Հանգամանքները ստիպել են ինձ տարբեր ժամանակներում մտորել վեպեր գրելու գործի և այն մասին, թե ինչ է դա նշանակում, ինչ է և թե ինչ կարող է լինել: Ես վեպերի պրոֆեսիոնալ քննադատ էի դրանք գրելուց շատ առաջ։ Համաշխարհային հռչակի իմ գլխավոր հայտերից մեկն այն է, որ ես գրել եմ Ջոզեֆ Քոնրադի ստեղծագործության մասին առաջին, երկար, քննադատական ակնարկը «Saday Review»-ում: Դա տասնվեց տարի առաջ էր։ Երբ մարդն իր կյանքի այսքան մեծ մասն է կենտրոնացրել վեպի վրա, խելամիտ չէ ակնկալել, որ նա չափազանց համեստ կամ ներողամտորեն կնայի դրան: Ես վեպը համարում եմ իսկապես շատ կարևոր և անհրաժեշտ բան անհանգիստ ճշգրտումների և վերաճշտումների այս բարդ համակարգում, ինչպիսին ժամանակակից քաղաքակրթությունն է։ Դրա համար շատ բարձր ու մեծ պահանջներ եմ ներկայացնում վեպին: Շատ առռումներով համարում եմ, որ առանց դրա մենք չենք կարող։
Գիտեմ, որ հիմա սա ընդունված կարծիք չէ։ Գիտեմ, որ կա տեսություն, ըստ որի վեպն ամբողջությամբ և բացառապես հանգստի ու ժամանցի ձեւ է: Չնայած ակնհայտ փաստերին, որ դա մի ժամանակաշրջանում գերիշխող տեսակետն էր, որը մենք այժմ հետահայաց անվանում ենք վիկտորիանական, այն դեռ պահպանվում է մինչ օրս: Դա ավելի շուտ տղամարդկային վեպի տեսություն է, քան կանացի: Կարելի է այն անվանել Հոգնած Հսկայի տեսություն:
Ընթերցողը պատկերանում է որպես տղամարդ՝ ծանրաբեռնված, տքնաջան աշխատող, տանջահար: Նա գործի տեղն է տասից մինչեւ չորսը, և հավանաբար ընդամենը երկու ժամով ընդմիջման է գնացել լանչի ժամին։Կամ գոլֆ է խաղում։ Կամ սպասել և քվեարկել է Տանը։ Կամ ձկնորսություն է արել։ Կամ օրենքի կետ էր վիճարկում, կամ գրում էր քարոզ, կամ անում էր հազարավոր այլ կարևոր բաներից մեկը, որոնք հաջողակ մարդու կյանքի էությունն են: Հիմա վերջապես գալիս է հանգստի փոքրիկ, թանկարժեք ժամը, և Հոգնած Հսկան գիրք է վերցնում: Միգուցե նա զայրացած է. նրան կարող են փակած լինել ստորգետնյա ապաստարանում, նա կարող է մոլորվել անտառում, նրա փայփայած ներդրումը կարող է ի չիք լինել, կամ դատավորը կարող է մարսողության խանգարում ունենալ և չափազանց կոպիտ լինել նրա հետ: Նա ցանկանում է մոռանալ կյանքի անհանգիստ իրականությունը: Նա ուզում է, որ իրեն ազատեն իրենից, քաջալերեն, սփոփեն, զվարճացնեն։ Ամենից առաջ՝ զվարճացնեն։ Նա չի ուզում գաղափարներ, չի ուզում փաստեր և առավել ևս չի ուզում խնդիրներ: Նա ցանկանում է երազել հորինած աշխարհի պայծառ, նուրբ, զվարթ հույզերի մասին, որտեղ կարող է հերոս լինել՝ ձի հեծնած, թանկարժեք զգեստը հագին, արքայադուստրեր փրկած ու գերեվարած: Նա ցանկանում է զվարճալի հետնախորշերի, ծիծաղելի աղքատների ու չքավորների կյանքի պատկերներ ու բարի հույզեր՝ կյանքն այքդան քաղցրացնող: Նա ուզում է ռոմանտիկա առանց դրա մարտահրավերի, հումոր առանց խայթոցի, և վիպասանի գործը նրա ընկալմամբ այս զովացուցիչ թարմացումն ապահովելն է:
Սա Հոգնած Հսկայի վեպի տեսությունն է։ Այն ղեկավարում էր բրիտանական գրաքննադատությունը մինչև անգլո-բուրական պատերազմը, իսկ հետո մեզնից շատերի հետ ինչ-որ բան պատահեց, և այդ տեսությունն այլևս ամբողջությամբ չվերականգնեց նախկին գերիշխող դիրքը: Միգուցե դեռ կվերականգնի: Միգուցե մի այլ բան պատահի, որը դա թույլ չի տա։
Ե՛վ գեղարվեստական գրականությունը, և՛ քննադատությունն այսօր ընդվզում են այդ Հոգնած Հսկայի՝ բարեկեցիկ կյանքով ապրող անգլիացու դեմ: Այսօր ես չեմ կարող մտաբերել քիչ թե շատ հեղինակավոր որեւէ գրողի, բացի պարոն Վ. Վ. Ջեյքոբսից, որը կգոհանա այդ մանր նպատակին ծառայելով: Քանի դեռ Հոգնած Ընթերցողը կարգին հոգնած Հսկան չէ, մենք հասկանում ենք, որ նա միայն անփույթ, փնթի և տհաս Հսկան է. և մենք բոլորս միաձայն որոշել ենք զարգացնել նրան: Եվ այսպես, ես այլևս ոչինչ չեմ ասի այն մասին, որ վեպը պարզապես անվնաս ափիոն է բարեկեցիկ մարդկանց դատարկ ժամերը լցնելու համար: Իրականում այդպես երբեք չի եղել, և խիստ կասկածում եմ, որ երբևէ կարող է լինել։
Ես չեմ կարծում, որ կանայք ընթերցանության ժամանակ վարվում են Հոգնած Հսկայի պես: Կանայք ավելի լուրջ են վերաբերվում ոչ միայն կյանքին, այլեւ գրքերին։ Ոչ մի կին չի կարող դիմել այդ ողորմելի հիմարությանը, որը Հոգնած Հսկայի կեցվածքի հիմքն է. իննսնականների սկզբին, երբ Մեծ Բրիտանիայի պատկառելի անգլիական թեթեւամտությունը թողեց իր անջնջելի հետքը մեր գրականության վրա, կար լուրջ և հանդուգն գրելու ապստամբ ալիք, որը հիմնականում սատարում էին կանայք և մեծ մասամբ այն կանայք, որոնք մերժում էին գեղարվեստական գրականության ընդունված գնահատականները։ Ընթերցողների շրջանում կանայք, աղջիկները և երիտասարդ տղամարդիկ պնդում են, որ վեպերը լինեն նշանակալից և իրական, և հենց այդ մշտապես նորացված տարրերն են, որ վիպասանը պետք է փնտրի ապահովելու համար իր շարունակական ազատագրումը բոորին հոգնեցրած, սակայն ժամանակակից Բրիտանիայում դեռ շատ տարածված ազդեցություններից:
Եվ եթե վեպը պետք է ճանաչվի որպես լուրջ, ոչ թե ժամանցային ժանր, այն պետք է ազատագրվի կատաղի պեդանտների սահմանափակումներից, որոնք վեպին որոշակի պարտադիր ձե են պարտադրում։ Մեր օրերում յուրաքանչյուր արվեստ պետք է ճանապարհ անցնի, որն ընկած է գռեհիկ և ցածր չափանիշների ժայռերի և կամայական ու իռացիոնալ քննադատության հորձանուտի միջև: Ամեն անգամ, երբ որևէ արվեստի քննադատությունը դառնում է մասնագիտական և պրոֆեսիոնալ, երբ ստեղծվում է դատավորների ակումբ, այդ դատավորները հակված ենայլևս չվստահելու իրենց անմիջական տպավորություններին և սկսում են համեմատական մեթոդներ մշակել, ընդօրինակել գիտության դասակարգումներն ու ճշգրիտ չափումները և ստեղծել իդեալներ ու կանոններ՝ տվյալ դասակարգման և չափումների համար: Նրանք զարգացնում են ոճի զգացումը, որը շատ հաճախ ոչ այլ ինչ է, եթե ոչ հնարքների հարցում հմտություն կամ յուրահատուկ լինելու փորձ, ընդ որում պրոֆեսիոնալ քննադատին տպավորում են ոչ այնքան արժանիքները, որքան ջանքերն ինքնին։
Այս տեսակ բաները շատ տարածված թե՛ վեպի, թե՛ պիեսի քննադատության առումով: Դուք բոլորդ լսել եք այդ տպավորիչ դատողությունը, որ ինչ-որ թատերական ներկայացում թեև սկզբից մինչև վերջ հուզիչ, հետաքրքիր և զվարճալի է, ինչ-որ խորհրդավոր մասնագիտական պատճառներով «պիես չէ»։ Ճիշտ նույն կերպ գեղարվեստական գականության ձեր գնահատականը խարխլվում է տարօրինակ դատապարտմամբ, թե ձեզ դուր եկած այդ գրվածքը «վեպ չէ»: Վեպին վերաբերվում են այնպես, կարծես դրա ձևը նույնքան լավ է սահմանվում, որքան սոնետինը։ Մոտ մեկ տարի առաջ, օրինակ, բավականին լուրջ քննարկում եղավ, որը սկսվեց կարծեմ մի շաբաթաթերթում՝ նվիրված տարբեր կրոնական կազմակերպությունների շահերին, և այդ քննարկումը վեպի անհրաժեշտ երկարության մասին էր: Քննադատն իր տանջալից պարտականությունները պետք է սկսեր չափումներից։ Հարցը պատասխանատու կերպով բարձրացրեց Westminster Gazette-ը եւ հատկառելի քանակով գրական մշակների՝ թե կին, թե տղամարդ, հարցում ուղարկեց, թե «Թոմ Ջոնսի», «Ուեյքֆիլդի քահանայի», «Քաղքենու պատմության», «Ցուրտ տան» օինակով որքան երկար պետք է լինի վեպը: Մեր պատասխանները, ըստ մեր քաղաքավարության աստիճանի, հիմնականում կամ անքաղաքավարի էին, կամ խուսափողական, բայց հարցը բարձրացնելու փորձն ինքնին, կարծում եմ, ցույց է տալիս, թե խմբագիրների, մամուլի գոծիչների, կարծիք ստեղծող մարդկանց շրջանում որքան տարածված է վեպի որոշակի երկարություն և որոշակի ձև սահմանելու այս միտումը: Թերթի՝ դրան հետեւած անդրադարձում նորից երեւաց մեր ընկերը՝ Հոգնած Հսկան։ Մեզ ասացին, որ վեպը պետք է այնքան երկար լինի, որ նա ճաշից հետո սկսի կարդալ և ավարտի մինչև երեկոյան տասնմեկի իր վիսկին:
Ակնհայտ է, որ սա Էդգար Ալան Պոյի՝ վեպի մասին կիսով չափ մոռացված դատողությունների արձագանքն էր: Էդգար Ալան Պոն շատ հստակ էր այն հարցում, որ պատմվածքը պետք է կարդացվի մի նստելով: Բայց վեպն ու պատմվածքը երկու բոլորովին տարբեր բաներ են, և տրամաբանությունը, որը ստիպեց ամերիկացի վարպետին սահմանափակել պատմվածքը առավելագույնը մեկժամյա ընթեցանությամբ, չի կարող վերաբերել ավելի երկար աշխատանք պահանջող ստեղծագորությանը: Կարճ պատմվածքը պարզ բան է կամ պետք է լինի այդպիսին. այն ուղղված է մեկ վառ էֆեկտ ստեղծելուն. այն պետք է հենց սկզբից գրավի ուշադրությունը և երբեք չհանգստանալով, ավելի ու ավելի հավաքի այն, մինչև հասնի գագաթնակետին: Ուստի ուշադրությունը կենտրոնացնելու մարդկային կարողության սահմանները սահմանափակում են՝ այն պետք է թեժացվի և մարի, մինչև ընթերծողը կհասցնի շեղվել կամ հոգնել։ Դա հետաքրքրվածությունը լարված պահելու մեկ թել չէ, այլ շատ թելերից հյուսված գոբելեն; մարդ հրապուրվում է նախ մի բանով, իսկ հետո՝ մեկ այլ, թողնում է գիրքը, որ հետո նորից վերադառնա դրան, և ես չեմ կարծում, որ մենք կարող ենք սահմանել վեպի չափը:
Գրական մյուս ժանրերի շարքում վեպի առանձնապատկությունը նկարագրման ու բնութագրման մեջ է, լավ մտածված կերպարի հմայքը ոչ թե նրա ճակատագիրն իմանալու, այլ ընթացքը դիտելու մեջ է: Ես անձամբ կխոստովանեմ, որ Դիքենսի բոլոր վեպերը ինչքան էլ երկար լինեն, ինձ շատ կարճ են թվում։ Ցավում եմ, որ Դիքենսի ստեղծած կերպարները նրա մի վեպից մյուս վեպը չեն անցնում։ Կցանկանայի, որ Միքոբերը, Դիք Սվիվելերը և Սարի Գեմփը նորից հայտնվեին այլ վեպերում՝ ճիշտ այնպես, ինչպես Շեքսպիրը ներկայացրեց Ֆալստաֆի փառահեղ փայլը պիեսների մի ամբոջ շարքում: Դիքենսը փորձեց դա մեկ անգամ, երբ Պիկվիկյան ակումբը տեղափոխեց «Վարպետ Համֆրիի ժամացույցի» մեջ: Փորձն անհաջող էր, և նա այլևս նման բան չփորձեց:
շարունակությունը՝ այստեղ