Լուսինե Ավետյան/Ես գնում եմ Էրեբունի

Նոյեմբերն է: Քաղաքը սուզվել է մառախուղի մեջ: Ծանոթ հինգհարկանիները չքացել են, կառուցվող բազմահարկերը դուրս են ցցվել և քաղաքն իրենցով արել: Լուռ ենք. մեր տրամադրութան հետ կապ չունեցող այս բազմահարկերում է միայն եռուզեռ: Այս շենքերը հետապնդում են մեզ լուսամուտներից նայելիս, քայլելիս, շնչելիս ու լռելիս: Քաղաքը փոքրանում է ամեն օր, ամեն ժամ. սիրելի ու հարազատ բակերը դառնում են քսանհինգհարկանի շինություններ: Փոքրիկ փողոցները ճզմվել են աժդահա շենքերի ներկայությունից և կորցրել ուրվագծերը: Ճանապարհները կտրտվել են ու խառնիխուռն դարձել: Քայլելու, միմյանց հանդիպելու, գտնելու արահետներն անհետացել են. շուրջբոլորը պատեր են՝ դեպի երկինք մխրճված: Նայում ենք կատարները ցցած անդեմ շինվածքներին և որոնում մեր հարազատ շենքերը, որոնք մեր հաղթանակի շունչն են պահում իրենց մեջ:

Մեր ավտոբուսը խցանման մեջ է այն շենքի կողքին, որի պատշգամբներին ու տանիքին հարյուրավոր երևանցիներ էին հավաքվել ութսունութ թվականին: Նրանք շունչները պահած սպասում էին Արցախի մասին լուրերին: Լուրերը մեր դեմ էին, բայց մարդիկ չէին նահանջում, անձրևի ու ձյան տակ, գիշեր ու ցերեկ նստացույց էին անում, հետո ռազմաճակատ մեկնում:  Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը՝ հայերի մայրաքաղաքը, ոտքի էր ելել, ուժեղ էր և որոշող էր:

Մեր հայացքները մեխվել են պատմական շենքին: Մեր մտքում հաղթանակի հիշողությունն է: Անգին է հաղթանակը հիշեցնող ամեն դրվագ: Նայում ենք միմյանց՝ տառապանքից խորշոմած դեմքերին, և խնայում իրար: Խեղդում ենք մեր մեջ պարտության ու կորստի խոսքերը և մտածում կրկին հաղթելու մասին: 

Արևի մի շող  ճեղքեց մառախուղն ու լուսավորեց վարդագույն շենքը: Արևը սազում է Հայաստանին, Հայաստանի քաղաքներին ու բազմապատկում է մեր ուժը: Արևը մեր զինակիցն է: 

Դժվարությամբ դուրս պրծանք Բաղրամյան պողոտայի խցանումից և հայտնվեցինք Ֆրանսիայի հրապարակում: Օպերայի շենքն է մեր դիմաց. այստեղից է սկսվել մեր պայքարը և հաղթանակ դարձել: Ամեն օր հարյուր հազարավոր երևանցիներ էին հավաքվում օպերայի հրապարակում, նրանց էին միանում հարյուրավոր հայեր Հայաստանի մյուս քաղաքներից ու բնակավայրերից: Ուսանողությունը ոտքի էր ելել. համատարած դասադուլ էին անում և պահանջում արդարության վերականգնում, կամ էլ՝ բոլորով արդարությունը կկերտեն վերջապես: Երբ ներկաներից մեկը սկսում էր երգել, հազարավոր մարդիկ բռունցքները վեր էին բարձրացնում և ձայնակցում: Այստեղ էին բոլորը՝ քաղաքական ու ռազմական գործիչները, գիտնականները, գրողները, կաթողիկոսը, ուսանողները, մանուկներր՝ իրենց ծնողների ուսերին նստած: Ժամերով ոտքի վրա կանգնելու պատճառով մարդիկ ուշագնաց էին լինում, բայց ոչ ոք նահանջի մասին չէր մտածում: Մեկ միասնական միտք կար բոլորի մտքում ու հոգում և թևածում էր Երևանի երկնքում՝ ազատագրել Արցախը, վերականգնել արդարությունը և հզոր դարձնել Հայաստանը: 

– Վեր անց ընք կացալ ադրբեջանական անցակետը ու մըզ սահմանից դիմավորալ ըն մեր հայրենակիցնեն, սփոփող, ուժ տվող խոսքեր ըն իլալ ասելիս, մեր մաշիններին մեչը ճյուր ու սնունդ ըն իլալ լցնելիս, հուզվալ ընք շատ։ Էդքան պենին տեմ կինալուց հետո, էդքան պենի մեչավ անց կինալուց հետո առաջին անգամ արտասվալ ում էդ ջերմությունից, հոգատարությունից,- մեր մտքերի ընթացքն ու հիշողությունն ընդհատելով ասաց մի տղամարդ:

-Երբ շրջափակումն սկսվեց, եղբորս տղան Արցախոմ էր, գնացել էր ընկերոջ տուն, մինչև վերջ մնաց Արցախում, դուրս չեկավ, թեպետ կար այդ հնարավորությունը: Ինչ տղաներ ունենք, ինչ սերունդ, ինչ մարտիկներ: Արցախցի տղաներից մեկը կռվել է թշնամու հատուկջոկատայինների դեմ, որ կարողանան գյուղի բնակչությանը տարհանեն: Բոլորը հասցրել են դուրս գալ, տղան նահատակվել է,-ասաց մեկ այլ տղամարդ ու լռեց: Լուռ ենք բոլորս: Քիչ անց, նորից շարունակեց,-մենք երբեք առանց կռվել մեր հողերից չենք հրաժարվել, կա՞ն չէ ազգեր, որ չեն կռվել, չեն պայքարել, բայց մենք միշտ մարտնչել ենք, անհնարինն ենք արել: 

-Շախմատի մեր հավաքականը հաղթեց,-հանկարծ գոչեց իմ կողքին նստած տղան, որ պապի ծնկներին էր նստել և ամբողջ ընթացքում հեռախոսով էր զբաղվում ու կարծես չէր լսում մեր խոսակցությունը: 

Բոլորս վեր թռանք ուրախությունից: Անսպասելի էր լուրը, բայց այնքան բաղձալի ու անհրաժեշտ: Մենք կարիք ունեինք խոսելու մեր մասին, մեր ներկայի մասին, որ կանք, որ ուժեղ ենք: Բոլորի դեմքին ժպիտ հայտնվեց, անհետացան տառապանքից առաջացած մտահոգ հայացքները: Սրտիս զարկերը տագնապից այլևս չեն ցատկոտում: Բոլորը, կարծես, իմ հոգևիճակում են,-ուղևորների խաղաղված դեմքին նայելով մտածեցի:  

-Ծանրամարտիկներն էլ ոսկի են նվաճել,-նորից գոչեց նույն տղան: 

-Մեր ֆուտբոլի հավաքականն էլ գոնե մի օր մեզ ուրախացնի, ամեն հաղթանակից հետո ուշքի ենք գալու, կամաց-կամաց ոտքի ենք կանգնելու-լսվեց ավտոբուսի վերջից: 

Տղան հպարտությունից փայլատակող աչքերով նայեց մեզ ու ասաց.

-Մեր հարձակվողները գոլեր են խփել, կգան ու հավաքականում էլ կխփեն:

Երանության մեջ էի մեր մարզիկների մասին հենց նոր լսած լուրերից, բայց հետևում էի ֆուտբոլային խաղերին և գիտեի, որ մերոնք գոլեր չեն խփել, տղայի ականջին փսփսալով ասացի.

-Խաբու՞մ ես, չէ՞, մեր հավաքականի խաղացողներից ոչ մեկը գոլ չի խփել:

Տղան անվրդով ասաց.

-Հիմա չեն խփել, մյուս շաբաթ կխփեն:

Ավտոբուսը կանգ առավ: Պապը թոռան ձեռքից բռնած մոտեցավ դռանն ու ասաց.

-Թոռանս ֆուտբոլի եմ տանում, մեծ հույսեր են կապում մարզիչները: Համառ է ու պայքարող: Ասում են՝ մեծ ապագա ունի,-ժպտացին ու իջան կանգառում:

Կանգնած եմ «Սասունցի Դավթի» արձանի մոտ: Լռություն է: Չկան անդեմ շինությունները, այնտեղից անդադար լսվող աղմուկը, չկան անհեթեթ արձանները, որոնց հանդիպելիս թաքցնում ենք մեր հայացքները, որ չնկատենք հզոր անհատների անշուք քանդակները: Արձաններ, որոնք միագույն ու սովորական են դարձնում Երևանը: Շունչս պահած նայում եմ «Սասունցի Դավթի»  ոգեղեն հայացքին, քանդակի վեհությունից մեջքս ուղղվել է: Դավթի ձին թռիչքի է պատրաստվում, Դավիթը՝ նույնպես՝ խրոխտ, վեհ, հզոր: 

Please follow and like us: