Հեբերտ Ուելս/Ժամանակակից վեպը(3)

սկիզբը՝ այստեղ

նախորդը՝ այստեղ

Բայց գրեթե միշտ վեպը դրանից ավելին է և ազդեցությունը շատ ավելի մեծ է: Վեպն ունի որոշակի խրատ։ Ընթերցողը տպավորվում է ոչ միայն նկարագրվող իրադարձություններից, այլեւ արարքներից, որոնք ներկայացվում են լավ կամ վատ լույսի ներքո։ Կարող է պատահել, որ այդ բարոյական խրատը արժանահավատ չլինի, իսկ տպավորությունները լինեն մակերեսային, այնուամենայնիվ դրանք հատուկ են ցանկացած վեպի։ Նույնիսկ եթե վիպասանը ձգտում և հավակնում է ակողմնակալ լինել, նրա հերոսները անկախ իր կամքից դառնում են օրինակներ և նա չի կարող խուսափել, ինչպես ասում են, գաղափարներ դնել իր ընթերցողների գլխում: Որքան մեծ է նրա վարպետությունը, այնքան ավելի համոզիչ են հնարքները, այնքան ավելի մեծ է ուժը մտորելու առիթ առաջարկելու։  Եվ գրեթե նույնքան անհնար է, որ նա կարողանա թաքցնել իր վերաբերմունքը այս կամ այն հերոսին․ ոմանց արարքները նա հավանում է, մյուսներինը՝ դատապարտում։ Կարծում եմ՝ պարոն Բենեթը, օրինակ, կասեր, որ պետք չէ այդպես վարվել. բայց ցանկացած անաչառ դիտորդի համար նույնքան ակնհայտ է, որ նա շատ է սիրում և հիանում իր Քարդով, ինչպես որ Ռիչարդսոնը հիանում էր իր սըր Չարլզ Գրանդիսոնով, կամ միսիս Համֆրի Ուորդը համարում է իր Մարսելային շատ լավ և գնահատանքի արժանի երիտասարդ կին: Եվ ես կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ վեպը ոչ թե մտացածին իրադարձությոնների պարզ շարադրում է, այլ դրանց ուսումնասիրություն և քննություն, հետևաբար նաև մտքերի ու գաղափարների, որոնք դրանք կյանքի են կոչել, և որ դրանում է վեպի իրական արժեքը, կամ հակասություններից խուսափելու համար ասեմ այսպես՝ դրանում է  վեպի և վիպասանի իրական հարաճուն կարևորությունը ժամանակակից կյանքում:

Նոր բացահայտում չէ, որ վեպը, դրամայի նման, բարոյական հուշումների հզոր գործիք է: Այդ բանը Անգլիայում հասկացել են այն ժամանակվանից, երբ ստեղծվել է առաջին անգլիական վեպը: Սա հավասարապես ընդունելի է թե վիպասանների, թե ընթերցողների և թե այն մարդկանց կողմից, ովքեր ոչ մի դեպքում չէին կարդա վեպեր: Ռիչարդսոնը հատուկ գրել է դաստիարակչական նպատակներով, և «Թոմ Ջոնսը» հզոր և արդյունավետ կոչ է բարեհոգի ու ներողամիտ լինելու նրանց նկատմամբ, ով սխալվել է։ Բացի Ֆիլդինգից և մեկ կամ երկու այլ բացառություններից, որոնք միշտ հանդիպում են քննադատական ընդհանրացումների դեպքում, գոյություն ունի որոշակի տարբերություն անցյալի վեպի և նրա միջև, ինչ ես կարող եմ անվանել ժամանակակից վեպ: Դա հանրության մտածելակերպի տարբերությունն է, որ արտահայտվում է վեպի վրա և կայանում է նրանում, որ նախկինում կար վստահություն բարոյական արժեքների և վարքագծի չափանիշների նկատմամբ, որն այսօր ընդհանրապես բացակայում է: Ոչ այն առումով, որ իակատար համաձայնութուն կա այս հարցերի վերաբերյալ, այս բաների շուրջ միշտ եղել են կարծիքների բախոմ ու տարաձայնություններ, պարզապես այն ժամանակ ընդոնված էր ավելի վստահ ու համառ կարծիք արտահայտել, ինչ այլեւս քիչ է հանդիպում։ սա բալֆուրյան դարաշրջանն է, և նույնիսկ կրոնն այժմ ձգտում է հաստատվել կասկածի վրա:

Անցյալում միգուցե ավեի շատ չէին տարաձայնությունները, քան հիմա, բայց դրանք շատ ավելի անլուծելի էին՝ այնքան, որ ինչպես մեզ է թվում՝ վայրենի էին:Եթե դուք Հռոմի  կաթոլիկ էիք, չէիք ուզում լսել բողոքականների, թուրքերի, անհավատների մասին և եթե լսում էի, միայն երբ նրանց մասին խոսվում էր ատելությամբ կամ սարսափով։  Դուք հստակ գիտեիք, թե ինչն է լավ, ինչը` վատ։ Ձեր քահանան ձեզ այդ թեմաներով խատում էր, և ձեր կարդացած վեպից ձեզ պետք էր միայն, որ այն հաստատի այս պարզ նախապաշարմունքները, թեպետ և ոչ այնքան հրապուրիչ։ Եթե բողոքական էիք, նույնքան ճշգրիտ ու անսասան էիք: Ձեր հավատքը, որ կրոնին ու աղանդին էլ որ պատկանեիք, գիտեր ողջ ճշմարտությունը և ի մի էր բերել բոլոր բարեպաշտ մարդկանց: Նրանք այս աշխարհում սովորելու ոչ մի բան չունեին իրենց դավանաբանական համոզմունքներից բացի։  Եվ անհավատներն էլ նույնքան վատն էին և նույն կատաղությամբ պաշտպանում էին իրենց հավատամքը: Եվ ամեն տեսակի մարդիկ՝ կաթոլիկ, բողոքական, անհավատ կամ ոչ, հավասարապես ճշգրիտ գիտեին՝ որ լավը լավն է, վատը ՝վատը, որ աշխարը բաղկացած է դրական կերպարներից, որոնց պետք է սիրես, օգնես և հիանաս, ու բացասական կերպարներից,, որոնց կարելի է նույնիսկ ստել բարու շահերից ելնելով, և որոնց պետք է ամեն առիթով անամոթաբար տապալել, հաղթել և այդպիսով հաղթանակ տանել արատների նկատմամբ: Դա ժամանակի ոգին էր։ Վեպն արտացոլում էր հավաստիության այս որակը, և դրա գերագույն մարդասիրությունն էր թվացյալ չարագործի կերպարում բացահայտել առաքինի մարդուն եւ հակառակը՝ մերկացնել արտաքին սրբության քողի տակ թաքնված կեղծավորին։ Մարդկանց առաքինությանն ու արժանիքներին չէին կարողանում մոտենալ այն խորաթափանց կասկածամտությամբ ու քննական հայացքով, որ այսօր տեսնում ենք ամենուր։   Չկար կասկածի և հետարքրասիրության և գթության այնպիսի թափանցող և ներթափանցող տարր վարքագծի արդարության և գեղեցկության վերաբերյալ, ինչպիսին այսօր հանդիպում է ամեն կողմից:

Հետևաբար, անցյալի ընթերցողը, ինչպես այսօր Անգլիայի գավառական քաղաներում ապրող ընթերղողը, դատում էր վեպի մասին այն համոզմունքներով, որոնք ձևավորվել էին իր կաթոլիկ քահանայի կամ բողոքական հովվի քարոզների ու խրատների ազդեցությամբ։ Եթե վեպի գաղափարները համընկնում էին այս համոզմունքների հետ, նա հավանություն էր տալիս վեպին, եթե ոչ, նա դատապարտում էր, հաճախ եռանդուն ու կատաղի: Վեպը, եթե այն կտրականապես արգելված չէր որպես անհանգստացնող և ավելորդ բան, համարվում էր քահանայի կամ հոգևոր հովվի ուսմունքին ենթակա բան, ինչ դավանանքի էլ հետևելիս լինեին։ Վեպը հաստատում էր կրոնական դոգման, և նրան թույ էին տալիս վկայել դրա օգտին։ Վեպը լավն էր, եթե թվում էր՝ ներդաշնակ է պարոն Չեդբենդի վերամբարձ պատկերացումներին, և վատն էր ու մերժված, եթե պարոն Չեդբենդն այդպես էր ասում։ Եվ հենցդ ժգոհ ու վարկաբեկված չեդբենդների դիակների վրայով քայելելով է, որ վեպը կարող է ազատվել նվաստացուցիչ ստրկությունից։ 

Քննադատության ու հեղինակությունների հակամարտությունը մարդկության հավերժական հակամարտություններից մեկն է։ Դա հաստատված կարգի ու փոփոխության ձգտող նախաձեռնողականության հակամարտությունն է, կարգապահության ու ազատության հակամարտությունը։ Դա հուդայական կրոնապետի ու մարգարեի հակամարտությունն էր, փարիսեցու և նազովրեցու, ռեալիստի ու նոմինալիստի, եկեղեցու ու ֆրանցիսկացու կամ լոլլարդի, հարգված քաղքենու ու  նկարչի, ցանկապատի, որ վասն կարգի սահմանափակում է մատղաշ ճյուղերի աճը եւ հենց այդ բողբոջների ու ճյուղերի, որ միեևնույնն է՝ ամեն գնով բացում են իրենց ճանապարհն ու աճում։  Եվ այսօր, երբ հասարակությունը աճում ու  զարգանում է, մենք ապրում ենք արկածախնդիր և ապստամբ մտքի ժամանակաշրջանում, որը աշխարհի պատմության մեջ աննախադեպ մտավոր գարուն է: Խիստ քննադատության են ենթարկվում  մեր կյանքի հիմքերը՝ հավատամքը, պատկերացումները, կարծրատիպերը,մեր վարքի կանոնները: Եվ  վեպն անխուսափելիորեն իր անկեղծության և կարողության չափով պետք է նպաստի այդ գործընթացներին և արտացոլի այս եռուն և ստեղծագործ ժամանակի մթնոլորտն ու անորոշությունները և փոփոխվող բազմազանությունը:

Ես նկատի չունեմ միայն այն, որ վեպն անխուսափելիորեն հագեցած է այս լայն ու հրաշալի հակամարտությունը ներկայացնելու լիցքով։ Վապն ինքը մեր ժամանակի բախումների մասն է։ Այս մեծ մտավոր հեղափոխության էությունը, որի մեջ մենք ապրում ենք այսօր՝ այս հեղափոխության որի փիլիսոփայական կողմը նոմինալիզմի վերածնունդն ու վերահաստատումն է պրագմատիզմի անվան տակ, այ հեղափոխության էությունը  այն է, որ այն հաստատում է անհատական ատյանի կարևորությունը՝ որպես ընդհանրացման հակակշիռ։ Մեր բոլոր սոցիալական, քաղաքական, բարոյական խնդիրները դիտարկվում են նոր՝ հարցադրող ու փորձարարական ոգով, որը քիչ է հաշվի նստում վերացական սկզբունքների ու դեդուկտիվ կանոնների հետ։ Մենք ավելի ու ավելի պարզ ենք ընկալում, օրինակ, որ հասարակական կառւցվածի ուսումնասիրությունը դատարկ և անշահավետ ուսումնասիրություն է, քանի դեռ դրան չենք մոտենում առանձին անհատների փոխազդեցության և կապերի տեսանկույնից՝ անհատների, որոնք ոգեշնչվում են տարբեր շարժառիթներով, որ առաջնորդվում են ավանդույթներով և  խթանվում բարդ մտավոր մթնոլորտի առաջարկներով։ Եվ մեր բոլոր պատկերացումները մարդկանց փոխհարաբերությունների, արդարության, իրավացիության և հասարակության համար պահանջվածության մասին մնում են անընդունելի ու անպետք։ Դրանք կարող են լինել ոչ միայն անօգուտ, այլև վնասակար,  ինչպես մեր չափերը գերազանցող, մետաղական թիթեղներից կարված հագուստը, մինչև որ այն ձևենք մեր անհատական չափերին ու փորձին համապատասխան։  

