Աշոտ Նազարյան/Ամպի ծվեններ(1)


1. Երևան. Ավան. 2020թ.

Հարութենց տան դուռը վերջին օրերին չէր փակվում։ Ընկերներ, բարեկամներ։ Գալիս էին ու գալիս։ Բոլորը գիտեին, որ մահացած եղբոր որդին ամենածանր` հարավային ճակատում է։ Ծանր, նյարդային վիճակ էր։ Մայրը տխուր էր։ Ամբողջ օրն անց էր կացնում խոհանոցում։ Բարձրաձայն խոսում էր թոռան հետ, հանկարծ զգում էր, որ արցունքները կաթում են պատրաստվող ուտեստների վրա։ Թարսի պես, խորտիկներն ավելի համեղ էին ստացվում, չնայած նրան, որ եփվում, թխվում, տապակվում էին առանց հոգու, առանց երազանքի։ Հայրենասեր Հարութը մեկնում էր ռազմադաշտ։ Ասեց, որ չի սպասելու զինվորական կոմիսարիատի կանչին, չնայած այն բանին, որ հենց առաջին օրն էր ներկայացել և հայտնել, որ պատրաստ է մեկնել ռազմաճակատ։ Բայց որ ամենակարևորն է, պետք է ուղարկեն այն դիրքը, որտեղ ծառայում է եղբոր որդին։

Մեկ օր, երկու օր, մեկ շաբաթ՝ հասկացավ, որ ինչ-որ բաներ կատարվում են իր պատկերացումներից դուրս։ Եղբոր տղան երկու օրը մեկ զանգում էր, կարճ` մեկ րոպե խոսում էր, ասելով, որ ամեն ինչ լավ է, ու խոսքի կեսից կապն անջատվում էր։ Հարութը հասկացավ, որ նախաձեռնությունը պետք է վերցնել սեփական ձեռքը։

Իսկ ձեռքերը` ամուր էին։ Դեռ մանկական տարիքից զբաղվում էր սամբո և ձյուդո մարզաձևերով։ Հասավ մինչև սպորտի վարպետի կարգավիճակի։

Հարութը բնույթով բարի տղա էր։ Սպորտով զբաղվում էր, որպեսզի պահպաներ ֆիզիկական մարզավիճակը։ Ի տարբերություն շատ շատերի, որոնք շատ ավելի քրտնաջան էին մարզվում, Հարութը կարիք չուներ ապացուցելու իր ֆիզիկական առավելությունները։ Բնավորությամբ հանդուգն էր։ Երբեք չէր նահանջում։ Փոքր ժամանակների փողոցային կռիվները ստեղծել էին այն հեղինակությունը, որն անբեկանելի էր շենքում, թաղում և ամբողջ Ավանում։ Ինքը կատակով ավելացնում էր` մի քիչ էլ Զեյթունում ու Կոմիտասում։

«Հայրենասեր» մականունը ստացել էր դեռ փոքր հասակից, երբ բակի՝ երկաթից սարքած տաղավարում, որը ռուսերեն ձևով «բեսեդկա» էին անվանում, վերապատմում էր տատից լսած պատմությունները։ Տատիկը շատ ընթերցասեր էր։ Հիմնականում կարդում էր պատմական թեմաներով հաստափոր գեղարվեստական գրքեր։ Ունենալով վառ երևակայություն` վերապրում էր իր հերոսների կյանքը, որն էլ քնելուց առաջ մատուցում էր թոռնիկներին` որպես իրապատումներ։

Հարութը վառ երևակայությամբ քաշել էր տատին։ Նա էլ այդ ամենը վերապրում էր իր վառ, գունագեղ երազներում ու փոխանցում ընկերներին, թաղի երեխաներին։ Նրան հետաքրքրությամբ լսում էին բակի նույնիսկ տարիքով ավելի մեծ տղաները և հենց նրանք էլ տվեցին հայրենասեր Հարութ անվանումը, որն էլ կպավ մոմի պես։

Երբ դպրոցն ավարտեց, բոլորը մտածում էին, որ Հարութը գործերը կհանձնի համալսարանի կամ մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, բայց նա, ճշգրիտ հաշվարկելով սեփական գիտելիքների ոչ այնքան բարվոք մակարդակը, որոշեց ընդունվել ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես էին իրենց ուսանողով հպարտանում հատկապես հումանիտար առարկաների ամբիոնների դասախոսները։ Բոլոր բաց դասերն անցնում էին Հարութի մենախոսությունների ներքո։ Միայն մի քանի աղջիկներ կային, որոնք, ջանասիրաբար սովորելով բոլոր առարկաները, մի քիչ կարողանում էին կոլեկտիվ մասնակցության տպավորություն ստեղծել։ Հարութը գեղեցկատես էր և գեղեցկախոս։ Ընկերները նրա համար պատրաստ էին հոգի տալ, բայց մի քիչ էլ նախանձում էին։ Աղջիկներն ամեն ինչ անում էին, որ ինչ-որ կերպ նրա ուշադրությունը գրավն։ Ընկերներն ասում էին.

– Հարութ, սենց որ գնա, մեզ բան չի մնա։

Հարութը ժպտում էր իր բաց ժպիտով.

– Մի անհանգստացեք, ամեն ինչ և ամեն ոք իրենց ժամանակն ու իրենց մարդը ունեն, ուղղակի ուշադիր եղեք, որ էդ պահին քնած չլինեք ու բաց չթողնեք։

– Հարութ, էս դու փիլիսոփա էլ ե՞ս,- զարմանում էին։

– Հա, տատս նմանատիպ գրքեր էլ էր կարդում,- կատակում էր։

Հաջորդ օրը Հարութը զինկոմիսարիատի մոտ ծանոթացած երկու տղաների հետ գնում էր Գորիս, դե էնտեղից էլ` արդեն ճակատ։ Ընկերները, բարեկամները եկել էին բարի ճանապարհ մաղթելու։ Մայրն ու կինը արագ-արագ սեղան էին գցում։

Հարութը չէր ծխում և թույլ չէր տալիս տանը ծխել։ Բայց հիմա չէր արգելում և խոհանոցի գոլորշին ու ծխախոտների ծուխը գրկախառնվել էին` վերածվելով կապույտ, հոտավետ սիմբիոզի։ Կենացներ էին հնչում, որոնց Հարութն ուշադիր չէր։ Աչքի տակով նայում էր կնոջ՝ լացից ուռած դեմքին։

– Մամ,- գոռաց,- դռան զանգն են տալիս, մի հատ բացեք։

Մայրը, քթի տակ փնթփնթալով, թե՝ առանց էտ էլ բաց է, գնաց դռան կողմը։ Բացեց ու զարմացած կանգնեց։

– Ո՞վ է, մամ,- գոռաց Հարութը։

-Հարևանն է,- լսվեց մոր թույլ ձայնը։

-Բա ի՞նչ եք կանգնել,- նորից ձայն տվեց, ներս հրավիրի։

Հյուրը ներս մտավ։ Հարութն էլ մի պահ զարմանքով նայեց հյուրին, հետո ուշքի եկավ ու կարգադրեց.

– Մի հատ շուտ տեղ բացեք Ռաֆայել Սեմյոնիչի համար։

– Արություն ջան, կարիք չկա,- շտապեց հյուրը,- մի րոպեով առանձնանանք։ Խոսելու բան ունեմ,-ավելացրեց։

Հարևաններից մեկը, որը Հարութի հոր ընկերներից էր, տեղից վեր կացավ, ձեռքը դրեց հյուրի ուսին և, ուժով նստեցնելով, ասաց․

– Պրոֆեսոր ջան, խոսելունը` կխոսեք, իսկ հիմա արի բաժակ բարձրացնենք ու մեր Հարութին բարի, անփորձանք ճանապարհ ցանկանանք ու հաղթանակով վերադարձ։

Հարեւանը ստիպված նստեց։ Հարութի կինը անմիջապես տաք խաշլամայի կտորներ ու եփած կարտոֆիլ դրեց հյուրի առաջ։

-Դե մի բան ասա, Պրոֆեսոր ջան, խմենք,-դիմեց տարիքով հարևանը։

Ռաֆայել Սեմյոնովիչը դանդաղ վեր կացավ, նայեց Հարութին, մյուսներին.

– Պետք է ներողություն խնդրեմ, լավ կենացներ ասելու ձիրք չունեմ, ուղղակի եկեք խմենք այն երեխաների, պատանիների կենացը, որ այնտեղ են։ Բոլորի կենացը։

Հետո մի փոքր կում արեց ու նստեց։

-Դրանից էլ լավ կենաց, պրոֆեսոր ջան,-վրա բերեց հարևանը,- հետո էլ ասում ես, թե խոսել չգիտես։ Հա, իմիջիայլոց, բա դասերը ուսանողներին ո՞նց ես պատմում, եթե խոսել չես սիրում։

Ռաֆայել Սեմյոնովիչը, հարցը սկզբում, ինչպես շատ հաճախ, լուրջ ընդունելով, փորձեց բացատրել, թե ինչ տարբերություն կա տեսական ֆիզիկայի ուսուցման և կենացի միջեւ, բայց անսպասելի` խոսքի կեսից լռեց։ Հետո նորից կանգնեց և, դիմելով Հարութին, ասաց, որ չի ցանկանում այլևս խանգարել և կիջնի ավելի ուշ։

Հարութը, զգալով, որ որոշ ընկերների կողմից փորձեր են արվում թեման ջրիկացնելու, դիմեց հարևանին.

– Ռաֆայել Սեմյոնովիչ, սպասեք` ճանապարհեմ։

Երբ դուրս եկան միջանցք, Հարութն ասաց, որ շնորհակալ է հարևանի ուշադրության համար։
Ռաֆայել Սեմյոնովիչը բռնեց Հարութի մեկնած ձեռքը ու անորոշության մեջ բաց չէր թողնում։ Հետո զգալով պահի անհեթեթությունը՝ արագ սկսեց.

– Արություն ջան, ճիշտն ասած, իջնելուս նպատակը այլ էր։

Հարութը մի փոքր հիասթափություն ապրեց, բայց արագ հաղթահարեց շփոթությունը.

– Լսում եմ, Ռաֆայել Սեմյոնովիչ։

Հարևանը մյուս ձեռքը դնելով Հարութի ձեռքի վրա` ասես փորձելով թույլ չտալ նրան մերժել իրեն, արագ վրա բերեց.

– Արություն, ես քեզ հետ պետք է գամ։

-Ու՞ր,- չհասկացավ Հարութը։

-Ռազմաճակատ,-արդեն ավելի վստահ ավելացրեց հարևանը։

Հարութը շշմած նրան էր նայում։ Ասելիք չունենալով` միայն կոպերն էր նյարդայնությունից արագորեն թարթում։

-Դու մի անհանգստացիր, Արություն, ես ամեն ինչ ունեմ` և’ սաղավարտ, և’ զրահաբաճկոն։

Հարութը բերանը բացեց, փակեց, բայց բառ չկարողացավ արտաբերել։

-Լավ,- ասաց հարևանը, ուրեմն պայմանավորվեցինք,- դու գնա հյուրերիդ մոտ, ես բարձրանամ բնակարան։

Ասելով վերջին նախադասությունը՝ Ռաֆայել Սեմյոնովիչը բաց թողեց Հարութի ձեռքը ու արագ բարձրացավ աստիճաններով՝ ասես վախենալով, որ հանկարծ կարող է լսել Հարութի մերժման խոսքերը։

Հարութը ներս մտավ։ Միջանցքում տեսավ մոր զարմացած հայացքը.

-Գիտեի, որ կարգին մարդ է, բայց չէի սպասում, որ կիջնի, բարի ճանապարհ կմաղթի։

Հարութը լուռ անցավ ճաշասենյակ, որտեղ բարձր ձայնով վիճաբանում էին։ Խմիչքից մշուշապատ երևակայությամբ յուրաքանչյուրը ցանկանում էր ցույց տալ իր տեղեկացվածության աստիճանը։

– Մի քանի օր, տղեք ջան, դիմացեք ու ամեն ինչ իր տեղը կընկնի,-ասաց Սերգեյը, որը Հարութի ուսանողական ընկերներից էր,- մի չըրթ ա մնացել, որ դրանց ողնաշարը ջարդվի։

– Համոզված ե՞ս, տղա ջան,- հարցրեց տարիքով հարևանը։

– Վալոդ ձյա, ուրիշ վարիանտ չունենք, – տաքացած վրա բերեց Սերգեյը,- էս մի անգամն ա, որ վերջնական էս հարցը պետք ա լուծվի։ Հենա, տղեքը գալիս են ու գալիս, ոչ համաճարակի են նայում, ոչ թանկ տոմսերի։ Գալիս են ու գալիս…

Տարիքով հարևանը տխուր հայացքով նայեց Սերգեյի վրա ու դանդաղ կրկնեց.

– Գալիս են ու գալիս։

Հարութը գիշերն արթուն անցկացրեց։ Կինը, ավելի ուշ պառկեց, գլուխը դրեց ուսին, լաց եղավ` թրջելով ամուսնու ուսն ու կուրծքը։ Հետո քնեց։ Վերջին օրերի լարվածությունն ու հույզերը լիովին ուժասպառ էին արել։ Հարութը վեր կացավ, մոտեցավ աղջկա անկողնուն, զգուշորեն դեմքը մոտեցրեց երեխայի գլխին ու սկսեց ներ առնել դրախտային բուրմունքը։ Երեխան անվրդով` մեջքի վրա, հանգիստ պառկած էր։ Հեռվից, շատ հեռվից որսաց Ռաֆայել Սեմյոնովիչի բնակարանից լսվող հանդիսավոր, տխուր երաժշտության ձայները։

Ռաֆայել Սեմյոնովիչը իրենց հին հարևանն էր։ Փոքր տարիքից գիտեր նրան։ Բայց, առանձնապես շփում չէին ունեցել։ Հանդիպել էին Հարութի հոր և եղբոր` Արթուրի թաղման արարողությունների ժամանակ, որոնք տեղի ունեցան երեք տարիների ընթացքում։ Հարևանները հարգում էին նրան։ Գիտեին, որ հայտնի գիտնական է` ֆիզիկոս, բոլորի հետ միշտ հարգալից, միշտ բարյացկամ։ Եվ անմիջապես երևում էր, որ ոչ մի ձևական բան չկար այդ ամենում։ Մի քիչ ակցենտով էր խոսում, դա էլ հետևանք էր ռուսախոս ծնողների և ռուսական կրթության։ Ռաֆայել Սեմյոնովիչի ծնողները մի քանի ամսվա ընթացքում, երբ քաղաքը ընկղմված էր մարմինն ու, որ ավելի սարսափելի էր, հոգին անզգայացնող, խեղդող մթի ու ցրտի ճիրանների մեջ, իննսունականների սկզբներին իրար ետևից՝ սկզբում հայրը, հետո մայրը, հրաժեշտ տվեցին դաժան ու ցուրտ իրականությանը։ Ռաֆայելը արդեն դասախոսում էր պետական համալսարանում, չնայած դեռ աշխատում էր թեկնածուական թեզի վրա։ Ասում էին, որ թեման այնքան նորարարական է և կարևոր, որ կարելի է միանգամից դոկտորական կոչման ներկայացնել։ Հին երկիրն այլևս չկար, և նրա հետ միասին չքացել էր մեծի, հզորի մաս լինելու զգացումը։ Ամեն ինչ կամ վերաիմաստավորվում էր, կամ էլ` շատ շատերի համար, անիմաստ էր դառնում։

Մի օր, երբ արդեն, փաստացի, էլեկտրականությունը օրերով անջատված էր, Հարութի հայրը բարձրացավ հարևանի տուն.

-Սիմոն ջան, ես տրոլեյբուսի գծից լևի լույս եմ քաշել, արի քեզ էլ միացնեմ, թե չէ` կսառեք, համ էլ մեկ-մեկ տելեվիզոր կնայեք, երաժշտություն կլսեք` գիտեմ որ սիրում եք։

Հարևանը շատ զգացված էր` նույնիսկ աչքերը խոնավացան, շնորհակալություն հայտնեց, բայց կտրականապես հրաժարվեց։ Իսկ հետո Ռաֆիկի ծնողները մահացան։ Համալսարանը կազմակերպեց թաղման արարողությունները, հարևանները օգնեցին։ Սառած, մութ կյանքը շարունակվեց։ Էլի Ռաֆը (հարևանները իրար մեջ կամ էդպես էին նրան անվանում, կամ էլ Ռաֆիկ)` բոլորին հարգալից բարևում էր ու անմիջապես բարձրանում տուն։ Երբ լույսը տալիս էին, բնակարանից հնչում էր դասական երաժշտություն։ Մեկ-մեկ քույրն էր գալիս, որպեսզի ճաշ եփի, բայց ավելի հաճախ արդեն ամեն ինչը իր տանը պատրաստած էր լինում։ Տաքսիով բերում էր կերակուրը, թարմ լվացած շորերը և իր հետ տանում էր այն ամենը, ինչ մաքրելու, լվանալու կարիք ուներ։ Լուռ, տխուր մարդիկ էին, շատ հարմար հարևաններ։ Բացի ոչ բարձր երաժշտությունից ոչ մի այլ ձայն այդ բնակարանից չէր լսվում։ Հարևանները ինչ-որ առիթների ժամանակ միշտ հրավիրում էին Սիմոնին ու կնոջը, բայց դեռևս այն լավ ժամանակներից` ծնողները քաղաքավարի հրաժարվում էին ու այդպես մի օր էլ հարևանները դադարեցին հրավիրել։ Իսկ հետո սկսվեցին իննսունականները, և քաղաքի հյուրասեր դեմքը փոխվեց։ Մարդիկ աշխատում էին իրար նեղություն չտալ` հյուր չգնալ։

Էդ ժամանակ Հարութը երեք-չորս տարեկան էր, մութն ու ցուրտը չէին տպավորվել։ Չէր տպավորվել նաև Ռաֆայել Սեմյոնովիչը, քանի որ ծնողների մահից մի քանի ամիս անց փակել էր բնակարանի դուռը ու հեռացել։

Մի օր Հարութենց դուռը թակել էր Ռաֆայելի քույրը` Աննան, և հայտնել, որ եղբայրը մեկնել է արտերկիր` գիտական աշխատանքները շարունակելու նպատակով։ Քույրը թողել էր իր տան և աշխատավայրի հեռախոսահամարները։ Տեսնելով Հարութի մոր ատամների վիճակը՝ հորդորել էր անպայման գնալ իր մոտ` բուժման։ Ինչքան որ Հարութը տեղյակ էր` մայրը գնացել էր և հետո միշտ բարի խոսքով էր հիշում Աննային։

Մնացածը գիտեր իր մեծ` վաղամեռիկ եղբոր` Արթուրի պատմածներից։ Մեծերը չէին սիրում այդ թեմաներով խոսել և ընդհանրապես այդ ժամանակները հիշել։

Արթուրը պատմում էր, որ այդ տարիների ձմեռներից մեկը շատ խստաշունչ էր եղել և քանի որ բազմաթիվ բնակարաններում ջուրը սառել էր ջրատար խողովակներում, քանի որ մարդիկ հնարավորություն չունեին տաքացնելու, իսկ հետո, երբ բարձր ճնշման տակ ջուրը միացրել էին, մաշված խողովակները չէին դիմացել ու պայթել էին։

Ջուրը ժամով էին միացնում։ Տանը մայրն ու տատն էին եղել։ Արթուրը ծիծաղելով պատմում էր, թե մայրն ամբողջ հատակը պատել էր թասերով, ինքն էլ անձրևանոցը բաց, կանգնած սենյակի մեջտեղում, լաց էր լինում։ Տատն էլ փալասներով հավաքում էր ջուրը։ Մայրը, երբ Հարութը հարցնում էր նրա տարբերակը, թասերի պահով` համաձայնում էր, իսկ անձրևանոցի պահով` ոչ։
Մի կերպ գտել էին Ռաֆայելի քրոջը, որը անմիջապես եկել էր, որպեսզի կարողանան տուն մտնել։ Արթուրը հոր հետ միասին բարձրացել էր հարևանի բնակարան, որի մասին, եղբոր մոտ ձևավորվել էր շատ հակասական տպավորություն։ Մանրահատակի վրա մի տասը սանտիմետր ջուր էր՝ պատմում էր։ Ստիպված փակեցին ամբողջ շենքի ջրի փականը։ Առաստաղը սևացած էր։
Հայրը հետո ասել էր Արթուրին, որ Սիմոնը` Ռաֆայելի հայրը, մոլի ծխող է եղել։ Ամենաքիչը, օրեկան երկու կարմիր տուփով «Սալյուտ» էր ծխում։ Հատակի և առաստաղի տխուր վիճակի հետ հակասության մեջ էին պատերը, որոնք ամբողջովին պատված էին գրապահարաններով։ Նրանց ներսում` բացի գրքերից, իրար կողքի շարված էին վինիլային սկավառակներ։ Արթուրը ուսումնասիրել էր մի քանիսը, բայց իր համար ոչ մի հետաքրքիր բան չէր գտել։ Բախ, Մոցարտ, Գրիգ, Հայդն։ Չկային իր սիրելի «Բիթլզ», «Ռոլինգ Սթոունզ», «Լեդ Զեփելին» խմբերի ալբոմնեը։ Գոնե Ձախ Հարութ լիներ՝ կատակում էր եղբայրը։ «Հա,- ավելացնում էր Արթուրը,- մեկ էլ պատերին կախված նկարներ կային, բայց դե էդ խոնավության մեջ երևի վարի գնացին»։

Ռաֆայելի քույրը լաց լինելով մի սենյակից մյուսն էր վազում, չգիտեր ինչը հավաքեր, ինչը թողներ։ Անելու բան էլ չկար, ամբողջը ջրի ու խոնավության մեջ էր։ Երբ ԺԵԿ-ի մասնագետները ավարտեցին աշխատանքները, Հարութի հայրը մի կողմ տարավ նրանց և գումար էր ուզում գրպանները դնել, բայց նրանք համառորեն հրաժարվում էին.

-Ախպերս, մենք քեզանից ո՞նց բան վերցնենք։ Համ էս խեղճերի տունն է հիմնահատակ ալամաթվել, համ քո տունը վերանորոգման կարիք ունի,-ասեց մեկը։

-Ու ոչ մեկի մեղքը չկա,-ասաց մյուսը ու հետո ավելացրեց,- մեզ բաժին հասած էս դաժան ու հիմար կյանքն ա…

Արթուրի պատմելով հետո հայրը` տեսնելով, թե ինչ վիճակում է Ռաֆայելի քույրը, ստիպել էր նրան իջնել իրենց տուն։ Բայց տեսնելով Հարութենց բնակարանի վիճակը` քույրը նորից էր սկսել լաց լինել ու ներողություն խնդրել։

Հայրը Արթուրին ուղարկել էր հարևանի տուն՝ ասելու, որ մեքենան գարաժից դուրս բերի։ Արթուրին էլ էին հետները նստացրել ու Ռաֆայելի քրոջը տարել էին իր տուն։

Հարութին թվում էր, որ ինքը հիշում է այդ օրը, երբ ամբողջ տունը թասերի մեջ էր, հետո մի գեղեցկադեմ ծյոծյա եկավ իրենց տուն ու անընդհատ լալիս էր։ Վերջում էլ` հրաժեշտ տալիս համբուրեց իր գլուխը ու գնաց։ Միգուցե հիշում էր, միգուցե Արթուրի պատմածների վերազգացումն էր։

Մի քանի օրից Ռաֆայելի քույրը` Աննան, եկել էր իրենց տուն։ Մայրն ու հայրը մի քիչ զարմացել էին, բայց ուրախությամբ հրավիրել էին ներս, սուրճ առաջարկել։ Արթուրը պատմում էր, որ խոնավության հոտը դեռ տան մեջ էր, մայրը դեռ երկար ժամանակ բոլոր պատուհանները բաց էր թողնում, որպեսզի, ինչպես ինքն էր ասում` տունը չորանա։

Նստել էին խոհանոցում, հետո Արթուրը լսել էր մոր անհանգստացած ձայնը, որը կանչել էր հորը։ Հետո հայրն էր ձայնը բարձրացրել` ասելով.«Աղջիկ ջան, էս ի՞նչ ես անում, որոշել ես ինձ խայտառակե՞լ»։

Լսվել էր հարևանուհու ձայնը.- Ախր, Ռաֆայելը նպատակային է այս գումարը ուղարկել, որպեսզի հոգաք վերանորոգման հարցերը։

-Ասեցիր, վերջացրեցի՞ր, աղջիկ ջան,- ասել էր հայրը,- ուրեմն էդպես էլ կանենք։ Երբ կորոշեք ձեր բնակարանը վերանորոգել, հենց էդ գումարն էլ կօգտագործեք։ Մենք էլ ինչով կարող ենք, կօգնենք։

Հետո մայրը տատին ասել էր, որ ահագին գումար էր եղել։

Էդպես տարիներ էին անցնում, Հարութը մեծանում էր, տատը ծերանում էր, մութն ու ցուրտը հուշ էին դարձել, և միայն վերևի բնակարանն էր, որ մնացել էր որպես այն ժամանակների խորհրդանիշ։ Այնտեղ, Հարութի գիտակցական տարիքից ի վեր, ոչ ոք չէր բնակվում։ Հարութը երբ բակից հայացքը գցում էր իրենց պատուհաններին, այնտեղից դուրս հորդող լույսին, ավելի խորն էր զգում վերևի բնակարանի` տասնամյակներով չլվացած ապակիների ետևում թաքնված սև դատարկության լքվածությունն ու որբությունը։ Տատը մեկ-մեկ հարցնում էր որդուն.

– Հը, այ բալա, էն խեղճ ու կրակից խաբար չկա՞։ Ախր ոչ մեկի հետ ոչ շփվում էր, ոչ խոսում, էս գելերի աշխարհում ո՞նց պիտի ապրի։ Հիմի ահագին տարիք առած պետք ա լինի։

– Մեր ջան,-ասում էր տղան` Հարութի հայրը,- քրոջը էս վերջերս տեսել եմ` Աննային։ Ասեց, որ Ռաֆայելը Շվեյցարիայում է, հայտնի, հարգված գիտնական է դառել։ Էնպես որ դարդ մի անի։

-Բա գոնե կին, երեխա,- շարունակում էր դարդ անել տատը։

-Չէ այ մեր, էդ մասին բան չասեց,- ծիծաղում էր հայրը,- կարևորը, որ գործերը լավ են։

-Ափսոս, որ ծնողները շուտ գնացին, – հուզվում էր տատը,- մի քիչ գոնե կյանք կտեսնեին։ Համ էլ, ամուսնության հարցով վրա կգցեին։

Հարութն արդեն ուսանող էր` 2010 կամ 11 թվականներին էր, որ վերևից ձայներ լսվեցին։ Հետո հնչեց իրենց դռան զանգը։ Հարութը բացեց և զարմացած նայեց քառասունն անց, ակնոցով, արդեն սպիտակող մազերով մարդուն։ Մարդն էլ զարմացած նրան էր նայում։ Մոտեցավ տատը` խփեց ծնկներին ու գոռաց.

– Ռաֆիկ ջան, ասա որ դու ես։

Մարդը շփոթված ժպտաց.

– Ես եմ, մայրիկ ջան։

– Հարութ ջան, էս ինչի՞ ես դռան մեջ պահել, մի ներս հրավիրի թանկագին հույրին,- շտապեց տատը։

-Արությու՞ն,- զարմացավ մարդը, փողոցում տեսնեի, հաստատ չէի ճանաչի։

-Այ Ռաֆիկ ջան,-հյուրին գրկեց` ձայների վրա, սենյակից դուրս եկած հայրը, որտեղի՞ց պետք է ճանաչեիր։ Երեխա էր, որ գնացիր։ Չնայած, աչքիս, դու էլ արդեն Ռաֆիկ չես` Ռաֆայել ես։ Արի, ներս արի։

Նստեցին, մայրը սուրճ դրեց, հայրը կոնյակ առաջարկեց։ Ռաֆայելը խնդրեց չանհանգստանալ, ասեց, որ ոգելից չի օգտագործում, իսկ մոր դրած համեղ սուրճից չի հրաժարվի։ Պատմեց, որ որոշել է վերջնականապես տեղափոխվել Երևան։ Համալսարանում պրոֆեսորի հաստիք են բացել իր համար, կփորձի իր գիտելիքները փոխանցել Արությունի նման երիտասարդներին։ Ասաց, որ կոսմետիկ վերանորոգում է ցանկանում անել և տեղափոխվել հայրական տուն։

-Միգուցե, ծանոթ վարպետնե՞ր ունեք,- դիմեց հորը։

-Չմտածես, Ռաֆայել ջան,-պատասխանեց հայրը, չունենանք էլ` քեզ համար կճարենք։ Անհոգ էղի։


Հարութի քունը չէր տանում։ Մեկ կնոջն էր նայում, մեկ երեխային մոտենում։ Ընթացքում հեռախոսի մեջ նայում էր լրահոսը, չնայած գիտեր, որ գիշերվա ընթացքում նորությունները չեն թարմացվում։ Իսկ անցած օրվա լրատվությունը անգիր գիտեր։ Լուրերը շատ հակասական էին։ Զայրանում էր հակառակորդի` Յութուբում տեղադրված տեսահոլովակներից, որոնք յուրային կողմը անվանում էր ապատեղեկատվություն։ Շատ էր ուզում հավատալ, որ դա իսկապես այդպես է։ Բայց կասկածի որդը կրծում էր հոգին, թուլացնում էներգետիկան։

Դեռ մութ էր, բայց առավոտն արդեն մոտ էր։ Դուրս նայեց։ Մթի մեջ ուրվագծվեց բակի մեջտեղում գտնվող, միայնակ կանգնած բեսեդկան։

Շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us: