգը կնվագեն,
ցույց տվեք հավատացյալներին՝ 
ժամանակի ընթացքի վկա, 
մարմիններ  ֆանտաստիկ՝
ի սեր Աստծո, որ նաև մարդ է։ 
Մահկանացուներին էլ տվեք խթան,
արթնացրեք կյանքի ախորժակը,
թե չէ տարավ այս մահկանացու էությունը
աչքեր, սիրտ, մարմին, ուղեղ,
վերջացավ ռոքն ու ավարտվեց երգը,
ծիծաղն ու լացը նույն հնչերանգն ունեն,
և ընկերները այյնպես  են գնում՝ 
կամ պետք է հետները գնաս, կամ քարանաս,
ասես ջրաղացի քար՝ վրադ կախված,
զգաս այն, որ մինչ հիմա կոչվում էր սեր։

Բոլոր ողջերը անմահ են,
քանի որ չեն կարող պատկերացնել մահը
և մահանալիս էլ երևի չեն կարող։
Իսկ երկինքը աստղերն է սկանավորում,
իրար հետ է  պահպանում արդեն մարած
և վառվռուն արևների ճառագայթները:
Բոլոր ողջերը անմահ են,
քանի որ գիտեն կյանքի համը
երբ ջուր են խմում, պատառ են ծամում,
երբ սոված են կամ ծարավ։
Իսկ երկինքը մեզ նայում է խեթ-խեթ
առաջվա պես, թեև երևի հավատաց
մեր թևերին ու ինքնաթիռներին։
Բոլոր ողջերը անմահ են,
քանի որ ճամփորդում են ժամանակի միջով
և ճամփորդը՝ նույնիսկ ճամփին մահացածը, ճանապարհի մասն է։
Եվ հարցերը՝ որտե՞ղ էինք մենք մինչ ծնվելը,
մի՞թե կարելի է մահվան մեջ անկմախք լինել՝ 
պահանջում են պատասխան.
եթե այն ժամանակ էլ էինք ճանապարհին,
նշանակում է, որ մեր ոսկորների 
փխրունությունն ու մերկությունը 
չեն կարող կանգնեցնել մեր ընթացքը։
Բոլոր ողջերը անմահ են,
քանի որ սիրում են, ուզում են սիրել,
քանի որ սեր են զգում նույնիսկ այն ժամանակ
ավելի պարզորոշ և սահմռկուն,
երբ նա, ում սիրում են, մի օր մահանում է։
Բոլոր ողջերը անմահ են,
քանի որ այդքան մութ երազի մեջ են մտել,
քանի որ միշտ եղել են, ինչ հիշում են, 
միշտ ծարավ էին, միշտ սիրում էին
և մահվանն էլ  կյանքից են նայում միայն։

2018

Այսպիսի Սուրբ Ծննդյան երգ

Վնասված զանգուլակի նման,
որ Սուրբ Ծննդի նախօրեին
ականջին են մոտեցնում և թափահարում,
ես խոսքեր չունեմ։ Բան չունեմ ասելու։

Համայնապատկերներով տարածված հմայքը Փարիզի.
որ միշտ  հեռու է և միշտ  այստեղ է…
այլևս չի հասնում ինձ։ Բան չունեմ ասելու։
Նույնիսկ  ձյունը, որին սպասում եմ, այնքան լուռ է,
տոնական, լայն վերմակ՝
խայտաբղետ փաթիլներով, 
որով փաթաթեցի սրունքներս․․․
Բոլորովին չի սազում:

Ոնց ծաղկամանը՝ կափարիչը․
Չգիտեմ՝ ինչպես հարմարեցնել ինձ հին օրացույցը:
Հիմա գործելն ու բանաստեղծություն գրելը ճիշտ է,
բայց ես նորից
բան չունեմ ասելու։

Ես ոչ սովածներին կարողացա կերակրել, 
ոչ էլ որբերին որդեգրել՝
իմ բանաստեղծությունների երկար հոսքով,
և Գոլֆստրիմի բոլոր ջրերը ետ դարձան,
Քուր գետի հունը չկարողացան լցնել։

