Աշոտ Նազարյան/Ամպի ծվեններ (3)

Սկիզբը՝ այստեղ
Նախորդը՝ այստեղ

3. Ոլորաններ. Գիշեր. Աստղեր.

Նստեցին կողային նստարաններին։ Այնքան էլ հարմար չէր։ Ոլորաններին մեքենան այնպես էր ճոճվում, որ թվում էր, թե կարելի է դուրս թռչել։ Տղաները ձեռքերն արագ գցում էին բռնիչներին, որպեսզի չհայտնվեն գետնին։ Քանի դեռ լույս էր, Անուշավանը փորձում էր մաքսիմալ տարածություն անցնել, քանի որ հետո վրա էր հասնելու մութը և ճանապարհն էլ վերածվելու էր հողածածկ, լավագույն դեպքում խճածածկ, անհարմար անցումի։ Մեքենայի ետևի մասում ծալված կարտոնե արկղեր էին շարված։

-Անդրանիկ, էս ինչի՞ համար է,- հարցրեց Արթուրը, հո կանտրաբանդա չե՞ք անում։
Անդրանիկը կարճ լռությունից հետո, նայելով արկղերին, ասես մտորելով` ասի, թե չասի, ծամծմեց.- դե ամեն անգամ շարում եմ պոլին, հետո, որ տղեքին հանըմ ենք, շըպըրտըմ եմ։ Ու ըտենց` ամեն անգամ։

-Դե ամեն օր պոլը լվալը դժվար ա,- ավելացրեց։

Արթուրը չարձագանքեց։ Մյուսները նույնպես լուռ էին` լարված նայում էին ճանապարհին։ Հարութը դարձավ Արմենին.

– Ծանո՞թ տեղեր են։

– Հա,- կարճ կապեց Արմենը։

Սկսեց մթնել։ Առկայծեցին առաջին աստղերը։ Անուշավանը միացրեց լույսերը։ Ռաֆայել Սեմյոնովիչը անհանգստացավ.

– Ասում էիք՝ լույսերով վտանգավոր է։

– Մի անհանգստացի հրոխպեր ջան,-Անուշավանը ժպտաց,-հլա որ վտանգ չկա։

Ճանապարհը վատացավ։ Մեքենան սկսեց թռչկոտել անհարթությունների վրա։

-Ժողովուրդ,- լսվեց Անդրանիկի ձայնը,- կարտոնները դրեք տակներդ ու նստեք գետնին, կպեք իրար, ավելի հարմար կլինի։

Էդպես էլ արեցին։ Իսկապես շատ ավելի հարմար էր։ Ռաֆայել Սեմյոնովիչը ապակու միջով նայում էր անընդհատ ավելացող ու մոտեցող աստղերին։ Մեքենան տնքալով բարձրանում էր վեր։ Ցրտում էր։ Լեռներում արդեն օդը սառն էր, մթնոլորտի պաղ թափանցիկությունը ավելի էր ընդգծում տիեզերքի զարմանանախշ ուրվագծերը և սև անդունդների անորոշ ու անեզերք խորությունը։ Տղամարդիկ մեջք մեջքի տված նստած էին մեքենայի հատակին։ Հանկարծ Արթուրը թեքվեց Հարութի կողմը և շշնջաց ականջին.

-Հարութ ախպեր, ներսում ի՞նչ վիճակ էր։ Մոբերը ո՞նց էին տրամադրված։ Ծնողների պես էի՞ն մտածում։

-Խառը,- պատասխանեց Հարութը,- չգիտե՞ս ոնց է` կարգին տղերք էլ կան, թուլհոգիներ էլ կան։ Տարբե’ր։

-Հասկացա, ախպեր,-հոգոց հանելով` շշնջաց Արթուրը։

Ռացիան սկսեց ձայներ հանել։ Անդրանիկը նայեց ուղևորներին և պատասխանեց օդում կախված հարցին.

– Որդեղից որ կանչ են տալիս, էն կողմին մեր տղեքից ով ավելի մոդ ա, էդ կողմի վրա ա քշըմ։ Աստված ենք կանչըմ` ագերին պան չըլի, թե չէ մի անգամ բանդաժներով ենք իջել։ Չորս ագն էլ տրաքել էին։

Անուշավանը հեռախոսով շատ կարճ կապ տվեց ու ռացիայով խոսեց ինչ-որ մեկի հետ, հետո ձայն տվեց Հարութին.

– Հարութ ջան, ես дальше պդի գնամ, վիրավորներ կան, ձեզ շուտով կիջացնեմ սարի տակին, սենց, էս տհով կը պըրցրանաք` Առաքելի վաշտն ընդեղ ա։ Իրան զգուշացրեցի, որ հանկարծ կրակ բաց չանեն։

Մեքենան, փոսերի վրա օրորվելով, կանգնեց։ Դուրս եկան, ջերմորեն հրաժեշտ տվին եղբայրներին, բեռները վերցրին ու սկսեցին վերելքը։ Առջևից գնում էր Արմենը, երթը եզրափակում էր Հարութը։

Շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us:

1 thought on “Աշոտ Նազարյան/Ամպի ծվեններ (3)

Comments are closed.