Կսկսեմ մի պատմությամբ:
1993թ. ամառն էր, և ես վերադարձել էի Սարաևո (առաջին անգամ այնտեղ էի դրանից երեք ամիս առաջ), այս անգամ տեղական թատրոնի պրոդյուսերի հրավերով՝ պաշարված քաղաքի կիսավեր, այլևս չօգտագործվող թատրոններից մեկում մի պիես բեմադրելու նպատակով: Մեր վերջին հանդիպման ժամանակ` ապրիլին, նա հարցրել էր՝ արդյոք չէի ուզենա վերադառնալ և աշխատել որպես բեմադրիչ, ասել էի` այո, այո, հաճույքով, և առաջարկել էի բեմադրել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը, որը շատ մեծ ոգևորությամբ ընդունվել էր նրա և թատրոնի կազմի կողմից: Ներկայացումն ակնհայտորեն բեմադրվելու էր սերբո-խորվաթերեն. մտքովս անգամ չէր անցել, որ ընտրածս դերասանները ուրիշ լեզվով կուզենային խաղալ: Իհարկե նրանցից մի քանիսը, ինչպես նաև մեր հանդիսատեսի` կրթված սարաևոցիների մի որոշ մասը գիտեին անգլերեն: Սակայն դերասանի տաղանդը անքակտելիորեն կապված է այն լեզվի ռիթմերի և հնչյունների հետ, որով նա զարգացրել է այդ տաղանդը, և սերբո-խորվաթերենը միակ լեզուն էր, որին վստահաբար տիրապետում էին հանդիսատեսի բոլոր անդամները: Մարդկանց, որոնք հանդգնություն են համարում պիես բեմադրել մի լեզվով, որին չես տիրապետում, կարող եմ միայն ասել, որ ռեպերտուարային թատրոնը ներկայումս ընդգրկում է բազմաթիվ միջազգային գործեր. այս երևույթը միշտ էլ գոյություն է ունեցել, օրինակ, օպերային ժանրում: Երբ Արթուր Միլլերը մի քանի տարի առաջ ընդունեց Շանհայում «Վաճառականի մահը» բեմադրելու հրավերը, նրա չինարենի իմացությունն այնքան էր, որքան իմ սերբո-խորվաթերենի իմացությունը: Ամեն դեպքում (հավատացնում եմ), դա այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Բացի թատերական հմտություններից մարդ պետք է ունենա երաժշտական լսողություն և լավ թարգմանիչ:
Պաշարված քաղաքում, անշուշտ, մարդ պետք է նաև տոկոնություն ունենա:
Հուլիսին ՄԱԿ-ի զորքերի ինքնաթիռով հասա Սարաևո. պայուսակս լեփ-լեցուն էր գրպանի էլեկտրական լապտերներով և AA մարտկոցներով, իսկ զրահաբաճկոնիս գրպանում Բեքեթի պիեսի անգլերեն և ֆրանսերեն օրինակներն էին: Ժամանման հենց հաջորդ օրը սկսեցի տաղանդավոր, թերսնված դերասանների ստուգալսումը (նրանցից շատերին հանդիպել էի առաջին այցելության ժամանակ): Ստուգալսման ընթացքում նշումներ էի անում բեմի ձևավորման վերաբերյալ և փորձում էի հասկանալ, թե ինչպես է ընդհանրապես Սարաևոյում գործում թատրոնը՝ որքանով դա հնարավոր էր պաշարման զրկանքների և անդադար ռմբակոծության սարսափի պայմաններում: Դերասաններին ընտրելուց հետո միասին հավաքվեցինք թատրոնի ներքնահարկում (կարիք չկար առաջին շաբաթվա ընթացքում աշխատել բեմի վրա, որն ավելի վտանգավոր տարածք էր)՝ իմպրովիզացիաներ անելու և փորձերի օրերը որոշելու (բոլորն ունեին բազում բարդ ընտանեկան պարտականություններ, որոնցից էր նաև մի քանի ժամ ջուր կրելը): Դրսից եկող աղմուկն անդադար էր: Ընկերներիցս մեկն ինձ ասաց. «Սա ուղղակի գիտական ֆանտաստիկա է»: Պատերազմը աղմուկ է: «Ոչ, – առարկեց նրա ամուսինը, – մութ դարերում ենք ապրում»: Բեքեթն ավելի քան տեղին էր լինելու այս պայմաններում:
Սարաևոցիներին կարիք չկար բացատրելու, թե ով է Բեքեթը: Բացի այդ դերասաններից մի քանիսն արդեն ծանոթ էին պիեսին: Բայց մենք դեռ չունեինք մի ընդհանուր տեքստ: Ապրիլին՝ մինչ Սարաևոյից մեկնելը, պայմանավորվել էի թատրոնի պրոդյուսերի հետ, որ երբ հուլիսին վերադառնամ, դերասանները և բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցելու էին բեմադրությանը, կունենան թարգմանության օրինակներ: Չանհանգստանաք, ասել էր նա: Սակայն երբ, վերադարձիս օրը, ստուգալսման ժամանակ խնդրեցի բաժանել պիեսի օրինակները, նա հայտարարեց, որ Սարաևոյում իմ աշխատելու պատվին պիեսը վերաթարգմանվում է։ Փաստորեն թարգմանությունը դեռ ընթացքի մեջ էր:
– Թարգմանությունը դեռ . . . պատրաստ չէ՞:
– Դե, միգուցե արդեն պատրաստ է, – ասաց նա:
Հըմ:
Փաստորեն սերբական նռնակներից ու ռումբերից, քաղաքի կենտրոնում շենքերի տանիքներից դիպուկահարների անդադար կրակոցներից, հոսանքի և ջրի բացակայությունից, քանդված թատրոնից, հյուծված դերասանների լարվածությունից և իմ սեփական անհանգստությունից ու վախից բացի կար ևս մեկ խնդիր . . .
Ինչպես պրոդյուսերը ինձ բացատրեց, խնդիրը գրամեքենայի մեջ էր. այն շատ հին էր, բայց միակն էր, որով թարգմանիչը կարող էր աշխատել, և որի ժապավենն արդեն մաշվել էր (քանի որ օգտագործվել էր անընդմեջ մեկ տարվա ընթացքում, սա էլ պաշարման արդեն տասնվեցերորդ ամիսն էր): Սակայն նա ինձ վստահեցրեց, որ այս թարգմանությունը շատ արժեքավոր կլինի ներկայացման համար, եթե ես, իհարկե, համբերատար գտնվեմ: Ասացի, որ կաշխատեմ համբերատար լինել:
Տեղյակ էի, որ նախկին Հարավսլավիայում Բեքեթի պիեսները բեմադրվել էին բազմաթիվ անգամներ, որոնցից ամենահաճախը՝ հենց «Գոդոյին սպասելիս»-ը: (Եվ իրոք, ընտրել էի «Գոդո»-ն և ոչ թե Ժարիի «Ուբյու արքա»-ն, որը նույնպես ցանկանում էի բեմադրել, մասամբ այն պատճառով, որ Բեքեթի պիեսն ավելի հայտնի էր): Պիեսը պետք է որ թարգմանված լիներ 1950-ականներին: Հնարավոր է, որ մեկից ավելի թարգմանություն կար: Գուցե մեզ պետք չէր այս նոր թարգմանությունը:
– Իսկ հին թարգմանությունը ինչո՞վ է վատ, – հարցրի պրոդյուսերին, որը մի քանի տարի առաջ Բելգրադում բեմադրել էր նույն պիեսը:
– Ամենևին էլ վատը չէ, – ասաց նա, – ուղղակի քանի որ սա հիմա Բոսնիան է, ուզում ենք պիեսը թարգմանել բոսնիերեն:
– Բայց մի՞թե սերբո-խորվաթերենով չեք խոսում:
– Ոչ, – ասաց նա:
– Այդ դեպքում, ինչո՞ւ ինձ տվեցիք սերբո-խորվաթերեն-անգլերեն բառարանը իմ գալու առաջին իսկ օրը:
– Դե, որովհետև Ձեզ համար լավ է սերբո-խորվաթերեն սովորելը:
– Բայց արդյոք դա չի՞ նշանակում, որ եթե սերբո-խորվաթերեն սովորեմ, միևնույն է կլինեն հաճախ գործածվող բառեր կամ բառակապակցություններ, որոնք ես չեմ հասկանա, – համառեցի ես:
– Ոչ, Դուք ամեն ինչ կհասկանաք: Սարաևոյում կրթված մարդիկ խոսում են նույն կերպ, ինչ Բելգրադում և Զագրեբում:
– Այդ դեպքում, ո՞րն է տարբերությունը:
– Չեմ կարող բացատրել, – ասաց նա, – Ձեզ համար մի քիչ դժվար կլինի զգալ այդ տարբերությունը, բայց տարբերություն անկասկած կա:
– Այդ տարբերությունն էակա՞ն է Բեքեթի պիեսի համար:
– Անշուշտ՝ նոր թարգմանություն է:
– Իսկ եթե նույն պիեսը վերաթարգմանվի Բելգրադում, այն կտարբերվի՞ Բելգրադում արված թարգմանությունից:
– Միգուցե և տարբերվի, – հնչեց նրա պատասխանը:
– Եվ այդ նոր թարգմանությունը որոշ բաներով կտարբերվի՞ մեր այս նոր թարգմանությունից:
– Միգուցե և չի տարբերվի:
Հանգիստ, ասացի ինքս ինձ:
– Եվ այս թարգմանության ինչը՞ կդարձնի այն հատկապես բոսնիական:
– Այն փաստը, որ թարգմանությունը արվել է այստեղ, Սարաևոյում, պաշարման պայմաններում:
– Իսկ բառերը շա՞տ են տարբերվելու:
– Դա կախված է թարգմանչից:
– Դուք այն դեռ չե՞ք կարդացել:
– Ոչ, որովհետև թարգմանչի ձեռագիրը չեմ հասկանում:
– Նա դեռ չի՞ սկսել մեքենագրել:
– Սկսել է, բայց գրամեքենայի ժապավենի պատճառով շատ դժվար է կարդալ:
– Այդ դեպքում ինչպե՞ս են դերասանները կարդալու և սովորելու իրենց տողերը:
– Երևի պետք է հասկանալի ձեռագիր ունեցող մեկին գտնենք:
Օհո՜, իսկապես որ Մութ դարերն են, մտածեցի ես:
* * *
Նման հալյուցինացիոն խոսակցություններից և փորձերի սկսվելու վերաբերյալ իմ անհանգստությունը բարձրաձայնելուց հետո գտնվեց մեկ ուրիշ գրամեքենա և թարգմանությունը մեքենագրվեց հինավուրց, խազված պատճենահան թղթի վրա` կրկնակի տարածությունով հավաքած սցենարի մի տասնհինգ օրինակ (դերասանների, բեմի և հագուստի ձևավորողի, իմ երկու օգնականների, թարգմանչի և ինձ համար): Իմ օրինակի վրա՝ տողերի արանքում, թանաքով ավելացրեցի անգլերեն և ֆրանսերեն տեքստը, ինչը պետք է ինձ օգներ անգիր սովորել բոսնիերեն բառերը, դրանց հնչողությունը, որպեսզի կարողանայի հետևել, թե դերասաններն ինչ էին ասում:
(Այս պատմության մյուս համաչափությունն այն է, որ Բեքեթն իր պիեսը գրել է երկու լեզվով. «Գոդոյին սպասելիս» պիեսի անգլերեն տարբերակը պարզապես ֆրանսերից թարգմանություն չէ, պիեսն ունի երկու բնագիր, որոնց լեզուներին տիրապետում եմ գերազանց, և այժմ այն ուներ երկու թարգմանություն, որոնց լեզուն ինձ համար անհասանելի էր:)
Իսկ հետո ահա թե ինչ տեղի ունեցավ: Երբ արդեն վերևում էինք և բեմի վրա փորձեր էինք անում մոտ մեկ շաբաթ, և արդեն գրեթե վերջացրել էինք պիեսի առաջին մասը, իմ օգնականը և դերասաններից երկուսը, որոնք քիչ թե շատ խոսում էին անգլերեն, ինձ մի կողմ տարան:
Խնդի՞ր կա: Այո: Նրանք հարկադրված էին զգում ինձ ասել, որ այդ նոր թարգմանությունն այնքան էլ լավը չէ, և խնդրում էին, շատ էին խնդրում օգտագործել այն թարգմանությունը, որը հրատարակվել էր Բելգրադում 1950-ականներին:
– Տարբերություն կա՞, – հարցրի ես:
– Իհարկե կա. հին թարգմանությունն ավելի լավն է:
– Ի՞նչ առումով է ավելի լավը:
– Այն ավելի լավ է հնչում, ավելի բնական և հեշտ է արտասանելու համար:
– Այսինքն լեզվաբանական տարբերություն չկա՞: Գուցե այն ինչ-որ առումով սերբակա՞ն է: Կամ բոսնիական չէ՞:
– Տարբերությունը շատ աննշան է:
– Այսինքն չկա՞ որևէ բառ, որ կցանկանայիք փոխել՝ թարգմանությունը ավելի բոսնիական դարձնելու համար:
– Դրա կարիքը չկա, բայց եթե ուզում եք, կարող ենք և փոխել:
– Կարևոր չէ, թե ես ինչ եմ ուզում, – ասացի` հազիվ ինձ զսպելով: – Ես այստեղ եմ Բեքեթին, ձեզ, Սարաևոյին օգտակար լինելու համար: Ինչևէ:
– Լավ, – մտախոհ արտասանեց իմ Վլադիմիրը, – կարող ենք անել հետևյալը: Եկեք վերադառնանք հին թարգմանությանը և եթե փորձերի ժամանակ հանդիպենք որևէ բառի, որը մեր կարծիքով պետք է փոխվի, որպեսզի ավելի բոսնիերեն հնչի, կփոխենք:
– Չմոռանաք ինձ էլ տեղյակ պահել, – խնդրեցի ես:
– Նեմա պրոբլեմա, – ասաց իմ Էստրագոնը:
Որը, իհարկե, նշանակում է . . . բայց բոլորդ էլ շատ լավ գիտեք, թե դա ինչ է նշանակում: Այս բառակապակցությունը կարծես թարգմանվում է աշխարհի բոլոր լեզուներով:
* * *
Վերջում, ինչպես կարող եք գուշակել, այս ամենն ավարտվեց նրանով, որ դերասանները ոչ մի փոփոխություն էլ չարեցին: Ավելին, երբ «Գոդոյին սպասելիս» պիեսի ներկայացումը տեղի ունեցավ օգոստոսի վերջին, հանդիսատեսից ոչ մի բողոք չստացանք այն մասին, թե բեմադրությունը բոսնիերեն չէր, կամ այնքան էլ բոսնիերեն չէր: (Գուցե ավելի կարևոր մտահոգություններ ունեին՝ Քլինթոնին սպասելիս):
Այս պատմությունից շատ բան կարելի է քաղել, ինչպես նաև խորհել մարդկանց այն հզոր երևակայության մասին, որ լեզուն ազգային ինքնության կրող է, ինչը կարող է ստիպել դիտարկել թարգմանությունը (կամ թարգմանություն անելուց հրաժարվելը) որպես դավաճանություն: Նախկին Հարավսլավիայի տարածքում տեղի ունեցած այս դրվագի պաթոսն այն է, որ նոր, մահացու աստիճան ինքնասահմանված ազգերը, որոնք խոսում են միևնույն լեզվով, զրկված են, եթե այդպես կարելի է ասել, «թարգմանության իրավունքից»:
Պատշաճ է թվում, որ պատմածս պատմությունը տեղի էր ունենում մի վայրում, որը շատ մարդկանց լուսնի մյուս կողմն է թվում. ես դա հասկանում եմ ամեն անգամ, երբ փորձում եմ նկարագրել, թե ինչ է նշանակում այդքան ժամանակ Սարաևոյում անցկացնել այս երկուսուկես տարվա մեջ (վերջերս` մոտ երկու շաբաթ առաջ, վերադարձա Սարաևոյի իմ իններորդ այցից): Մարդիկ ոչ միայն չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը, պաշարումը, վտանգը, սարսափը կամ էլ նվաստացումը, այլ ավելին, նրանք ուղղակի չեն կարող պատկերացնել իրենց սեփական կյանքից և հարմարավետությունից, իրենց համար ըմբռնելի իմաստից (ըմբռնելի, քանի որ այն հիմնված է իրենց իսկ փորձի վրա) տարբեր լինելու աստիճանը և այն փաստը, որ աշխարհն այդքան էլ սարսափելի տեղ չէ:
Նրանք չեն կարող դա պատկերացնել: Դա պետք է թարգմանվի նրանց համար:
* * *
Թարգմանությունը տարբերության մասին է, որի հետ պետք է հաշվի նստել, կատարելագործել և, այո, ժխտել, անգամ եթե, ինչպես երևում է իմ պատմությունից, այն միաժամանակ տարբերությունը հաստատելու միջոց է:
Ի սկզբանե (համենայնդեպս անգլերենում) թարգմանությունը բոլոր ժամանակների մեծագույն տարբերության` կենդանի կամ մահացած լինելու մասին էր: Թարգմանել, ստուգաբանորեն, նշանակում է փոխանցել, փոխադրել, տեղահանել: Ի՞նչ նպատակով: Փրկվելու՝ մահից կամ ոչնչացումից:
Լսեք, թե ինչպես է Ուիքլիֆն անգլերենացնում եբրայերեն Աստվածաշնչի Ենովքի գիրքը․
Հաւատքով Ենովքը թարգմանուեցաւ որ մահ չ’տեսնէ. եւ չէր գտնվում, որովհետեւ Աստուած թարգմանեց նորան: (Bi feith Enok is translatid, that he shulde not see deeth, and he was not founden, for the Lord translatide him.)
Հետագայում «թարգմանվել» նշանակել է հենց «մահանալ»: Մահը թարգմանություն է` ինչ-որ մեկը թարգմանվում է այս աշխարհից երկինք, և նույնը կարելի է ասել հարության մասին, ինչը (կրկին Ուիքլիֆի անգլերենով) «մահէն կեանք թարգմանուելն է» (“translatid from deeth to lyfe”):
Անգլերենում բայի ամենահին իմաստներն ընդհանրապես կապ չունեն լեզվի հետ, այսինքն՝ մտավոր գործողության և դրա գրառման հետ: Թարգմանելը հիմնականում անանցողական բայ է և ֆիզիկական գործողություն: Այն նշանակում է վիճակի կամ տեղանքի փոփոխություն, ընդ որում վիճակ ու տեղանք հասկացությունները սովորաբար ենթադրում են միմյանց: Trans- նախածանցը ֆիզիկական «այն կողմ» կամ հատում-անցում է, և ենթադրում է գործողության աշխարհագրություն, տարածության մեջ գործողություն: Մոտավորապես, այսպիսի մի բանաձև` X-ը այնտեղ չէ, որտեղ էր. դրա փոխարեն Y-ն է:
Դիտարկեք հետևյալ իմաստները, որոնք այլևս չեն գործածվում: Բժշկության մեջ «թարգմանել» նշանակել է հիվանդությունը մի մարդուց մյուսին, կամ մարմնի մի մասից՝ մյուսին փոխանցել (մետաստազի արդիական գաղափարի պես մի բան): Իրավագիտության մեջ` սեփականություն (օրինակ` ժառանգություն) փոխանցելու իմաստն է ունեցել: Ըստ Թոմաս Հոբսի. «Պայմանագիրն ամբողջությամբ փոխադարձ թարգմանություն է, կամ իրավունքի փոփոխություն»: Բառի այս իմաստը, որն իր մեջ կրում է ֆիզիկական տեղափոխության գաղափարը վերջին անգամ հավանաբար կիրառվել է 19-րդ դարի վերջում: Հեռագրակապի շրջանակում «թարգմանել» նշանակել է ռելեի միջոցով ավտոմատ կերպով հաղորդագրություն վերահաղորդել:
Թարգմանության իմաստներից այսօր մենք պահպանել ենք միայն մի լեզվից մյուսին փոխանցելը, հանձնելը կամ հասցնելը: Այնուամենայնիվ tra- և trans- նախածանցով բառերի (կցված -dere, -ducere և այլ բայարմատների) նախկին իմաստները շարունակում են հիմք ծառայել: Ստուգաբանության արդյունավետ ընդհանրություններն արտահայտում են իրական, բայց չգիտակցված կապը: «Թարգմանել» դեռ նշանակում է ինչ-որ բան անցկացնել բացվածքի վրայով, ինչ-որ բան տանել մի տեղ, որտեղ այն առաջ գոյություն չուներ: Ավանդույթի պես, որը փոխանցվում է սերնդից սերունդ (ի սկզբանե նյութական մի բան), թարգմանությունը ինչ-որ բանի փոխադրումն է կամ հաղորդումը մի անձից, տեղանքից, վիճակից մեկ այլին: Եվ որքան էլ դրա իմաստը «հոգևորացվել» է, այն, ինչ անցնում կամ փոխանցվում է մի լեզվից մեկ այլ լեզու, դեռ կրում է ֆիզիկապես կամ աշխարհագրորեն բաժանված լինելու իմաստը: Լեզուները նման են անջատ (հաճախ թշնամական) համայնքների՝ յուրաքանչյուրն իր ուրույն սովորույթներով: Թարգմանիչը նա է, ով մեկ այլ լեզվում գտնում է (նույնականացնում, ձևակերպում) համեմատելի սովորույթները:
* * *
Հակիրճ ուզում եմ անդրադառնալ թարգմանության արդի հասկացության երեք տարբերակներին:
Առաջինը` թարգմանությունը որպես բացատրություն: Թարգմանիչը ջանում է տգիտությունը, անհասկանալիությունը («Չեմ հասկանում։ Խնդրում եմ՝ կթարգմանե՞ք դա ինձ համար») փոխարինել գիտելիքով, թափանցիկությամբ: Թարգմանչի առաքելությունը պարզաբանումն ու լուսավորչությունն է:
Երկրորդը` թարգմանությունը որպես վերամշակում: Դա ավելին է, քան լեզվի ազատ գործածումը, որը ենթադրում է ուրիշ լեզվով բնագիր տեքստի եթե ոչ տառը, ապա ոգին (շատ նուրբ մի տարբերություն) արտահայտելը: Վերամշակել նշանակում է գիտակցաբար մեկ այլ «տարբերակի» (version) ստեղծումը (լատիներեն vertere բառից, որը նշանակում է թեքվել, ուղղությունը փոխել). versionist բառը հին անգլերենով նշանակում էր թարգմանիչ: Իսկապես, թարգմանիչներից ոմանք (սովորաբար բանաստեղծները), որոնք չեն ցանկանում, որ իրենց գործերը գնահատվեն սոսկ ճշգրտության չափանիշներից ելնելով, կատարելապես խուսափում են «թարգմանություն» բառից` նախընտրելով «վերամշակում» կամ «տարբերակ» բառերը: Ավելի շուտ դա կարելի է անվանել «վերաշարադրում», և եթե բանաստեղծը, ասենք, Ռոբերտ Լոուելն է, այդ տարբերակը դիտարկվում է որպես նրա կողմից գրված արժեքավոր նոր (եթե ոչ բնագիր) բանաստեղծություն:
Երրորդը` թարգմանությունը որպես բարելավում: Այսինքն, թարգմանության՝ որպես վերամշակման ամբարտավան ընդլայնումը: Էդգար Ալլան Պոյի բանաստեղծությունների Բոդլերի թարգմանությունը կարելի է համարել նման, ոչ այնքան վիճահարույց, մի օրինակ: (Շատ ավելի վիճահարույց է կրթված գերմանացիների մի քանի սերունդների գնահատականը այն մասին (տարիքով ամերիկացիները կարող է լսած լինեն ակադեմիայում կամ այլ ոլորտներում Հիտլերից փրկված գերմանահրեա փախստականների ջերմեռանդորեն արտահայտած այս տեսակետը), թե Շեքսպիրը Շլեգելի ու Թիքի թարգմանությամբ ավելի լավ է հնչում, քան Շեքսպիրն անգլերենով): Թարգմանությունը որպես բարելավում ունի իր ենթատարբերակը` թարգմանությունը որպես մոլորեցում (օրինակ՝ «Թարգմանաբար ավելի լավ է հնչում»), որը ենթադրում է տեքստի ճոխացումը կամ կրճատումը և կարող է հանգեցնել կամ չհանգեցնել բնագրի ակտիվ խեղաթյուրմանը:
* * *
Թարգմանության ճշգրիտ լինելը պարզապես տեխնիկական հարց չէ: Այն նաև գաղափարախոսական է: Եվ այն իր մեջ պարունակում է նաև բարոյական բաղադրիչ, որը տեսանելի է դառնում, երբ «ճշգրտության» հասկացությունը փոխարինում ենք «հավատարմությամբ»:
Թարգմանության էթիկան նախատեսում է անթերի ծառայի առկայությունը. մեկը, ով միշտ կձգտի ավելի մեծ ջանք գործադրել, հապաղել, ավելի երկար մնալ, նորից անել: Լավ, ավելի լավ, ամենից լավ, անթերի . . . որքան էլ լավն է թարգմանությունը, այն կարելի է բարվոքել, դարձնել ավելի լավը: Կարո՞ղ է մի որևէ թարգմանություն լինել լավագույնը: Իհարկե: Սակայն կատարյալ (կամ անթերի) թարգմանությունը անընդհատ նահանջող ցնորք է: (Ամեն դեպքում, անթերի ո՞ր չափանիշների հիման վրա):
[Գուցե արդեն նկատեցիք, որ ես ենթադրում եմ, որ «բնագիր» տեքստ ասվածը գոյություն ունի: Այս երևույթը բարձրաձայնելու կարիքը հավանաբար զգացվում է հատկապես հիմա, երբ ակադեմիայում լայն տարածում են գտել մի շարք գաղափարներ, որ բացարձակապես զուրկ են ողջամտությունից կամ գրականությամբ ստեղծվածի հանդեպ հարգանքից: Եվ ես ոչ միայն ենթադրում եմ, որ կա «բնագիր» տեքստ, այլև պնդում եմ, որ թարգմանության գաղափարը չպետք է չափից շատ ընդլայնվի կամ վերածվի փոխաբերության, ինչը հնարավորություն է տալիս հաստատելու, ուրիշ անխոհեմությունների հետ մեկտեղ, թե բնագիր տեքստը նույնպես պետք է դիտարկվի որպես թարգմանություն, հեղինակի գիտակցության մեջ ինչ-որ բանի այսպես կոչված «բնագիր թարգմանությունը»:]
Անթերի թարգմանության գաղափարն ամենայն հավանականությամբ կարող է ենթարկվել մշտապես իրար հակասող թարգմանության երկու չափանիշների: Դրանցից մեկը հնարավորինս քիչ վերամշակելն է: Դա նշանակում է, որ թարգմանությունը կզգացվի որպես թարգմանություն. այն կպահպանի և նույնիսկ հանդգնորեն կցուցադրի բնագրի տեքստի ռիթմը, շարահյուսությունը, ձայնը, բառային մասնահատկությունները: (Այս թարգմանական բառացիության ամենահակասական արդի ջատագովը Վլադիմիր Նաբոկովն է): Մյուսը՝ լիիրավորեն յուրացնելն է: Դա նշանակում է, որ թարգմանիչը պետք է բնագիր տեքստը ամբողջությամբ տեղափոխի նոր լեզվի «մեջ», այնպես, որ ընթերցողը չզգա, որ թարգմանություն է կարդում: Անխուսափելիորեն թարգմանության ետևում թաքնված բնագրի բոլոր հետքերի ոչնչացումը ենթադրում է, որ տեքստի հետ պետք է շատ ազատ վարվել` հարմարեցումները կամ հնարանքները ոչ միայն արդարացված են, այլև անհրաժեշտ:
Հետիոտնի քայլքն ընդդեմ ամբարտավան վերաշարադրմանը. սրանք, իհարկե, ծայրահեղություններ են, որոնց արանքում ընկած է նվիրյալ թարգմանիչներից շատերի իրական պրակտիկան: Այնուամենայնիվ, թարգմանության այս երկու հասկացությունները շատ տարածված են, և դրանց տարբերության հիմքում ընկած է ավելի մեծ տարաձայնություն առ այն, թե որն է թարգմանչի պատասխանատվությունը «բնագիր» տեքստի նկատմամբ: Բոլորը համամիտ են, որ թարգմանիչը պետք է ծառայի (պատկերը հզոր է) տեքստին: Սակայն ի՞նչ նպատակով: Թարգմանչին կարող է թվալ, որ տեքստին (կամ «բնագրին») ծառայելու համար հարկավոր է ազատ մոտեցում ցուցաբերել` հավանաբար այն ավելի հասանելի դարձնելու կամ նոր ընթերցողներ ձեռք բերելու համար:
Ինչի՞ն պետք է թարգմանիչը հավատարիմ մնա: Բնագրի՞ն: Հեղինակի՞ն: Գրականությա՞նը: Լեզվի՞ն։ Ընթերցողի՞ն: Կարելի է մտածել (գուցե ես նկատի ունեմ, որ ես եմ այդպես մտածում), որ ակնհայտորեն պետք է հավատարիմ լինել բնագրին, գրքի բառերին: Բայց դա այդքան էլ միանշանակ չէ ո՛չ պատմական, ո՛չ էլ նորմատիվ առումներով: Վերցնենք լատիներեն Աստվածաշնչի հայր՝ Սուրբ Հիերոնիմոսի օրինակը, ով համարվում է թարգմանների հովանավորը: Նա չէր կարող այդ հռչակավոր տիտղոսը ստացած լինել որպես թարգմանության տեսության հիմնադիր, քանի որ այդ պատիվը, ինչպես գիտենք, պատկանում է Պլատոնին: Պատճառն այն է (ենթադրում եմ), որ Հիերոնիմոսն առաջինն էր արձանագրություններում, ով թարգմանությունների, դրանց որակի վերաբերյալ դժգոհություն արտահայտեց. դա բողոք էր տգետ, անփույթ գրիչների և պարբերություններ ընդմիջարկած լկտի հրուշակագործների դեմ. ավելի ճշգրիտ լինելու քարոզարշավ: Եվ սակայն հենց այդ նույն Հիերոնիմոսն էր, ով իր «Լավ թարգմանության սկզբունքները» նամակում ասում է, որ բացառությամբ Սուրբ գրերի, թարգմանիչը չպետք է պարտավորված զգա բառ առ բառ թարգմանել. բավական է թարգմանել` փոխանցելով իմաստը:
Այն, որ թարգմանությունը պետք է ողջամտորեն հավատարիմ լինի (ինչ էլ դա նշանակի), այժմ ընդունված ճշմարտություն է: Բնագիր տեքստին հավատարմության չափանիշները, այժմ անշուշտ ավելի բարձր են, քան մեզանից մի սերունդ կամ նույնիսկ մեկ դար առաջ: Արդեն մի առ ժամանակ է, որ թարգմանությունը, համենայնդեպս դեպի անգլերեն (բայց ոչ, ասենք, դեպի ֆրանսերեն) չափորոշվում է ավելի բառացի (ես կասեի ավելի մանրակրկիտ) չափանիշներով, անկախ թարգմանությունների մեծ մասի իրական թերություններից: Պատճառը մասամբ այն է, որ թարգմանությունն ինքնին դարձել է ակադեմիական քննարկումների առարկա, և (համենայնդեպս կարևոր գրքերի) թարգմանությունը էլ ավելի հաճախ է ենթարկվում մանրակրկիտ գիտական ուսումնասիրության: Որպես թարգմանչի գործի մի մաս, ինչը կարող է թվալ ակադեմիական չափանիշների կողմից դրդված մի բան, շատ հաճախ ոչ ժամանակակից կարևոր գրական գործերը ուղեկցվում են՝ սովորաբար էջի ստորին մասում կամ գրքի վերջում, թարգմանչի «ծանոթագրություններով», որոնք բացատրում են գրքում եղած և անհասկանալի թվացող հղումները: Իսկապես թարգմանիչները գնալով ավելի քիչ են ակնկալում ընթերցողից, որ նա կունենա պատմության կամ գրականության վերաբերյալ ամենատարրական գիտելիք, կամ կտիրապետի որևէ լեզվի: Վերջերս արված Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի աղմուկ հանած վերաթարգմանությունում, «Walpurgis Nacht» առանցքային գլխում Հանս Կաստորպի և Կլավդիա Շոշայի ցնորական երկխոսությունը, որը բնագրում ֆրանսերենով է (և այդ հատվածը չի թարգմանված 1927-ի Հ. Թ. Լոու Փորթերի թարգմանության մեջ), տեղի է ունենում անգլերենով: Բայց շեղագիր . . . որպեսզի անգլո-ամերիկացի ընթերցողը (որի ֆրանսերեն լեզվի չիմացությունը դիտարկվում է որպես տրված մի բան) «զգա», որ երկխոսությունը օտար լեզվով է:
* * *
Թարգմանությունը նման է շինության: Եթե այն որակյալ է, ապա ժամանակի երանգը այն դարձնում է էլ ավելի դիմակայուն. Ֆլորիոյի Մոնտենի, Նորթի Պլուտարքոսի, Մոտոյի Ռաբլեի նման . . . (Ո՞վ էր, որ ասել էր. «Կոնստանս Գարնեթ՝ 19-րդ դարի ռուս մեծագույն գրող»:) Թարգմանությունները, որոնք հիացնում են և մնում են պատմության մեջ միշտ չէ, որ ամենաճշգրիտն են:
Եվ շինարարության պես, թարգմանությունը ստեղծում է մի բան, որն այսօր շատ անցողիկ է: Քչերն են հավատում, որ թարգմանությունը կարող է լինել վերջնական, որ այն չունի կրկին վերանայվելու կարիք: Եվ հետո կա նորույթի ուժը` ունենալ նոր ավտոմեքենայի պես «նոր» թարգմանություն: Ենթարկվելով արդյունաբերական հասարակության օրենքներին` թարգմանությունը կարծես մաշվելու հատկություն ունի, ավելի արագ է շարքից դուրս գալիս: Բացառությամբ մի քանի գրքերի (պետք է խոստովանել, որ դրանց թիվը շատ փոքր է), թարգմանությունների ավելցուկ կա: 1947թ. մինչև 1972թ. ընկած ժամանակահատվածում հրատարակվել է «Դորիան Գրեյի դիմանկար»-ի տասնմեկ գերմաներեն թարգմանություն, իսկ 1950թ. ի վեր` «Տիկին Բովարի»-ի առնվազն տասը նոր անգլերեն թարգմանություն: Թարգմանության ասպարեզը մշակութային պրակտիկայի այն քիչ ասպարեզներից է, որը մինչ այժմ կարծես առաջնորդվում է առաջընթացի գաղափարով (ի տարբերություն, ասենք, ձայնաբանության): Ամենավերջինը, սկզբունքորեն, լավագույնն է:
Նոր մշակութային պոպուլիզմը պահանջում է, որ ամեն ինչ պետք է հասանելի լինի բոլորին. այն նաև ենթադրում է, որ ամեն ինչ պետք է թարգմանվի կամ էլ, նվազագույն դեպքում, թարգմանելի լինի: Ի հակասություն, հիշենք, որ հին «Նյու Յորքեր» ամսագիրը, այն «Նյու Յորքեր»-ը, որը դադարեց լույս տեսնել, երբ Ուիլյամ Շոնին հեռացրեցին աշխատանքից (կարող եք ամսագիրն անվանել սնոբիստական կամ հակապոպուլիստական), իր քաղաքականությունից ելնելով երբեք չի հրատարակել թարգմանված գեղարվեստական գրականություն:
Դիտարկեք «լեզվական արգելք» դարձվածքի ուժը. արգելք, որը լեզուն ստեղծում է երկու մարդկանց (կամ համայնքների) միջև, արգելք, որը թարգմանությունը «կոտրում է»: Քանի որ լեզուն խորացնում է համայնքների («Դու իմ լեզվով չես խոսում»), ինչպես նաև համայնք ստեղծողի միջև տարբերությունը («Որևէ մեկն այստեղ խոսու՞մ է իմ լեզվով»):
Սակայն մենք ապրում ենք մի հասարակությունում, որը նվիրվել է անդադար նոր ավանդույթներ ստեղծելուն, ասել է թե՝ առանձնահատուկ, տեղական անցյալի մասին գիտելիքի և դրան հավատարիմ մնալու գաղափարի կործանմանը: Ամեն ինչ պետք է վերակապակցվի, վերաստեղծվի և ցանկալի է, որ դա արվի ամենադյուրակիր, հեշտորեն հաղորդվող եղանակով:
Միասնական, անդրազգային կապիտալիստական աշխարհի մշակույթի մեր գաղափարախոսության առաջատար հատկանիշներից է թարգմանական պրակտիկան: Մեջբերում եմ. «Թարգմանությունն այսօր մեր գլոբալ գյուղի հաղորդակցման փրկօղակն է»: Այս առումով թարգմանությունը դառնում է ոչ միայն օգտակար և ցանկալի փորձ, այլև անհրաժեշտություն. լեզվի հետ կապված արգելքները խոչընդոտներ են առաջացնում ապրանքի ազատ շրջանառության համար («հաղորդակցությունը» առևտուր բառի ավելի մեղմ տարբերակն է) և, հետևաբար, պետք է հաղթահարվեն: Ունիվերսալիզմի գաղափարախոսության հիմքում ընկած է անսահմանափակ գործարարությունը: Մեկը միշտ ուզում է իր ապրանքը հասցնել էլ ավելի շատ մարդկանց: Բացի ունիվերսալիստական պնդումներից, որոնց նպատակն է անսահմանափակ թարգմանությունը, կա նաև մեկ այլ ենթադրելի պնդում. այն, որ ցանկացած բան կարելի է թարգմանել, եթե իմանալ, թե ինչպես: «Ուլիսես»-ը, Ջերարդ Մենլի Հոփքինսին, և ցանկացած այլ բան: Եվ այս պնդման ճշմարտությունն ապացուցելու համար լավ փաստարկ կա: (Գուցե միակ կարևոր գիրքը, որն անթարգմանելի է, դա «Ֆիննեգանի հոգեհացն» է, քանի որ այն գրված չէ միայն մեկ լեզվով:)
Թարգմանության անհրաժեշտության այս գաղափարի անխուսափելի գործիքայնացումը՝ «թարգմանության մեքենան», ապացուցում է, որ համընդհանուր (ունիվերսալ) լեզվի մասին վաղեմի երազանքը դեռ կենդանի է: Սուրբ Հիերոնիմոսը, ինչպես նաև վաղ դարերի սկզբում քրիստոնյաներից շատերը, ի վերուստ տրված բան էին համարում այն, որ բոլոր լեզուները սերում են մի նախալեզվից (եբրայերենից, որը մարդկության հիմնական խոսակցական լեզուն էր մինչ Բաբելոնյան աշտարակի կառուցման հանդուգն արարքը): Ժամանակակից թեզն այն է, որ համակարգչի միջոցով բոլոր լեզուները կարող են վերածվել մեկ ընդհանուր լեզվի: Մեզ հարկավոր չէ իրականում գոյություն ունեցող համընդհանրական լեզու քանի դեռ մենք ունենք, կամ պատկերացնում ենք հնարավոր, մի մեքենա, որը կարող է «ինքնաշխատ կերպով» ցանկացած լեզվով թարգմանություն անել: Իհարկե, բանաստեղծներն ու պերճ արձակ գրողներն իսկույն կհիշեն իրենց հին դժգոհությունն այն մասին, թե ինչն է անխուսափելիորեն «կորում թարգմանության մեջ» (հանգերը, համը, բառախաղը, բարբառը) անգամ երբ թարգմանում են փորձառու, անհատ, «իսկական» թարգմանիչներ: Պատկերացրեք թարգմանության կորստի չափերը, եթե թարգմանիչը մարդ չէ, այլ ծրագիր: Թայլենոլի տուփի վրա գրված ցուցումները կարող են ցանկացած լեզվով թարգմանվել առանց որևէ կորստի: Սակայն մեքենան դժվար թե կարողանա թարգմանել Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունը կամ Կառլո Էմիլիո Գադդայի վեպը: Սակայն թարգմանական մեքենայի նախագիծն իր մեջ կրում է լեզվի բոլորովին մեկ այլ գաղափար, որը դիտարկում է լեզուն որպես տեղեկատվության, հայտարարություններ անելու միջոց: Դա պլատոնական պրակտիկայի տեսակ է, որի դեպքում հարկ չի լինի բանաստեղծներին վտարել Հանրապետությունից: Նրանք պարզապես կդառնան անըմբռնելի, քանզի բառերով կերտված նրանց արվեստի գործերը չեն կարող հասկացվել մեքենայի կողմից:
Ունիվերսալիստական այս մոդելը գոյություն ունի լեզվի անջատողականության հարատևության հետ մեկտեղ, որը հաստատում է մշակույթների, ինքնությունների (քաղաքական, ռասայական, անատոմիական) անհամադրելիությունը: Այսպես, նախկին Հարավսլավիայում մի լեզու վերածվում է բազմաթիվ լեզուների, և մենք ունենք թարգմանությունների հայրենասիրական կոչի ֆարսը: Երկու մոդելները շարունակում են գոյություն ունենալ միաժամանակ, հավանաբար փոխկապակցված ձևով: Լեզվական հայրենասիրությունը կարող է գնալով թափ հավաքել, քանի դեռ երկիրը հետապնդում է տնտեսական քաղաքականություն, որը թուլացնում է ազգային ինքնիշխանությունը, ճիշտ նույն կերպով, ինչպես ազգին բնորոշ հատկությունների մասին ամենամահացու առասպելները կարող են կառավարել բնակչությունը, անգամ երբ այն ավելի է կապվում վերազգային սպառողական կապիտալիզմի մշակութային առարկաներին (պատրաստված է Ճապոնիայում, պատրաստված է ԱՄՆ-ում) կամ համակարգչային տեխնոլոգիաներին, որոնք անխուսափելիորեն նպաստում են համաշխարհային լեզվի` անգլերենի տարածմանը:
* * *
Ես սկսեցի մի անեկդոտով, որը պատկերում էր թարգմանության պրակտիկայի հիմքում ընկած գաղափարախոսական պարադոքսները: Կավարտեմ ի մի բերելով ևս մի դրվագ անձնական փորձից` իմ տեքստերն այլ լեզուների փոխադրման գործընթացին մասնակցելու վերաբերյալ: Սա հատկապես դժվար է եղել «Հրաբուխ սիրողը» վեպի դեպքում, որն ունի բազմաթիվ պատումի ձայներ և լեզվի մակարդակներ: 1992թ. հրատարակված այս վեպն այժմ գոյություն ունի կամ շուտով գոյություն կունենա քսան օտար լեզուներով, և ես անձամբ, նախադասություն առ նախադասություն, ստուգել եմ չորս հիմնական ռոմանական լեզուներով արված թարգմանությունները և ինքս ինձ հասանելի դարձրել՝ պատասխանելու թարգմանիչների անհամար հարցերին, ովքեր թարգմանում էին այն լեզուներով, որոնց ես չեմ տիրապետում: Կարող եք ասել, որ ես տարված եմ թարգմանություններով: Կարծում եմ, որ ես պարզապես տարված եմ լեզվով:
Ժամանակ չունեմ թարգմանիչների հետ իմ երկխոսությունների մասին ձեզ պատմելու: Ուղղակի կավարտեմ` ասելով, որ ես շատ կուզեի այլևս չցանկանալ լինել նրանց (թարգմանիչների) համար հասանելի: Կուզեի այլևս չփորձել տեսնել բառերը, իմ սեփական բառերը, անգլերենը, թարգմանության միջով փայլելիս: Դա մելամաղձոտ, ինչպես նաև առինքնող աշխատանք է: Ես չեմ թարգմանում: Ինձ են թարգմանում՝ թե՛ բառի ժամանակակից իմաստով, թե՛ Ուիքլիֆի կողմից գործածված հին իմաստով: Հսկելով իմ թարգմանությունները` հսկում եմ իմ տեքստի մահը:
Նոյեմբերի 16, 1995թ.
Անգլերենից թարգմանեց Քրիստինա Երիցյանը
Առաջին անգամ հրապարակվել է arteria.am կայքում, վերահրապարակվում է որոշ խմբագրումներով։