Լեզուն կտրել է՝ սեփական շրթունքի եզրին.
հիմա բառերը ջրհոր ցողել, քամուն ավլել է,
ասես  եղևնու վրա ոսկեզօծ հանգույցներ ես  կախում։

Մաղիր ձայնամեկուսիչ լույսի թաղանթը և
հին կասկածներն էլ թափիր՝ բառերի պես,
մինչև փայլուն աստղի ծնվելը։

Տար իմ բոլոր հնչյունները, 
բոլոր առարկաները հալեցրու նոր լույսի՝ 
նոր մեկնարկի կետի, 
նոր գալակտիկայի, որի նմանը
այս աշխարհում դեռ չի հուրհրում։

2010

Սուրբ Ծննդյան գիշերը

Ինչպե՞ս չհավատալ Սուրբ Ծննդին, եթե ծնվել ես,
եթե ​​ միացված ես անտեսանելի օդին
ամբողջ շնչով, ամբողջ էությամբ
և սնվում ես նրանով, ինչ թափանցիկ է։

Այս Սուրբ Ծննդյան մոմը վրան մեղրամոմ ունի, 
բայց բոց է, որը թողնում է անբուժելի բույր,
եթե ​​թողնես մինչև վերջ՝
այրվի, մարի։

Անվանիր Քրիստոս, Մուհամեդ, Ֆրեյա, Բուդդա՝
ինչ անուն որ լսել ես, անվանիր թեկուզև
առասպելների և պատմության հետ կապ չունենա
և միայն ներկայինը լինի։ Պետք է ապրեին
բոլորն, ովքեր եղել են, կան ու կլինեն:

Այս միակ հրաշքը ոչինչ չի պահանջում
բացի աչքերը բացելուց ամեն առավոտ:
Որքան հեշտ է արթնանալը: Լուսանում է։ Կարծես
ձեռքը լարեց մեխանիզմը։ Կարծես նա
մի ծեր ժամագործ է, իսկ դու բարձրախոս ես։
Թեև հոլի ու զսպանակի  սիրտը չես կարող գտնել:

Անցած գիշերը մարդ է սառել։ Արագ սահնակները 
իր մանկության սպիտակ բլուրից սահեցին,
անցան ամբողջ գյուղը, աշխարհն այս անցողիկ։ 
Ցուրտը հասունացավ և դարձավ կտրող: 
Հասավ պատուհանի ապակուն։

Մի փոքր քերծեց: Իսկ աստղը պետք է փայլի՝
նորից հավասարապես լուսավորի մեռելներին ու ողջերին։

Նրա համար ոչ ախոռ գտնվեց, ոչ էլ ցախատուն,
նրա համար վերացան բոլոր Սուրբ Ծնունդները,
նա էլ չի առնի քունը,
թեև նրա լացը տպվեց տարածության մեջ
ծնվելիս։

Եվ որքան կտրող է անտարբերության սառույցը
նույնիսկ այս Սուրբ Ծննդյան նախօրեին։
Անցած գիշեր մարդ է սառել։ 
Արթնացա։ 
Բանաստեղծություն գրեցի։
Շատերը կյանքի կենացը խմեցին։

Անվանիր Քրիստոս, Մուհամեդ, Ֆրեյա, Բուդդա՝
ինչ անուն որ լսել ես, անվանիր թեկուզև
առասպելների և պատմության հետ կապ չունենա
և միայն ներկայինը լինի։ Պետք է ապրեին
բոլորն, ովքեր եղել են, կան ու կլինեն:

Մենք վայրի, պատահական հրաշքներ ենք։
Հրեշտակների երգին
խառնված են ազդանշանների  սուր ձայները
և շտապօգնության մեքենաները հավաքում են սառած մարդկանց
Սուրբ Ծննդյան գիշերը:

Ինչպե՞ս չհավատալ Սուրբ Ծննդին:
Եթե ծնվել ես։

2021

Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը

Please follow and like us: