Ցանկանում եք վեպ գրել, բայց դեռ չե՞ք կարողանում ուժ հավաքել: Դա հաճախ պատահող բան է: Գրքեր գրելը հեշտ է, դժվար է լավ գրքեր գրելը: Եթե դա չլիներ, մենք բոլորս կստեղծեինք բեսթսելլերներ:
Աշխարհում վեպ գրելու հազարավոր եղանակներ կան: Ո՞րն է լավագույնը: Այն, որը հարմար է անձամբ ձեզ: Այս հոդվածում ես ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն արդյունավետ է ինձ համար:
Լավ գեղարվեստական գրականությունը պատահականություն չէ, այն մանրակրկիտ պլանավորված գործողությունների, վեպի ձեւավորման՝ դիզայնի արդյունք է: Դուք կարող եք դիզայնի գործն անել ինչպես ձեր գիրքը գրելուց առաջ, այնպես էլ հետո: Փորձեցի երկուսն էլ անել և ի վերջո համոզվեցի, որ առաջինը և՛ ավելի արագ է, և՛ արդյունավետ։
Ինչպե՞ս անել արվեստի գործի դիզայնը: Իմ հիմնական աշխատանքը համալիր ծրագրային նախագծերի ճարտարապետությունն է։ Ես գրում եմ գրքերն այնպես, ինչպես ծրագրերը՝ օգտագործելով «ձյան փաթիլ» մեթոդը։ Ի՞նչ է դա։ Մինչեւ առաջ շարժվելը նախ նայեք այս նկարին: Ձյան փաթիլի նախշը ամենակարեւոր մաթեմատիկական առարկաներից է, որն ուսումնասիրել են բազմաթիվ գիտնականներ։
Այստեղ մենք տեսնում ենք ձյան փաթիլ ստեղծելու փուլերը։ Սկզբում այն այնքան էլ նման չէ իրեն, բայց աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է ընկնում։
Դուք կարող եք գրել վեպեր՝ օգտագործելով նույն սկզբունքը՝ սկսել փոքրից, այնուհետև ավելացնել ավելի ու ավելի շատ մանրամասներ, մինչև որ լիարժեք պատմություն ունենաք: Գրականության մեջ դիզայնի գործի մի մասը ստեղծագործելն է, մյուս մասը սեփական ստեղծագործության կառավարումն է՝ տարաբնույթ նյութից լավ վեպ կառուցելը: Սա հենց այն է, ինչ ես ուզում եմ սովորեցնել ձեզ:
Գրողների մեծ մասը շատ ժամանակ է ծախսում վեպի մասին մտածելու վրա: Միգուցե ինչ-որ հետազոտություն եք անում։ Դուք հաշվարկում եք, թե ինչպես կզարգանա պատմությունը։ Դուք «բրեյնստորմինգ» եք անում: Լսում եք տարբեր կերպարների ձայները: Սա գիրք ստեղծելու ամենակարևոր մասն է՝ այն, ինչ ես անվանում եմ «տեղեկություն լցնել»: Ենթադրում եմ, որ դուք գիտեք, թե ինչպես դա անել՝ արդեն ունեք գրքի գաղափար ձեր գլխում և այժմ ատրաստ եք նստել ու սկսել գրել:
Բայց նախքան գործի անցնելը դուք պետք է հոգ տանեք կազմակերպչական հարցերի մասին․ պետք է գրեք բոլոր գաղափարները թղթի վրա այնպես, որ հետո կարողանաք օգտագործել: Ինչի՞ համար։ Որովհետև մեր հիշողությունները վստահելի չեն, և որովհետև ձեր պատմությունը (ինչպես նույն փուլում գտնվող ցանկացած այլ պատմություն) ունի բազմաթիվ ծակեր, որոնք պետք է կարկատել, որպեսզի կարողանաք աշխատել: Դուք պետք է ուրվագիծ ստեղծեք ձեր վեպի համար՝ և այնպես, որ չհուսահատվեք գրելուց: Ստորև բերված է քայլերի սխեման, թե ինչպես եմ ես ստեղծում իմ գրքի ձևավորման նյութերը։ Հուսով եմ այն կօգնի ձեզ:
Քայլ առաջին
Մեկ ժամ հատկացրեք և գրեք ձեր վեպի նկարագրությունը՝ մեկ նախադասությամբ: Նման մի բան. «Չարակամ ֆիզիկոսը ճանապարհորդում է ժամանակի միջով Պողոս առաքյալին սպանելու համար» (իմ առաջին վեպի՝ «Մեղք»-ի անոտացիան է): Սա ձեր վեպն է խոշոր պլանով, որը նման է ձյան փաթիլների գծապատկերի մեծ եռանկյունին: Երբ ձեր գիրքը ներկայացնեք հրատարակիչներին, ամփոփագիրը՝ այդ նկարագրող նախադասությունը պետք է լինի աշխատանքի հենց սկզբում: Այն նաև կոչվում է կեռիկ, որը թույլ է տալիս վաճառել վեպը հրատարակչին, մատակարարներին, խանութներին և ընթերցողներին։ Այսպիսով, աշխատեք այնպես անել, որ այն հնարավորինս տպավորիչ հնչի:
Որոշ խորհուրդներ, թե ինչպես դա անել.
*Որքան կարճ, այնքան լավ: Նախադասությունը չպետք է գերազանցի 15 բառը:
*Անուններ պետք չեն: Ավելի լավ է ասել Հաշմանդամ Ակրոբատը, քան Ջեյն Դո:
* Ստեղծագործության ընդհանուր հայեցակարգն ու կերպարներին միացրեք կերպարների հետ: Հերոսներից ո՞րն է ամենաշատը տուժել պատմության ընթացքում: Այժմ նշեք, թե ինչ է նա ցանկանում ստանալ որպես պարգեւ։
* Կարդացեք New York Times-ի բեսթսելլերների ցանկի գրքերի ամփոփագրերը՝ հասկանալու համար, թե ինչպես է դա արվում: Գիրքը մեկ նախադասությամբ նկարագրելու ունակությունը արվեստ է և արժե տիրապետել:
Քայլ երկրորդ
Եվս մեկ ժամ ծախսեք և ընդարձակեք նախադասությունը՝ հասցնելով այն պարբերության, որը նկարագրում է վեպի սյուժեն, կոնֆլիկտը և լուծումը: Արդյունքում, դուք կստանաք երկրորդ փուլի մոդելը ձյան փաթիլների շղթայում: Անձամբ ես սիրում եմ պատմություններ, որոնք ունեն երեք կոնֆլիկտ, գումարած ավարտը: Կոնֆլիկտներից յուրաքանչյուրի զարգացումը զբաղեցնում է գրքի մեկ քառորդը, ևս մեկ քառորդ ծախսվում է վերջը ամփոփելու համար: Դուք կարող եք օգտագործել այս պարբերությունը հրապարակչին դիմելիս: Կատարյալ տարբերակում այն պետք է բաղկացած լինի հինգ նախադասությունից․ մեկ նախադասություն՝ սկզբի համար, մեկը՝ կոնֆլիկտներից յուրաքանչյուրի համար, ևս մեկը՝ վերջի համար։
Քայլ երրորդ
Վերը շարադրված բոլորբաները ձեզ ընդհանուր պատկերացում կտան պատմության մասին: Այժմ դուք պետք է նման բան գրեք հերոսներից յուրաքանչյուրի համար: Կերպարները ցանկացած վեպի ամենակարևոր մասն են, ուստի այն ժամանակը, որը դուք ներդնում եք դրանք ստեղծելու համար, տասնապատիկ կփոխհատուցվի, երբ սկսեք աշխատել գրքի վրա: Մեկ ժամ հատկացրեք գլխավոր հերոսներից յուրաքանչյուրին և գրեք կարճ՝ մեկ էջանոց շարադրություն.
– Հերոսի անունը:
– Նախադասություն, որը նկարագրում է նրա կյանքի պատմությունը:
– Հերոսի մոտիվացիան (ինչի՞ն է նա ուզում հասնել իր երազանքի մեջ):
– Հերոսի նպատակը (ինչի՞ն է նա ուզում հասնել կոնկրետ)
– Կոնֆլիկտ (ինչն է խանգարում նրան հասնել իր նպատակին):
– Հասունացում (ի՞նչ է նա սովորում, ինչպե՞ս է փոխվում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում):
– Պարբերություն, որը նկարագրում է այն իրադարձությունները, որոնց մասնակցում է հերոսը:
Կարևոր նշում. հնարավոր է՝ այս ամենից հետո անհրաժեշտություն առաջանա վերադառնալու և վերաշարադրելու նկարագրություն նախադասությունները՝ ամփոփագիրը: Սա լավ նշան է և նշանակում է, որ հերոսները ձեր պատմության համար կարևոր բան են սովորեցնում ձեզ: Վեպ գրելու յուրաքանչյուր փուլում դուք կարող եք վերադառնալ և վերափոխել այն, ինչ արել եք ավելի վաղ: Սա շատ օգտակար բան է. ավելի լավ է բոլոր թերությունները շտկել հիմա, քան երբ արդեն գրել ես 400 էջանոց ձեռագիր։
Քայլ չորրորդ
Այս փուլում դուք պետք է գլխում ունենաք վեպի ամբողջական պատկերը, և դա ձեզնից կպահանջի ընդամենը մեկ կամ երկու օր: Այժմ մենք պետք է շարադրենք պատմությունը: Մի քանի ժամ անցկացրեք և ամփոփագրի յուրաքանչյուր նախադասությունը դարձրեք պարբերություն: Դրանք բոլորը, բացի վերջինից, պետք է ավարտվեն կոնֆլիկտով (վերջինը ստեղծագործության ավարտն է): Արդյունքում, դուք կստանաք վեպի համառոտագիրը, որը կարող է օգտագործվել նաև հրատարակչություն ուղարկելու համար:
Քայլ հինգերորդ
Մեկ-երկու օր հատկացրեք յուրաքանչյուր գլխավոր հերոսի մեկ էջանոց նկարագրությունը գրելուն: Կես էջ կծախսվի երկորդական կերպարների վրա։ Այս կերպարների ամփոփագրերը պետք է պատմեն պատմությունը յուրաքանչյուր հերոսի տեսանկյունից: Անհրաժեշտության դեպքում հետ գնացեք և փոփոխություններ կատարեք: Այս փուլն ինձ մեծ հաճույք է պատճառում, իսկ ավելի ուշ ես ներդնում եմ հերոսների համառոտագրերը հիմնական սինոփսիսի մեջ: Խմբագիրներին դուր է գալիս սա, քանի որ նրանք միշտ սիրում են կերպարների վրա հիմնված գեղարվեստական գրականություն:
Քայլ վեցերորդ
Այժմ դուք ունեք ամուր պատմություն և դրա հիման վրա կառուցված մի քանի պատմություններ՝ յուրաքանչյուր հերոսի համար: Մեկ շաբաթում ընդլայնեք ձեր մեկ էջանոց ամփոփագիրը՝ հասցնելով այն չորս էջի: Ըստ էության, դուք չորրորդ քայլում գրված նախադասություններից յուրաքանչյուրը պիտի երկարացնեք՝ հասցնեք ամբողջական էջի: Ընթացքում դուք կբացահայտեք ստեղծագործության ներքին տրամաբանությունը և կկայացնեք որոշումներ, թե որ ուղղությամբ է զարգանալու սյուժեն:
Քայլ յոթերորդ
Հերոսների նկարագրությունը վերածեք նրանցից յուրաքանչյուրի մասին մանրամասն պատմության՝ նշելով բոլոր էական մանրամասները՝ ծննդյան տարեթիվ, արտաքին տեսք, կյանքի պատմություն, մոտիվացիա, նպատակներ և այլն։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս կփոխվի հերոսը մինչև վեպի ավարտը։ Արդյունքում ձեր կերպարները կվերածվեն իրական մարդկանց և երբեմն կներկայացնեն իրենց սեփական պահանջները սյուժեի զարգացման վերաբերյալ:
Քայլ ութերորդ
Նախքան ձեռագրի վրա աշխատելը մի քանի բան կա, որ կարող եք անել՝ ճանապարհը հեշտացնելու համար: Նախ, դուք պետք է վերցնեք չորս էջանոց ամփոփագիրը և կազմեք տեսարանների ցուցակ, որոնք պետք է գրվեն: Դա անելու ամենահարմար տարբերակը Excel-ն է։ Ինչ-ինչ պատճառներով գրողներից շատերը չեն ցանկանում գործ ունենալ անծանոթ ծրագրերի հետ: Զբաղվեք դրանով։ Դուք գիտեք՝ ինչպես Word-ում շարել տեքստը: Excel-ը նույնիսկ ավելի պարզ է: Դուք պետք է ստեղծեք տեսարանների ցանկ, և այս ծրագիրը նախատեսված է ցուցակներ կազմելու համար: Եթե գիտելիքի պակաս ունեք, գիրք գնեք և սովորեք։ Կծախսեք մեկ օրից էլ քիչ ժամանակ, իսկ դա հաստատ արժե անել:
Յուրաքանչյուր տեսարան պետք է ունենա մեկ տող աղյուսակում: Առաջին սյունակում նշեք այն հերոսներին, որոնց անունից պատմելու եք պատմությունը, կամ որոնց աչքերով եք նայում, թե ինչ է կատարվում վեպում։ Մեկ այլ, ավելի լայն սյունակում գրեք, թե ինչ է տեղի ունենում այս տեսարանում: Ցանկության դեպքում երրորդ սյունակում կարող եք նշել, թե քանի էջ եք նախատեսում ձգել այս տեսարանը, իսկ չորրորդ սյունակում՝ գլուխների համարակալումը։ Excel-ի աղյուսակը դրա համար կատարյալ գործիք է, քանի որ դուք կարող եք տեսնել ամբողջ պատմությունը և հեշտությամբ կարող եք տեսարանները տեղից տեղ տեղափոխել:
Ես սովորաբար գրում եմ շուրջ 100 տող և դրա վրա ծախսում եմ մոտ մեկ շաբաթ:
Քայլ իններորդ
Իններորդ քայլը արվում է ըստ ցանկության, պարտադիր չէ: Վերադարձեք Word և գրեք Excel-ի աղյուսակում թվարկված յուրաքանչյուր տեսարանը մի քանի պարբերությամբ։ Ուրվագծեք երկխոսությունները և լուծելիք խնդիրների ձեպագրեր արեք: Եթե տեսարանում պրոբլեմ չկա, ապա դուք պետք է ստեղծեք այն կամ կտրեք ամբողջ տեսարանը: Ես սովորաբար գրում էի մեկ կամ երկու էջ ամեն գլխի համար և յուրաքանչյուր գլուխ սկսում էի նոր էջից: Այնուհետև ես տպում էի տեքստը և դնում այն արագակար թղթապանակում՝ այնպես, որ կարողանայի գլուխների տեղերը փոխել կամ ամբողջությամբ վերաշարադրել դրանք՝ առանց մնացածը խառնելու: Այս գործընթացն ինձնից սովորաբար խլում էր մեկ շաբաթ: Վերջնական արդյունքը 50 էջանոց փաստաթուղթ էր, որի վրա ես հետո կարմիր գրիչով ուղղումներ էի անում սեւագիը գրելու ընթացքում: Բոլոր մտքերը ու գաղափարները, որ առավոտից այցելում էին ինձ, ես գրի էի առնում այս փաստաթղթի լուսանցքում: Սա ի դեպ բոլոր գրողներին այդքան ատեի երկար սինոփսիսը գրելու համեմատաբար հեշտ ձևն է։
Քայլ տասներորդ
Այս փուլում նստեք և սկսեք գրել։ Դուք կզարմանաք, թե որքան արագ կարող եք գրել: Ես տեսել եմ, որ հեղինակները եռապատկում են վեպը գրելու արագությունը այս ձևով, մինչդեռ իրենց սևագրերը կարծես նախապես խմբագրված լինեն: Ես շատ եմ լսել գրողների բողոքները առաջին սևագիրը գրելու դժվարության մասին: Նրանք բոլորը, առանց բացառության, նստած մտածում են. չգիտեմ, թե ինչի մասին գրեմ հետո: Կյանքը շատ կարճ է այսպես գրելու համար։ Պատճառ չկա 500 ժամ ծախսել՝ աշխատելով առաջին նախագծի վրա, եթե կարող եք դա անել 150 ժամում:
Ահա և ամենը: Ձյան փաթիլի մեթոդն օգնում է ինձ և իմ ընկերներից մի քանիսին, որոնք նույնպես որոշել են փորձել այն։ Հուսով եմ, որ այն օգտակար կլինի ձեզ: