Ռոգաչևկա գյուղում ապրում էր Միտյա Կլիմովը, յոթ տարեկան։ Նա հայր չուներ, հայրը պատերազմում զոհվեց հիվանդությունից, հիմա միայն մայրն էր։ Միտյա Կլիմովը պապ էլ ուներ, բայց նա մահացավ ծերությունից դեռ պատերազմից առաջ, և Միտյան չէր հիշում նրա դեմքը. հիշում էր միայն այն բարի ջերմությունը պապիկի կրծքի մոտ, որը տաքացնում և ուրախացնում էր Միտյային, հիշում էր տխուր, խուլ ձայնը, որը կանչում էր իրեն։ Իսկ հիմա այդ ջերմությունը վերացել է, և այդ ձայնը լռել է։ «Ո՞ւր գնաց պապիկը»,- մտածում էր Միտյան: Մահը նա չէր հասկանում, քանի որ ոչ մի տեղ չէր տեսել այն։ Նա կարծում էր, որ իրենց խրճիթի գերաններն ու շեմքի քարը նույնպես կենդանի են, ինչպես մարդիկ, ինչպես ձիերն ու կովերը, միայն թե նրանք քնած են։
-Որտե՞ղ է պապիկը,- հարցնում էր մորը Միտյան,- նա քնա՞ծ է գետնի տակ։
– Քնած է, – ասում էր մայրը։
-Նա ուժասպա՞ռ եղավ,- հարցնում էր Միտյան։
-Ուժասպառ եղավ,- պատասխանում էր մայրը,- նա ամբողջ կյանքում հերկել է հողը, իսկ ձմռանը հյուսն է աշխատել, ձմռանը կոոպերացիայի համար սահնակներ է սարքել և տրեխներ հյուսել. ամբողջ կյանքում նա ժամանակ չուներ քնելու։
– Մայրիկ, արթնացրու նրան,- խնդրում էր Միտյան։
-Չի կարելի, նա կչարանա։
-Հայրս է՞լ է քնած։
– Հայրդ էլ է քնած։
– Նրանց մոտ գիշե՞ր է։
– Գիշեր է, տղաս։
– Մա՛մ, դու երբեք ուժասպառ չես լինի, չէ՞,- հարցնում էր Միտյան և վախեցած նայում էր մոր դեմքին:
– Չէ, ինձ ի՞նչ կա, ես երբեք ուժասպառ չեմ լինի։ Ես առողջ եմ, ծեր չեմ․․․ Ես քեզ դեռ երկար կմեծացնեմ, թե չէ դու փոքր ես։
Եվ Միտյան վախենում էր, որ մայրն իր ուժասպառ կլինի, կհոգնի աշխատելուց և նույնպես կքնի, ինչպես որ քնեցին պապն ու հայրը։
Մայրն այժմ ամբողջ օրը քայլում էր դաշտում գութանի ետևից։ Երկու եզ գութան էին քաշում, իսկ մայրը, գութանի մաճը բռնած, գոռում էր եզների վրա, որ գնան, կանգ չառնեն ու չննջեն։ Մայրը մեծ էր, ուժեղ, նրա ձեռքի տակ խոփը հողը շուռ տվեց։ Միտյան քայլում էր գութանի ետևից և նույնպես գոռգոռում էր եզների վրա, որ չձանձրանա մորից հեռու։
Այդ տարի ամառը չոր էր։ Առավոտից երեկո դաշտերում տաք քամի էր փչում, և այդ քամու մեջ սև բոցի լեզուներ էին թռչում, ասես քամին արևից կրակ էր փչում և այն շաղ տալիս երկրի վրայով։ Կեսօրին ամբողջ երկինքը ծածկված էր մշուշով. կրակոտ շոգը այրեց երկիրը և վերածեց այն մեռած փոշու, իսկ քամին բարձրացրեց այդ փոշին դեպի բարձունքները, և այն ծածկեց արևը: Արևին այդժամ կարելի էր աչքերով նայել, ինչպես մառախուղի մեջ լողացող լուսնին:
Միտյայի մայրը վարում էր հողը։ Միտյան հետևում էր մորը եւ ժամանակ առ ժամանակ ջրհորից ջուր էր տանում վարելահող, որպեսզի մայրը ծարավից չտանջվի։ Ամեն անգամ կես դույլ էր բերում․ մայրը ջուրը լցնում էր վարելահողի վրա դրված տաշտակի մեջ, իսկ երբ տաշտը լցվեց, ջրեց եզներին, որ չհոգնեն ու հերկեն։ Միտյան տեսնում էր, թե որքան դժվար է մոր համար, թե ինչպես է նա հենվում դիմացի գութանին, երբ եզները թուլանում են։ Եվ Միտյան ուզեց արագ մեծ ու ուժեղ դառնալ, որպեսզի մոր փոխարեն հողը վարի, իսկ մայրը խրճիթում հանգստանա։
Այսպես մտածելով՝ Միտյան գնաց տուն։ Մայրը հացերը թխում էր գիշերը և թողնում նստարանին՝ ճանճերին հեռու պահելու համար ծածկելով մաքուր սրբիչով։ Միտյան կտրեց բոքոնի կեսը և սկսեց ուտել։ Նա չէր ուզում ուտել, բայց ստիպված էր. ուզում էր որքան հնարավոր է շուտ մեծանալ, արագ ուժ հավաքել և վարել հողը: Միտյան կարծում էր, որ հացից ավելի արագ կաճի, պարզապես պետք էր ավելի շատ ուտել։ Նա կերավ հացի միջուկն ու հացի կեղևը. սկզբում նա հաճույքով էր ուտում, իսկ հետո սկսեց խեղդվել կշտությունից. հացն ուզում էր բերանից դուրս գալ, բայց նա մատներով խցկեց ու համբերատար ծամեց։ Շուտով նրա բերանը հոգնեց ծամելուց, ծնոտները այտերի մեջ ցավում էին աշխատանքից, և Միտյան ուզեց քնել։ Բայց նրան պետք չէր քնել․ նա պետք է շատ ուտեր և մեծանար: Նա մի գավաթ ջուր խմեց, կաղամբի ցողուն կերավ և նորից սկսեց հաց ուտել։ Ուտելով բոքոնի կեսը՝ Միտյան նորից ջուր խմեց և սկսեց փռում տապակված կարտոֆիլ ուտել կճուճից՝ թաթախելով աղի մեջ։ Նա կերավ միայն մեկ կարտոֆիլ, երկրորդը վերցրեց ձեռքը, թաթախեց աղի մեջ ու քնեց։
Երեկոյան մայրը եկավ վարատեղից։ Նա տեսավ, որ որդոին քնած է նստարանին, գլուխը դրել է թարմ հացի բոքոնին և խռմփացնում է մեծ տղամարդու պես։ Մայրը հանեց Միտյայի հագուստը, նայեց նրան՝ հո փորձանքի չի՞ եկել գլխին, տեսավ՝ փորն ասես թմբուկ լինի:
Ամբողջ գիշեր Միտյան խռմփացնում էր, ոտքերով հարվածում և քնի մեջ փնթփնթում։
Երբ առավոտյան արթնացավ, ամբողջ օրն ապրեց առանց ուտելու, ոչինչ չէր ուզում, միայն ջուր էր խմում։
Առավոտյան Միտյան շրջում էր գյուղով մեկ, այնուհետև գնաց իր մոր վարելահողը և ամբողջ ընթացքում նայում էր իրեն հանդիպած մարդկանց ու անցորդներին՝ տեսնելու, թե արդյոք նրանք նկատե՞լ են, որ ինքը մեծացել է: Ոչ ոք զարմացած չէր նայում Միտյային և ոչինչ չէին ասում նրան։ Հետո նա նայեց իր ստվերին՝ տեսնելու, թե արդյոք այն ավելի երկա՞ր է դարձել։ Նրա ստվերը կարծես թե ավելի մեծ էր դարձել, քան երեկ էր, բայց մի քիչ, աննշան։
-Մայրիկ, – ասաց Միտյան, – թույլ տուր ես վարեմ, ժամանակն է։
Մայրը պատասխանեց նրան.
– Սպասիր, վար անելու քո ժամանակը կգա: Բայց հիմա քո ժամանակը չի եկել, դու փոքր ես, դու դեռ թույլ ես, դու դեռ պետք է կերակրվես և աճես, և ես կկերակրեմ քեզ:
Միտյան չարացավ մոր և բոլոր մարդկանց վրա, քանի որ փոքր էր նրանցից։
– Ես չեմ ուզում կերակրվել, ես ուզում եմ կերակրել քեզ:
Մայրը ժպտաց և նրանից՝ մորից շուրջը հանկարծ ամեն ինչ բարիացավ՝ քրտնած եզները, մոխրագույն հողը, տաք քամուց դողացող խոտի շեղբը և սահմանի երկայնքով թափառող անծանոթ ծերունին։ Միտյան նայեց շուրջը և նրան թվաց, թե ամեն տեղից իրեն են նայում բարի, սիրող աչքեր, և նրա սիրտը դողաց ուրախությունից։
– Մայրի՜կ – բացականչեց Միտյան,- ի՞նչ է պետք, որ անեմ։ Ախր ես քեզ սիրում եմ։
– Ինչ պետք է անե՞ս,- ասաց մայրը,- ապրիր։
Թարգմանությունը ռուսերենից՝ Համբարձում Համբարձումյանի