Եվ հենց այստեղ են ի հայտ գալիս ժամանակակից վեպի արժեքն ու հնարավորությունները:Ինձ թվում է, որ վեպը միակ միջոցն է քննարկելու այն խնդիրները, որ ծառանում են մեր առաջ։  Նրանցից գրեթե յուրաքանչյուրն իր հիմքում հոգեբանական խնդիր է, և ոչ միայն պարզապես հոգեբանական խնդիր, այլ խնդիր, որտեղ անհատականության գաղափարը էական գործոն է: Այս հարցերը ընդհանրացումներով քննելը նման է ջունգլիները շրջափակելուն: Որսը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հետևումդ թողնում ես զորախումբը և խորանում թավուտների մեջ։

Վերցնենք, օրինակ, դժվարությունների հակասությունների հսկայական կծիկը, որ առաջանում է պետության աճող ու բարդացող ապարատի պատճառով։ Ամեն տեղ մենք պետական պաշտոններ ենք ստեղծել ընդամենը մի քանի տարի առաջվա հետ համեմատած, և անձնական կյանքը տասնյակ նոր ուղղություններով առնչվում է գրատարությանը։ Բայց մենք դեռ գործնականում ոչինչ չենք անում՝ պարզելու համար այն հետաքրքիր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում այս կամ այն մարդու հետ, երբ նրան առանձնացնում եք սովորական հանրությունից, լիազորություններ տալիս, գործառույթներ ու պարտականություններ եւ եթե նույնիսկ համազգեստ չեք հագցնում, նրա միտքը կաղապարում եք պետական մտածելակերպով։ Դա հաստատ հասարակական և անհատական կարևորություն ունեցող ուսումնասիրություն է: Եվ այդ կարևորությունն աճում է։ 

Հասարակակության և քաղաքականության կազմակերպման  գործընթացը, որը շարունակվում է քառորդ դար, այժմ հաստատ ընթանում է աճող եռանդով. և  եռանդուն, առաքինի ու քիչ թե շատ բարեհոգի մարդիկ, որոնց գործունեությունը քաղաքականության մեջ և քաղաքականության կուլիսներում բերում է այս զարգացումներին, թվում է, թե նույնիսկ չեն կռահում խնդրի հետևանքների կախվածությունը մի կողմից պետության, մյուս կողմից պաշտոն ստանձնած թույլ, անվճռական, տարատեսակ մարդկանց արձագանքից: Նրանք ենթադրում են, որ ցանկացած խելոք ու լսող եղբորորդուց կամ սանիկից կարելի է ստանալ անհրաժեշտ եւ ձեռնտու պաշտոնյա՝ աստվածային առաքինության, խելքի ու առանց մերժուժ հնազանդվելու մեխանիկական կարողության յուրատեսակ համադրություն: Եվ ես վեպից բացի այլ միջոց չգիտեմ համոզելու համար այս մարդկանց, որ սա բավականին անհիմն տեսակետ է, և պետության նկատմամբ պ ետք է խելամիտ վերահսկող քննադատություն ստեղծել, որը կհանգեցնի արդյունավետ ինքնաքննության  եւ ընդհանրապես կառավարման ոլորտի առողջացմանը։  Այնուամենայնիվ, մինչ այժմ վեպը չի սկսել թեքվել այդ կողմ՝ դեպի մարդկային կյանքի այս առանձնահատուկ ոլորտը և ցույց չի տվել ոորտին բնորոշ մարդկային ձգտումների ու շարժառիթների գրավիչ ու բազմազան խաղը:

շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us: