Աշոտ Նազարյան/Ամպի ծվեններ(2)

Սկիզբը՝ այստեղ

2. Երևան. Արենի. Գորիս.

Առավոտյան ժամը յոթին շարժվեցին։ Հարութը բարձրացավ Ռաֆայել Սեմյոնովիչի բնակարան, զանգը տվեց` հույսով, որ չեն բացելու։ Հույսն ի դերեւ ելավ։ Դուռը, ասես ինչ որ մեկը սպասում էր այդ զանգին, անմիջապես բացվեց։

-Արություն, ես պատրաստ եմ,- ասաց հարևանը։ Եվ իսկապես, Հարութը տեսավ կազմ ու պատրաստ կանգնած Ռաֆայել Սեմյոնովիչին։ Հարևանը, ցույց տալով միջանցքում դրված մեծ ուսապարկը, հարցրեց,-իջնե՞նք։

-Ես գնամ, մեքենան տաքացնեմ, համ էլ բեսեդկայում տղաներն են հավաքվել,- ասաց Հարութը,- դուք էդպես մի 45 րոպեից իջեք։

-Արություն, մի խնդրանք,- աստիճաններով իջնող Հարութի ետևից լսվեց հարևանի ձայնը,- սրանից հետո այլևս դուքով չդիմես։ Համաձա՞յն ես։

-Եղավ, Ռաֆայել Սեմյոնովիչ,- լսվեց հեռացող Հարութի ձայնը։

Տղերքն արդեն, չնայած առավոտ կանուխին, հավաքվել էին բեսեդկայում, մի թեթև սեղան էին գցել։

-Բարի լույս,-կողքներով անցավ Հարութը,- մեքենան հանեմ, մոտենամ։

Բացեց ավտոտնակի դռները, միացրեց շարժիչը։ Դուրս եկավ, չորս կողմից զննեց մեքենան. դողերը ոտքով սեղմեց` ստուգեց ճնշումը, տանիքի վրա դրված բեռնախցիկը քաշքշեց, հաստ պարանները գցեց վրան և մեքենան դուրս բերեց։ Մոտեցավ տղաներին։

-Տղերք, ժամանակը քիչ է,-ասաց,- եկեք արագի մեջ։

Բաժակներն արդեն լիքն էին, բարձրացրին։

-Ախպերս, վերադարձի կենացը,- ասաց մանկության ընկերներից Լյովը,-անփորձանք։

Արագ խմեցին, ևս մի քանի կենաց հնչեց` հաղթանակի, տղերքի, Հարութի եղբորորդու` Հենոյի ողջ-առողջության համար։

Հարութը չէր խմում, լարված էր։ Տղերքը զգում էին։ Անհարմարության և մեղավորության մթնոլորտ կար։ Հարութը չէր ցանկանում նման զգացողությամբ բաժանվել, դիմեց Լյովին.

– Լյով ջան, լցրու, մի խոսք էլ ես ասեմ, ժամանակ չկա․․․ Տղերք ջան, – սկսեց,- լավ մնացեք, պինդ եղեք, ավել պակասն էլ` ներող։

Բաժակը մոտեցրեց շրթունքներին, զգաց, որ բոլորը լռեցին և նայեցին նույն ուղղությամբ` ասես իր միջով։ Մեքենայի կողքին կանգնած էր Ռաֆայել Սեմյոնովիչը` կազմ ու պատրաստ։ Կողքին` գետնին, համարյա մինչև հասակի կեսը, վեր էր խոյանում ահռելի ուսապարկը։

-Պահո, էս Ռեմբոյին ու՞ր ես տանում,-սրամտեց կատակախոս Սերոբը։

Ոչ ոք չարձագանքեց։

-Եթե դու գայիր, տեղ չէի ունենա ու իրեն կմերժեի,- ցածր ձայնով` մի քիչ չար, պատասխանեց Հարութը։

Լյովը ձայն տվեց.

– Ռաֆայել Սեմյոնովիչ, մոտեցեք։

Հարութը, տեսնելով, որ նորանոր հարևանների քանակը գնալով ավելանում է, որոշեց արագացնել.

– Սեմյոնիչ, վերջին բաժակն էլ բարձրացնենք ու մեզ բարի ճանապարհ։

Ռաֆայել Սեմյոնովիչի ու ևս մի քանի հարևանների համար նոր բաժակներ լցրեցին, չխկացրին։
Մայրը, ձեռքին՝ պլաստիկե դույլ, կազմ ու պատրաստ կանգնած էր մեքենայի մոտ։ Կողքին Հարութի կինն էր` երեխան գրկին։

-Հանկարծ լաց չլինես,-զգուշացրեց մայրը հարսին,- Էրեխուս չոր աչքով պետք է ճանապարհենք։ Կինը, խոր շունչ քաշեց ու լուռ գլխով արեց։

-Սերոբ, Լյով,- Պրոֆեսորի ուսապարկը դրեք վերևի բեռնախցիկի վրա ու պինդ կապեք,- դիմեց Հարութը։

Բոլորը գրկախառնվում էին Հարութի հետ ու լուռ սեղմում Ռաֆայել Սեմյոնովիչի ձեռքը։ Միայն Սերոբը ուսապարկը պինդ կապելուց հետո մի տեսակ ճնշված մոտեցավ հարևանին, ձեռքը բռնեց, հետո փաթաթվեց,- պրոֆեսոր ջան, կներես,-ասաց։

Ռաֆայել Սեմյոնովիչը զարմացած նայեց Սերոբին.

– Ինչի՞ համար։

-Վերջ, ժողովուրդ ջան, վերջ,-գոռաց Հարութը,- էս տեմպերով մենք էսօր տեղ չենք հասնի։ Զինկոմիսարիատի մոտ դեռ մարդկանց պետք է վերցնեմ։

Ամուր գրկեց մորը, համբուրեց կնոջը, խուտուտ տվեց աղջկան, որը սկսեց լիաբերան կչկչալ.

-Այ էս ծիծաղի տակ էլ շարժվենք,- ասեց Հարութը` նստելով ղեկին։

Սև «Վոլգան», անիվների տակից խիճ կրակելով, շարժվեց։ Մայրը՝ դողդողացող ծնոտով դույլից ջուր շփեց մեքենայի հետևից։ Տղամարդիկ գնացին բեսեդկայի կողմը, իսկ կանայք շարժվեցին դեպի շենքի մուտքերը։

-Քրոջն էլ չէր ասել,- խոսեց մայրը ինքն իր հետ,-վախեցել է, որ չի թողնի։

-Ախր տարիքն էլ արդեն քիչ չէ,-ասաց Հարութի կինը,- ի՞նչ է անելու էնտեղ էդ խեղճուկրակը։

Հարութի տատիկի խոսքերն էին։

-Դե, Սեմյոնիչ,- բակի տարածքից դեպի հիմնական ճանապարհ տանող լուսացույցի տակ կանգնելով՝ ասեց Հարութը,- Աստված մեզ օգնական, գնացինք։

Երեվանյան հաճելի, աշնանային, մեղմ արևը, նոր սկսում էր տաքացնել մեքենայի ներսը։ Հարութը իր կողմի պատուհանը բացեց.

-Տղերքին ասել եմ, տարածքից մի քիչ ներքև սպասեն, թե չէ մարդիկ կմոտենան, կսկսեն հարցուփորձ, անկապ խոսակցություններ, կուշացնեն,-ուշադիր հեռուն նայելով՝ ասաց Հարութը,- ահա, էն էլ տղերքը, կազմ ու պատրաստ սպասում են։

Հեռվում` աջակողմյան մայթին, երևացին մի խումբ մարդիկ։ Ռաֆայել Սեմյոնովիչը նայեց Հարութին.

– Բայց ոնց որ շատ են, Արություն, կտեղավորվե՞նք։

Հարութը ծիծաղեց.

– Երկու հոգի են, մնացածը ընկեր-հարազատներ են։ Հայ են, չէ՞: Տուն-տեղ, ընտանիք, շրջապատ։

Հետո շփոթված լռեց` հիշելով, որ հարևանին ոչ ոք չէր ճանապարհում։ Սիրտը կծկվեց։

-Ժողովուրդ ջան, ուշանում ենք,- մեքենայից դուրս գալով՝ գործնական գոռաց Հարութը։- Արագի մեջ։

Մինչ ամբոխը իրար խառնված, հեծկլտոցների ֆոնի ներքո մեկնողներին մեկից մյուսի գիրկն էր փոխանցում, Հարութը երկու տղամարդու հետ տեղավորում էր ուղեբեռները։ Պարաններով ամրացնելուց հետո Հարութը մի քանի քայլ ետ գնաց և նայեց հայրական «Վոլգային» ու ժպիտով դիմեց հարևանին.

– Սեմյոնիչ, հայրս որ տեսներ, ինձ չէր ների։ Կասեր՝ տղա ջան, սա մարդատար մեքենա է, ոչ թե բեռնատար։ Բայց ժամանակին, հենց ինքն էր ռաման ամրացրել, երևի սիրտը վկայել էր, որ էսպիսի օրեր են գալու։

-Դե, ժողովուրդ ջան,- դիմեց հավաքվածներին,-վերջ, բաց թողեք տղերքին, ուշանում ենք։

Ռաֆայել Սեմյոնովիչի հայացքը սառել էր մեկնելու պատրաստվողներից մեկի վրա, որի ձեռքերից պինդ բռնել էին տասը-տասներկու տարեկան տղան ու աղջիկը, իսկ կողքին կանգնած կինը գրկի երեխային անընդհատ մոտեցնում էր ամուսնու դեմքին։ Մայրը անընդհատ կրկնում էր` Արթուր ջան, բալես, ախր էս էրեխեքին ու՞ր ես թողնում, արի փեշիդ քարը թափի, գնանք տուն։ Հայրը լուռ ծխում էր, հետո կնոջը մի կողմ քաշեց, գրկեց տղային.

– Երեխեքիդ, կնոջդ պահով` անհոգ, էդ մասին չմտածես։ Համ էլ, այ ժողովուրդ,- դիմեց մյուսներին,- հույս ունենանք, որ մինչև տղերքը տեղ հասնեն, արդեն ամեն ինչ լավով վերջացած կլինի։ Ռուսները պետք ա, որ կանգնեցնեն էս կռիվը։

Մյուս մարդկային կղզյակը ավելի երիտասարդական էր` համարյա պատանեկան։

-Ուսանող է,- մտածեց Ռաֆայել Սեմյոնովիչը։

Պատանին շրջապատված էր ընկեր-ընկերուհիներով` հիմնականում աղջիկներով։ Նրանք հիացմունքով նայում էին իրենց հերոսին։ Ռաֆայել Սեմյոնովիչը անկախ իրենից ժպտաց։ Ուշադիր հետեւում էր հայացքներին, շարժումներին, ասես հետաքրքիր քվեստ էր` «Գտիր նրա սրտի տիրուհուն» թեմայով։ Հոգոց հանեց։ Այնքան էլ դժվար խնդիր չէր։ Չնայած…

Վերջապես տղաները տեղավորվեցին մեքենայի հետևի նստատեղերին ու մեքենան աղմուկ-աղաղակների ներքո` շարժվեց։

Սկզբում լուռ էին։ Ամեն մեկն իր մտքերի հետ էր, ամեն մեկը դեռ հարազատ հոգիների կերպարներն էր ամբողջացնում իր մեջ` դրանք դարձնելով իր անքակտելի մասը։

– Գայի պոստն անցանք,- լսվեց Հարութի ձայնը, – ընկանք հիմնական ճանապարհ, մինչև Տիգրանակերտի ոլորանները մի շնչով դուրս կգանք։

-Հա,- ձայն հանեց ավելի տարիքով ուղեկիցը,- Արտաշատ, Արարատ, Երասխի պավառոտ, դուրան, ուղիղ ճանապարհ ա, դժվարը հետո ա։ Շատ ծանրացրինք մեքենան։

-Ոչինչ,-ծիծաղեց Հարութը,- ճամփին մի երկու տեղ կկանգնենք, կթեթեւացնենք։ Հա տղերք ջան, մի հատ, ոնց հարկն է` ծանոթացեք։ Ռաֆայել Սեմյոնովիչը մեր հազար տարվա հարևանն է։ Խոսելուց զգույշ եղեք, անկապ բաներ չասեք,- ծիծաղեց,- հայտնի պրոֆեսոր է` ֆիզիկոս։

Ուղեկիցները ակնհայտորեն շփոթվեցին։ Առաջինը ձեռքը մեկնեց ավելի տարիքով ուղեկիցը.

– Ուրախ եմ, անունս Արթուր ա, մասնագիտությամբ էլ էլեկտրիկ եմ։

Ռաֆայել Սեմյոնովիչը ամուր սեղմեց Արթուրի ձեռքը։ Տեսնելով, որ երիտասարդ ուղեկիցը կուչ ու ձիգ է անում՝ առաջինն ինքը մեկնեց ձեռքը.

– Ձեր անու՞նը, երիտասարդ։

-Արմեն,- ներկայացավ երիտասարդը՝ավելացնելով,- սովորում եմ պետական համալսարանում` աշխարհագրության ֆակուլտետում։

-Տղերք,- դիմեց Հարութը ետևի նստածներին,-տեսնում եմ, որ նեղվում եք Ռաֆայել Սեմյոնովիչին դիմելիս։ Էդպես չի լինի։ Մենք` ընդհանուր գործի ենք գնում։ Սեմյոնիչ, ձեր թույլտվությամբ…

-Քո,-ուղղեց Ռաֆայել Սեմյոնովիչը։

-Քո թույլտվությամբ, առաջարկում եմ ձեզ դիմելիս ասեն Պրոֆեսոր։ Դեմ չե՞ք։ Չե՞ս։

Ինստիտուտում իմ ամենասիրելի դասախոսին միշտ էդպես եմ դիմել։

-Ոնց որ ասում են Երեվանում,-ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը,- հարց չկա։

-Հեսա ճամփին ձուկ ծախողներին կտեսնենք,-մթնոլորտն աշխուժացնելու փորձ արեց էլեկտրիկ Արթուրը,- յեքա լոքոներ են տռասի վրա ցուցադրում, մարդ կանգնի` հարցնի, թե ո՞նց ա, որ չի փչանում, հոտ չի կպնում։
Ուսանող Արմենը զարմացած նայեց Արթուրին.

– Սևանից բերում են էստե՞ղ։

-Չէ, այ Արմեն ջան,-ծիծաղեց Հարութը,- դրանք արհեստական լճերի ձկներ են։ Մոտիկ տեղերում են աճեցնում։

-Բացի այդ,-ավելացրեց Ռաֆայել Սեմյոնովիչը, Սևանում նման մեծ ձկներ որպես կանոն չեն հանդիպում։

Ճանապարհը ուղիղ էր և միալար։ Հարութը լուռ էր ու լարված։ Զգացվում էր, որ տանջող միտքը ելք էր փնտրում։

-Ռաֆայել Սեմյոնիչ, մի բան եմ ուզում հարցնել,-սկսեց Հարութը, բայց մենակ` չնեղանաք։ Չնեղանաս։

-Ուշադիր լսում եմ, Արություն,-ժպտաց Պրոֆեսորը։

-Ռաֆայել Սեմյոնիչ, դու զենքի հետ, երբևիցէ գործ ունեցել ե՞ս,-սկսեց Հարութը,- գոնե Կալաշնիկով քանդած-հավաքած կա՞ս։

Արթուրն ու Արմենը լարվեցին, դարձան համակ ուշադրություն։ Նրանցից ամեն մեկը յուրովի` Պրոֆեսորի հետ ծանոթանալուց հետո, նույն մտատանջությունն ուներ։ Պրոֆեսորը` ոչ մի կերպ չէր թողնում տպավորություն մի մարդու, որն ընդհանրապես գործ է ունեցել զենքի հետ։
Ռաֆայել Սեմյոնովիչը ժպտաց.

-Ես էլ մտածում էի, թե երբ ես այդ հարցը տալու։ Նույնիսկ ուշացրիր։ Համալսարանում սովորելիս, իմ ռազմական մասնագիտացումը եղել է հրետանավոր։ Ռազմական հավաքի ժամանակ բոլոր զինատեսակներից կրակել եմ և նորմատիվները միշտ լավ եմ կատարել։

-Ինձ էլ են ժամանակին հավաքների տարել,-ավելացրեց Արթուրը, բայց մեր մեջ ասած ոչինչ էլ չէին սովորեցնում, նույնիսկ իմացածներս էինք մոռանում։ 2016-ի ապրիլյանի մի քանի օրում ավելի շատ բան սովորեցի, քան էդ հավաքներում։

-Դե դու «պարտիզան» ես եղել,-նկատեց Հարութը,- երևի առավոտից իրիկուն հարբեցողությամբ եք զբաղվել։ Դա նույնը չի։

-Մեզ մոտ ամեն ինչ, իհարկե, շատ ավելի լուրջ էր,-ավելացրեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- հավաքներն անցել եմ Վլադիմիրի մարզում, հրետանային գնդի բազայի վրա։ Բոլոր հրետանային համակարգերը պարտադիր փորձարկում էինք։ Կրակային վարժություններ էինք կատարում նաև գիշերային պայմաններում։

-Հա, էդ ուրիշ բան,-խոսեց Արթուրը,-ասեցիր, որ Ռուսաստանում ես հավաքներ անցել։ Նրանք շատ ավելի խիստ են, իզուր չի, որ իրանց Զակոն Իվանիչ են ասում։

Խոսակցության դադարները, լռությունը լցվում էր երաժշտության հնչյուներով։

-Բարձրացրու մի քիչ ձենը, Հարութ ջան,-հանկարծ կտրեց Արթուրը,-էս երգը շատ եմ սիրում։

-Էս կարգին ճաշակ ես ունեցել էլեկտրիկի համար,-կատակեց Հարութը` բարձրացնելով ընդունիչի ձայնը։

Լուռ վայելեցին երգը։ Մի քիչ լռելուց հետո Ռաֆայել Սեմյոնովիչը խոսեց.

-Իմ ու Արթուրի ճաշակները համընկնում են։ Ես էլ` Արփիի կատարումները շատ եմ սիրում. «Մախմուր աղջիկը», «Ծաղկած բալենին»։ Ծնողներս էլ շատ էին սիրում, իհարկե, ոչ Արփիի կատարմամբ։ Այն ժամանակ այլ երգչուհիներ էին։ Չէի կարծում, որ ժամանակակից երգչուհին կկարողանա նոր ձևով, բայց այդքան ոգեղեն ներկայացնել երգը։

-Դե դա մի բան ա նշանակում,-նկատեց Արթուրը,- որ կատարողի սիրտն ու հոգին մեծ են։

Հարութը, որ ճանապարհին էր լուռ նայում` թեք նայեց Ռաֆայել Սեմյոնովիչին.-ես գիտեի, թե դուք, էէէ նորից մոռացա, դու մենակ դասական երաժշտություն ես սիրում ու լսում։ Մեկ էլ մի բան էլ պետք է հարցնեմ, թե չէ կպայթեմ, Ռաֆայել Սեմյոնիչ, ես կարծում էի, թե դու հայերեն շատ վատ ես խոսում` հատկապես, որ ակցենտ էլ է զգացվում, բայց պարզվում է, որ բոլորիցս հարուստ բառապաշար ունես։

-Արություն ջան,-ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը,-դու այնքան էլ չես սխալվել։ Ես ծնվել ու մանկությունս անց եմ կացրել Ռոստովում։ Միջավայրը ռուսական էր, չնայած հայրս ու մայրս տանը աշխատում էին իմ ու քրոջս հետ հայերեն խոսել, բայց շատ ուշ հասկացա, որ իրենք էլ ոչ այնքան լավ էին տիրապետում գրական լեզվին։ Հիմնականում խոսակցական մակարդակ էր։ Չնայած դրան` մեր տանը միշտ հնչել է հայկական երաժշտությունը, երգը։ Մայրս ինքն էլ շատ լավ երգում էր` հատկապես Սայաթ Նովա։ Հետո հայրիկս ու մայրիկս, կատակով, իրար հետ վիճելով, փորձում էին Սայաթ-Նովայի երգերի բառերը հայերենից թարգմանել հայերեն։
Հայրս ավելի շատ դասական երաժշտության գիտակ էր։ Իսկ հայերենիս մակարդակը բարձրացավ, երբ ծնողներիս հրավիրեցին դասավանդելու Երևանի պետական համալսարանում։

-Դե, օրինակ, ես էլ ծանոթներ ունեմ Ռուսաստանից տեղափոխված,-ծիծաղեց Արթուրը,- ոնց որ թե ահագին հայերենները լավացել ա, բայց ըտենց բարդ բառեր չեն ասում, երևի իսկի չեն էլ հասկանում։

-Դե դա երևի գալիս է իմ մասնագիտության առանձնահատկություններից,-արձագանքեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- ֆիզիկան, մաթեմատիկան պահանջում են ճշգրտություն։ Առարկաները, երևույթները, ֆորմուլաները, գիտական օրենքները պետք է անվանել` ելնելով նրանց խորքային բնույթից և ֆորմալ բնութագրումից։ Այլ կերպ աշխարհը կդառնա մոտավոր և անիրական։

-Իբր վատ կլիներ, որ էտենց լիներ,-ծիծաղեց Արթուրը.- կարող ա էս պատերազմն էլ մոտավոր ըլներ։

Կամ էլ մի այլ վայրում,-ավելացրեց Արմենը։ Ծիծաղեցին։

-Մի խոսքով, խնդիր դրեցի, առավելագույնս տիրապետել մայրենի լեզվիս և կարծում եմ, որ չձախողեցի,-ավարտեց միտքը Ռաֆայել Սեմյոնովիչը։- Հետո խորացա այբուբենի առանձնահատկությունների մեջ։

-Որքանով որ ես տեղյակ եմ,- միջամտեց Արմենը,- աշխարհում` չնայած մի քանի հազար լեզուների առկայությանը, գոյություն ունի ընդամենը վաթսունհինգ այբուբեն, որոնցից մեկն էլ` մերն է։

-Իսկ տեղյա՞կ ես, սիրելի Արմեն,-ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը,- որ այդ վաթսունհինգի մեջ ընդամենը վեց այբուբեններն են համարվում լիակատար, որոնցից մեկը` Մեսրոպյանն է։

Արթուրը սկսեց ծիծաղել.

-Մինչև տեղ հասնենք ու բարով-խերով վերադառնանք, երևի մասնագիտությունս փոխեմ ու մեր կողքի ուսումնարանում «խառը» գիտություններ սկսեմ դասավանդել։ Մի քանիսը էնտեղ, ինձ թվում է, հենց էդպես էլ դաս են տալիս։

Հարութը ամբողջ խոսակցության ընթացքում ժպտում էր.

-Էս «խառը» գիտության գաղափարը պետք է նշել, մի կես ժամից արդեն կհասնենք Արենի։

-Էէէ,-անհանգստացած, նստած տեղում կուչ ու ձիգ արեց Արթուրը,-սա լավ նշան չի։ Դիմացի պատոկը շատ մեծ ա։ Բեռով-բանով, էրեխեքին մեջը լցրած։

Շտապ օգնության «բուխանկեքն» էլ են շատ։ Ֆռոնտը երևի մոտեցել ա էդ մարդկանց տներին։

-Այո,-մտահոգ նկատեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- իսկ համընթաց մեքենաների քանակը քիչ է, և հիմնականում ռազմական բեռնատարներ են։

-Թարգեք, ժողովուրդ,-ակնդետ ճանապարհին նայելով` կտրեց Հարութը,- լավ է լինելու։ Արենի կկանգնենք, համ մի կտոր հաց կուտենք, համ էլ մեր Արթուրի նոր մասնագիտությունը կնշենք։

Լռեցին։ Ամեն մեկն իր մտքերի հետ էր։

Մեքենան մի փոքր դուրս եկավ ճանապարհից և կանգ առավ ծառերի ստվերում ամփոփված փոքր հրապարակում, որտեղ սեղանների վրա դրված էին ապակյա մեծ ու փոքր տարաներ։ Բացի գինուց, գյուղացիները վաճառում էին տարատեսակ չորացրած մրգեր, սուջուխ, բաստուրմա, լավաշ, պանիր, կանաչի։ Հիմնական գնորդները դեպի Երևան ընթացող մեքենաների ուղեվորներն էին, որոնց երեխաները ուրախ գոռում-գոչյունով վազվզում էին սեղանների արանքում։ Մեծերը մռայլ էին և անտրամադիր, կանայք երկար-բարակ սակարկում էին գնի շուրջ։

-Լավ էլ աշխուժ բազառ ա,- նկատեց Արթուրը։

-Դե մենք ամեն ինչ ունենք,-մեքենայից իջնելով` ասաց Հարութը։ Մի շիշ տնական գինի վերցնենք, արագ մի կտոր հաց ուտենք ու մինչև Գորիս։ Ժամանակ չկա։

Տեսնելով Հարութենց խումբը` առևտրականներից մեկը ձեռքով արեց.

– Ախպերներ, մոտեցեք, ընտիր գինի ունեմ, ձեզ էլ էժան կտամ։

Մի սեղան այն կողմ կանգնած՝ սպիտակած մազերով տղամարդը ուշադիր նայեց քառյակին, հայացքը հատկապես սեւեռելով Ռաֆայել Սեմյոնովիչի վրա.

-Վաչո,-դիմեց առաջին առևտրականին,- դու քո առեւտուրն արա, տղերքով ես կզբաղվեմ։

Վաչոյի զարմացած հայացքի ներքո տղամարդը մոտեցավ Հարութենց.

-Էկեք, տղերք ջան, էկեք ինձ հետ։

Քառյակը, լուռ ու մի քիչ զարմացած, հետևեց տղամարդուն։ Հրապարակի աղմուկից հեռու, ծառերի մեջ թաքնված` սեղան կար դրված։ Ամեն կողմից հողի մեջ խրված իշոտնուկներ էին։
-Նստեք, տղերք ջան,- ասաց տղամարդը։ -Արուս,-դիմեց աներեվույթ մեկին,- արագի մեջ սեղան գցի, ախպերները վռազ են։

Հարութը փորձեց հակաճառել, ձեռքը տարավ դեպի ուսապարկը։ Տղամարդը աքցանի նման բռնեց ձեռքը.

– Չհամարձակվես, դուք իմ հյուրերն եք։ Իսկ ձեր ունեցածը հլը ձեզ շատ պետք կգա։

Արուսը, որը միջին տարիքի, կարճահասակ ու պինդ կին էր, զարմանալի արագությամբ շարեց աշնանային հյուրասիրությունը։

-Ծանոթ լինենք,-ասաց տղամարդը, իմ անունը Մանվել ա, մասնագիտությամբ գյուղատնտես եմ, բայց դա Սովետի ժամանակ էր, հիմա ի՞նչ գյուղատնտեսություն, ինչ բան, բոլորս դառել ենք ֆերմերներ։

-Տղա ջան,-դիմեց Արմենին,- որպես մեր միջի տարիքով փոքր` բաժակները լցրու։ Տեսնում եմ, որ գնում եք։ Ես էլ կգայի, բայց առողջականս հեչ բանի պետք չի, շնչառություն չկա։ Մտածում էի գնալ, բայց հասկացա, որ ավելի շուտ բեռ կդառնամ։

Հետո լռեց` դադար առավ ու շարունակեց.

– էն կողմից եկողները շատ-շատ են, գնացողները` քիչ։ Զգում եմ, որ վիճակը էն չի։ Տղես` Լեռնիկս, մեկ ու մեջ զանգում, կարճ խոսում ա` բան չեմ հասկանում։ Էէէ, որ հանդիպեք, պատմեք, որ ծնողներին տեսել եք։ Շատ խոսեցի,-աչքերը խոնավացան,-կերեք, ձեր ցավը տանեմ, պինդ կերեք, գիտեմ, որ ուշքներդ էնտեղ ա։

-Լեռնիկը, ո՞ր կողմերում է,- հարցրեց Հարութը, մենք կոնկրետ տեղ ենք գնում` եղբորս տղայի զորամասը։

Մանվելը գլուխը տմբտմբացրեց.

– Լեռնիկս ակնարկեց, որ իրենց տեղափոխել են նոր տեղ, բայց չասեց ուր։ Դե ճիշտ է անում։ Ասում են, թե թշնամական հետախուզական ինքնաթիռները, ամբողջ եթերը լսում են։ Չգիտեմ,-հոգոց հանեց Մանվելը։

Կինը, մի քիչ հեռվում կանգնած, ուշադիր որսում էր յուրաքանչյուր բառ` հույսով, որ միգուցե մի նոր բան կլսի իր Լեռնիկի մասին, բայց տեսնելով, որ անհույս է, աչքերը սրբելով հեռացավ։

-Եղբայր,-դիմեց Մանվելը Ռաֆայել Սեմյոնովիչին,-տեսնում եմ դու էլ ջահել չես, բայց տես` գնում ես։ Հըը՞, միգուցե ես է՞լ կպնեմ ձեզ։

Անսպասելի հայտնվեց Արուսը.

– Երկու քայլ անում ես, շնչակտուր ես լինում, դու լավ կանես թոքերդ բուժես։ Գնամ։ Իսկ թոռներիդ, հարսիդ ո՞վ պետք ա տիրություն անի։

-Էէէ,-ձգեց Մանվելը,- էս կանայք մեզնից` տղամարդկանցիցս շատ գրքեր կարդացին, բայց էդպես էլ էս կյանքից բան չհասկացան։

-Որովհետև կյանքը և գիրքը հազվադեպ են զուգադիպում,-ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը, հիմնականում դրանք չհատվող զուգահեռներ են։

Հարութը վեր կացավ, հիշեց տատին.

-Բայց էդ գրքերը մարդկանց բացատրում են ճիշտ արժեքները և որոշումների ուղիները։

Արթուրը ծիծաղեց.

– Հետ գալուց հետո կտաս էդ գրքերի ցուցակը, Հարութ ջան, չնայած դպրոցում, էդքան էլ լավ չէի սովորում, բայց որոշները կարդացել եմ։

-Արուս,-ձայն տվեց Մանվելը,- մի քանի շիշ էն ընտիր գինուց դիր տղեքի բոխչի մեջ։

-Ամեն ինչ դրած ա,-ցածր ձայնով արձագանքեց Արուսը, մոտեցավ, տվեց Արմենի ձեռքը։ Հետո չդիմացավ,-ցավդ տանեմ, ջահել բալաս, բեր մի հատ թշերդ պաչեմ, Լեռնիկիս կարոտն առնեմ։

Ռաֆայել Սեմյոնովիչը բարձրացրեց բաժակը.

– Սիրելի Մանվել, տիկին Արուս, խորապես զգացված ենք ձեր վերաբերմունքի համար։ Աստված տա, հետդարձին կհանդիպենք, նաև Լեռնիկի հետ կծանոթանանք ու միգուցե միասին գնանք Նորավանք։ Ես անպայման պետք է գնամ։ Երբ ֆիզմաթ դպրոցում էի սովորում, ամառային արձակուրդներին խումբ ստեղծեցինք և ամբողջ Հայաստանը ոտքով անցանք։ Գիշերում էինք վրաններում։ Մինչև գիշերուշ նայում էինք աստղերին։ Քանի որ մաթեմատիկայի ուսուցիչը, որը մեր խմբի ղեկավարն էր, Արցախից էր, ուղին այնպես էր գծել, որպեսզի ներառի նաև այնտեղի պատմամշակութային արժեքները։ Հետագայում ` մասնագիտության բերումով, աշխարհի շատ վայրերում եմ եղել, բայց երբ տրամադրության անկում էի ունենում, փակում էի աչքերս և փորձում վերականգնել այն պատկերները, որոնք համընկել են իմ երջանկության պահերի հետ։ Եվ հիմնականում, դրանք կապված էին այդ ճանապարհորդության հետ, ամենից հաճախ տեսնում էի դեպի Նորավանք տանող ճանապարհը և կարմիր լեռան ֆոնին գծագրվող եկեղեցիները․․․ Ինչ-որ շատ խոսեցի,- վեր կացավ Ռաֆայել Սեմյոնովիչը,- երևի այս անմահական գինին էր պատճառը։ Դե ի՞նչ, Արություն ջան, շարժվե՞նք։

-Վայ, ախպերս, էլի խոսի,- հակաճառեց Մանվելը,- էնքան գեղեցիկ ու ճիշտ ներկայացրեցիր մեր Նորավանքը։ Դուք մենակ հետ էկեք, ես անձամբ եմ ձեզ էնտեղ ուղեկցելու։

Ջերմ հրաժեշտից հետո տեղավորվեցին մեքենայի մեջ։ Եվ առևտրականները, և գնորդները շրջվել էին Հարութի հոր «Վոլգայի» ուղղությամբ` ասես պատվո պահակ լինեին։ Հարութը ձեռքը պատուհանից դուրս հանեց` հրաժեշտի նշան արեց, և մեքենան շարժվեց։ Բոլորը ձեռքով արեցին, մի քանի կանայք խաչի նշանով կնքեցին մեկնողներին։

-Կարգին մարդ էր,-լռությունը խախտեց Արթուրը։ Մի քիչ որ իրա նմանները շատ լինեին, կարգին ազգ կլնեինք։

-Միգուցե տղային կհանդիպե՞նք,-ավելացրեց Արմենը,-կպատմենք, թե ինչպես պատահական ծանոթացանք ծնողների հետ։

-Արմեն ջան,-սկսեց Հարութը,- իմ հույսը քո վրա էր, վերջիվերջո երկու տարի հետախուզությունում ես ծառայել, բայց աչքիս Ռաֆայել Սեմյոնովիչն էլ վատ չգիտի էդ տեղերը։

-Ուրեմն հետախու՞յզ ես, Արմեն,-խոսեց Ռաֆայել Սեմյոնովիչը,-երևի այդ պատճառով էլ որոշել ես աշխարհագրագե՞տ դառնալ։

-Ավելի շուտ` հակառակը,-պատասխանեց Արմենը։ Դեռ դպրոցում էի որոշել ընդունվել աշխարհագրության ֆակուլտետ, մեկ տարի սովորելուց հետո եմ զորակոչվել բանակ։ Իսկ հատուկ նշանակության զորամասում ծառայելուն օգնեց սպորտով զբաղվելուս հանգամանքը։

-Սպորտի գծով ես ու Արմենը ադաշներ ենք,- ծիծաղեց Հարութը, ինքն էլ է սամբո-ձյուդոյի վարպետ։

-Լավ տանկի էկիպաժ կլինեինք,-ծիծաղեց Արթուրը,- Հարութ ջան, դու՝ տանկի վարորդ, Պրոֆեսորը` թույն նշանառու, դե մեր դռբով Արմենն էլ սնարյադները վռազ-վռազ զարիժատ կաներ։

-Բա դու՞,-թեք նայեց Հարութը։

-Դե ես էլ թե մի բան պատահեր տանկին կամ էլեկտրիկային` կվերանորոգեի։

-Չկպավ,-ժպտաց Հարութը,-քեզ ուրիշ գործ հորինի։ Չգիտե՞ս, որ տանկի վարորդը կոչվում է վարորդ-մեխանիկ։ Կինոներում հեչ չե՞ս տեսել, թե ոնց է կվալդով ընկնում տանկի ջանին։ Էնպես, որ հացիս վայիս մի էղի։

-Լավ, ախպեր, հասկացանք,-սուտ նեղացավ Արթուրը,-ես էլ ձեր տրամադրության բարձրացման վրա կաշխատեի։ Հո մենակ կրակելով չի՞։

-Սովետական բանակում դա կոչվում էր զամպալիտ,-ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը,- հրամանատարի տեղակալ քաղաքական գծով։

-Վայ Արթուր ջան,-ծիծաղը չկարողացավ զսպել Հարութը,-Ռաֆայել Սեմյոնիչի թեթև ձեռքով իսկական զամպալիտ դարձար։

-Է, ինչ կա՞ որ,- վրա բերեց Արթուրը,- վատ էլ չի հնչում։ Դա նույնն ա, ոնց որ առաջ գնդի հոգևորականները, չէ՞։ Եղիշեն, որ գրել ա Ավարայրի ճակատամարտի պատմությունը, հոգևորական չէ՞ր,-խորամանկորեն աչքերը կկոցեց Արթուրը,- էն ժամանակ իրենք էին դուխ տալիս, հետո՝ աթեիստների ժամանակ, էդ ֆունկցիան իրանց վրա էդ ձեր ասած զամպալիտները վերցրին։

-Վերջը էսպես որ գնա,- շարունակեց Հարութը,- երևի ձեր կողքի ուսումնարանում եկեղեցու պատմությունն էլ մտցնես քո «խառը» գիտության մեջ։

-Չէ, Հարութ ջան,-տխուր ասեց Արթուրը,- շնորհակալ եմ։ Ես իմ գործից դիլխոր չեմ։ Գործից լավ հասկանում եմ, պատվերները շատ, լավ մարդկանց զեղչեր ես անում` շնորհակալ են լինում, ընտանիքս էլ ամեն ինչով ապահովված։ Դասախոսությունները Ռաֆայել Սեմյոնովիչի պես խելացի մարդիկ պետք ա կարդան, որ մեր դռբով Արմենի պես ջահելներն էլ, իսկ հետագայում իմ երեխեքը ավելի հեռու գնան, ավելի լավ մասնագետ դառնան։

Երեխաներին հիշատակելիս, Արթուրի ձայնը դողաց։ Լռեց։ Արմենը, որ նստած էր կողքին, անմիջապես զգաց Արթուրի տրամադրության փոփոխությունը։

-Արթուր, հենց որ վերադառնանք, որոշել եմ հիպոտեքով բնակարան գնել։ Կարող ե՞մ էլեկտրիկայի գծով հույսս քեզ վրա դնել։ Զեղչեր էլ կլինեն, չէ՞,-կատակեց։

-Ցավդ տանեմ, իմ ախպեր,- ամենայն լրջությամբ պատասխանեց Արթուրը,- դու մենակ առ, ամբողջ բնակարանիդ էլեկտրիկան ինձանից` քեզ նվեր։

-Ուրեմն շտապ պետք է առնես,- ծիծաղեց Հարութը,- մի բանով էլ ես օգտակար կլինեմ, չնայած ուստությունից հեռու եմ։

-Հարութ ջան, ուշադիր,-գոռաց Արթուրը,- էդ ախմախը պավառոտի վրա վստրեչ ա գալի։

Հարութը զայրացած ոտքը սեղմեց արգելակին, դանդաղեցրեց ընթացքը ու ձայնային ազդանշանով մի քանի քաղցր խոսք հղեց սխալ վազանցողին։

-Ասա, էսպես գլխապատառ ու՞ր եք փախչում,-նկատեց Արմենը,-ասենք հասաք Երևան, հետո՞։

-Աստված իրենց հետ,- խոսեց Ռաֆայել Սեմյոնովիչը, որը բավականին ժամանակ լուռ էր,-ոչ ոքի պետք չի մեղադրել, ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը և հետո ամբողջ կյանքը ապրում այդ որոշման հետ։ Եվ հետո միգուցե այդ կոնկրետ անձնավորությունը ուղղակի երեխաներին է ապահով վայր տեղափոխում, որից հետո կվերադառնա։

-Աստված տա, որ քո ասածով ըլնի,Պրոֆեսոր ջան,- արձագանքեց Արթուրը։ Մի քիչ լռեց ու շարունակեց,- Պրոֆեսոր, մի բան եմ ուզում հարցնել, հույս ունեմ չես նեղանա։

Ռաֆայել Սեմյոնովիչը զգաց, որ Հարութը լարվեց։

-Լսում եմ, Արթուր։ Համակ ուշադրություն եմ։

-Պրոֆեսոր, իսկ դու, որ էդքան Նորավանքից Արենիում պատմեցիր, ուրիշ եկեղեցիներից էլ տեղյա՞կ ես, ինքդ Աստծու հետ ո՞նց ես, հավատում ե՞ս,- հետո թոթափելու համար անհարմարության զգացումը ավելացրեց,- օրինակ, ես շատ եմ դրա մասին մտածում, բայց մինչև հիմա չեմ հասկացել։ Մեկ-մեկ թվում ա, թե հեսա, հասկացա, բռնեցի։ Մեկ էլ ջրի նման, մատներիս արանքով հոսում, գնում ա։

-Այ Արթուր, ուրիշ թեմա չկա՞ր,-կուչ ու ձիգ արեց Հարութը։ Դա անձնական դաշտ է, ամեն մարդ իր մեջ է պահում։

-Ինչի՞,-զարմացավ Արթուրը, մենք բոլորս` հայ քրիստոնյա չե՞նք։ Իրար հետ չե՞նք եկեղեցիներում մոմ վառում ու աղոթում։ Պրոֆեսորից ավելի խելոք մարդ պիտի գտնե՞մ, որ հարցնեմ։

-Արթուրի հարցի մեջ ոչ մի վատ բան չկա,-խոսեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- սիրով կզրուցեմ իմ պատկերացումների մասին, բայց մի խնդրանք,- ինչ որ կասեմ, դրանք իմ անձնական մտորումների հետեւանք են և երբեք պետք չի ընդունել, որպես աքսիոմատիկ ճշմարտություններ։ Ես էլ քեզ նման զգացողություններ եմ ունենում` մեկ թվում է, որ ահա-ահա` մոտենում եմ ճշմարտությանը, և հանկարծ տեղի է ունենում թվացյալ աննշան մի բան, և այդ մտային աշտարակը հիմնահատակ է լինում։

-Ես ինչքանով որ տեղյակ եմ,- միջամտեց Արմենը,- բոլոր մեծագույն գիտնականները, փիլիսոփաները, իրենց կյանքի ինչ-որ մի կարևոր պահի եկել են Աստծու գոյության գիտակցությանը։ Այդ թվում և Էյնշտեյնը։

-Ես համոզված եմ,-շարունակեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- որ գոյություն ունի էներգետիկ-ինֆորմացիոն սկիզբ, որն էլ հանդիսանում է տիեզերական ներդաշնակության հիմքը։ Իմ կարծիքով, հենց դա է ամեն ինչի սկիզբը, որին մարդկությունը անվանել է Աստված։ Այդ Սկզբի ամենամեծ նվերը մարդկային տեսակին մաթեմատիկան է և յոթ երաժշտական նոտաները։ Ամբողջ տիեզերքը այս յոթ նոտաների մեջ համապարփակ տեղավորվում է։ Շնորհիվ այդ յոթ նոտաների՝ մարդ արարածը մի փոքր մոտենում է կատարելությանը, բայց խորությունները այնքան մեծ են, որ փորձ է անում հատել ինչ-որ երեվակայական սահմաններ։ Բայց դա շատ հազվադեպ` տրված է միայն ընտրյալներին։ Մաթեմատիկան և երաժշտությունը, իմ կարծիքով նույնական են։ Նրանց հիմքում` համատիեզերական ներդաշնակությունն է։

Բոլորը լուռ, մեծագույն ուշադրությանբ լսում էին։ Առաջինը լռությունը խախտեց Արմենը.

– Բայց այդ դեպքում, Պրոֆեսոր, երևի թե չպետք է լիներ կրոնական նմանատիպ բազմազանություն։ Պետք է լիներ մեկ համաշխարհային կրոն` հավատամք։

-Սիրելի Արմեն,իմ կարծիքով բոլոր համաշխարհային կրոնների հիմքում դրված է նույն միասնական Սկիզբը, փաստացի իրար կրկնող բարոյական արժեքները և վարվելակերպային սահմանափակումները։ Շատ դեպքերում նույնիսկ մարգարեներն են ընդհանուր, օրինակ` Հիսուս Քրիստոսը, որքան էլ պարադոքսալ դա հնչի, մահմեդական կրոնում, Մուհամեդից հետո, իր նշանակությամբ` երկրորդ Մարգարեն է։ Կրոնների մեջ մնացած տարբերությունները, ավելի շատ բացատրվում են աշխարհագրական և էթնիկական առանձնահատկություններով։

Հարութը, որ մեծագույն ուշադրությամբ լսում էր Ռաֆայել Սեմյոնովիչին, չդիմացավ.

– Էդ դեպքում եթե կարող էր լինել մեկ Կրոն, դուրս է գալիս, որ կարող էր լինել մեկ Ազգ։ Ես դրա հետ համաձայն չեմ,- երեխայի նման հակաճառեց նա,- հո իզուր չի, որ մենք հայ ենք, որ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը։ Նույնը հույները, ճապոնացիները, չինացիները, վերջը…

Արթուրը ծիծաղեց.

– Հո իզուր չեն մեր Հարութին տվել «հայրենասեր» անունը, տեսա՞ր ոնց նեղվեց։

Ռաֆայել Սեմյոնովիչն ու Արմենն էլ ծիծաղեցին։

-Արություն ջան, ամեն ինչ ճիշտ ես ասում։ Ազգերը, այս մոլորակի համն են, ամեն մեկը ընդհանուր խճանկարի մեջ իր ուրույն գույնն ու դիմագիծն ունի։ Օրինակ` հրեաները միշտ իրենց համարել են ընտրյալ ազգ, որն ունի հատուկ առաքելություն։ Եվ այդ առաքելության զգացողությունն է, որ շարունակական աքսորների, ճնշումների ներքո, ցեղասպանության իրագործումից հետո թույլ տվեց նրանց վերստեղծել իրենց պետությունը` պատմական հայրենիքի տարածքում։

-Այսինքն,-հույսով հարցրեց Հարութը,- նշանակում է, որ պատահական չի, որ մենք հայ ենք ծնվել, այլ ոչ թե, ասենք` ալեուտ կամ կալմիկ։

-Պատահական չի, Արություն ջան, պատահական չի,-հանգստացրեց Ռաֆայել Սեմյոնովիչը,-բնության մեջ պատահականություններ չեն լինում, ամեն ինչ օրինաչափ է։

Արմենն աշխուժացավ.

– Երևի մենք նույնպես ընտրյալ ազգ ենք։ Մեր լեզուն` հնդեվրոպական լեզուների շարքում առանձին ընտանիք է կազմում, որը եզակի երեւույթ է, մենք ունենք մեր անկրկնելի այբուբենը, որի նմանը չկա։ Եվ վերջապես, մեր եկեղեցին, որը նույնպես ինքնատիպ ու եզակի է։

-Վայ Արմեն ջան, ապրես դու,- Արթուրն էր,- սրտիցս ջուր խմեցիր։

Ինչքան պարզ ու հասարակ ասաց՝ մտածեց Ռաֆայել Սեմյոնովիչը, և ամեն ինչ ճիշտ ու տեղին։ Հետո մեղադրեց ինքն իրեն՝ գլուխները տարա իմ միստիկական մտքերով, ասես փիլիսոփայական խմբակի քննարկումներում եմ։ Լռեց՝ հասկանալով, որ իր բառերը որոշակի շփոթ են առաջացրել ուղեկիցների ուղեղներում։

-Հարութ ջան,- ձայն տվեց Արթուրը,- մի հատ քաշի գետի կողքը, լվացվենք, թարմանանք։ Առաջին հերթին` դու։

Հարութը, նկատելով գետի ափ տանող արահետը, դանդաղեցրեց ընթացքը և մտավ խճածածկ ճանապարհ։ Գետից մի քանի մետր հեռավորության վրա մեքենան արգելակեց։ Իջան, ձգվեցին, մոտեցան ջրին։ Արթուրը հանեց զինվորական կոշիկները, բարձրացրեց շալվարի փողքերը և, նստելով ողորկ քարի վրա, ոտքերն իջեցրեց ջրի մեջ։

-Օխա՜յ,- հաճույքով ձայն տվեց,- դրախտ ա։

Մյուսները սկզբում մերկացան մինչև գոտկատեղը և մի լավ` գլխով-մարմնով լվացվելուց հետո, հետևեցին Արթուրի օրինակին։

Զինվորական հաստակրունկ, պինդ կոշիկներից շիկացած ոտքերն ասես թշշացին։

Արթուրը դարձավ դեպի Ռաֆայել Սեմյոնովիչը.

– Պրոֆեսոր ջան, էն մաթեմատիկայի ու երաժշտության պատմածիդ համար շատ շնորհակալ եմ։ Ինձ թվաց, որ շատ բաների նոր ձևով սկսեցի նայել, բայց կրոնի պահով ես ավելի շատ մեր Արմենի կողմից եմ։ Ու ոնց որ մեր ազգը, լեզուն ու եկեղեցին ա առանձնահատուկ, էնպես էլ մեզ հետագայում բաժին ընկնող դրախտն ու դժոխքը։ Ես ուրիշի պապեր-տատերի հետ ի՞նչ գործ ունեմ, ես մյուս կյանքում իմ հարազատներին եմ ուզում հանդիպել, ինչ որ չեմ հասցրել հարցնել, իմանալ։ Ումից էլ կարոտ եմ մնացել` կարոտս առնել։

Ռաֆայել Սեմյոնովիչը մի տեսակ անհարմարության զգացողություն ունեցավ.

– Արթուր, սիրելիս, իմ ասածներին շատ ուշադրություն մի դարձրու, ամեն մարդու հավատը անձնական է ու հաճախ հիմնված է հոգեկան աշխարհի ենթագիտակցական, զգայական շարժերի հետ։ Ինչպես, որ զգում ես, այդպես էլ կա։

-Մխիթարում ե՞ս, թե՞ իսկապես էդպես ա, Պրոֆեսոր,- կոշիկները հագնելով` հարցրեց Արթուրը։

-Համարի, որ ասածիս վրա կնիք էլ եմ դնում,-ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը։

-Այ հիմա հանգիստ եմ,- տեղից ծիծաղելով բարձրացավ Արթուրը,- թե չէ առանց հավատի, ու՞ր ենք գնում, ի՞նչն ենք ուզում պաշտպանել։

-Ժողովուրդ, նստեցինք մեքենա,- գոռաց Հարութը,- բան չմնաց` շուտով կհասնենք Գորիս։

Աշնանային ճանապարհը զուգահեռվում էր գետի ոլորաններին հետ։ Ձախ թևի վրա լեռան անվերջ պատն էր, իսկ աջ կողմում ծառերի մեջ մեկընդմերթ երևացող ու կորչող գետն էր։ Երկար ու ձիգ, մի անվերջ կիրճ։

Հարութը ասես շարունակեց Արթուրի՝ օդում կախված հարցը.

– Ու՞ր ենք գնում, ու՞մ և ի՞նչն ենք պաշտպանում։ Մեր ժողովրդին, մեր արյունակիցներին, մեր հավատակիցներին։ Հազարավոր տարիներ նույնն է եղել։ Ռաֆայելները, Արմենները, Արթուրները ոտքի են կանգնել` հանուն էդ հանունների։ Հաղթել են, պարտվել են, բայց նրանց պայքարի շնորհիվ է, որ Հայաստան աշխարհը մինչև մեր ժամանակներն է հասել։

Արմենը գլխով արեց.

– Հարութ, ես կարծում էի, թե առաջին պատերազմին ամբողջ հայ ժողովուրդն է մասնակցել` դպրոցում այդպես էին սովորեցնում։ Հետո իմացա, որ դա այդպես չէ։ Ընդամենը չնչին տոկոսն է մասնակցել։

Արթուրը ծիծաղեց.

– Մի մեղադրի, մարդիկ տարբեր են, այ օրինակ, ես մի օգնական ունեմ…

-Չեմ մեղադրում,-կտրեց Արմենը,- ես հո դատավոր չե՞մ, ուղղակի ինձ համար դա պատվի ու արժանապատվության խնդիր է։ Եվ հռոմեական լեգեոնների ժամանակ, և պարսկական, և մոնղոլական, և թուրքական արշավանքների ժամանակ նույնն ա եղել։

-Շատ խորացար, իմ դռբով ախպեր,- ծիծաղեց Արթուրը,- գնացիր հասար Վարդան Մամիկոնյանին։

-Ավելի շուտ Մխիթար Սպարապետին,- ժպտաց Արմենը։ Նրա գոնե գերեզմանն է պահպանվել։
Հետո, կարծես համարձակություն ձեռք բերելով, դիմեց Ռաֆայել Սեմյոնովիչին,- Պրոֆեսոր, հարցս չհամարեք հանդգնություն,դուք հանուն ինչի՞ եք գնում։

Ճնշող լռություն տիրեց։ Միայն մեքենայի շարժիչի և անվադողերի ձայնն էր լսվում։ Ռաֆայել Սեմյոնովիչը քորեց ճակատը ու դարձավ Արմենին.

– Հանուն ինչի՞․․․ Ես հարցը կվերափոխեի նման ձևով․ ինչի՞ դեմ, ինչի՞ն եմ պատրաստ դիմակայելու։ Եթե մեկ բառով` բարբարոսությանը, բարբարոսներին։ Ի՞նչ են անում բարբարոսները։ Առաջին հերթին փորձում են ոչնչացնել դիմակայող էթնոսի հետ միասին նրա ներկայությանը վերաբերող ազգային, քաղաքակրթական, մշակութային, նույնիսկ ամենաչնչին հետքերը։ Ես որպես այդ էթնոսի գենի կրողը պարտավոր եմ ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա։ Տեղի չունենա էթնոսի վերջնական անհետացումը իր պատմական հայրենիքի տարածքում։ Դա երկար, տևական գործընթաց է։ Իսկ դրան նախորդում է ժամանակային առումով կարճ, բայց իր դաժանությամբ կործանարար էթնոսի ֆիզիկական ոչնչացումը։ Դրան դիմագրավել կարող են միայն այդ ազգի ներկայացուցիչները, ուրիշ ոչ ոք։ Չէի ցանկանա երկարացնել, քանի որ նման որոշումները հիմնականում ներքին մղումի հետևանք են։ Ամեն ոք ինքն է իր որոշումը կայացնում։

-Պրոֆեսոր ջան, շատ ես բարդացնում,- ծիծաղեց Արթուրը,- ասա գնում ենք մեր թշնամիների ատամները ջարդենք։ Իսկ թշնամի են, որովհետև չեն հարգում մեզ, ուզում են ստիպեն, որ իրենց ենթարկվենք։ Մեկը ես։ Եթե հանկարծ զգում եմ, որ մեկը ցանկություն ունի ինձ խաբի կամ բան ստիպի, կանեմ լրիվ հակառակը։

Մտան Գորիս։ Աշնանային գույները ավելի էին ընդգծել քաղաքի բնական գեղեցկությունը, նրա ուրույն, ոչ մի այլ տեղ չհանդիպող ճարտարապետական դիմագիծը։ Մեքենաների քանակը շատ էր` հատկապես ռազմական բեռնատարների։ Մարդկանց դեմքերից կախված էր մտահոգության ամպը։ Փոքրիկ հրապարակում տեսան խմբված մարդկանց։ Հարութը բարևեց և հարցրեց զորամասի տեղը։ Բոլորը միասին սկսեցին բացատրել։ Հետո տեսնելով Հարութի շփոթված հայացքը՝ նրանցից մեկն ասաց.

– Եղբայր, քշի իմ մեքենայի հետևից։

Հին «Օպելը», որի վրա տաքսու նշան կար, դանդաղ շարժվեց։ Հարութը հետևեց «Օպելին»։ Մի քանի լուսացույցերից և շրջադարձերից հետո «Օպելը» կանգ առավ բավական մեծ խմբից որոշ տարածության վրա։ Մի քիչ զարմանալի էր, որ խմբում կային և տղամարդիկ, և կանայք։
Մեքենայից դուրս գալով` վարորդը ձեռքով արեց Հարութին։

-Դուք մնացեք մեքենայի մեջ, ես տեսնեմ` ու՞մ եմ գտնում, որ մեզ ուղեկցի,-արագ ասաց Հարութը` բացելով մեքենայի դուռը։

Ռաֆայել Սեմյոնովիչը և տղաները հետաքրքրությամբ նայում էին դարպասների առջև խռնված ամբոխի ուղղությամբ։

-Երեւի ջահելների ծնողներ են, եկել են բարի ճանապարհի,-բարձրաձայնեց Արթուրը։

Ռաֆայել Սեմյոնովիչը նկատեց, որ «Օպելի» վարորդը ինչ-որ բան ասեց Հարութին` մինչ նա կհասներ դարպասներին։ Հարութը անցավ ամբոխի միջով և, մոտենալով երկաթե դռանը, ուժեղ թակեց։ Որոշ ժամանակ անց դուռը բացվեց, որին զուգընթաց աղմուկն ուժգնացավ։ Հարութը ներս մտավ։

-Դուրս գամ, մի հատ ծխեմ, քանի Հարութը չկա,- մեքենայից դուրս գալով` ասաց Արթուրը։ Մոտեցավ «Օպելի» վարորդին, որը մնացել էր մեքենայի մոտ կանգնած, ասես ինչ-որ բանի էր սպասում։ Արթուրը գրպանից հանեց ծխախոտի տուփը, հյուրասիրեց վարորդին։ Մի-մի մուխ քաշելուց հետո, Արթուրը, նայելով մարդկանց կողմ, հարցրեց,- էս տեղացիներ ե՞ն։

-Չէ, այ ախպեր, ինչ տեղացի, ով՝ որտեղից,-պատասխանեց վարորդը,- քշել, հասել են Գորիս,-
տեսնելով Արթուրի հարցական հայացքը` ավելացրեց,- մոբերի ծնողներն են։ Աղմուկ են դրել, ասում են` չենք թողնի մեր էրեխեքին ֆրոնտ տանեք։

Արթուրը զարմացած նայեց վարորդին.

– Ու զինվորականները ոչ մի բա՞ն։

-Դե տեսնում ես, էլի,-հոգոց հանեց վարորդը,- էս ա վիճակը։ Իրենց էրեխեքի արյունը ավելի կարմիր ա, քան ձերը։ Տեսնում եմ, որ գնում եք էն կողմ։

-Մենք ջհանդամը,-զայրացավ Արթուրը, բա էն էրեխեքը, որ արդեն ինչքան ժամանակ ա, գիշեր-ցերեկ կռվում են։

Դուռը մի փոքր բացվեց։ Երևաց Հարութը։ Ժողովուրդը նորից աղմկեց.

– Չենք թողնելու տանեք, փակելու ենք վառոտները,-լսվեց տարբեր կողմերից։

Հարութը չէր կարողանում անցնել։ Դիմացը կանգնած տղամարդուն ինչ-որ բան ասաց, սա բարձրացրեց ձեռքը, որը այդպես էլ մնաց օդում։ Արմենը իրեն դուրս նետեց մեքենայի միջից, Արթուրն ու վարորդը նույնպես վազեցին Հարութի կողմ։ Ռաֆայել Սեմյոնովիչը բացեց մեքենայի դուռը և այլայլված նայում էր այդ տեսարանին։ Կարկամեց զարմանքից։ Անելիքը չգիտեր։
Հարութի մատերը աքցանել էին տղամարդու դաստակը։ Նրա ակնդետ հայացքից տղամարդը ասես փոքրացել էր։

-Հիմա գետնի փոշիների մեջ չես, որովհետև տղադ դարպասների էն կողմում է, ու երևի ճեղքից էլ նայում է հոր քաջագործություններին։ Դու ոչ թե էս դարպասը պետք է պահես, այլ տղայիդ հետ միասին նստես մեքենա ու գնաս ճակատ,- ու սա բոլորիդ համար է ասվում` նայելով տղամարդկանց վրա,- ատամների արանքից նետեց Հարութը։

Հետո Ռաֆայել Սեմյոնովիչը չլսեց, թե ինչ է խոսում Հարութը, բայց ոնց որ հրամանով ամբոխի հայացքները շրջվեցին իր կողմը։ Մարդիկ զարմանքով, որոշները հարգանքով ու ակնածանքով, նայում էին ալեխառն մազերով, հաստ ապակիներով ակնոցներ դրած` գիտնականի արտաքինով մարդուն։

Արմենն ու Արթուրը, ճեղքելով ամբոխը, մոտեցան Հարութին։

-Լավ մտածեք,- նետեց Հարութը, էնտեղից մինչեւ ձեր տները հինգ-վեց ժամվա ճանապարհ է։ Հետո ո՞նց եք ապրելու։ Մի օր պատասխան տալու ժամանակը գալու է, չէ՞։

Երբ մոտեցան մեքենային, Հարութը, արդեն խաղաղված, շրջվեց մարդկանց կողմը և գոռաց․

– Հա, մի բան էլ ասեմ։ Ձեր էրեխեքը էնտեղ ներսում ձեր հետ համաձայն չեն։

Ամբոխը լռեց։ «Վոլգային» մոտեցավ «Օպելի» վարորդը.

– Եղբայր ես գիտեմ, թե ձեզ ով ա պետք, ետևիցս քշեք։

Մեքենաները մի քիչ հետ ու առաջ տալուց հետո դուրս եկան փողոց։

-Հարութ ջան, ներսն ի՞նչ վիճակ էր,- հարցրեց Արթուրը։

-Բառդակ,- կարճ նետեց Հարութը։- Շունը տիրոջը չի ճանաչում։ Սրանց ողբ ու կականն էլ մի կողմից։ Ձեր սրիկա հերն եմ անիծել։

Հայհոյել Հարութը չէր սիրում։ Կռիվներն էլ լուռ էր անում։ Ասում էր` դե ինչ հայհոյեմ, հենա, Լյովը բոլորիս տեղն էլ քրֆում ա։ Մաքսիմում Հարութն օգտագործում էր` հիմար, սրիկա։ Տատը միշտ ասում էր՝ բալիս բերանը մաքուր ա։

-Լավ դիմացար, ախպերս,-խոսեց Արթուրը, ես դրա բերանին կիջնեի։

-Էդ էլ իրեն հերիք էր,-պատասխանեց Արմենը, մենակ էտ էր պակաս մնացել, որ գնալուց առաջ մի հատ էլ մերոնց հետ քաշքշվեինք։

-Մեղք, մոլորյալ մարդիկ են,-ավելացրեց Ռաֆայել Սեմյոնովիչը,- զգացմունքների և բնազդների ազդեցության տակ են։ Իրենց կարելի է հասկանալ։ Բայց ու՞ր են իշխանությունները, այ սա վտանգավոր միտում է։

Արթուրը ծիծաղեց, տղաներն էլ միացան.

– Վայ, Պրոֆեսոր ջան, բոլորը քեզ համար անմեղ են, մոլորյալ ու մեղք են։ Բա դու ո՞նց ես կռվելու, ո՞նց ես կրակելու թշնամու վրա։

Ռաֆայել Սեմյոնովիչը լռեց, հետո հոգոց հանեց.

– Նրանց մեջ էլ, համոզված եմ, քիչ չեն մոլորյալները, ուղղակի թունավորված են քարոզչության թույնով։ Ամեն մեկը չէ, որ կարող է դիմագրավել դրան,- հետո շրջվեց Արթուրի կողմ,- երբ որ պաշտպանում ես քո գերեզմանները, հավատա ինձ` երկընտրանք չես կարող ունենալ։

-Ոսկե խոսքեր են,- Պրոֆեսոր ջան,- արձագանքեց Արթուրը,- այ շնորհակալ եմ էդ դասի համար։ Բայց ինչի՞ մենակ գերեզմանների համար։ Բա մեր մարդի՞կ, էրեխեքը, եկեղեցիները, սրբությունները։

Արմենը, որ լուռ, ուշադիր լսում էր, խոսեց.

– Գերեզմանները հավաքական խորհրդանիշն է, մեր հազարամյա ներկայության, մշակույթի և սրբությունների։

-Տեղին մեկնաբանություն էր, Արմեն ջան, ապրես,-տխուր ժպտաց Ռաֆայել Սեմյոնովիչը,- շատ լավ բացահայտեցիր էությունը։

-Այ մարդ, էս մեր «Օպել» ախպերը լրիվ խելքը գցել ա,-ձեռքերով ծափ տվեց Արթուրը,- էս հիվանդանոց ինչի՞ բերեց։

Եվ իսկապես «Օպելը» դանդաղեցրեց ընթացքը և, շրջանցելով հիվանդանոցի հիմնական մասնաշենքը, մոտեցավ մի` փողոցից չերևացող մուտքի, որի մոտ կանգնած էր «Ford Transit» մակնիշի միկրոավտոբուս։ Երբ մոտեցան և կանգնեցին մեքենայի առաջ, նկատեցին, որ այն ամբողջովին քերծված և ծակծկված է, մի քանի պատուհանի ապակիների փոխարեն, ուղղակի հաստ կարտոններ էին՝ սոսնձվող ժապավեններով կպցված։ Մի երիտասարդ տղա` միկրոավտոբուսի կողային դուռը բացած, մեքենայի հատակը նստատեղ դարձրած` հաց էր ուտում, մեկ-մեկ ձեռքը վերցնելով կոլայի երկուլիտրանոց շիշը։ Վարորդը քնած էր։ «Օպելի» վարորդը մոտեցավ կոլայի շշից խմող խարտյաշ երիտասարդին։

-Բարևներս, մեր սպիտակցի քաջ եղբայրներին,- կես-կատակ, կես-լուրջ ձեռքը մեկնեց վարորդը։

Երիտասարդը` հանդարտ մեքենայի հատակին դրեց ձեռքի շիշը, որից հետո ոտքի կանգնեց ու նոր սեղմեց իրեն մեկնված ձեռքը.

– Բարի օր, հըրոխպեր։

-Անուշավանը քնած ա՞,-շարունակեց «Օպելի» վարորդը,- լավ հոգնած եք երևում։

-Հա, հըրոխպեր,-ցածր ձայնով արձագանքեց երիտասարդը,- ռավոդ ծեգին ենք եկել։ Քիչ առաջ մաշինեն լվացի, ասի մի կտոր բան ուտեմ, մխելա էլ ես քնեմ։ Հրի, Անուշը չդիմացավ` քնեց։

-Հա՜,-ձգեց «Օպելի» վարորդը, դե ծանոթացի տղերքի հետ, հետներդ գործ ունեն։

Տղան հերթով սեղմեց «Վոլգայի» ուղևորների ձեռքը։

-Անդրանիկ,-ներկայացավ։-Ի՞նչ գործ ունեք, որ։ Ձեր վիրավորին ե՞ք ման գալիս։ Էսօր չորս հոգու բերել ենք։ Չնայած,- Անդրանիկը քորեց ճակատը, հետո շարունակեց.- երկու հոգի էլ դվուխսոտի ենք բերել։ Մեգը ճնանչվող ա, բայց մյուսի հարցը դժվար ա` էրես չկա։

Ճնշող լռություն տիրեց։

-Աստված հոգիները լուսավորի,-երեսին խաչ արեց «Օպելի» վարորդը։

-Հողը թեթև,- խուլ արձագանքեց Արթուրը։

-Չէ, Անդրանիկ, մենք ուրիշ խնդիր ունենք,-սկսեց Հարութը,- դուք ռազմաճակատի տեղանքը լավ գիտեք։ Մեզ կոնկրետ վաշտ է հետաքրքրում։ Վաշտի հրամանատարի անունը Առաքել է, եղբորս տղան էլ իր մոտ հրետանավոր է, անունն էլ Հենրիկ, բայց իրեն Հենո են ասում։ Մեզ էդ վաշտն է պետք հասնել։

Անդրանիկը նորից ճակատը քորեց.

-Ոնց որ տեղը բերում եմ, բայց էկեք սենց անենք` թող Անուշը վեր կենա, ինքն ավելի լավ գիդի, կապը հիմնականում ինքն ա տալի։

Ձայներից արթնացած Անուշավանը ձգվելով մոտեցավ։ Բարևեցին, ծանոթացան։ Անդրանիկը կարճ բացատրեց եղբորը տղաների խնդրանքը։

-Հասկացա,-խոսեց Անուշավանը։ Հետո դիմեց փոքր եղբորը.- դե դու գնա` քնի, ես տղերքի հետ խոսամ,- նայեց նոր ծանոթներին,- եկեք մխելա դենը գնանք, թող Անդրանիկը քնի։ Շատ ա հոգնած, համ էլ…

Գորովանքով նայեց եղբոր կողմը ու քայլեց մեքենայից հակառակ ուղղությամբ, դեպի ծառապատ տարածք։

-Էս դուք իսկականից ախպերներ ե՞ք,- հարցրեց Արթուրը,- ինձ էլ թվաց, թե մեր ընկերը հանաք ա անում։

-Չէ, էնա իսկական ախպերներ ենք,-ժպտաց Անուշավանը,- մի հորից ու մի մորից։

Հարութը նույն հարցերը ուղղեց Անուշավանին։

-Ոնց որ թե հասկացա ում մասին ես խոսում,-ասեց Անուշավանը,- էրեխուն չեմ ճանաչում, բայց Առաքելին գիդեմ։ Մի բայեվիկ տղա ա։ Մինչև հմի դիրքը պահում ա, իհարգե կողքի դիրքերի պադերժկեն օգնում ա։ Լավ կամանդիր ա։

-Անուշ ջան,- կատակեց Արթուրը,- դու հո զինվորական չե՞ս, ի՞նչ գիտես, թե լավ կամանդիր ա։

Անուշավանը սկզբում զարմացած նայեց Արթուրին, հետո ժպտաց,- իմ մոտ երկու պրինցիպ ա, մեկ՝ որ դիրքերն են պահում, մեկ էլ՝ որ զոհերն ու վիրավորներն են շատ քիչ։

Ռաֆայել Սեմյոնովիչը նայեց համեստ երիտասարդին ու ասաց.

-Ապրես դու։ Տվեցիր ռազմական ղեկավարի լավագույն բնութագիրը։

– Լավ ասեց,-վրա բերեց Արթուրը,- մենակ երրորդ որակը մոռացավ։

-Եվ ո՞րն է այդ երրորդ հատկանիշը,- հարցրեց Ռաֆայել Սեմյոնովիչը։

-Երրորդ հատկանիշը նա ա, որ դրանց ատամները բերանները լցնելով քշի մինչև մինչևը։

-Արմեն ջան,-դիմեց Հարութը Արմենին,- դե էդ լավատեսական նոտայի վրա բագաժնիկից էն վերևից դրած պայուսակը, որ տիկին Արուսը հավաքեց, բեր, մի կտոր հաց ուտենք։

Նստեցին։ «Օպելի» վարորդը փորձեց հրաժեշտ տալ ու հեռանալ։ Արթուրը բռնեց թևից.

– Որոշել ես մեզ նեղացնե՞ս։

Երբ կերան, վերջացրին, Անուշավանը, որը սեղանի շուրջ համարյա չէր խոսում, որպեսզի հեռվից եկածները կարողանան նորմալ ուտել, վեր կացավ ու, դառնալով Հարութին, ասաց.

– Ախպերս, երկու ավտոյով վտանգավոր ա գնալը։ Մթնով ենք գնալու, առանց լույսերի, դու էլ էտ տեղերին խամ ես։ «Վոլգադ» կթողնես։ Իմ «Ֆորդով» կշարժվենք։

Հարութը մի քիչ շփոթվեց.

– Բա մեքենան ի՞նչ անեմ։

Էդտեղ խոսակցությանը խառնվեց «Օպելի» վարորդը.

– Եղբայր, իմ բակում տեղի խնդիր չկա։ Կկանգնեցնես, հետո որ բարով-խերով վերադառնաք, «Վոլգադ» լվացած, մաքուր ձեզ կսպասի։

Էդպես էլ արեցին, ու երբ սկսեց օրը թեքվել դեպի մթնշաղ, հրաժեշտ տվեցին «Օպելի» վարորդին ու շարժվեցին։

-Լուս աչքով հասցնենք, անվտանգ տեղերը արագ անցնենք,-ասեց քնից հետո թարմացած Անդրանիկը,- հեդո մթին ուզենք-չուզենք կամանց ենք քշելու։

Շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us:

2 thoughts on “Աշոտ Նազարյան/Ամպի ծվեններ(2)

Comments are closed.