***
Եթե աշխարհի բոլոր ծառերը
միանային իրար,
ինչպիսի մեծ մի ծառ կլիներ:
Եթե աշխարհի բոլոր կացինները
միանային իրար,
Ինչպիսի մեծ մի կացին կլիներ:
Եթե աշխարհի այդ մեծ կացնով
խփեին աշխարհի այդ մեծ ծառին
ու ծառը կտրվեր,
ընկներ ջրի մեջ,
ինչպիսի մեծ չլմփոց կլիներ:
***
Նա օղի է խմել
ու գրել
հետո հոգնել է գրելուց,
հորանջել.
նորից օղի է խմել
ու հոգնել,
հետո հոգնել է խմելուց.
նա երբեք լաց չի եղել,
որովհետև
չի զսպել իր արցունքները.
նա նկարել է հետո,
հետո նկարելուց հոգնել,
նա նկարվել է,
ինչպես նկարվել են մարդիկ,
նա անգամ նկարվել է մերկ,
որովհետև դա շատ հետաքրքիր է.
նա խելագարվել է հոգնելուց
ու հոգնել է խելագարներից.
հետո հոգնել է
որ միայն մարդ է ինքը
նա
նա
նա
դե այսքանը ձեզ պատիժ
հույս
ապավեն
ինչ
ինչ
ինչ…
***
Կյանքը ծխախոտ է,
մարդը` թունդ ծխող.
միայն նրանից հեռանալիս է
երևում նրա
ավելորդությունը,
իսկ ծխախոտի դեմ պայքարող
միակ ու հիանալի բժիշկը
խաչվելով անգամ
չփրկեց մեզ,
որովհետև
կյանքը ծխախոտ է,
մարդը` թունդ ծխող,
իսկ այս աշխարհում
ամենաքաղցր բանը
թույնն է,
երբ այն տրվում է
մանր դոզաներով:
ԺԱՄԱՆԱԿԸ
Ես կուզենայի աստվածներից, որ ինձ պաշտպանեին
իմ բարեկամներից. իմ թշնամիներից ինքս էլ
կպաշտպանվեմ:
ԿԻՐԱԿԻ ՕՐԸ
Ես այնքան կուզեի
մարդկության այս լրջության քողը
հանել հագից,
լվանալ երկար,
հետո,
որպես մի սպիտակ խալաթ
մանկապարտեզի փոքրիկ աղջկա՝
հագցնել նրան.
թող որ
թռվռար իմ շուրջը
այս մարդկությունը՝
մանկապարտեզի փոքրիկ աղջկա
սպիտակ խալաթով…
***
Ես այդ չեմ
և ինչո՞ւ եմ այստեղ
ես քանի տարի ման եկա
ինձ
քեզ համար
ու քանի անգամ
հեքիաթներ կերա
քեզ համար
ես այդ չեմ
ես ձեզ հետ
երբեք չհավատաք թե լինեմ
ես չգիտեմ թե ինչ դեմք է ինձ վրա
այսպես
օտարորեն
կախվել
ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՄԵՌՆԵԼՆ Է ԴԺՎԱՐ
Ինչ լավ կլիներ, որ փոս փորեի
Ու ահագին ոսկի գտնեի,
Թեկուզ հետո մի փոս փորեի,
Այդ ահագին ոսկին թաղեի:
ՕՊԵՐԵՏՏԱՅԻՑ
Ես ի սկզբանե այնպես ծնվեցի
(և իմ կարծիքով բոլորն են այդպես),
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի,
բայց խոսել չէի կարող
ու պետք էլ չէր ինձ,
բայց մարդիկ ինձ այնքան չարչարեցին
խոսեցնելու համար,
որ մտածմունքս փոխվեց խոսելու.
և հետո խոսում, խոսում,
խոսում էի ու չէի պրծնում:
Միայն մի ելք կար.
այդպես խոսելով անցա այն աշխարհ,
որտեղից ի սկզբանե այնպես էի ծնվել,
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի:
Եվ այսքանից հետո
դեռ հարցնում եք,
թե այն աշխարհից ո՞վ է ետ եկել:
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Ճերմակ ձյունին փաթիլ-փաթիլ
հոգեհանգիստ,
խաբված սրտին մոլեգնությամբ
հոգեհանգիստ,
սալհատակի պաղ շիրիմին,
հոգիներին անվերադարձ,
մետամորֆոզ հոգիներին
հանգիստ, հանգիստ:
Նեկտար բերող
կյանքի չարքաշ մեղուներին,
շեկ մազերին՝ սպիտակով,
պարզ աչքերին, սրունքներին
մնաս բարով:
Արնաթաթախ մոր արգանդին
հոգեհանգիստ,
հոգեհանգիստ, գալիք սերունդ,
քո շիրիմին,
մարդու նման վառ կապիկին
հոգեհանգիստ,
և ամպամած ու ամպ դարձած
իմ չոր հոգուն
հով երկնքում
հանգիստ, հանգիստ:
ԲՈԼՈՐԻՆ
Մենք չենք ասում,
թե ինչքան գիտենք,
այլ՝ ինչքան կփակվենք
մեր նեղ բնում
ու այնտեղ հող կուտենք,
ձե՛զ՝
լույսի հատիկներ
մեր թաթիկներով
դուրս տալով
ԴԱՏԱՐԿ
Դատարկ եմ
ինչպես դատարկ երկրագունդը
որ թմբուկի տեղ
մի լավ կդմբացնեի
դատարկ
ինչպես օղին
որ դատարկում եմ
իմ դատարկ ուղեղում
դատարկ
ինչպես լքված քո անկողինը
ուր ես եմ քնում
դատարկ
***
Համբերում էիր,
համբերանքդ դարձավ մի ճանճ
թռավ գնաց
բայց նորից իր տըզ թևերով
տոտիկներով կեղտոտ
եկավ նորից
խղճիս վրա,
որ ծանրացավ
այս աշխարհի փոքրիկ թռչնի
ծանրությունից,
ու չգիտեմ համբերանքդ,
որովհետև
թռչունների դասին ճանճը
չի պատկանում
ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՆՔ
Թե մեկն հրաշքով
այլ մոլորակից
մի օր իջներ ցած
ու հարցներ մեզ,
թե ինչ ենք արել,
թե ինչ ենք տվել
կամ ինչ է ծնել
երկրագունդը մեր
իր հսկա փորից,
կասենք`մենք մարդ ենք եղել,
ինչ արած,
այդպես ենք ծնվել:
-իսկ դու՞ք:
ԱՐԳԵԼՔ
Մենք համբուրվում էինք
ու այնքան պինդ,
որ օրենքը նկատեց.
մարդիկ հավաքվեցին,
որոնց
չորս պատից դուրս
համբուրվել չէր տրված,
ու մեր համբույրը
դատարան տարան:
RONDO
Դու լույսի մեջ
ես մթան
դու ինձ երբեք չես տեսնում
գնում եմ ես գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
Ես լույսի մեջ
դու մթան
ես քեզ երբեք չեմ տեսնում
գնում ես դու գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր
Ես լույսի մեջ
դու լույսի
բնավ իրար չենք տեսնում
ու գնում ենք գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր