Ինչպես դառնալ լավ գրող/Լեո Բաբուտա

Լեո Բաբուտան Ամերիկայի ամենահաջողակ բլոգերներից մեկն է, լրագրող, բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ։ Նա վարում է աշխարհի ամենահայտնի 25 բլոգներից մեկը՝ Zen Habits-ը, որն ունի 200000 բաժանորդ: Աշխարհի ամենահայտնի «պրոկրաստինացիայի (հետաձգման) դեմ պայքարողը».

Իր հրապարակումներում նա գրում է, թե ինչպես կարելի է պարզություն գտնել մեր կյանքի առօրյա քաոսի մեջ, թե ինչպես ազատվել խառնաշփոթից, որպեսզի կարողանաք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ իսկապես կարևոր է, ստեղծել ինչ-որ զարմանալի բան և գտնել երջանկություն: Նա կիսվել է գրելու դժվարությունները հաղթահարելու է իր փորձով.

Ես ինձ մեծ գրող չեմ համարում, բայց 25 տարի գրում եմ և այսօր իմ ապրուստն եմ վաստակում գրելով։ Եվ եթե նոր եք սկսում գրել, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով։ Այնպես չէր, որ ես արթնացա և հանկարծ հասկացա, թե ինչ է պետք անել լավ գրելու համար: Ես դրան նախապատրաստվել եմ իմ կյանքի մեծ մասը:

Հակիրճ իմ գործունեության մասին. սկսել եմ որպես սպորտային լրագրող, հետո դարձել տեղական թերթի խմբագիր, գրել տարբեր ամսագրերի համար և օգնել օրենսդիրներին գրել օրենքների տեքստերը, իսկ մարզպետին՝ իր ելույթների տեքստերը: Հետո ես բացեցի իմ սեփական բլոգը և գրեցի ևս հինգ բլոգի համար: Հիմա իմ բլոգը գրեթե տասը տարեկան է։ Մի քանի գիրք եմ հրատարակել, մի քանի դասընթացներ եմ արել։

Եվ ահա իմ գրական ինքնակրթության փորձի ամենակարևոր կետեը.

  • Գրեք ամեն օր։ Ոչ թե շաբաթական մեկ կամ երկու անգամ, այլ ամեն օր։ Ես գրում եմ բլոգի, իմ Sea Change ծրագրի համար կամ ուսումնասիրում եմ նոր գիրք կամ դասընթաց: Սա, հավանաբար, ամենակարևոր բանն է, որ ես արել եմ քսանհինգ տարվա ընթացքում. մշտական ​​պրակտիկան թույլ է տվել ինձ հարթել սուր անկյունները, և ամենադժվար խոչընդոտներն ավելի քիչ են սկսել վախեցնել: Ես խորհուրդ եմ տալիս սկսել ամենօրյա բլոգ վարել (կամ տեղադրել առնվազն երկու օրը մեկ անգամ):
  • Սովորեք հաղթահարել դիմադրությունը: Յուրաքանչյուր գրող բախվում է դիմադրության, որը խանգարում է գրել, նա շարունակ հետաձգում է գրելը՝ շեղվելով և սովորական գործեր անելով: Ես սովորեցի դիմակայել այս դիմադրությանը, ոչ թե փախչել դրանից: Ես սովորել եմ չվախենալ և սկսել առանց երկար մտածելու: Եթե ​​այս ներքին դիմադրությունը խանգարում է ձեզ ամեն օր գրել, դիմակայեք դրան և մի հանձնվեք:
  • Գրելը դիտարկեք որպես յուրատեսակ մեդիտացիա: Այս հնարքը թույլ է տալիս ինձ մի քանի րոպե հեռանալ մնացած ամեն ինչից և ընկղմվել լոկ մեկ գործունեության մեջ: Դա անելու համար ձեր ուղեղը պետք է փոխադրեք հատուկ վիճակի, ինչպես նաև ուշադրություն դարձնեք, թե երբ է շեղվելու ցանկություն առաջանում ու չտրվեք դրան: Ես կարող եմ նայել իմ ներսը և թույլ տալ ինձ արտահայտել զգացմունքներս բառերով կամ, ասենք, հասկանալ ինչ-որ ճշմարտություն և փորձել այն ձևակերպել։
  • Գրելուն որոշակի ժամանակ հատկացրեք: Շատերը մեդիտացիա են անում զարթուցիչ լարելով, և նույն կերպ շատ օգտակար է ժամանակաչափ սահմանել, երբ ինչ-որ բան գրում եք: Օրինակ՝ տասը րոպեանոց սեանս արեք և ձեզ շատ մի՛ ճնշեք. պարզապես թույլ տվեք, որ բառերը դուրս գան և աշխատեք կենտրոնացած մնալ այդ 10 րոպեի ընթացքում: Երբ գիտես, որ քիչ ժամանակ է մնացել, դու բաց ես թողնում քո վախը և խորասուզվում գրելու մեջ:
  • Սովորեք հաղթահարել վախը: Բոլոր գրողները բախվում են դրան՝ ձախողման վախ, վախ բավականաչափ լավը չլինելու, անհարմարության և անորոշության վախ: Շատերը տրվում են վախին և, հետևաբար, չեն էլ սկսում գրել կամ հանձնվել: Բայց ես օգտակար եմ համարում ընդունել այդ վախը և ամեն դեպքում գրել: Այո, դուք ձեզ սարսափելի անհարմարավետ կզգաք, դուք կզգաք, որ ամեն ինչ անորոշ է ու անհաստատ, բայց ամեն դեպքում գրեք։ Մի րոպեի չափ թողեք, որ վախը մնա ձեր գլխում, իսկ հետո սկսեք գրել։ Այս վախերը սարսափելի են, բայց դրանք այնքան էլ սարսափելի չեն, եթե թույլ տաք ձեզ դիմակայել դրանց։
  • Մտածեք որակի մասին: Գրողը արհեստավոր է, որը բառեր է արտադրում, և նրան պետք է հետաքրքրի, թե ինչպիսին են այդ բառերը ստացվում։ Նախ պետք է տիրապետել ուղղագրական և քերականական կանոններին, տարրական գրագիտությանը։ Սա չի նշանակում, որ դուք ընդհանրապես տառասխալներ չեք անի, նշանակում է, որ դուք պետք է անընդհատ փորձեք ավելի ու ավելի հղկել հիմնական գործիքները: Տեքստը գրելուց հետո ստուգեք ուղղագրությունը հավելվածներով և փորձեք հիշել ձեր սխալ գրած բառերը: Հաճախ նայեք բառարանը: Թող ձեր ընկերները ստուգեն ձեր աշխատանքը: Կարդացեք ոճերի մասին, տիրապետեք ամենատարածված ոճերին և փորձեք հետևողական լինել: Բայց հաղթահարեք ձեր պերֆեկցիոնիզմը: Պարզապես գրեք, դուք կսովորեք գրելով, եթե բավականաչափ ջանքեր գործադրեք: Նաեւ դեն նետեք ձեզ գրելուց հետ պահող իդեալները: Պարզապես վերցրեք ու գրեք: Հրապարակեք ճեպագրեր՝ առանց ձեզ ստիպելու դրանք դարձնել կատարյալ տեքստ: Տառասխալները մեծ խնդիր չեն։
  • Սովորեք արագ մուտքագրել: Սա, իհարկե, անհրաժեշտ չէ, բայց շատ օգտակար է։ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են ձեզ մեկ ամսում հասնել պատշաճ մակարդակի, իսկ մեկ տարում՝ շատ բարձր մակարդակի: Սա օգնում է ձեզ ավելի արագ հանել բառերը ձեր գլխից:
  • Սովորեք գրել վերջնաժամկետ դնելով: Դա ամենաարժեքավոր հմտություններից մեկն էր, որ ես սովորեցի լրագրողի աշխատանքի շնորհիվ: Սա մեծ ճնշում է, բայց դա ձեզ կսովորեցնի, որ կարող եք ժամանակին գրել, եթե կենտրոնանաք: Դուք կսովորեք, որ պետք չէ փորձել ամեն ինչ կատարյալ անել, որ կարող եք ձերբազատվել վախից և պարզապես գրել: Դուք նաև կսովորեք, թե ինչպես արագ խմբագրել ձեր սեփական տեքստերը: Սահմանեք վերջնաժամկետ և ասեք մեկ ուրիշին այդ մասին, այնուհետև ուղարկեք այդ անձին տեքստ վերջնաժամկետի վերաբերյալ:
  • Շատ կարդացեք։ Լավագույն գրողները մեծ քանակությամբ գրքեր են կլանում: Ես անընդհատ կարդում եմ: Սա ձևավորում է ձեր սեփական ոճը, ոգեշնչում է և թույլ է տալիս ընդլայնել ձեր լեզվի հնարավորությունները:
  • Գողացեք։ Երբ տեսնում եք գրողի, որն ինչ-որ հիանալի բան է անում, գողացեք այդ հնարքը: Փորձեք այն ձեր տեքստում, խառնեք դա նրան, ինչ արդեն անում եք կամ նրան, ինչ տեսել եք մի ուրիշ տեղ, դարձրեք այն ձերը:
  • Գրառումներ արեք։ Երբ փոխառելու արժանի բան եք գտնում, գրեք այդ տեքստը նոթատետրում կամ word փաստաթղթում: Երբ ձեր գլխում վեպերի, սոցցանցային կամ բոգային գրառումների, կերպարների գաղափարներ են ծնվում, նշումներ արեք այդ փաստաթղթում կամ նոթատետում: Եվ պարբերաբար վերանայեք ձեր գրառումները:
  • Գրչընկերներ որոնեք։ Եթե ​​դժվարանում եք պահպանել ձեր նախանշած ըրակարգը, գտեք այլ գրողների (նույնիսկ առցանց) և կանոնավոր կերպով շփվեք նրանց հետ: Կիսվեք ձեր տեքստերով, քննարկեք ձեր ունեցած խնդիրները, միասին կարդացեք այլ հեղինակների։ Գրողների փոքր խումբը ժամանակով փորձված գործիք է, որը նաև թույլ է տալիս ձեզ իմանալ, որ մենակ չեք:
  • Ձգտեք հասկանալ ընթերցողին: Շատ սկսնակ գրողներ պարզապես իրենց գլխում եղածը հեղում են թղթին, բայց ընթերցողին դա կարող է շփոթեցնել կամ անհետաքրքիր թվալ: Այսօր ես փորձում եմ հասկանալ, թե ինչ տրամադրություն ունի ընթերցողը, ինչպես կարող է հասկանալ իմ տեքստը, ինչ համատեքստի կարիք կունենա, ինչքան պարզ եմ գրում, ինչ զգացողություններ եմ առաջացնում նրա հոգում։

Եվ որպես ամփոփումևս մի քանի կարևոր նկատառումներ նրանց համար, ովքեր ցանկանում են յուրացնել գրելու արվեստը:

  • Բոլորը կարող են գրել: Պետք չէ լինել Ջեյմս Ջոյս: Նույնիսկ եթե դուք չեք ցանկանում պրոֆեսիոնալ գրող դառնալ, կարող եք օրագիր պահել կամ նամակներ գրել ձեր սիրելիներին (և ստիպված չեք լինի դրանք ուղարկել ավելի ուշ): Պետք չէ ձեր տեքստը հղկել այնքան, որ փայլի: Եվ սա ընդհանուր առմամբ հիանալի պրակտիկա է, որն օգնում է ձեզ սովորել կենտրոնանալ, հաղթահարել վախերն ու հետաձգումը և ձևակերպել այն, ինչ կա ձեր գլխում:
  • Ամեն դեպքում սկսեք: Միգուցե մի քանի տարի է, ինչ գրում եք, կամ գուցե նոր եք սկսել; Գուցե ունեք տաղանդ, կամ գուցե ձեզ համար շատ դժվար է, ամեն դեպքում սկսեք: Կարևոր չէ, թե որ փուլում եք գտնվում կամ ինչ դիրքում եք մյուսների նկատմամբ: Գրեք, աշխատեք այն ամենի վրա, ինչ ձեզ համար դժվար է։ Ժամանակի ընթացքում դուք ավելի լավ կգրեք և ձեզ ավելի ազատ, ինքնավստահ ու հարմարավետ կզգաք գրելիս։
  • Լավ արդյունքների հասնում են ջանքերի և հոգատարության արդյունքում։ Դու երբեք կատարելության չեք հասնի, ես էլ հեռու եմ դրանից, բայց կատարելագործվելու միակ ձևը անընդհատ վարժվելն է։ Եվ հոգատար ու ուշադիր լինելը նրա հանդեպ, ինչ անում եք։ Արեք դա ամեն օր, և այս պայքարում յուրաքանչյուր քայլ կլինի սքանչելի ու զարմանահրաշ։

Պատրաստեց՝ Գ․Պողոսյանը

Please follow and like us: