Դուրյանը (1851-1872թթ.) գրական ասպարեզ մտավ 1860-ականներին։ Այս փուլում պոեզիան ձեռք էր բերել ռոմանտիզմին հատուկ երազային թեմատիկա՝ ազատվելով կլասիցիզմին բնորոշ պաթոսից: Չնայած հայ նոր գրականության սկզբնավորման ակունքներում կանգնած էին Ղ․ Ալիշանը, Մ․ Նալբանդյան, Ռ․ Պատկանյանը, Մ․ Պեշիկթաշլյանը և այլք՝ իրենց բանաստեղծական ժառանգություններով, այնուամենայնիվ գրաքննադատների կարծիքով հենց Դուրյանն է համարվում հայ նոր քնարերգության հիմնադիրը, կամ ինչպես Սևակն է բնորոշել՝ «հայ նոր քնարերգության առաջին մեծը» և «մեր «ազնվության վկայականը» աշխարհի առաջ»:
Իսկ ո՞րն էր վաղամեռիկ բանաստեղծի ֆենոմենը:
Գուցե չափազանց երիտասարդ տարիքի համեմատ նրա ունեցած բազմաշերտ ու նուրբ աշխարհընկալո՞ւմը, թեմատիկ խորությո՞ւնը, զգայուն հոգի՞ն ու մի՞տքը… Գուցե նրա դրամատիկ կյա՞նքը…
«Քսան տարեկան չկար նա, երբ աստղի պես գնաց «հավելուլ երկնից»: Ուրիշները նրա տարիքում նմանողական ոտանավորներ են գրում՝ հազվադեպ պահպանելով չափ-կշռույթի և հանգ ու վանկի տարրական կանոնները»:
Գաղտնիք չէ, որ Դուրյանի կյանքի ընթացքն ընդամենը քսանմեկ տարի է տևել։ Նա քսան տարեկանում է տեղեկացել իր չարաբաստիկ հիվանդության ու փաստացի մահվան դատավճռի փաստին։ Թողել է 39 բանաստեղծություն, որոնց մեծ մասը գրվել է հենց կյանքի վերջին մեկ տարվա ընթացքում։ Սկյուտարի ճեմարանում սովորելու ընթացքում Դուրյանը ֆրանսերենից թարգմանել է 8 թատերախաղ (Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է / Արքայն զբոսնու», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն), որոնք սակայն չեն պահպանվել, փոխարենը պահպանվել են նրա հեղինակած թատերգություններից որոշ նմուշներ: Հայտնի է նաև, որ Դուրյանը վեպ գրելու փորձ է արել, որոնցից մեկը սիրային թեմատիկայով է եղել, իսկ մյուսը՝ ինքնակենսագրական, սակայն դրանք նույնես չեն պահպանվել։ Փոխարենը մեզ են հասել նրա մի քանի հրապարակախոսական հոդվածներ («Թատրոն» և այլն):
Հայրենիքի ճակատագրի, անցյալի, ներկայի և ապագայի դուրյանական ընկալումը:
Դուրյանի տարերքը քնարերգությունն էր, որն ուներ թեմատիկ բազմազանություն՝ սիրո, խոհա-փիլիսոփայական, քաղաքացիական, հայրենասիրական երգեր: Դուրյանի կարճ, բայց բազմաբովանդակ ստեղծագործական կյանքի որոշակի հատվածում՝ 1867-1870 թթ.-ին գրված ստեղծագործություններից միայն չորսն էին անձնական բնույթի. մնացածը քաղաքացիական, պատմական և հայրենասիրական բովանդակություն ունեին:
Դուրյանի կյանքն ու ստեղծագործությունը անընդմեջ քննության‚ ուսումնասիրության և վերլուծության առարկա են եղել և են տարիներ շարունակ։ Այդ գործին իրենց որոշակի մասնակցությունն են բերել մեր գրական-մշակութային կյանքի այնպիսի մեծերը‚ ինչպիսիք են՝ Բ. Էքսերճյանը‚ Եր. Օտյանը‚ Ա. Չոպանյանը‚ Լ. Բաշալյանը‚ Հր. Ասատուրը‚ Հր. Աճառյանը‚ Մինաս Չերազը‚ Մ. Ճանաշյանը‚ Հ. Օշականը‚ Հր. Նազարյանը‚ Հ. Ղանալանյանը‚ Վ. Թերզիբաշյանը‚ Գ. Ստեփանյանը, Պ. Սևակաը, Ալ. Շարուրյանը և շատ ուրիշներ։
Ուսումնասիրություններում շեշտը հիմնականում դրվել է Դուրյանի սիրո և խոհա-փիլիսոփայական բնույթի ստեղծագործությունների վրա: Դուրյանի հայրենասիրական քնարը բավականաչափ չի ընկալվել և գնահատվել: Մինչդեռ զգայուն բանաստեղծի սիրո մերժումից (դրժումից) կամ մոտալուտ մահվան գիտակցումից առաջացած անձնական վիշտն այնքան ուժեղ և արտահայտիչ է նրա ստեղծագործություններում, որքան հայրենիքի ցավերի և տառապանքների, անորոշ ապագայի գիտակցումից առաջացած հույզերը: Նրա թողած փոքր, բայց միևնույն ժամանակ անսահման մեծ գրական ժառանգության մեջ հայրենիքի թեման իր ուրույն տեղն ու արտահայտամիջոցներն ունի (հայրենասիրական բանաստեղծություններ, պատմական թատրերգություններ): Պատմական թատերախաղերի` «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868թ.), «Արտաշես աշխարհակալ» (1869թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870թ.), «Ասպատակությունք Պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870թ.) (որոնց մի մասը ժամանակին բեմադրվել են Կոստանդնոպոլսում) հետ զուգահեռ ծնվում էին նաև ազգային-հասարակական խնդիրներ արծարծող բանաստեղծություններ: Չնայած Դուրյանը միայն մի պատմա-հայրենասիրական բանաստեղծություն ունի՝ «Երգ մարտին Վարդանանց» (1869թ.), բայց հայրենասիրության, պատմական անցյալի, հայրենակիցների դաժան ճակատագրի թեման առկա են նրա բանաստեղծություններից շատերում:
Հայրենիքի ծանր վիճակի և նրան սպասվող ճակատագրի թեման Դուրյանին շատ է անհանգստացրել: Բանաստեղծական յուրահատուկ կանխատեսման շնորհիվ նա գիտակցում էր, թե ինչպիսի շարունակություն կարող է ունենալ տիրող վիճակը: Անձնական տառապանքների, հիվանդության դեմ պայքարից, մաքառումներից, սեփական ճակատագրի դաժանության հանդեպ ունեցած ըմբոստացումներից և իր վիճակին հարմարվելուց, համակերպվելուց հետո ծնվում է «Իմ ցավը» (1871թ.) բանաստեղծությունը: Այստեղ նկատելի է բանաստեղծի ունեցած անափ հայրենասիրությունը, որը նրան ապրելու և հանուն հայրենիքի գործելու ցանկություն է հաղորդում, իսկ մահը համամարդկային երևույթ է. բոլոր մարդիկ մահկանացուներ են:
«Անձնականացնելով» հայրենիքի թեման՝ Դուրյանը «զգայուն բանաստեղծից» վերածվում է «հայրենասեր քաղաքացու»: Այստեղ Դուրյանը մտահոգված է ոչ միայն իր հայրենիքի և հայրենակիցների ճակատագրով, այլ նաև բովանդակ աշխարհի և ողջ մարդկության բախտով: Նա իր «թշվառ» հայրենիքը դիտում է որպես «հեգ մարդկության մեկ ոստը գոս»: Նման լայնախոհ ըմբռնումը ապացուցում է, որ հեղինակն ազդված է ֆրանսիական լուսավորիչներից:
Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս է սոսկ ցավ ինձ համար:
Դուրյանի քնարերգության հաջողության գաղտնիքներից մեկն էլ միջնադարյան և հայ հին բանաստեղծության ավանդույթների հետ տարիների ընթացքում խզված կապերի վերականգնումն էր:
19-րդ դարում թուրքական իշխանության ներքո գտնվող հայ ժողովուրդը ծանր վիճակում էր։ Այս փաստը լրջորեն անհանգստացնում էր ավելի հեռուն տեսնող մտավորական հանրությանը։ Ստեղծված ծանր վիճակին Դուրյանի չափածո արձագանքներից առաջինը «Վիշտք հայուն» (1868թ.) բանաստեղծությունն է:
Փոխանակ քաղցր օրորներու, հայրենի՛ք,
Օրրանիս քով մայրիկս ըզքեզ միշտ ողբաց,
Համբույրին հետ շիթ մ՚ըզգացի արտասվաց,
Աչերս տեսան արցունքներու լոկ երկինք։
Բանաստեղծության քնարական հերոսը, որն այս դեպքում դուրյանական ժամանակաշրջանի և միջավայրի հայ մարդու հավաքական կերպարն է՝ ի դեմս հեղինակի, դեռ բարուրից ճաշակում է ճակատագրով հային բաժին հասած բոլոր դառնությունները և անցնում «դժոխային բոլոր պարունակներով». դեռ բարուրում նա խանձարուրի փոխարեն սև շղթաներով է փաթաթվում, իսկ գլխին միշտ սուր է կախված: Բանաստեղծությունը կառուցված է հակադրությունների հիմքով։ Փառքի դարեր կերտող հայրենիքը դարձել է տխուր հիշատակի և հառաչանքի օրրան, որի արյուն ծծած ալ հողը ոչ մի կերպ չի կարող սփոփել իր տարաբախտ զավակներին: «Վարդի և բլբուլի»՝ միջնադարին բնորոշ այլաբանական պատկերով ներկայացնում է բլբուլի՝ հայ երիտասարդի և վարդի՝ հայ կուսիկի «արյունլվա» սիրո պատմությունը, որն ավարտվում է սրի հարվածով, իսկ կույսին մնում է միայն փարվել սև հողերին և ժայռերին: Իրավիճակի սաղմերը հեղինակը նաև հայոց բնավորության ու վարքագծի՝ ուրացության, անմիաբանության, հայրենիքի հանդեպ խուսափողական և անտարբեր վերաբերմունքի մեջ է տեսնում: Դուրյանը կշտամբում է հայրենակիցներին, որ տեսնելով «բոթաբեր ներկան»՝ ճիգ չեն գործադրում՝ փրկելու Հայաստանը: Գաղափարական այս գիծը բնորոշ է նաև դուրյանական թատերգությանը։
Թողուց ավեր և արյուն,
Թաղեց հոն փառք և ավյուն.
Արդ կը տեսնե բոթաբեր
Ներկայն՝ ճիգ մը չը թափեր,
Հայաստա՛ն, քեզ փրկելու,
Անզգա դարձած դարե դար՝
Չը հիշեր քեզ, չը փութար
Քեզ անձկանոք գրկելու։
Եթե անձնական ցավի հետ ինչ-որ տեղ կարող է համակերպվել, ապա հայրենիքի ճակատագրի հետ հեղինակն ամենևին էլ մտադիր չէ համակերպվելու․ հնչեցնում է ինքնապաշտպանության ու պայքարի կոչ։ «Երգ մարտին Վարդանանց» (1869թ.) բանաստեղծության մեջ, կամուրջ գցելով դեպի V դարի իրականություն, նա վկայակոչում ու փառաբանում է Վարդանի և հայ ժողովրդի ազնիվ պայքարը հանուն ազատության:
Հայք բա՛վ լացին.
Մեռնի՛նք Մասյաց շուքերուն տակ,
Հավերժ կանգնե՛նք հաղթանակ,
Օ՜ն, ազա՛տ ըլլանք
Եվ Հայաստան մեր,
Թող տա՛ն արձագանք
Մասիք անվեհեր.
Մեռնի՛նք յ՚Արտազ՝
Տղմուտի մոտ,
Ուսկից ծագի մեզ առավոտ։
Հանուն հայրենիքի ազատության մեռնելու գաղափարն ու ռոմանտիկ տրամադրությունը նկատելի են նաև Դուրյանին ժամանակակից մի շարք այլ հեղինակների (Ալիշան, Պեշիկթաշլյան, Պատկանյան և այլն) գործերում։
«Իղձք առ Հայաստան» (1869թ.) բանաստեղծությունը ևս հայրենիքի թշվառությունը խորապես զգացող և սգացող հայորդու մտահոգության ծնունդն է: Հեղինակը բնության հրաշալիքներն ու գեղեցիկ տեսարանները հակադրում է հայոց դառն ու սև ճակատագրի հետ: Հայրենիքի հանդեպ ունեցած տագնապներն ու մտորումները նրան թույլ չեն տալիս վայելել Աստծո պարգևած կյանքն ու շրջապատի վայելքները: Ոչինչ նրան մոռացնել չի կարող տալ հայրենի դամբանքն ու ավերը, անցյալի փառքերը, ներկայի զնդանն ու սև-սև օրերը: Նա պատրաստ է իր անձը ծառայեցնել հայոց փրկությանը. նա պատրաստ է «հուր մ’ըլլալ, պատրույգ մ’ըլլալ և լույս տալ, սուր մ՚ըլլալ, սրտեր քեզ մուտ տալ…»՝ առանց վախենալու Սիբիրյան աքսորի վտանգից, սև ճանկեր և սև հոգիներ ունեցող անձանցից:
Մինչ ց՚ե՞րբ գոչեմ, ձայնըս մեկը չը լըսեր,
Հայն յուր ժանգոտ շղթան երբե՛ք չը սարսեր…
Վայրկյան մ՚ինձ հետ դեռ իրավունք չթոթովեց.
Հայն զիս ծաղրեց, և ձայն մը զիս չը թովեց.
…Դեռ կը գոչեմ Ձեզ, Հայե՛ր,
Որ դամբանիս մեջ չը լըսեմ Ձեր վայեր:
Հարուստն ու կղեր թե ազգ ըզգան ու վառին,
Թե «լույս և սեր» Հայ սրտերուն մեջ թառին,
Թե լուսո դարն երկնե «ազատ զավակներ»,
Թ՚եղբայրություն, սիրո վառին կըրակներ,
Թեև ըլլամ ես մեռել,
Դամբանես դուրս կ՚նետվիմ ԱԶԱՏ Հայն տեսնել:
Այստեղ նկատելի է նալբանդյանական ոգին, որը սրտամոտ էր Դուրյանին: Նալբանդյանի գաղափարներին ու պայքարի ոգուն հոգեհարազատ լինելու փաստի մասին է վկայում Դուրյանի հեղինակած «Տարագիր ի Սիպերիա» այլաբանական ողբերգությունը՝ նվիրված Նալբանդյանին: Գործող անձինք են Ազատությունը, Սիպերիան, Նալբանդյանը, Մահը, Հայաստանը և Ժամանակը։ Դրաման ավարտվում է այսպես․
ՀԱՅԱՍՏԱՆ. — ( աչքերը ուրախութեամբ դէպի երկինք յառելով ) Վրէ՜ժ, վրէ՜ժ, ( Նալպանտեանի դիակը դեռ կը ժպտի, Սիպերիոյ լեռները կը տատանին, վարագոյրը կ՚իջնայ)։
Եթե Դուրյանը «Տարագիր ի Սիպերիա»-ում և «Սև հողեր»-ում «սեր և միություն» ու վրեժ էր քարոզում, ապա «Իղձք առ Հայաստանում» ավելանում է նաև լուսավորության պահանջը, որը, ըստ Դուրյանի, հայապահպանման ամենահստակ ծրագիրն էր:
Յուրաքանչյուր բանաստեղծական տուն ամփոփող երկտողերի ոճական կրկնությունները երաժշտականություն են հաղորդում երկին: Այս ստեղծագործությունը, ինչպես փաստում է Հ. Աճառյանը, իբրև երգ՝ տարածված է եղել արևմտահայ միջավայրում:
«Նվագ Է տարեդարձի ազգային սահմանադրության» (1871թ.) բանաստեղծությունը Դուրյանի՝ ժամանակի թելադրանքով ստեղծված բանաստեղծություններից տարբերվում է նրանով, որ գրվել է հենց կոնկրետ օրվա պահանջով, գրականության համար ունի պատմական արժեք և կարելի է այն համարել ծրագրային: Այն իր բանաստեղծական կառուցվածքով նման է «Իղձք առ Հայաստան» բանաստեղծությանը․ շնչում է վեհ սիրով, որն ունի քրիստոնեական հիմք:
Զինվո՛ր Սիրո, դրոշդ ծալ ծալ ծըփացո՛ւր,
Սորվինք խաչովդ սեր, քան թե փայլել սուր,
Հեշտ արցունք թափեն սառք Մասյաց սարին՝
Երբ Հայեր աննենգ իրարու փարին.
Հայաստանը դեռ ողջ է՝
Թե Հայն միշտ Հայը կանչե։
Սակայն նրա՝ սիրո հանդեպ ունեցած մեծ հավատը և ռոմանտիկ մտածողությունը բախվում են իրականության հետ: Արդյունքում ծնվում է հիասթափության և անարդարության զգացողություն, որն էլ ծնում է տառապանքի զգացում: Բանաստեղծը վճռական է. դրա դեմ պետք է պայքարել կամ մեռնել:
Դառն են արցունքով մեր սիրո բաժակք,
Սիրո դրոշք՝ մեր քերց արցունքոտ լաչակք,
Թե չերդնումք, եղբա՛րք, հիշել զՀայաստան,
Արյամբ ևս պահել պատիվն Հայոց տան,
Կը տառապի՜ Հայրենիք,
Կամ Հա՛յ ըսվինք կամ մեռնինք։
Դուրյանը և նրա սերնդակիցները լրջորեն հավատում էին, որ հայրենիքի ճակատագիրը կախված է ոչ միայն ազգային միասնությունից և համաժողովրդական համակարգված պայքարից, այլ նաև առանձին անհատներից, որոնք ի վիճակի են սատար կանգնել հայրենիքին և նույնիսկ վերածնել այն: Այդ են վկայում բանաստեղծի ձոները՝ նվիրված Մ. Խրիմյանին՝ Կոստանդնուպոլսի պատրիարք ընտրվելու առիթով: Արևմտահայ ազգային կյանքում ընդունված էր նորընծա պատրիարքին ներբողներ ձոնել, սակայն տասնութամյա Դուրյանի ձայնն առանձնանում էր իր յուրօրինակությամբ: Նա Խրիմյանին ձոնել է երեք քերթված. «Ի պատրիարքական ընտրություն Ամեն. Հայրիկին», «Ի դիմավորության Ամեն. Հայրիկին» և «Հայրիկն Հայոց» (ժամանակագրությամբ նրա ձոներն առաջիններից էին)։ Դուրյանը հավատում էր, որ Խրիմյանը փրկելու է հայոց ապագան:
1871թ. գրված «Նոր սև օրեր» բանաստեղծության մեջ շարունակվում են բանասատեղծի հայրենասիրական, ազգապահպանման և փրկության մտորումները. 1869թ. իղձն ու փափագը («Իղձք առ Հայաստան») դառնում է որոշակի համոզում և կոչ: Անցել են բռնության դարերը, բայց հայ իրականության մեջ քիչ բան է փոխվել. հին սև օրերին հաջորդել են նոր սև օրերը:
Այստեղ պատկերավոր կերպով նկարագրվում է, թե ինչերի միջով են անցնում հայերը և ինչ վիճակում է գտնվում նրանց հայրենիքը՝ «ահարկու ավերակույտը».
Մի՛շտ կը ցանե Հայն, չը հնձեր․․․ անոթի՜․․․
Իր դալկահար դեմքեն երկու շիթ կաթի,
Արտոսր ու քիրտ միանգամայն․․․ ո՜վ Աստված,
Նա ճաշակե տրտմած սրտով ցավ ու հաց.
Այս տարաբախտ ազգն է Հա՛յը,
Մեր արյունը, մեր եղրայրը:
Իսկ այս ամենի պատճառը զինված պայքարի բացակայությունն է.
Չունի ներսը Հայն իր նախնյաց տըրոփը,
Լըքեր է զինք ճակատագրին Սերոբը.
Երես դարձուց Հայն սուսերեն,
«Սև» ժառանգեց լոկ պապերեն։
Բանաստեղծն ըմբոստանում է ճակատագրի, աստծո, թշնամու և ստեղծված վիճակի դեմ: Այստեղ նա ոչ միայն բարձրաձայնում է հայերի հանդեպ օտարի լծի ծանրության և դաժանության մասին, ոչ միայն արտահայտում է իր ցավը՝ հիշատակելով նախնյաց փառքերը, այլ նաև հանդես է գալիս պահանջով: Նա ըմբոստանում է քրդերին տրված անսահմանափակ իրավունքների դեմ. մինչ ե՞րբ հայը պետք է հարվածվի «կոշտ» քրդից:
Այս բանաստեղծությունն ունի իր պատմական արմատները: Ժամանակակից հեղինակից բացառիկ համարձակություն և քաջություն պետք է պահանջվեր այսպիսի համարձակ պահանջով և իրականության այսպիսի նկարագրով հանդես գալու համար: Թուրքական կառավարությունը ոչ միայն իր վարած քաղաքականությամբ էր ճնշում հպատակ քրիստոնյա հայերին, այլ նաև թուրքերին և իր ենթակայության տակ գտնված մահմեդականներին անսահմանափակ իրավունք էր տալիս՝ սրտի ուզածի պես վարվել քրիստոնյաների հետ՝ մնալով անպատիժ:
Այստեղ տեղին է հիշատակել 20-րդ դարում արևմտահայ միջավայրում ապրած և 19-րդ դարի իրականությանը քաջատեղյակ մեկի՝ ցեղասպանությունը վերապրած Եսթերի պատմությունը՝ արևմտահայ միջավայրում տիրող իրավիճակը և Դուրյանի հայրենասիրական մտորումներն ու մաքառումներն ավելի պատկերավոր ընկալելու համար: Նրա հիշողություններից պարզ է դառնում, որ «Քուրդն է հարվածում» արտահայտությունը 19-րդ դարի արևմտահայ իրականությունում թևավոր խոսք է եղել:
Դուրյանագիտության բնագավառում տարիների քրտնաջան պրպտումների, Դուրյանի և նրա հետ կապ ունեցած անհատների անձնական արխիվների խորն ուսումնասիրությունների արդյունքում Ալ. Շարուրյանն իր «Պետրոս Դուրյան» լայնածավալ մենագրության մեջ հայտնում է այն տեսակետը, որ «Նոր սև օրեր» բանաստեղծությունը գրվել է 1871թ.-ի սեպտեմբերի 30-ին «Մամուլ» հանդեսում (թիվ 167) նյութերի անմիջական ազդեցությամբ: Հիշյալ համարում զետեղված է եղել Վանից ստացված տեղեկություններ՝ քրդերի՝ հայերի նկատմամբ կատարած բարբարոսությունների, կուսապղծությունների, բռնությունների, ոճրագործությունների մասին: Իսկ նույն համարում զետեղված «Վանա ազատ հրացանակիրները» խմբագրական հոդվածում հանդեսը հայերին մեղադրում էր անզգա լինելու մեջ
Ինչպես որ Հայ մը մորթեն,
Կարծեն թե հավ մը մորթեն։
Դուրյանի նշած քուրդն այս դեպքում մահմեդականների հավաքական կերպարն է: Ապագայի կանխատեսման ուժով Դուրյանը փորձում է սթափեցնել ազգին: Քրդերին տրված արտոնությունների մասին կարելի է կարդալ նաև Րաֆֆու «Կայծերում»։ Րաֆֆին պատմում է, թե ինչպես են թուրք ընկերները նոր թրի սրությունը փորձելու համար գլխատում վեպի հերոսներից մեկի՝ Ֆարհատի հորը: Իսկ ինչպիսի՞ն է լինում հայրենակիցների արձագանքը. «Մի ամբողջ օր հորս դիակը մնում է հրապարակի վրա: … Տեղային հայերը երկյուղից չէին համարձակվել ցերեկով մոտենալ նրան, և միայն գիշերով վեր էին առել դիակը ու թաղել: Այդ սարսափելի եղեռնագործության լուրը խիստ սառնասրտությամբ ընդունվեցավ մեր կողմերում, որպես թե, սովորական անցքերի կարգից դուրս մի բան չլիներ: Մեր թշնամիները ուրախացան, իսկ բարեկամները ավելորդ համարեցին տրտմել: Ավելի հասկացող մարդիկ այսպես էին բացատրում, թե աստված նրա ճակատին այնպես էր գրած, պետք է այն տեսակ մահով վախճանվեր»:
Այս պարագայում մտավորականին մնում է ապավինել թղթին։ Դուրյանը պահանջով դիմում է Սուլթանին.
Մեր քերց վարդերն և արևներն մեր եղբարց՝
Մեր տաճարաց խաչերն՝ պատի՛վն հայրենյաց
Մենք պահանջենք, բարօրություն մեր ազգին.
Զա’յս պահանջենք՝ զա’յս Սուլթանեն սրտագին,
Մեր պատիվն ու Քուրդը կուզենք,
Եվ կամ նորա զենքին դեմ զե՛նք։
Եթե անձնական ցավից և մոտալուտ մահվան գիտակցումից բանաստեղծն իր ստեղծագործություններով նախ արտահայտում է իր ցավը, որը «Տրտունջք»-ում հասնում է ըմբոստության առ Աստված (Թող անեծք մըլլամ քու կողըդ խըրիմ, //Թող հորջորջեմ քեզ Աստված ոխերիմ), որին հաջորդում է «Զղջումը», իսկ «Իմ մահը» և «Իմ հանգիստը» բանաստեղծություններում արդեն նկատվում են ճակատագրի հետ համակերպվելու երևէջներ (առաջինում նրան սփոփում է իր հիշատակի «անթառամ» մնալը, անմահության գաղափարը, իսկ երկրորդում՝ իր հողակույտին «ջուխտ-մոխրագույն աչքերի մարգարիտներ թափելը»), ապա հայրենասիրական քնարում չկա հարմարվելու, համակերպվելու միտումը. նա անզիջում է և պահանջատեր, երբ խոսքը հայրենիքի մասին է: Հատկանշական է, սակայն, որ պահանջածը նյութական բնույթ չունի.
Է՜հ, մի՛ վախեք, ասեղ մ’անգամ պետք չէ մեզ,
Այլ հայրենի սոսկ զգացում մ’աղեկեզ,
Ժանգոտ սուր մը, պատռած դրոշ մը թե չունինք,
Կուրծերնուս տակ տըրոփող սի՞րտ մալ չունինք.
Օ՜ն, ոտքերնես զարնե՚նք գետին,
Հայտնենք մեր ցավը ահագին։
Գրականության ցանկ
- Ա. Ս. Շարուրյան, Պետրոս Դուրյան, Կյանքը և գործը, Երևան, 1972, 360 էջ
- Աճառյան Հրաչյա Հակոբի, Պատմություն հայոց նոր գրականության [3 պրակ]: Նոր-Նախիջևան, 1912, Պրակ Գ : Էջ 195-336, էջ 272
- Աճեմյան-Ահներթ Մարգարիտ, Դռան թակոցը (Ճամփորդություն Հայոց ցեղասպանության խավարի միջով).-Եր.: Հայ օգնության ֆոնդ, 2009.-226 էջ
- Պարույր Սևակ, Մեր քնարերգության Վահագնը («Գրական թերթ», 1962, N 5)
- Պետրոս Դուրյան, Երկեր, Եր.: Սովետ. Գրող. 1981, 456 էջ, (Հայ դասականների գրադարան)
- Հայրենիքի ձայն, Երևան, 1973, ապրիլի 18, N 16 (Ս. Շտիկյան, Ա. Շարուրյան «Պետրոս Դուրյան»)