Հերբերտ Ուելս/Ժամանակակից վեպը(2)

սկիզբը՝ այստեղ

Դիքենսից հետո վեպը սկսեց սեղմվել՝ ենթարկեցնելով կերպարները սյուժեն եւ նկարագրությունները պատումին։ Ասում են, դա ցածրակարգ բաներով էր պայմանավորված՝ գինեյների, շիլինգների ու պենսերի, չտարածվենք այս թեմայով։ Ես ուրախանում եմ, երբ այսօր տեսնում եմ նշաններ, որ այդ նեղմտության ու սահմանափակության փուլն ավարտվել է, և որ կան խրախուսանքներ՝ վերադառնալու դեպի վեպի ավելի հեշտ, ավելի ընդարձակ ձևը: Շարժումը, որ մասամբ անգլիական ծագում ունի, ընդվզում է գեղարվեստական կատարելության խիստ և նեղ պատկերացումների դեմ (դրանց մասին ես դեռ կխոսեմ այս հոդվածում), ձգտում է վերակենդանացնել ճկուն, ազատ ձեւերը, մի թեմայից մյուսին անցնելու ազատությունը, իրավունքը շեղվելու հիմնական մտքից, որ բնորոշ էր վաղ անգլիական վեպին՝ «Տրիստրամ Շենդիին» և «Թոմ Ջոնսին»։ Բացի այդ այս ուղղությունը սնվում է նաև այլ երկրների գրական ավանդույթից, այնպիսի համարձակ ու օրիգինալ մտահղացումներից, ինչպիսին է Ռոմեն Ռոլանի «Ժան Քրիստոֆը»:

Այս երկու աղբյուրը պայմանավորում են նոր ուղղության երկակի բնույթը. մինչ անգլիական ոգին միտված է դիսկուրսիվության և բազմազանության, ֆրանսիական նոր շարժումը ավելի շուտ սպառիչ վերլուծության է հակված: Առնոլդ Բենեթը, որը կարծում եմ մեր ժամանակակից անգլիացի վիպասաններից մեծագույնն է, կիրառում է իրականության լայն պատկերման երկու ձեւերն էլ։  Նրա հոյակապ «Ծեր կանանց պատմությունը», որտեղ նա անցնում է մարդուց մարդու և տեսարանից տեսարան, ամենալավ վեպն է, որը գրվել է անգլերեն ու անգլիական ժամանակակից ավանդույթովներով։ Իսկ հիմա նաև «Քլայխենգերում» ու այս շարքի մյուս վեպերում բազմակողմանիորեն, մանրակրկիտ ու բազմաշերտ ծոյց է տալիս մեկ կամ երկու կերպարների զարգացումն ու փոխությունը՝ այս մեթոդը դարձնելով ժամանակակից եվրոպական, ստվարածավալ վեպի  գլխավոր հատկանիշը: «Ծեր կանանց պատմությանը» բնորոշ են բազմակողմանի նկարագրությունները, «Քլեյխենգերի» համար՝ սպառիչ վերլուծությունը։ Գրողը տիրապետում է նոր շարժման երկու տեսակներին կատարելապես:

Այս առումով ես «Ժան Քրիստոֆին» համարում եմ արքետիպային, որովհետև այն ներկայումս շատ է զբաղեցնում մեր մտքերը պարոն Քենանի հիանալի թարգմանության շնորհիվ, բայց այս վեպը, որում գլխավոր հերոսին ուղեկցում են երկու-երեք կերպար, ունի իր նախատիպը, որ Ֆլոբերի վերջին անավարտ վեպն է՝ «Բուվար և Պեկյուշե»-ն: Ֆլոբերն իր կյանքի մեծ մասը ծախսել է ամենախիստ և զուսպ գեղարվեստական արձակը ստեղծելու վրա (նույնիսկ Տուրգենևն ավելի խիստ և զուսպ չէր), և նրա ստեղծագործությունը պսակվեց այս ուրախ ու տխուր, իմաստնությամբ լի հրաշքով: Մեր երկրում այն շատ հայտնի չէ, կարծեմ նույնիսկ թարգմանված չէ անգլերեն։ Բայց այն կա, և եթե դա նորություն է ընթերցողի համար, ես նրան նվեր կանեմ ու կբացահայտեմ գրքի գաղտնիքը, որի ընթերցանությունը զբոսանք է գանձերով ու հրաշքներով լի վայրի բնության գրկում։ Բայց եթե Ֆլոբերն իրոք վեպի եվրոպացի ազատարարն է, որը վեպն ազատագրել է ձևի սահմանափակումներից, ապա մենք՝ անգլիական ուղղության բազմապլան վեպի հետևոդներս, պետք է շնորհակալ լինենք նրան, ով ինձ համար մնում է անգերազանցելի վարպետ, աննման ու մեծագույն նկարիչ (ես ընդգծում եմ՝ հենց նկարիչ) այն ամենի շարքում, ինչ անգլիան տվել է աշխարհին՝ վեպի իրական ստեղծող Լորենս Սթերնին։ 

Պատմվածքի  և վեպի պահանջները պիտի միանգամայն տարբեր լինեն, քանի որ այս հարցում առկա խառնաշփոթը կարող է հանգեցնել «Վեսթմինսթերյան գազետի» ոգով խրատների, երբ սովորացնում են, թե ինչի պիտի ձգտի վիպասանը, ինչքան պիտի լինի վեպի ծավալը, եւ բացի դա ստեղծոմ են տարբեր անհեթեթ օրենքներ ու արգելքներ գրական հնարքների վերաբերյալ։ Հիմնական մոլորությունը միշտ ենթադրությունն է, որ վեպի, ինչպես և պատմվածքըի նպատակը մեկ միասնական տպավորության ստեղծումն է: Դա պարարտ հող է ստեղծում տարաբնույթ մոլորությունների համար։ 

Գեղարվեստական ստեղծագործությունների գրախոսականներում հաճախ բողոք ենք տեսնում, որ վեպի այս, այն կամ մյուս բանն անտեղի է ու չարդարացված։ Կարճ պատմվածքում հեշտ է շեղվելը չարդարացված մանրուքների ուղղությամբ, և դա ճակատագրական է պատմվածքի համար։ Կարճ պատմությունը պետք է սրընթաց ձգտի իր նպատակին, քանի որ երբ մարդը փախչում է իրեն հետապնդող վագրից, կանգ չի առնում իր ճանապարհին աճած ծաղիկները քաղելու համար, կամ եթե նա բարձրանում է ծառի բնով վերեւում վտանգից ապաստան գտնելու համար, հազիվ թե նկատի ու հիանա ծառին աճած մամուռով։   Պատմվածքի նպատակն է ստեղծել լարված գործողության պատրանք, մինչդեռ վեպը հակառակը՝ նման է ամառվա առավոտյան բաց երկնքի տակ նախաճաշելուն: Ոչինչ անտեղի  ու չարդարացված չէ, եթե գրողի տրամադրությունը լավ է. կեռնեխը այգու արահետին կամ խնձորի ծաղկաթերթը, որը լողում է սուրճի մեջ, նույնքան անտեղի է, որքան իմ կլպած ձուն կամ կծած հացն ու կարագը, և մնացած ամենը, ինչը անխուսափելիորեն խաթարում է լարվածության պատրանքը, որը կարճ պատմվածքի նպատակն է, օրինակ՝ հեղինակի անձնական զեղումները, ինչ-որ դատողություններ, որոնք ստիպում են մեզ հիշել, որ գործ ունենք ոչ թե իրականության, այլ հորինվածի հետ, ոճական ընդհատումները, անլուրջ տոնը, պարոդիականությունը, հիշոցները՝  վեպում բոլոր այսօրինակ բաները պարտադիր չէ, որ սխալ լինեն: Իհարկե, դրանք կարող են նաև խանգարել ընթերցողին, ականջը ծակել, թույլ չտալ, որ շարունակի կարդալ, այդ ամենը վարպետություն է պահանջում ու հեշտ չէ, բայց այդ դժվարությունից խուսափելը ավելի մեծ արժանիք չէ, քան որսորդի հրաժարումը  ամենացածր խոչընդոտները հաղթահարելուց։

 Գրեթե բոլոր վեպերը, որոնք ժամանակի ընթացքում ճանաչվել են որպես մեծագույն ստեղծագործություններ, ոչ միայն հագեցված են հեղինակի անհատականությամբ, այլև ունեն բավականին անկեղծ ու անձնական խոստովանություններ: Ամենաանհաջող օրինակը, որը հագեցած է հեղինակի զեղումներով, իհարկե Թեքերեյն է: Բայց ես կարծում եմ, որ Թեքերեյի խնդիրը նրա անձնական զեղումները չեն, այլ այն, որ նա դրանք անելիս անազնիվ է վարվում։ Ես միանգամայն համաձայն եմ հանգուցյալ միսիս Քրեյգիի հետ, որ Թեքերեյի մեջ խորապես գռեհիկ բան կար: Դա կեղծ մտածող, կեղծ ջենթլմեն, աշխարհիկ մարդու կեղծ կեցվածք է՝ ագրեսիվ, հաշվենկատ, մարտահրավեր նետող անձնավորություն, որը ընթրիքից հետո տաքանում է կամինի մոտ ինքնագոհ տեսքով, քանի որ հաջողել է թե կյանքում, թե գրականության մեջ։ Ահա թե ով է խոսում առաջին դեմքով Թեքերեյի վեպերում։  Դա իրական Թեքերեյը չէ, դա անկեղծ մարդ չէ, որը նայում է քո աչքերին, մերկացնում իր հոգին և համակրանք փնտրում: Սակայն Թեքերեյին քննադատելով ես հանդես չեմ գալիս հեղինակային մտորում-զեղումների դեմ։ 

Ես ընդունում եմ, որ վիպասանի՝ ընթերցողների առջև իր անունից ներկայանալու հնարքը լուրջ վտանգներ է պարունակում, բայց երբ դա արվում է առանց կեղծիքի, անմիջականորեն, ինչպես մարդը դուրս է գալիս խավարի միջից ու պատմում դռնից այնկողմ տեղի ունեցող զարմանալի բաների մասին,  ինչպես, օրինակ, պարոն Ջոզեֆ Կոնրադն անում է միանգամայն գործնական նպատակներով իր «Լորդ Ջիմ»-ում, ապա դա  մի տեսակ խորություն է հաղորդում, մի տեսակ սուբյեկտիվ իրականություն, որին երբեք չի հաջողվի հասնել սառը, գրեթե դիտավորյալ անտարբեր կեցվածք ընդունելու դեպքում, որը բնորոշ է, օրինակ, պարոն Ջոն Գալսուորթիի ստեղծագործությանը։ Եվ որոշ դեպքերում վեպի ողջ հմայքը կարող է հենց այդ հեղինակի անձնական զեղումներում լինել, ինչի վկայությունն են «Էլիզաբեթն ու նրա գերմանական այգին» և նույն հեղինակի «Էլիզաբեթը Ռյուգենում» վեպերը։ 

Այյս ամբողջ ընթացքում ես դատափետում եմ վեպի վերաբերյալ որոշակի խոչընդոտող և սահմանափակող համոզմունքները՝ թույլ տալով, որ այն ազատ լինի ձևով և նպատակներով: Ես դեռ պետք է ասեմ, թե ինչ է իմ կարծիքով վեպը. և որտեղ են դրա սահմանները, եթե այդպիսիք կան։ Ամենևին էլ հեշտ գործ չէ վեպի սահմանումը։ Դա նախասահմանված բան չէ, այլ մի բան է, որը սերտաճել է ժամանակակից կյանքին և իր վրա է վերցրել գործառույթներ ու արտադրել արդյունքներ, որոնք չէին կարող կանխատեսել դրա ստեղծողները:

Մարդու նվաճումների մի զգալի մասը ժամանակի ընթացքում դադարեց կատարել այն դերը, որի համար նախատեսված էր։ Հիշենք, օրինակ, ոգեշնչման, հույզերի, գեղագիտական զգացմունքների ինչ աղբյուր դարձավ գոթական տաճարի խաչաձև հատակագիծը,  կամ այն, որ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, թե ինչ հրճվանք ու հիացմունք են առաջացնելու անտիկ Հունաստանի ու Հռոմի՝ սպիտակ մարմարից քանդակները, որ, ինչպես ինձ ասացին, պարզապես գունաթափվել ու ճերմակել էին դարերի ընթացքում։  Հին կահույքն ու ասեղնագործությունը, որով այսքան շատ են հմայվում ներկայում, որոնք շատ բարձր են գնահատվում հիմա, ստեղծված են կենցաղային նպատակներին ծառայելու համար։ Եվ վեպն էլ, անկասկած, աճել է պարզ  հրաշապատումից, որ այնքան սիրում են լսել թե մեծերը, թե փոքրերը։

Պահանջվեց ժամանակ, որպեսզի մենք ստեղծենք վեպ սովորական մարդկանց մասին՝ արժանահավատ ու գիտակից գործողություններով՝ ի տարբերություն ասպետական վեպի հեքիաթային հերոսների, որոնց հեղինակը օժտում էր փայլով, տարաշխարհիկ հմայքով, և որոնք ապրում էին հրաշքներով լի և ոչ այնքան դաժան աշխարհում, որքան մերն է։ Վեպը պատմություն է, որը թույլ չի տալիս, ծայրահեղ դեպքում պիտի թույլ չտա ոչ մի կեղծիք: Վիպասանը պարտավոր է ձեզ ներկայացնել մարդկանց և իրերը նույնքան իրական, որքան եթե դուք այդ ամենը տեսնեիք, ասենք, հանրակառքում։ Կարծում եմ, որ կարելի է ստեղծել միայն այս նպատակը հետապնդող վեպեր։ Այդպիսի վեպը կարող է ձեզ զվարճացնել, ինչպես որ մեկը զվարճանում է՝ պատուհանից փողոց նայելով կամ հաճելի երաժշտություն լսելով, և այդքանը կարող է բավական լինել։

շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us: