Աշոտ Նազարյան/Ամպի ծվեններ (4,5)

Սկիզբը՝ այստեղ
Նախորդը՝ այստեղ

4. Լեռ. Անտառ. Խրամատ.

Լեռան թեքության անկյունը սուր էր։ Բեռը` ծանր։ Արմենը, որպեսզի խուսափի անակնկալներից, ընտրեց ամենակարճ ու դժվար ուղին։ Աշխատում էին անաղմուկ քայլել։ Հիմնականում գետինը կանաչածածկ էր, ինչն էլ խլացնում էր անցումը և հեշտացնում վերելքը։ Արմենը ընթացքում կանգ էր առնում` չնայած այն բանին, որ հոգնածություն չէր զգում։ Ուղղակի ուշադիր էր հետևից եկողների շնչառության ձայներին։ Անմիջապես իր հետևից բարձրանում էր Ռաֆայել Սեմյոնովիչը, որի շնչառության տեմպի փոփոխություններով էլ Արմենը կողմնորոշվում էր։ Երրորդ կանգառից հետո դարձավ պրոֆեսորին ու շշնջաց.

– Մի քիչ էլ դիմացեք, արդեն մոտ ենք։

Նոր էին վերսկսել վերելքը, երբ վերևից խուլ ձայն լսվեց.«Կանգնե՛ք։ Ովքեր ե՞ք»։

Արմենը տվեց վաշտի հրամանատարի անունը.

-Առաքելը` կապիտանը, զգուշացված է մեր գալու մասին։

-Քանի՞ հոգի եք,-լսվեց վերևից։

-Չորս,- պատասխանեց Արմենը։

-Բարձրացեք,-արձագանքեցին։

Դեռ չէին հասցրել ուսապարկերը գցել ու շունչ առնել, երբ արագավազ մեկը ընթացքից թռավ Հարութի կողմը.

– Հոպար, հոպար ջան, Հարութ ջան, վերջը էկա՞ր,-ասես չհավատալով կրկնում էր տղան։

Հարութը` տղային սրտի մեջ առած, երջանկացած մի պահ քարացել էր, ասես աշխարհն իրեն էին տվել։

-Բա չգայի, Հենո ջան,- մի քիչ հետո ծիծաղեց նա,- թողնեի, որ մենակ դուք դրանց ջարդը տաք, ինձ բան չթողնե՞ք։

Հենոն ու ընկերները ծիծաղեցին։

-Տղերք ջան,- դիմեց ընկերներին Հենրիկը, ձայնի մեջ հնչում էին հպարտության նոտաներ,- հոպարս` Հարութն ա ընկերների հետ։ Գիտե՞ք, որ հոպարս հայտնի ձյուդոյիստ ա, էսա տեսեք ինչ ենք անելու։

Ընկերները մոտեցան, սկսեցին մեծավարի ձեռքով բարևել, ծանոթանալ։ Լսվեց հրամանատարի ձայնը.

– Դե, կարոտներդ առաք, հիմա անցեք ձեր պարտականությունների կատարմանը, պոստեր, մնացածը քնելու, վաղը ծանր օր է լինելու,- հետո դիմեց եկվորներին,-իսկ դուք եկեք իմ հետևից։

Ձեռքի լապտերով ճանապարհը լուսավորելով` կապիտանը խմբին ուղեկցեց գետնափոր թաքստոց։ Մթությունից հետո, անսովոր թվաց լամպի` գետնափորի պատերին թրթռացող լույսը։

– Նստեք,- հրավիրեց կապիտանը։ Դե հիմա իսկականից ծանոթանանք,- կապիտան Սիմոնյան, վաշտի հրամանատարն եմ։ Անունս դե արդեն գիտեք` Առաքել։

Ծանոթացան։ Կապիտանը մի քիչ ավելի երկար` հայացքը հառեց Ռաֆայել Սեմյոնովիչի վրա, հետո հոգոց հանելով` խոսեց․

– Լավ ա, որ եկաք, տղերք ջան, իհարկե ավելի շատ քանակով էի սպասում, բայց, նորից նայելով պրոֆեսորի վրա, հասկացա, որ կամավորական եք, մոբ չեք։

Խոսեցին իրավիճակից, կապիտանի տանջված տեսքը արդեն բավական էր` հասկանալու համար իրավիճակը։ Դրա հետ միասին Ռաֆայել Սեմյոնովիչը նկատեց, որ կապիտանը թարմ սափրված է։ Զգալով պրոֆեսորի հայացքը՝ Առաքելը ասես արդարացավ.

– Ի՞նչ անեմ, երեկոներն եմ սափրվում, որովհետև առավոտ կանուխ սկսվում ա ու շունչ քաշելու ժամանակ էլ չի մնում։

Արմենը բացեց ուտելիքի տոպրակը։ Կապիտանը հակաճառեց.

– էդ տնական, համով բաները տվեք զինվորներին, իսկ ձեզ եկեք սովորեցնեմ մեր ռացիոնին։ Մենք էլ վատ չենք, հեսա ձեզ համով տուշոնկա պատիվ տամ` ժարիտ արած կարտոֆիլով։ Երևի վաղուց կերած չեք լինի։

-Դե էդ դեպքում,- խոսեց Հարութը,- ինձ թվում է, մի-մի բաժակ ընտիր Արենիի գինին չի խանգարի։

-Մի բաժակը չի խանգարի,- ժպտաց կապիտանը,- որպես քնելու դոզա։

Երբ ավելի մոտիկից ծանոթացան, կապիտանը ոգևորվեց։ Հասկացավ, որ ի դեմս Հարութի ու Արմենի, ինքը ստացել է կարող ուժեր։ Միայն մեկընդմերթ կասկածանքով նայում էր Ռաֆայել Սեմյոնովիչի վրա, նրա հաստ ապակիներով ակնոցին։ Բայց երբ Հարութը ասաց, որ պրոֆեսորը ռազմական մասնագիտությամբ հրետանավոր է, կապիտանը հանգստացավ։

-Կապիտան,-դիմեց Հարութը, երեխեն հիմի անհամբեր սպասում է, արի ես, Արթուրն ու Արմենը ուտելու բան-մանը հիմի տանենք իրենց, թե չէ առավոտից` ժամանակ, ինչքան որ հասկանում եմ` չի լինելու։

-Ճիշտ ես ասում Հարութ,- համաձայնեց կապիտանը,- սերժանտին ասեմ` ձեզ ուղեկցի, մենք էլ պրոֆեսորի հետ թնդանոթներից զրուցենք,- կատակելով, խոսքն ավարտեց Առաքելը։

Սերժանտի ուղեկցելու կարիքը չեղավ` գետնափորի մոտ կանգնած էր Հենոն։ Նորից կարոտով ընկավ Հարութի վզով.

– Հոպար, կարող ա՞ տատի թխած գաթա բերած լինես։

Հարութը ծիծաղեց.

– Տատդ ասեց` առանց գաթա գնալու մասին նույնիսկ կարող ես չմտածել։ Տարբերակ չունեի։

Զինվորները ուտում էին ու անընդհատ հարցեր տալիս.

– Ի՞նչ կա Երևանում, ընդհանուր վիճակը ո՞նց է։ Իրենց ե՞րբ փոխարինողներ կգան։

Արթուրը ծափ տվեց ու ձայնը բարձրացրեց.

– Էրեխեք ջան, հանգիստ կերեք, որ բան հասկանաք։ Հարցերը դեռ կհասցնեք։

Չէր ստացվում լռել։ Մեկ է խոսում էին։ Բողոքում էին, որ արկերը ժամանակին չեն հասցնում` ստիպված միայն նշանային են կրակում։ Դրանից էլ հակառակորդը երես է առնում։

– Բայց դիրքը ոնց կար, էնպես էլ մնացել ա։ Ամեն օր Աստված են կանչում, որ եղանակը ամպոտ լինի, թե չէ դրոնները շատ են համը հանում։

– Երկու թնդանոթ ջարդեցին, զոհեր ու վիրավորներ տվեցինք,-հոգոց հանելով խոսեց տղաներից մեկը,- որովհետև չհասցրինք թնդանոթները հետ քաշենք ծառերի տակ։ Անսպասելի, մեկ էլ կախվում են վերևից ու փրկություն չկա։ Սկսում ենք` էլ ավտոմատներով, էլ դիպուկահար հրացաններով կրակել, բայց հավանականությունը որ կխփես` շատ ցածր ա։

-էս աչքիս մրսած էք, հա՞,-հարցրեց Հարութը, ձայներդ խռպոտած է։

Հենոն ծիծաղեց.

-Չէ, այ հոպար, էդ շուխուռի մեջ բան չենք լսում` մենակ գոռում ենք, վաղը ինքներդ կտեսնեք։ Հա, հոպար, իմիջիայլոց, էն տարիքով մարդը ոնց որ վերևի հարևանը չի՞։ Բա ինքը գիտնական չի՞, դասախոս։

-Լավ էլ ջոգել ես, Հենո ջան,- ծիծաղեց Արթուրը,- ինքն ա, որ կա, էկել ա ձեզ դաս տա,- զինվորները աշխուժացան, Հարութը, կանխազգալով, որ թեման շեղվում է դեպի հումոր` ավելացրեց.- տղեք ջան, Պրոֆեսորի նկատմամբ ուշադիր եղեք ու հարգանքով։ Ինքը բարձր մարդ է։ Իր տարիքի քանի՞ հոգու եք ճանաչում, որ ամեն ինչ թողել, եկել է ձեր կողքին կանգնելու։

Սերժանտներից մեկը խառնվեց խոսակցությանը.

– Իմ հին զորամաս, հենց առաջին օրերին, երկու տարիքով մարդիկ միացան մեզ ու բոլորիցս լավ էին ամեն ինչ կատարում։ Դեռ առաջի պատերազմին էին մասնակցել։ Բայց, որ համ էդ տարիքի, համ պրոֆեսոր…. Զարմանալու բան ա։

– Դե, տղեք ջան` դուք էլ եք հոգնած, մենք էլ,- խոսեց Հարութը,- էկեք տեղավորվենք` քնենք։

Գիշերվա ընթացքում, Հարութը լսում էր հերթափոխի գնացող տղաների շշուկով խոսակցությունները, որին որոշ ժամանակ անց փոխարինում էին հերթափոխից վերադարձածների ձայները։

Առավոտ կանուխ հնչեց «վերկաց»-ը։ Հարութն ու Արմենը մինչ այդ արդեն դրսում ուսումնասիրում էին դիրքերը։ Նրանց միացան կապիտանը Ռաֆայել Սեմյոնովիչի հետ։ Կապիտանը ցույց տվեց մարտկոցների դիրքերը մոտակա բարձունքների վրա։ Բացատրեց հարևան վաշտերի տեղակայման վայրերը։

Հարութին հանձնարարեց իրականացնել կապը հարևան մարտկոցների հետ, Արմենը միացավ հետախույզների փոքր խմբին, Արթուրը պետք է զբաղվեր տեխնիկայի ընթացիկ վերանորոգման աշխատանքներով և հարկ եղած պահին օգներ տղաներին, որոնք արկեր էին թնդանոթներին մատակարարում։

-Բայց առաջին հերթին,- կապիտանը դիմեց Արթուրին,- նայի, թե ինչ կարելի է անել էն երկու խփված թնդանոթների հետ, ոնց որ թե մեկը հնարավոր է վերականգնել տեղական պայմաններում։ Պահեստամաս, բան, որոշ չափով ունենք։ Երկու հոգի էլ խելքը գլխին տղա ունեմ, իրար հետ խելք-խելքի տաք` մի բան երևի ստացվի։

Հարութը ինչ-որ անհարմարություն զգաց.

– Առաքել ջան, կապիտան, իսկ Պրոֆեսորն ի՞նչ պետք է անի։

Կապիտանը ժպտաց.

– Տեսնում եմ, Հարութ ջան, որ Ռաֆայել Սեմյոնովիչի շեֆությունը քո վրա ես վերցրել։ Մի անհանգստացի։ Գիշերն ահագին զրուցել ենք, ինձ հետ տեսական կուրսեր անցկացրեց` նշանառության նրբությունների հետ կապված։ Գնանք, ցույց տամ Պրոֆեսորի դիրքը։

Մոտեցան խորը փորված խրամատին։ Արմենը մտքում գովեց կապիտանին` նկատելով, որ խրամատի մեջ հատուկ ելուստներ են փորված, այսպես կոչված ` աղվեսի բույներ, որոնք հատկապես երբ ականանետի արկը ուղիղ խրամատի մեջ է ընկնում, կարող են փրկել զինվորի կյանքը։

-Ռաֆայել Սեմյոնովիչ,-դիմեց կապիտանը,- ամենահզոր հեռադիտակը ձեզ մոտ կլինի, նաև ռացիան։ Հրետանու նշանառության ճշգրտումները` համոզված եմ, որ ձեզանից լավ ոչ ոք չի անի,-
Հետո հուսահատ հոգոց հանեց,- ի՞նչ անեմ, պետք ա պինդ կանգնենք, էղածով պետք ա դիմանանք։ Մինչև հույս ունենանք մի բան կփոխվի` համալրում կգա, մատակարարումը կարգի կբերվի։

Առաջին կրակոցը անսպասելի էր, հեռահար հրետանի էր, հետո սկսվեց դժոխքը։

-Տեղերում,-հրամայեց կապիտանը։

Կրակը հաճախացավ և դարձավ համարյա անընդմեջ։ Զգացվում էր, որ հակառակորդը արկերի պակաս չի զգում։

Պետք էր ուշադիր լինել օդի նկատմամբ։ Ինչքան էլ որ դժվար էր հրաձգային զենքով խոցել անօդաչու թռչող սարքերը, մի քանի դեպքեր ճակատում արդեն կային։ Անթել հեռախոսը արագ տարածում էր լավատեսական տեղեկատվությունը։ Իրենց վաշտում դեռևս նման փաստ չունեին։ Թեթև մառախուղ կանգնած էր առավոտից։ Մշուշը, լեռան փեշերը լիզելով, վեր էր բարձրանում ու կամաց-կամաց անէանում։ Լավ է, որ ամպերը բավականին ցածր էին կախված, հետախույզ անօդաչուները շանս չունեին։

Ինտենսիվ հրետակոծությունից հետո ստորոտում երևացին տանկերը, իսկ նրանցից որոշ հեռավորության վրա` նշմարվեց հետևակը։ Մարտկոցները պատրաստ սպասում էին կրակի հրամանին։ Կորդինատները ըստ դիրքերի պետք է հաղորդեր Ռաֆայել Սեմյոնովիչը։ Ռացիան լուռ էր, միայն կապ տվող կողմը աղմուկ էր լսում։

Կապիտանը անհանգստացավ, կապ տվեց.

– Պրոֆեսոր, ես առաջինն եմ։

Պատասխան չկար։ Հրետակոծության աղմուկի մեջ կապիտանը բուժակին, որը այդ պահին ազատ էր, ուղարկեց խրամատի դիտակետ, որտեղ թողել էր Ռաֆայել Սեմյոնովիչին։ Բուժակը գետնափորից դուրս վազեց։ Քիչ անց թռավ խրամատի մեջ և նրա լաբիրինթոսով` գլուխն առած ուսերի մեջ, հնարավորինս արագ առաջ շարժվեց։

Քիչ անց տեսավ Պրոֆեսորին՝ գետնին նստած, ձեռքերը ականջներին սեղմած ու ամբողջ մարմնով դողալով։

– Պրոֆեսոր, Պրոֆեսոր։

Ռաֆայել Սեմյոնովիչը բարձրացրեց հայացքը։ Աչքերը խելահեղ էին ու չճանաչող։

Բուժակը բռնեց ուսերից, թափ տվեց։ Հետո վազեց հետ։ Առաջինը տեսավ Արթուրին` կարճ պատմեց տեսածը։ Արթուրը այլայլված նետվեց բուժակի ցույց տված ուղղությամբ։ Տեսավ նույն դիրքում կծկված մարմինը։ Նստեց կողքին` գրկեց։ Դողը սկսեց թուլանալ։ Երբ հրետակոծությունը դադարեց, Արթուրը բարձրացրեց Ռաֆայել Սեմյոնովիչի գլուխը ու զգուշորեն հեռացրեց ձեռքերը։ Հասկացավ, որ իրեն ճանաչեց։

-Պրոֆեսոր ջան, մի վախեցի,- վրա տվեց Արթուրը, էստեղ քեզ բան չի կպնի, ապահով խրամատ ա։

Այդ պահին շնչակտուր հայտնվեց Հարութը, որին նույնպես բուժակը պատմել էր եղածը։

-Տղաներ, ինձ կներեք,- դանդաղ խոսեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- ես գիտեի, թե ձերբազատվել եմ այդ հիվանդությունից, բայց պարզվում է, որ ոչ։ Կներեք, որ հուսախաբ արեցի, բեռ դառա ձեզ համար։

Արթուրը զայրացավ.

– Պրոֆեսոր ջան, մարդավարի ասա, հասկանանք, թե ինչ ա էղել։

-Նեվրոզ։ Խորացած նեվրոզ, սա իմ հին հիվանդությունն է,- կմկմաց Ռաֆայել Սեմյոնովիչը,-հատկապես աղմուկն ու որոշակի ձայները անմիջապես նման արձագանք են առաջացնում։ Չի ստացվում կառավարել։

Արթուրը ծիծաղեց։ Ռաֆայել Սեմյոնովիչն ու Հարութը զարմացած նայեցին նրան։

-Մի քիչ սպասեք, էսա կգամ,- Արթուրը ճարպկորեն իրեն դուրս գցեց խրամատից։ Որոշ ժամանակ` շփոթված Հարութը լուռ նստած էր հարևանի կողքին։ Մտքում հայհոյում էր իրեն, որ կուլ գնաց ու տարիքով, հիվանդ մարդուն բերեց, գցեց կրակի բերան։ Լուռ էր նաև Ռաֆայել Սեմյոնովիչը, տպավորություն էր, որ ամաչում է նայել Հարութին, ասես հանցանք էր գործել։
Անհարմար դրությունը հանգուցալուծեց Արթուրը, որը շնչակտուր, ասես երկնքից ընկավ խրամատի մեջ։

-Պրոֆեսոր ջան, ներող կլնես,- հրետակոծության արանքում գոռաց Արթուրը,- ոնց որ մեծ տղայիս էի խանութում շոր փորձում, հիմի քեզ պրիմերկա պետք ա անեմ։

Այդ ասելով Արթուրը բարձրացրեց ձեռքում բռնած սև գույնի տանկիստի գլխարկը` շլեմոֆոնը։ Ռաֆայել Սեմյոնովիչը հանեց ակնոցը և հագավ գլխարկը։ Բարեբախտաբար չափսը իրենն էր։- Սա էլ քեզ բամբակ, որ ձայները չեզոքացնես։

Երկու տարբերակով փորձելուց հետո Ռաֆայել Սեմյոնովիչը գոռալով ասաց, որ առանց բամբակ էլ վատ չի։

Արթուրը ժպտաց.

– Մենք քեզ լավ ենք լսում, Պրոֆեսոր, երբ որ չեն կրակում, կարող ես հանգիստ խոսել,- հետո ավելացրեց,- լավ էդ կարևոր չի։

Առաջացավ ևս մի բարդություն։ Ակնոցի կանթերը հնարավոր չէր մտցնել գլխարկի տակ։ Ռաֆայել Սեմյոնովիչը անօգնական նայեց տղաներին։ Արթուրը մի քիչ քորեց քթի ծայրը, հետո դարձավ պրոֆեսորին.

– Ակնոցը հո շատ թանկ չի՞։

-Դա կարեւոր է՞,- պատասխանեց Ռաֆայել Սեմյոնովիչը։

Արթուրը ձեռքի մեջ պտտեց ակնոցը.

– Ուղղակի կարող եմ կանթերը պոկել ու ակուրատնի թելով անցկացնել, էդ ժամանակ պրոբլեմ չի լինի։

-Իհարկե, այդպես էլ արա,- ուրախացավ Ռաֆայել Սեմյոնովիչը, ապրես դու, Արթուր ջան։ Դու ինձ ուղղակի փրկեցիր։

Հարութը հանգստացած շունչ քաշեց.

– Դե, ամեն մեկս մեր գործին։ Բոլորիս հաջողություն։ Ռաֆայել Սեմյոնովիչ, էս էրկու Ф1 նռնակները կապիտանը ասեց` թողեմ քեզ մոտ, на всякий пожарный։ Օգտվելու ձևը համոզված եմ` գիտես։

Արթուրն ու Հարութը մի վերջին անգամ ժպտալով նայեցին «տանկիստ» պրոֆեսորին ու շտապելով հեռացան։

Ռաֆայել Սեմյոնովիչը ակնոցին մոտեցրեց հեռադիտակը և մի քիչ անց ռացիան կենդանացավ կորդինատների ձայնով։

Թնդանոթները սկսեցին աշխատել։ Լեռան ստորոտում մանևրում էին վեց տանկ։ Վերեվից տեղացող արկերը հետևակին պառկեցրել էին գետնին։

Ռաֆայել Սեմյոնովիչը հաղորդում էր կորդինատները։ Տղաները աշխատում էին առավելագույնս ճիշտ կատարել հրահանգները, բայց տանկերի շարժը թույլ չէր տալիս խոցել երկաթե թիրախները։ Դրա հետ միասին` արկերն էլ օգտագործում էին խնայողաբար։

Տանկերի արկերը ավելի ու ավելի մոտ էին խփում։ Պայթած հողի ու քարերի մեծ կտորները արդեն բեկորների նման մոտենում էին մարտկոցներին։ Մի քանի հրահանգ տալուց հետո հանկարծ խրամատի միջից երևաց տանկիստի գլխարկը։ Ռաֆայել Սեմյոնովիչը հնարավորինս արագ տեղաշարժվեց դեպի երկրորդ դիրքը։ Գրավեց նշանառուի տեղը, աչքով կպավ օպտիկական ոսպնյակին և սկսեց դանդաղ պտտել անկյունաչափի օղակը։ Թնդանոթը լիցքավորված էր։ -Կրակում եք իմ հրամանով,- գոռաց Ռաֆայել Սեմյոնովիչը։ Լարվածությունից ճակատը պատված էր քրտինքի կաթիլներով, և երբ առաջին կաթիլն իջավ կոպի վրա, լսվեց հրամանը՝ կրա՜կ։ Հզոր հարվածից թնդանոթը ցնցվեց և հետ թքեց դատարկ պարկուճը։

-Կպա՛վ, կպա՛վ,- տարբեր կողմերից լսվեցին ուրախության ճիչերը։ Հեռվում վառվում էր տանկը։

-Եվս մի համազարկ,- հրամայեց կապիտանը,- միասին։

Տանկերը հետ քաշվեցին՝ լեռան ստորոտում թողնելով վառվող մոնստրին և մի քանի մարմիններ։

-Իսկ հիմա հետ քաշեք թնդանոթները դեպի թաքստոց ու իջեք խրամատի մեջ,- հրամայեց կապիտանը,-հիմա կսկսի աշխատել հեռահար հրետանին։

«Լավ հրամանատար է,- մտածեց Ռաֆայել Սեմյոնովիչը, ամեն ինչ գրագետ է անում»։

Դեպի մթնշաղ` հրետակոծությունը թուլացավ, հետո իսպառ մարեց։

-Փառք Աստծո,-գետնափորում խոսեց կապիտանը, այսօր առանց կորուստների անցավ` նույնիսկ վիրավոր չունենք։ Հետո շրջվեց դեպի Ռաֆայել Սեմյոնովիչը,- հիմնականում ձեր շնորհիվ։

Արթուրը ծիծաղեց.

– Դրանք որ տեսան լեռան վրա տանկիստի գլխարկը, զարմանքից քարացան ու բերանները բացած կանգնեցին, դե Սեմյոնիչն էլ тут как тут։

Ծիծաղեցին։

– Մի- մի բաժակ էս առթիվ պետք ա խմենք,- շիշը հանեց Արթուրը։

-Առաջին հերթին,- պաշտոնական ձայնով սկսեց կապիտանը` դիմելով Ռաֆայել Սեմյոնովիչին,- ձեզ հայտարարում եմ շնորհակալություն և ներկայացնելու եմ պարգևի։

Ռաֆայել Սեմյոնովիչը ժպտաց.

– Իհարկե զգացված եմ, բայց դրա կարիքը չկա։ Մեդալների ու շքանշանների ներկայացրեք երիտասարդներին, որ առյուծների նման անսասան կանգնած են։ Ուղղակի խնդրում եմ` կեղծ համեստություն չհամարեք, նշեք տղաներին։ Այ, օրինակ Արթուրին, եթե տանկիստի գլխարկը չլիներ, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլիներ։

-Առաջինը լինի, վերջինը չլինի,-բաժակը բարձրացրեց Հարութը,- Ռաֆայել Սեմյոնովիչ, Ավանի պատիվը երկինք բարձրացրիր։ Տղերքն իմանան, նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչ կզգան։

Արմենը լուռ էր։ Օրը ծանր էր անցել։ Տեղեկատվությունն էլ հուսահատեցնող էր։ Իր աչքերով էր տեսել` թշնամու ռեզերվում գտնվող ուժերի քանակը։ Խոսեցին կապիտանի հետ։ Սպասում էին շտաբի ներկայացուցչին։ Արմենը դիմեց Ռաֆայել Սեմյոնովիչին.

– Պրոֆեսոր, Երևանից գալու ճանապարհին ես հասկացա, որ ձեզ համար անընդունելի է այլ ազգության, այլ դավանանքի մարդու նկատմամբ ատելություն տածելը։ Բայց երբ օկուլյարով ուշադիր նայում էիք` հասկանում էիք, չէ՞, որ մետաղի հետևում մարդիկ են։

Արթուրը բողոքելով ձեռքը թափ տվեց.

-Այ Արմեն ջան, էդ ի՞նչ փիլիսոփայական հարցեր ես տալիս։ Թշնամին` թշնամի ա, էստեղ մի պրինցիպ կա. կամ իրանք մեզ, կամ մենք իրանց։ Ու դրանով ամեն ինչ ասված ա։

Հարութն էլ ծիծաղեց.

– էսօրվա հետախուզումը ծանր է ազդել մեր Արմենի վրա, բայց հարցը վատը չի։ Եթե Ռաֆայել Սեմյոնովիչը պատասխանի` մի դաս էլ առած կլինենք։ Հետո դարձավ Արթուրին.- էս տեմպերով քո վերջը «խառը» գիտությունների մասնագետ դառնալն է։

Կապիտանը, հոգնած նայելով նոթատետրի գրառումներին, հետևում էր խոսակցությանը։ Ռաֆայել Սեմյոնովիչը չգիտեր ինչ ասեր։ Չէր ցանկանում իր տեսակետները, աշխարհընկալումը փաթաթել տղաների վզին, բայց մյուս կողմից նա միշտ հարգանքով էր վերաբերվում այլակարծությանը և մարդու ձգտմանը` ընկալել, ըմբռնել նոր գիտելիքներ, նոր տեսակետներ։ Նա իր սեմինարներին աշխատում էր թույլ չտալ մենախոսության պոռթկումներ` լսարանը վերածելով երկխոսության, բազմակակարծության ամբիոնի։ Արմենը պրոֆեսորին դուր էր գալիս իր խոհունությամբ և մտքի խորունակությամբ։ Դուր էր գալիս ֆիզիկական մեծ օժտվածության հետ ոչ հաճախ համադրվող համեստությունն ու հանդարտությունը։

-Սիրելի Արմեն, պատասխանեմ կարճ, քանի որ կապիտանի թույլտվությամբ, մարտկոցի նշանառուների հետ մի փոքր տեսական վարժանքներ պետք է անենք։ Ես բնույթով իսկապես խաղաղասեր եմ, ինչպես որ ասում են` պացիֆիստ։ Ընդհանրապես դեմ եմ պատերազմներին ու բռնությանը։ Դեմ եմ բարբարոսներին ու բարբարոսությանը։ Դեմ եմ նաև մահապատժին։
Կողմնակից եմ ներդաշնակությանը իր բոլոր արտահայտումներում՝ և բնության մեջ, և մարդկային հարաբերություններում, և պետությունների ու ազգերի միջև փոխհարաբերություններում։

-Պրոֆեսոր ջան,- խոսակցությանը խառնվեց Արթուրը,- դու մեկին ցույց տուր, որ դեմ լինի էդ բաներին։ Խաղաղությունից, հանգստությունից լավ բա՞ն։

-Շատ ճիշտ ասեցիր, Արթուր,- ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը,- բայց պատմության ընթացքում միշտ հայտնվում են էլիտաներ, որոնք մարդկային ուղեղները թունավորում են տիրելու, ոչնչացնելու, ճնշելու գաղափարներով և այդ ամենը փաթեթավորում են կարծեցյալ գեղեցիկ շղարշով։ Կարճ ասած` այդ կոնկրետ տանկի մեջ գտնվողներին ես ընկալում եմ որպես անշունչ մեխանիզմներ, որոնք որոշել են խլել այն, ինչ իրենց չի պատկանում, ոչնչացնել այն, ինչի անարժեքությունը չգիտես ինչու իրենք են որոշել։ Եվ այդ ամենը կատարել` տրորելով այդ տանկի թռթուրների տակ` ծերերի, կանանց, երեխաների, որոնք մասն են այլ էթնոսի։ Եվ եթե մենք չպաշտպանենք նրանց, ապա….,- Ռաֆայել Սեմյոնովիչը ուշադիր նայեց լուռ լսող տղաներին և որոշ դադարից հետո վերջացրեց խոսքը,-ապա ինչպե՞ս ենք շարունակելու ապրել։ Այդ պատճառով ես կրակում եմ բարբարոսական, մարդատյաց գաղափարի վրա, և նրանք ինձ համար մեխանիզմներ են՝ անշունչ, անհոգի։ Միգուցե և սխալվում եմ, հեշտացնում եմ իմ` ինքս ինձ հետ հաշտ լինելու անհրաժեշտությունն ու ձգտումը։

Ծանր լռություն տիրեց։ Մի քիչ անց, ինչպես միշտ` Արթուրը որոշեց կատակով պարզաջրել.

– Հարութ, էն ո՞նց էիր ինձ ասում։ Զամպալի՞տ։ Իսկական զամպալիտը Պրոֆեսորն ա, համ էլ կապիտանը ինձ նշանակել ա զամպատիլ։

Բոլորը ծիծաղեցին։ Կապիտանը բարձրացավ տեղից.

-Ռաֆայել Սեմյոնովիչ, գնա՞նք տղաների մոտ։ Սպասում են։

-Մենք էլ գանք,- խոսեց Հարութը,- մի բան էլ մենք կսովորենք։

-Բոլորը կարող են մասնակցել, բացի Արմենից,- ասաց կապիտանը,-գիշերը առաջադրանք ունի կատարելու, թող քնի, հանգստանա։

Առջևից քայլում էին Առաքելն ու Հարութը, մի քիչ ետ մնալով` գալիս էին Արթուրն ու Ռաֆայել Սեմյոնովիչը` ինչ որ բանի մասին աշխույժ զրուցելով։

Կապիտանը բռնեց Հարութի թևից.

– Հարութ, էնքան տեղին ու ժամանակին եկաք, որ նույնիսկ չես կարող պատկերացնել։ Ու առանձին շնորհակալություն էս անգին Պրոֆեսորի համար։

Հարութը ժպտաց.

– Բայց ոնց որ սկզբում էնքան էլ գոհ չէիր։

-Դե առաջին տպավորությունը, երբ որ սպասում ես ամենաքիչը մի քսան գազան տղերքի, մեկ էլ դիմացդ կանգնում ա տարիքով, ալեխառն մազերով, հաստ ապակիներով ակնոց դրած….դե էլ չշարունակեմ։ Գիտե՞ս չէ,- շարունակեց կապիտանը,- զինվորների համար Պրոֆեսորը, պարզվեց երկար բառ ա։ Անցել են կարճ` հոպար ձևին։

-Էլի վատ տարբերակ չի,- ծիծաղեց Հարութը,- չես իմանա՝ մեր պայմաններում որ կոչումն է ավելի հեղինակավոր` Պրոֆեսո՞րը, թե՞ հոպարը։

Գիշերը եկավ շտաբիստ մայորը։ Խոսում էին շշուկով, բայց Ռաֆայել Սեմյոնովիչը հասկացավ, որ իրավիճակը բավականին տխուր է։ Հարևան վաշտը, որը պահում էր գնդի աջ թևը, մեծ քանակով զոհեր ուներ, այդ թվում ` վաշտի հրամանատարը։ Փորձել էին մոբերով համալրել, բայց նրանցից շատերը ծառայության տարիները անց էին կացրել այլ զորամասերում և ոչ մի պատկերացում չունեին հրետանու մասին։ Կարգապահությունն էլ էր կաղում։

– Մի խոսքով,- շարունակեց շտաբիստ մայորը, Առաքել, երկու օրից անցնում ես գնդի հրամանատարի պարտականությունների կատարմանը ու մտածի, թե ում ես քո փոխարեն թողնում, մինչև հարմար մեկին ուղարկենք։ Խելքը գլխին տղերք ունես։ Էսօրվա խփած տանկն էլ դրա ապացույցը։

Հետո շտաբիստը Արմենի խմբի հետ անհայտացավ մթության մեջ։

Առավոտյան լուսումութին կապիտանը արդեն դրսում ծխում էր։ Շուտով նրան մոտեցավ Հարութը։

-Հարութ, վիճակը շատ լարված ա։ Էսօր ինձ հետ միասին գնում ենք կողքի մարտկոցները, քեզ ներկայացնելու եմ որպես վաշտի հրամանատար։ Վաղվանից ես պետք ա տեղափոխվեմ գունդ։ Հրամանատարների դեֆիցիտ ա․ որը զոհվեց, որը ծանր վիրավոր ա։ Մի խոսքով։
Հարութը հանկարծակիի եկավ։

Կապիտանը ձեռքը բարձրացրեց.

– Չենք խոսում, տղերքը քեզ ամեն ինչով կօգնեն։ Համ էլ ես էլ չգնացի ու գնացի։ Անընդհատ կապի մեջ ենք լինելու։ Փառք Աստծո, էսօր էլ ամպոտ եղանակ ա, էդ անտերները չեն անհանգստացնի։ Դռոնները։ Էն էլ մեր տանկիստ հոպարը,- ցույց տվեց դուրս եկող Ռաֆայել Սեմյոնովիչի ուղղությամբ։

Ամեն ինչ սկսվեց նույն ձևով։ Սկզբում հեռահար թնդանոթներն աշխատեցին, հետո նրանց կրակոցների ներքո հայտնվեցին տանկերը։ Այս անգամ Ռաֆայել Սեմյոնովիչը հաշվեց տասներկուսը։ Տանկերը բաժանվեցին երեք հավասար խմբերի ու քթները տնկեցին երեք մարտկոցների ուղղությամբ։ Հրետանուն զուգահեռ գործի անցան տանկերը` դանդաղորեն մանևրելով, բայց անշեղորեն առաջ շարժվելով։ Հետո երևաց հետևակը։

Կապիտանը Հարութին հանձնարարեց գնալ ձախակողմյան մարտկոցի ուղղությամբ, իսկ ինքը շտապեց աջակողմյանի կողմ։ Ռաֆայել Սեմյոնովիչը արագորեն հաղորդում էր կոորդինատները։ Ամեն ինչ խառնվել էր իրար` աղմուկ, ծուխ, սևացած դեմքեր, վազող զինվորներ։ Այս անգամ, երկրորդ մարտկոցը երկու տանկ խփեց։ Բայց ամենահիշարժանը բեռնատարի խոցումն էր։ Թվաց, թե ատոմային ռումբ պայթեց։ «Արկ էր տեղափոխում,- գոռացին զինվորները,- կինոն պրծավ»։
Եվ իսկապես` բեռնատարի խոցումից հետո, թշնամին նահանջեց։

Երբ Հարութը վերադարձավ, զինվորները անմիջապես նրան շրջապատեցին.

– Մի տանկը Հենոն խփեց։

Հարութը գրկեց Հենրիկին։

-Հոպար,- Հենոն դարձավ Հարութին,- կարելի ա ասել, որ էլի Ռաֆայել Սեմյոնովիչը խփեց` համ կոորդինատները ծամեց, դրեց բերանս, համ էլ իրա լեկցիայով շարժվեցի։

Երեկոյան Հարութը դիմեց Ռաֆայել Սեմյոնովիչին.

– Սա հրաշք է՞, թե՞ ֆոկուս, ո՞նց եք, ո՞նց ես կարողանում էդքան ճիշտ կոորդինատներ տալ։

-Արություն ջան, հրաշք չկա, առաջին օրը, խնդրեցի կապիտանից թնդանոթների «անձնագրերը»։ Այնտեղ ամեն ինչ նշված է` որ թվականի արտադրանք է, քանի արկ է կրակվել իր փողից։ Դե, բնականաբար, տեխնիկական բոլոր տվյալները։ Մնացածը` հաշվարկ է, հենվելով եղանակային պայմանների և խոցման օբյեկտի դիրքից, շարժման արագությունից։

-Պրոֆեսոր,-միջամտեց Արթուրը,- էս ո՞նց ես է կարողանում նման բարդ տերմիններ օգտագործելով ամեն ինչ էդքան պարզ բացատրել։

-Զամպալիտ ախպեր,-ծիծաղեց Հարութը,- չգիտես, որ ամենադժվար բանը հենց պարզ բացատրելու մեջ է։ Դրա համար էլ Ռաֆայել Սեմյոնովիչն է պրոֆեսոր, այլ ոչ թե ես ու դու։

Որքան էլ, որ զարմանալի կարող էր թվալ, ամենամեծ հոգեկան կապվածությունը, Ռաֆայել Սեմյոնովիչը զգում էր հենց Արթուրի նկատմամբ։ Բացատրությունը չկար։ Միգուցե լինելով բնույթով ինքնամփոփ ու տխուր մարդ, ձգտում էր կենսուրախ մարդկանց, միգուցե պատճառը նրա մանկահասակ երեք երեխաներն էին, միգուցե նրա անթաքույց, անշահախնդիր վերաբերմունքն էր բոլորի նկատմամբ։ Դա այլևս կարևոր չէր։ Արթուրը` դասակի ոգին էր, նրա շարժիչ ուժը։ Երևի, երբ ասում են ժողովրդի ծոցից ելած` նկատի են ունենում հենց Արթուրի նմաններին։

-Պրոֆեսոր ջան,- Արթուրն էր,- աչքիս էդ Հարութի տված գռանատները վրեդ ես քնում,- ու ծիծաղում էր։

Մեկ էլ բուժակը, որը տարիքն առած մարդ էր, ամեն հարմար առիթ օգտագործում էր մոտենալու Ռաֆայել Սեմյոնովիչին ու խոսքի բռնվելու։ Բուժակը տեղացի անասնաբույժ էր, բայց նաև խաղաղ ժամանակ զբաղվել էր հեքիմությամբ։ Գյուղացիները գոհ էին։ Խոտաբույսեր էր տալիս, դուրս ընկած ոտքերն ու ձեռքերն էր ցավացնելով տեղը գցում։ Ի դեմս Ռաֆայել Սեմյոնովիչի բուժակը տեսնում էր իր կյանքում հանդիպած ամենամեծ հեղինակությանը։
Ամեն տեսնելուց, ժպտում ու ասում էր․ «Սըխ կաց, Պռաֆեսոր ջան։ Էրկու խոխես էլ կռվում են, համա լուր չկա, անհանգիստ եմ,- հետո ձեռքի ափով խփում էր Ռաֆայել Սեմյոնովիչի ծնկին ու ժպտալով ասում.-լոխ լավ ա լինելու, Պռաֆեսոր ջան, մեր հողն ու ջուրը, որ մունք չպահենք, ո՞վ կպահի։

Երկու ծանր ու նույնանման օրեր էլ անցան։ Վիրավորների քանակն ավելացավ։ Ովքեր ավելի թեթև էին, հրաժարվում էին թիկունք տեղափոխվել։ Բուժակը` ամեն երեկո, հմտորեն մշակում էր վերքերը, նոր վիրակապ էր դնում։ Երկուսը ծանր էին։ Ցերեկվա ընթացքում հնարավոր չէր տարհանել։ Կապ էին տալիս, բայց Ուազիկներ չկային։ Գիշերը, վերջապես բեռնատարը արկեր բերեց։ Տղաներն ուրախացան՝ վերջապես մի լավ կկրակենք հոպարի մեթոդով։ Կապիտանը հավաքեց բոլորին, ներկայացրեց Հարութին` որպես նրանց նոր հրամանատարի ու ծանր վիրավորների հետ նստեց բեռնատարի թափքում։

-Կապիտան,- դիմեց բուժակը, ճամփին հենց «բուխանկա» հանդիպեց, անմիջապես տղեքին տեղափոխեք։ Մնացած իրանք գյուդում են։

Կապիտանը մտահոգ, լուռ գլխով արեց։ Հետո դարձավ Հարութին ու Ռաֆայել Սեմյոնովիչին.

– Դե ի՞նչ ասեմ, հույսս դուք եք։ Կապի մեջ, ուշադիր եղեք, եղանակի տեսությունը մոտակա օրվա համար արևոտ ա տալիս։ Ես էլ մի բան կանեմ, որ նորմալ համալրում ուղարկվի ձեր մոտ, թե չէ տղերքը մեղք են` առանց հանգստի երկար չեն ձգի։

Մեքենան շարժվելուց հետո բուժակը արագ վերադարձավ թեթև վիրավորների մոտ, որպեսզի քնելուց առաջ վերքերը մշակի ու նոր վիրակապ դնի։ Ռաֆայել Սեմյոնովիչն ու Հարութը դեռ երկար լսում էին հեռացող մեքենայի ձայնը։

-Արություն, մի խնդրանք ունեմ,-Հարութի արմունկը բռնեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- Հարութը լարվեց,- ամեն ինչ կարող է պատահել, բոլորս էլ մահկանացու ենք։ Եթե ինձ հետ բան պատահի, խնդրում եմ… դու երևի չես հիշում , որտեղ են իմ ծնողները հուղարկավորված։

-Դե ես փոքր եմ եղել,- զարմացած արձագանքեց Հարութը,- բայց գիտեմ, որ Թոխմախի պանթեոնում են։ Բայց ինչի՞ ես հարցնում։

-Մի խոսքով,- շարունակեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- չերկարացնեմ։ Եթե բան պատահի, խնդրում եմ ինձ մայրիկիս կողքը դնել։

Հարութն ուզում էր հակաճառել, գոտեպնդող բաներ ասել, բայց հասկացավ, որ ամեն ինչ կեղծ է հնչելու.

-Ռաֆայել Սեմյոնովիչ,-սկսեց նա,- ես, դու, Հենոն, Արթուրը, Արմենը գործ ունենք անելու։ Մոռացել ե՞ս։ Հետ գնալուց որոշել էինք Նորավանք մտնել, մոմ վառել։ Համ էլ Արենիի Մանվելը կնեղանա, որ իմանա էնտեղով անցել ենք ու իրեն չենք տեսել։

Բարի հիշողությունները տաքացրեցին Ռաֆայել Սեմյոնովիչի հոգին` սրտում զգաց հույսի կայծկլտումները։

-Անպայման, Արություն ջան, ու այս անգամ ես էլ ձեզ հետ միասին, մի լավ խմելու եմ Մանվելի անմահական գինին։ Հույս ունեմ մինչ այդ իր տղան` Լեռնիկն էլ արդեն վերադարձած կլինի, կծանոթանանք։ Իսկ Նորավանք` անպայման։

Հաջորդ երկու օրերը տանկիստի գլխարկով տարօրինակ մարդը Արմենի ուղեկցությամբ մեկնեց հարեւանությամբ գտնվող երկու բարձունքները, որտեղ Արմենի խոսքով` «մաստեր կլաս» տվեց նշանառու ջահելներին։ Շուտով զինվորական անթել հեռախոսը տարածեց լեգենդ մի ակադեմիկ-հրետանավորի մասին, որը օդում թռչունին կարող է խփել։

-Վերջը, Ռաֆայել Սեմյոնովիչ, երևի գործդ փոխես,-կատակում էր Հարութը,-ինչի՞դ է պետք համալսարանը։ Արթուրի հետ տեղափոխվեք ռազմական ակադեմիա` դու հրետանավորներին ու տանկիստներին մարդ կդարձնես, Արթուրն էլ դե իրա «խառը» գիտությունները կլցնի գլուխները։

-Դու ձեռ առ,- ծիծաղեց Արթուրը։ Պրոֆեսորի հետ հենց քո ասածով էլ անելու ենք։

-Իսկ ես չեմ կատակում, Արթուր ջան,- լրջացավ Հարութը,- հատկապես Ռաֆայել Սեմյոնովիչի մասով։

Մառախուղն ու ամպամածությունը օր օրի չքանում էին։

-Արություն, լրացուցիչ մարդիկ են պետք, ֆիզիկական ուժ է պետք։ Պետք է կարողանանք թնդանոթները արագ հետ քաշել ծառերի տակ։ Վախենում եմ, որ անօդաչուները շուտով կերևան։ Ու տղաներին պետք է ասել, որ խիստ ուշադիր լինեն օդին։

Երեկոյան օդն ավելի սառեց։ Մութն ընկավ։ Ի տարբերություն նախորդ օրերի` գիշերը խավարած չէր։ Լուսինը իր արծաթե բարակ թելերով ծակում էր շղարշի նման բարակած ամպերը` վերածելով նրանց պատառոտված ծվենների։ Ռաֆայել Սեմյոնովիչն ու Արմենը տաք բուշլատները հագած` նստել էին անտառի փեշին։ Դիմացը բացվում էր հարթավայրը, որը հասնում էր հեռվում նշմարվող լեռնաշղթային։ Մոտեցավ բուժակը, բարի երեկո ցանկացավ ու նույնպես նստեց։ Ափի մեջ թաքցրած ծխախոտը մերթընդմերթ մոտեցնում էր շրթունքներին, խորը ներքաշում էր կատարում ու մի քիչ հետո սկսում հազալ։

Գայլերը սկսեցին իրենց զրույցը։ Նրանց ոռնոցը նման էր միայնակ, տխուր հոգիների անհույս լացի։

– Տեսնես խոխեքս հի՞նչ բանի են,- հառաչեց բուժակը,- տիկինս վախենամ գժվի։

Ռաֆայել Սեմյոնովիչը չգիտեր, թե ինչ ասի, որ պարզ, գյուղացի մարդը կարողանա մի քիչ մխիթարվել։

-Պատկերացնու՞մ եք Պրոֆեսոր,- լռությունը խախտեց Արմենը,-պատկերացնու՞մ եք` հազար տարի առաջ էլ են գայլերը ոռնացել, հազար տարի առաջ էլ ինչ-որ մարդիկ այստեղ նստած են եղել, նույն հույզերն ու զգացմունքներն են նրանց անհանգստացրել։ Եվ հազար տարի հետո էլ է նույնը լինելու, բայց արդյո՞ք մենք` հայերս, այստեղ ենք լինելու։

Ռաֆայել Սեմյոնովիչը մի քիչ լռեց, ասես մտորում էր Արմենի ասածների շուրջ.

– Ոչ ոք չի կարող ասել, թե հազար տարի հետո ինչ է լինելու և ովքեր կլինեն հողի այս կտորի վրա։ Բայց եթե հազար տարի առաջ մեր էթնոսն է եղել այստեղ և երկու հազար տարի առաջ, ամենայն հավանականությամբ` մեր շանսերը ցածր չեն։ Միջերկրածովյան ասացվածքն ասում է. ծովի ձկների երրորդ մասին որսում է ձկնորսը, երրորդ մասը հեռանում է, բայց մեկ երրորդը միշտ մնում է ծովում։ Հույս ունենանք, որ ինչ հողմեր էլ որ անցնեն մեր ազգի գլխով, նա միշտ կմնա այս հողին կպած։ Եվ որպեսզի դա լինի այդպես, ամեն սերունդ պետք է կատարի իր պարտավորությունը նախնիների հիշատակի առաջ։ Այդպես կգոյատևենք։

-Էէէ, վեր կացեք, գնանք քնենք, վաղը պարզկա օր ա սպասվում, վախենամ դրանք էն անդերներով վրա տան,- տեղից վեր կացավ բուժակը,-բա էստեղ ենք լինելու, բա ո՞րտեղ։ Մեր հողն ա, չէ՞։ Թողենք, որ շուն ու գելի փա՞յ դառնա։

Առավոտ կանուխ ցուրտ էր ու պարզ։ Հարութը նախօրեին արել էր բոլոր կարգադրությունները, բայց անհանգստությունը տրորում էր հոգին։ Ռաֆայել Սեմյոնովիչի խոսքերը հնչում էին ականջների մեջ։

-Այ քեզ անեծք,- մտածում էր Հարութը,- կյանքում կմտածե՞ի, թե միայն ամպոտ, մառախլապատ եղանակ եմ երազելու։ Հետո քմծիծաղ տվեց,- վատ եղանակը` որպես ռազմավարական զենք։

Հրետակոծությունը սկսեց ու շարունակվեց շատ ավելի կատաղի։ Հարութը վազում էր դիրքից դիրք, թնդանոթից` թնդանոթ։ Հետո մոտենում էր ծառերի տակ` իրարից հեռու տեղակայված դիպուկահարներին.

– Օդին` ուշադիր, չորս աչքով նայում ենք։

Երևացին տանկերը։ Ռաֆայել Սեմյոնովիչը արագ-արագ, ըստ դիրքերի սկսեց թելադրել կորդինատները։ Մարդիկ քիչ էին։ Արթուրը, Արմենը, բուժակը օգնում էին մոտեցնել թնդանոթների արկերը։

Գոռացին` օդը, օդը։ Ամեն ինչ խառնվեց իրար։

Արթուրը զոհվեց մարտկոցի մոտակայքում, երբ արկը գրկած վազում էր դեպի թնդանոթը։ Անօդաչուի հարվածից։

Ռաֆայել Սեմյոնովիչը հաղորդում էր կորդինատները, բայց շատ շուտով հասկացավ, որ #1 դիրքը այլևս չի գործում։ Կիսով չափ դուրս եկավ խրամատից, որպեսզի ճշտի իրադրությունը։ Չվթարված թնդանոթները հետ էին քաշում ծառերի տակ` երկրորդ գիծ։ Տղաները, ինքնաձիգներից ու դիպուկահար հրացաններից անընդմեջ օդ էին կրակում։ Ռաֆայել Սեմյոնովիչը շարունակեց կորդինատներ հաղորդելը` ճշգրտելով նոր առաջացած տարածությունը։ Երկու կրակոցից հետո, արկերը սկսեցին ավելի ու ավելի ճիշտ հարվածել։ Երկու տանկի ծխալուն զուգահեռ, տղաները վերջապես խփեցին անօդաչուին, որը թևերը կորցրած թռչունի նման, անկանոն պտտվելով վայր ընկավ։

Ժամանակի զգացողությունը բոլորի մոտ փոխակերպված էր։

Հակառակորդը ետ քաշվեց երեկոն մոտենալուն պես։

Տանջահար զինվորները ուժասպառ փռվել էին գետնի` արդեն դեղնող խոտերի վրա։ Մի քանիսը ծխում էին, մնացածը անթարթ նայում էին երկնքին։ Բուժակը` Հարութի ու Արմենի հետ միասին, տեղաշարժում էին վիրավոր երկու տղաներին։ Ռաֆայել Սեմյոնովիչը մոտեցավ նրանց։ Ասես մի բան զգալով` հարցրեց.

– Իսկ Արթուրը որտե՞ղ է։

Հարութն ու Արմենը լուռ էին։

-Էէէ, մատաղ,- խոսեց բուժակը,- մեր Արթուրը չկա։ Կյանքը մեզ բաշխեց։

Ռաֆայել Սեմյոնովիչը ասես սառավ։ Սիրտը ճմլվեց, աչքերի առաջ եկավ երևանյան տեսարանը. Արթուրը` երկու մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած, կողքին կանգնած կինը` ծծկերը գրկին, լացող մայրը ու անընդհատ ծխող հայրը։

-Մարմինը որտե՞ղ է,-հարցրեց Ռաֆայել Սեմյոնովիչը։

Հարութը բռնեց արմունկից ու մի կողմ տարավ.

-Սեմյոնիչ, համարյա բան չի մնացել Արթուրից։ Ձեռքի արկն էլ է պայթել։ Բուժակն ինչ հնարավոր է, հավաքել է։

Ռաֆայել Սեմյոնովիչը լուռ հեռացավ։

Պառկած զինվորները երկար ժամանակ հայացքով հետևում էին «հոպարին», որը մտամոլոր շարժվում էր՝ հաճախակի կռանալով և շոշափելով գետինը։ Նրան միացան Հարութը, Արմենը։ Հետո տղաները, հասկանալով, թե ինչ են փնտրում, նույնպես շարք կազմեցին ու սկսեցին սանրել տեղանքը։ Մութն ընկնելուն պես, երբ այլևս անիմաստ էր, դադարեցրին։ Միայն Ռաֆայել Սեմյոնովիչն էր, որ մի քիչ էլ լապտերի լույսով փորձեր արեց, բայց շուտով նույնպես դադարեցրեց։
Քիչ անց նրան մոտեցավ Հարութը.

-Սեմյոնիչ, արկեր կարելի է ասել էլ չունենք։ Շուտով սննդի խնդիր կունենանք։ Մարդիկ են պետք, էս վիրավորների հետ երկար չենք դիմանա։

Ռաֆայել Սեմյոնովիչը կարծես չէր լսում։ Մոտեցան Արմենն ու բուժակը։

-Արթուրին պետք է տանել իր ընտանիքին,-ասես ինքն իր հետ խոսեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- երեխաները, կինը, ծնողները սպասում են։

-Խոխեքը մեղք են, մատաղ,-գլխով արեց բուժակը, գոնե իրանց հոր գերեզմանի տեղը գիդենան։ Ես չոր սառույց եմ դրել մասունքների մեջ,-շարունակեց բուժակը, բայց ցանկալի ա, որ վաղը հասցվի մորգի խալադիլնիկ։

Հարութը քաշեց Ռաֆայել Սեմյոնովիչի թևքից.

– Պրոֆեսոր, վիճակը վատ է, հարկավոր է հասնել Առաքելի մոտ ու նկարագրել դրությունը։ Կապ չկա հետը։ Մենք մի օրից ավել չենք դիմանա։ Եթե վաղը մինչեւ երեկո համալրում ու զենք-զինամթերք տեղ չհասավ, ես` իմ պատասխանատվությամբ, նահանջի հրաման եմ տալիս։ Էս երեխեքի արյունը ես իմ վիզը չեմ առնի։ Հետդ մարդ չեմ կարող դնել` կներես, ամեն մեկը հաշիվ է։ Արմենը մի քիչ տեղ կտանի, ուղղությունը ցույց կտա, կիջնես ստորոտ ու ճանապարհով կգնաս, մինչեւ հույս ունենանք, մի Ուազիկ կամ բեռնատար կհանդիպի։ Մնացածը ինձնից լավ գիտես։

Ռաֆայել Սեմյոնովիչը դարձավ բուժակին.

– Պոլիէթիլենային տոպրակները խնդրում եմ դնես իմ ուսապարկի մեջ, ես վաղը անպայման կհասցնեմ մորգ։

Հարութի հետ մտան գետնափորը։ Ռաֆայել Սեմյոնովիչը ուսապարկը լրիվ դատարկեց, փոխանցեց բուժակին։

-Արություն ջան,-նայեց Հարութի ուղղությամբ,- ամեն ինչ կանեմ։ Առաջին հերթին կգտնեմ Առաքելին, երկրորդ հերթին Արթուրին տեղ կհասցնեմ ու կվերադառնամ։

Հարութը անհանգիստ նայեց պրոֆեսորին. Արթուրի մասին խոսում էր, ասես նա կենդանի էր ու միասին ճանապարհ էին գնալու։ Բայց ոչինչ չասաց։ Դուրս եկան։ Բուժակը Արթուրի մասունքները տեղավորեց ուսապարկի մեջ և բարի ճանապարհ մաղթելով` ասաց, որ գիշերը ցուրտ է, ոչինչ չի պատահի, բայց ցանկալի է ամեն դեպքում, որ մինչեւ ցերեկ մասունքները լինեն սառնարանում։
Հարութը համոզում էր, որ ինքնաձիգ վերցնի հետը։ Չհամաձայնեց․

-Ձեզ այստեղ ավելի է անհրաժեշտ։ Երբ հասնեմ ճանապարհին, այլեւս ի՞նչ բարդություն կարող է լինել։

Տղաները բոլորը եկան հրաժեշտ տալու «հոպարին» ու Արթուրին։ Հենոն չդիմացավ` փաթաթվեց.

– Հոպար ջաՆ, անհոգ եղեք, վաղը, խոստանում եմ, ձեր սովորացրածով` դրանց լացացնել։

Ռաֆայել Սեմյոնովիչը տխուր ժպտաց։ Արկերի քանակը կատաստրոֆիկ քիչ էր։

-Միգուցե եղանակը փչանա,- ինքն իրեն հույս տվեց։

Արմենը լուռ քայլում էր կողքից։ Հետո կանգնեցին։ Արմենը ցույց տվեց ուղղությունը.

– Ես անընդհատ կապ կտամ, որպեսզի վարորդները տեղյակ լինեն ձեր մոտենալու մասին։ Զգույշ եղեք։

-Արմեն, ես անպայման կվերադառնամ, ուղղակի Արթուրին պետք է հանձնել ընտանիքին,- հետո ամուր սեղմեց ձեռքը,-ինձ համար պատիվ կլիներ քեզ նման ուսանող ունենալ։

Արմենը երկար նայում էր արդեն տարիքն առած` ուսապարկի ծավալից ու ծանրությունից կքված, շատ ավելի փոքրամարմին թվացող մարդու հետևից, չնայած որ նա վաղուց արդեն անհայտացել էր խավարի մեջ։

Ռաֆայել Սեմյոնովիչը` չնայած մթին ու ոտքերի տակից անընդհատ փախչող անհարթություններին, շտապում էր։ Հույսը Արմենի ռացիան էր և վստահությունը, որ ինչ-որ յուրային մեքենա պետք է որ հանդիպի։ Պետք է առաջին հերթին գտնել շտաբը` կապիտանին։ Գիտեր, որ տղաները մեկ օրից ավելի դիմակայել չեն կարող։ Մի քիչ էլ հույս ուներ, որ լեռներում եղանակը կփչանա։ Դա կարող էր տեղի ունենալ րոպեների ընթացքում։ Զուգընթաց ուղեղի մեջ տրոփում էր միտքը, որ մինչև ցերեկ Արթուրին պետք է հասցնել Գորիս։ Հանկարծ հասկացավ, որ այս երկու խնդիրները իր ոչ այնքան կարճատեւ կյանքի ամենակարեւոր և դժվարին մարտահրավերներն են։ Եվ դրանց լուծումներից է կախված իր հետագա լինելիության հարցը։
Հոգնածություն չէր զգում։ Ծանրություն չէր զգում։

«Է՜, Արթուր,- մտածեց,- շատ շտապեցիր։ Բոլորից շուտ հայտնվեցիր քո երազած «հայկական» դրախտում։ Այլ կերպ չէիր պատկերացնում երկնքի կառուցվածքը։ Ասում էիր, որ այնտեղ ցանկանում ես հարազատներիդ, ծնողներիդ հանդիպել։ Շտապեցիր։ Հիմա դու պետք է իրենց սպասես»։

Կարծես հեռավոր ձայներ լսեց։ Զգուշացավ։ Կանգնեց։ Ավելի պինդ բռնեց ուսապարկի կապիչներից.

-Արթուր ջան, մեքենա է, ամեն ինչ կհասցնենք։
Հանկարծակի աչքերը կուրացնող լույսի հետ միասին լսեց խուլ ձայն`-стой….. Մնացածը չհասկացավ։ Քիչ անց, երբ աչքերը մի քիչ սովորեցին լույսին` տեսավ երկու զինվորների, որոնք ինքնաձիգերը ուղղել էին իր ու Արթուրի ուղղությամբ։

-Ափսոս,-մրմնջաց Ռաֆայել Սեմյոնովիչը,- չստացվեց, խնդիրները չլուծվեցին։

-Старый, брось рюкзак,-ջարդված ռուսերենով հրամայեց զինվորներից մեկը։

Մյուսը զարմացած ժպիտով նայում էր տարիքն առած մարդուն, հետո նայեց մյուսին ու ծիծաղեց.

-Քեներալ։

Մյուսը նույնպես ծիծաղեց ու ինքնաձիգով նշան արեց, որը նշանակում էր` ուսապարկը իջեցնել գետնին։ Մտքերը բյուրեղացան` ինչպես երիտասարդ տարիներին, ուղեղն աշխատում էր արագ ու հստակ։ Որոշումը եկավ միանգամից։ Ռաֆայել Սեմյոնովիչը գլխով համաձայնության նշան արեց, մի փոքր կքանստեց` ցույց տալով, որ ցանկանում է ուսերն ազատել կապիչներից։ Զինվորները ինչ-որ բառեր փոխանակեցին օտար լեզվով ու հանգստացած ծիծաղեցին։ Այդ ակնթարթը հերիք էր, որպեսզի Ռաֆայել Սեմյոնովիչը կարողանար ազատել նռնակի օղակը և ձեռքն առաջ պարզել։ Պայթյունը խլացուցիչ էր։

Լույսը չքացավ։ Նորից խավար էր ու մթության մեջ լսվում էին մեռնող մարդու ցավի ու ափսոսանքի հատաչանքները։

Հարվածը Ռաֆայել Սեմյոնովիչին հետ շպրտեց։ Հասցրեց հասկանալ, որ պառկած է ուսապարկի վրա, քանի դեռ ուժերը չէին լքել` վերջին ճիգով, թեքվեց կողքի վրա։ Ցավն ուժեղ էր։ Խանգարում էր կենտրոնանալուն։ Ժամանակը քիչ էր։ Ռաֆայել Սեմյոնովիչը զարմացած մտածեց, թե ինչքան արագ ու հեշտ եղավ մահվան ճանապարհը։ Ափսոսանքը շատ ավելի ուժեղ էր, քան ֆիզիկական ցավի զգացողությունը։ Չէր ափսոսում, որ չի ապրելու։ Գիտեր, որ երբ էլ տեղի ունենա մահը, չհասցրածության, չավարտվածության, երազանքների անավարտության ափսոսանքի զգացողությունը լինելու է յուրաքանչյուր մարդու մոտ։ Կողքից լսեց զինվորներից մեկի տնքոցը.-Անա, Անա։

-Ինչի՞ եկաք,-մտածեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- ի՞նչն է ձեզ բերում այստեղ։ Մնայիք ձեր մայրերի մոտ։

Ափսոսում էր, որ Արթուրին տեղ չհասցրեց, ափսոսում էր, որ չստացվեց կատարել հանձնարարությունը։ Ցավերը սկսեցին թուլանալ։ Մարմինն անզգայանում էր։ Ասես իրենը չէր։ Հասկացավ, որ մահը մոտենում է։ Գիտակցությունը սկսեց իր քաոսային ելևէջները` վերեւ-ներքեւ, հեռու- մոտիկ։ Ռաֆայել Սեմյոնովիչի ամբողջ պայքարը այդ պահին կենտրոնացած էր միայն գիտակցությանը կառչած մնալուն։ Դա ամենակարևորն էր։ Զինվորի ձայնը մարեց։ «Հոգին անջատվեց մարմնից,- մտածեց Ռաֆայել Սեմյոնովիչը,-անէության ճանապարհին, որտեղ չկան պետություններ, սահմաններ, կհանդիպե՞ն արդյոք այդ զինվորների հոգիները Արթուրի հոգուն»։

Այդ միտքը շատ ծանրաբեռնված էր և շատ ուժեր էր խլում, իսկ ժամանակը քիչ էր։ Մանկության կադրերի կալեյդոսկոպը հանգստացրեց։ Ցավեր այլևս չկային։ Տեսավ իրեն` մերկ, կլոր կոնքի մեջ նստած, աչքերն ամուր փակած։ Եվ երիտասարդ` սևահեր մայրը, օճառում է գլուխը, հետո տաք, հաճելի ջրով, լվանում մազերը։ Ինքը` ձեռքերի ափերով, պայթեցնում է օճառաջուրը, որի պղպջակները թռչում են մոր վրա, և նա երջանիկ ծիծաղում է ու, գրկելով իր գլուխը, սեղմում կրծքին։

-Մայրիկ,-կանչեց` աչքերն ուղղելով տիեզերքի անհունին։

Երկնքի խավարի միջից իջավ արծաթե աստիճանը, և գեղեցկուհի, սաթե մազերով կինը, շտապեց դեպի իրեն։ Մոտեցավ և անգո փարվեց հոգուն, լուսե ձեռքերով մեղմ շոյեց գլուխը։

-Մայրիկ,-երջանիկ ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը։

«Ֆորդը» կանգնել էր բավականին հեռու։ Պայթյունի ձայնը` գիշերային խավարի մեջ, անակնկալի բերեց։ Եղբայրները զգուշորեն գնում էին ձայնի ուղղությամբ։

-Անդրանիկ, կապ տուր,- շշուկով խոսեց Անուշավանը,-Արմենն ասել էր, որ Պրոֆեսորին էս կողմերում կարող է հանդիպենք։

Արմենը պատասխանեց։ Անդրանիկն ասեց, որ ուժեղ պայթյունի ձայն են լսել։

-Կարող է կրակոցի ձայն եք լսել,- հույսով հարցրեց Արմենը,- լեռներում ձայնը ուժեղ է թվում։

-Չէ, կարճ պատասխանեց Անդրանիկը,- գռանատ էր։

-Զգույշ եղեք,- լսվեց Արմենի ճնշված ձայնը,- կարող է դիվերսանտներ լինեն, գալիս եմ։

-Անդրանիկ,- լսվեց Անուշավանի ձայնը,- էս տհի վրա արի։ Քթա։

Երեք հոգի, տարբեր դիրքերով ընկած էին ճանապարհի մոտ։

Շնչակտուր հասավ Արմենը.

-Շուտ արեք, ժամանակ չկա, մեքենան մոտեցրեք։

Մինչ Անուշավանը վազեց դեպի «Ֆորդը», Արմենն ու Անդրանիկը Ռաֆայել Սեմյոնովիչի մարմինը առաջին հերթին ազատեցին ուսապարկից, որից հետո Անդրանիկը լապտերի լույսը ուղղեց զինվորների կողմ։ Արմենը ուշադիր զննեց նրանց ուսապարկերն ու գրպանները։ Վերցրեց փաստաթղթերն ու զենքերը, հետո անհամբեր հարցրեց Անդրանիկին.

– Ի՞նչ եղավ եղբայրդ։ Պետք է շտապել։ Նշանակում է` պատրաստվում են թիկունքից հարվածել։ Առաքելի` կապիտանի շտաբի տեղը գիտե՞ք։

-Հենց մոտենանք, կապ կտանք, մարդ կուղարկեն քո հետևից,- հանգստացրեց Անդրանիկը,-հրեն, Անուշավանն էլ մոտեցավ։

Արագ Պրոֆեսորի մարմինն ու ուսապարկը դրեցին մեքենայի մեջ ու շարժվեցին։ Անդրանիկը նստեց եղբոր կողքին, Արմենը տեղավորվեց մեքենայի հատակին` ընկերների մոտ։ Լապտերի լույսով նայեց Պրոֆեսորին։ Նռնակի բեկորները հարվածել էին մարմնի բոլոր մասերին։ Սարսափելի ուժով պոկել մսի, մկանների մեծ կտորներ, որոնց տեղերում արյունաքամ խոռոչներ էին, ջարդել էին ոտքերի ու ձեռքերի ոսկորներ։ Միայն գլուխն էր, որ ինչ-որ հրաշքով չէր տուժել։ Արմենը զարմանքով նայում էր Ռաֆայել Սեմյոնովիչի դեմքին` կարծես իր դիմաց այլ մարդ էր։ Հայացքը խաղաղված էր, դիմագծերը հարթված։ Չկար վախի կամ լարվածության որևէ նշույլ։

«Ասես թե երկնքից երանելի մահվան հրեշտակն է իջել, որպեսզի նրա հոգին ուղեկցի դեպի իր սիրած աստղերը»,-մտածեց Արմենը։

Որոշ ժամանակ անց հաղորդիչն աշխատեց։ Անուշավանը դարձավ Արմենին․

– Պատրաստվի, շուտով իջնելու ես։ Քիչ հետո ճանապարհին մարդ կմոտենա։ Տղերք ջան,- դիմեց եղբայրներին,- Պրոֆեսորին ու Արթուրին հանձնում եք մորգ։ Էս թղթի վրա գրված են իրենց անձնական տվյալները` չկորցնեք։ Դե ձեզ հաջողություն։

-Քեզ էլ, ախպեր ջան,- միասին խոսեցին եղբայրները։ Չմտածես, ամեն ինչ քու ասածով` տոչնի կանենք։

Հաջորդ օրը` երեկոյան ուշ, Լյովի հեռախոսը զանգեց։

-Էս ո՞վ կլնի, է՜,- անտրամադիր մտածեց Լյովը։

-Լյով, ես եմ,- հնչեց ձայնը։

-Վայ, ախպեր ջան, Հարութ ջան,- գոռաց Լյովը, մենք էլ ստեղ կես մարդ դառանք։ Ո՞նց եք։

Հարութը կտրեց.

– Լյով, դրա ժամանակը չի։ Խնդրանքս. Գնում ես Գորիսի մորգ, էնտեղ Ռաֆայել Սեմյոնովիչն է ու իմ ախպերներից` Արթուրը։ Ռաֆայել Սեմյոնովիչի քրոջ ու Արթուրի հոր հեռախոսի համարը կուղարկեմ։ Մարմինները կհասցնեք Երևան։

-Առավոտը Սերոբի հետ կըլնեմ Գորիս,- գոռաց Լյովը,- տեղափոխումը կկազմակերպեմ, չմտածես։ Էստեղ, բոլոր զոհվածներին Պաշտպանության նախարարությունը Եռաբլուր ա տանում։

-Արթուրի ժողովուրդը իրանք կորոշեն` որտեղ հողին հանձնեն, իսկ Ռաֆայել Սեմյոնովիչին իր ծնողների մոտ` Թոխմախ։ Ամեն ինչ արա, ոնց որ կարգն է, ես կգամ` գումարային հարցերը կլուծեմ։

-Հարութ, քրֆեիր, ավելի ճիշտ կանեիր։ Ամեն ինչ կանեմ, ոնց որ ասեցիր։ Հեսա Սերոբին ձեն տամ ու դուրս գանք։ Դու քեզ լավ նայի։ Հենոն ոնց ա՞։

Պատասխան չեղավ։

4. Երեվան. Ավան. 2021թ.

Հարութենց դուռը կրնկի վրա բաց էր։ Հարևաններ, թաղի ժողովուրդ, ընկերներ, բարեկամներ` գալիս էին ու գալիս։ Բնակարան բարձրանում էին կանայք ու ավելի տարեց տղամարդիկ։ Ջահելները չէին ցանկանում անհանգստացնել, առանց այդ էլ տան կանանց գործը շատ էր։ Իրենք բակի բեսեդկայում ու նրա շուրջն էին հավաքված։ Խորովածն ու քյաբաբը բերում էին կողքի օբյեկտից։ Հարութին տղա էր ծնվել։ Ինքն էլ մեկ տուն էր բարձրանում, քիչ անց նորից իջնում էր բակ։

-Հոպար,-բեսեդկայում Հարութին դիմեց Հենոն,- որոշեցի՞ր` անունն ի՞նչ ենք դնում։

-Որ բաժակները լցնես, կասեմ,-խորհրդավոր ժպտաց Հարութը։

Հենոն ու մյուս ավելի երիտասարդ տղաները արագ լցրին բաժակները։

-Լցրած ա, հոպար,- անհամբեր խոսեց Հենրիկը,-դե։

-Ախպերներ,- բաժակը բարձրացրեց Հարութը,-եկեք խմենք Ռաֆայելի կենացը։

Մի պահ ասես բոլորը սառեցին, ձեռքները մնաց օդում։ Հետո առաջինը կողմնորոշվեց Լյովը.

-Ռաֆոյի կենացը։

Մյուսներն էլ խոսեցին.

– Ռաֆիկի կենացը։

Հարութը ձեռքը բարձրացրեց։ Բոլորը լռեցին։

– Տղերք,- նայեց բոլորին,- միայն մի խնդրանք ունեմ։

Լյովը զայրացավ.

– Այ Հարութ ջան, ի՞նչ խնդրանք, դու մենակ կարաս հրամայես։

-Չէ, լուրջ,- շարունակեց Հարութը,- երեխեքին էլ ասեք։ Տղայիս անունը Ռաֆո չի, Ռաֆիկ չի։ Ռաֆայել է…

Please follow and like us: