Համբարձում Համբարձումյան/Ընտրությունները բանակում/3.Արտակարգ դրություն

սկիզբը՝ այստեղ

նախորդը՝ այստեղ

Արտակարգ դրություն

Ընտրության հաջորդ օրը, առավոտյան տողանի ժամանակ, գումարտակի հրամանատարը հրապարակում է գյուղի ընտրատեղամասում գրանցված ընտրության արդյունքը: Հայտարարում է, որ «մեր թեկնածուն» փառահեղ հաղթանակ է տարել, եւ դրան մեծապես նպաստել է մեր վստահ ընտրությունը: Ընտրությանը մասնակցելու համար ազատ արձակված գումարտակի սպաները դեռ չեն վերադարձել, եւ առավոտյան տողանը կարճ է տեւում: Գումարտակի հրամանատարը կարգադրում է արտաքին տեսքը կարգի բերել՝ պատրաստվել շարային ստուգատեսի, եւ բաց է թողնում մեզ: Ցրվելուց հետո ոջլոտները սկսում են միջատների սպանդը, որովհետեւ շարային ստուգատեսի ժամանակ ստուգվում էր նաեւ ոջիլի առկայությունը: Ջրի սակավության պատճառով գումարտակի լվացարանը մեկ ամսից ավել է, ինչ փակ է, եւ պարտաճանաչ զինվորները, սափրվելու պարագաները վերցնելով, լծվում են ճաշարանից կամ ցայտաղբյուրից ջուր հայթայթելու գործին: Ես նստում եմ հեռուստացույցի դիմաց, չոր-չոր թրաշվում եմ եւ լուրերով լսում եմ, որ «մեր թեկնածուն» գրեթե բոլոր տեղամասերում հաղթել է ձայների մեծ տարբերությամբ:

Հաջորդ մի քանի օրերն անցնում են բանակային սովորական օրակարգով՝ բացառությամբ նրա, որ սպաներին պարբերաբար շտաբ են կանչում եւ հրահանգավորում:

Գիտենք, որ ընդդիմությունը ընտրության պաշտոնական արդյունքները չի ընդունում, եւ Երեւանում խոշոր ցույցեր են անցկացվում: Լսել ենք, որ ժողովրդին զսպելու համար սպաներին Երեւան են տանելու եւ անհամբեր այդ օրվան ենք սպասում: Իմացել ենք, որ հարեւան գնդից զինվորներ են տարել Երեւան: Գումարտակի տղաներից շատերը, հատկապես երեւանցիները եւ մայրաքաղաքին մոտ գտնվող շրջանների բնակիչները հույս ունեն, որ մեր գումարտակն էլ Երեւան կտանեն: Ավելի հեռատեսները հասկանում են, որ զինվորներին զբոսնելու կամ հարազատներին տեսակցելու համար չեն Երեւան տանում, այլ գուցե հենց իրենց բարեկամներին զսպելու համար: Քննարկում ենք, թե ով ինչպես կվարվի, եթե մեզ տանեն, ժողովրդի առջեւ կանգնեցնեն եւ հրամայեն առաջխաղացման դեպքում կրակել:

Սպաների աշխատանքային օրն ավարտվել է, բայց բոլոր սպաները գումարտակում են մնացել: Գումարտակի հերթապահն արագ անցկացնում է երեկոյան անվանականչը եւ մեզ ուղարկում քնելու:

Պառկել եմ անկողնուս մեջ եւ պատուհանից հետեւում եմ շտաբի անցուդարձին: Մոտ մեկ ժամից մի ավտոբուս է գալիս, որի մեջ գնդի մյուս գումարտակների սպաներն են: Մեր գումարտակի սպաները մտնում են միջանցք, վաշտի հերթապահը բացում է զինանոցի դուռը, սպաներին զենք ու հանդերձանք է տալիս: Հաջորդ օրը վաշտի հերթապահությունը ես պիտի ընդունեմ եւ հիմա միայն նրա մասին եմ մտածում, որ զինանոցի հանձնում-ընդունումը ճիշտ անեմ, այնպիսի բան չընդունեմ, որ սպաները ստացել եւ իրենց հետ Երեւան են տանում:

Երկու օրից բարձրանում ենք հենակետեր: Բացառությամբ մեր հենակետի, մեր վաշտի պահպանության տակ գտնվող մյուս բոլոր հենակետերի ավագները եւ ավագի օգնականները զինվորներ են: Գումարտակում մնացել է միայն գոմարտակի հրամանատարը. նրա տեղակալները վաշտի սպաների հետ մեկնել են Երեւան:

Մեր հենակետի ավագը թուլամորթ անհաջողակի մեկն է, գումարտակի քավության նոխազը, եւ հավանաբար այդ է պատճառը, որ նրան Երեւան չեն տարել: Հենակետերը լիովին զինվորների տրամադրության տակ են, միայնակ մնացած գումարտակի հրամանատարն ի վիճակի չէ բոլոր հենակետերը ստուգել: Թեեւ մեր հենակետի ավագը սպա է, բայց ամենից բարձիթողի վիճակը մեզ մոտ է: Այդ վիճակը մենք զինվորներով անվանում ենք «պոռնո»: Սովորաբար յուրաքանչյուր հերթափոխ հենակետ բարձրանում է երկու շաբաթով, բայց լսել ենք, որ առնվազն հինգ շաբաթ պիտի հենակետում մնանք, մինչեւ որ սպաները Երեւանից գան: Հույս ունենք, որ սպաներին երկար կպահեն մայրաքաղաքում. ինչքան երկար նրանց պահեն, այնքան երկար մեզ մոտ «պոռնոն» կշարունակվի:

Նախորդ հերթափոխերի ժամանակ հենակետում միայն ավագի մոտ էր հեռախոս լինում, բայց հիմա տղերքը հաջողացրել են իրենց հետ երկու հեռախոս բարձրացնել: Հենակետում էլեկտրականություն չկա, եւ հեռախոսներին Էլեմենտներից պատրաստված յուրատեսակ մարտկոցներով ենք հոսանք հաղորդում, որոնց «գեբեշկա» ենք անվանում: Հենակետի ավագը օրվա մեծ մասը հեռախոսով ինչ-որ աղջկա հետ սիլի-բիլի է անում կամ կնոջ հետ ընտանեկան հարցերն է քննարկում: Նրան լիցքավորման քարտով ապահովում ենք, որ մեզ հանգիստ թողնի:
Հենակետին հատկացվող դիզվառելիքի մեծ մասը վաշտի հրամանատարը սեփականացնում է, մնացածը հավաքում ենք՝ գյուղում փոխանակում կատարելու համար, իսկ գետնատնակը տաքացնում ենք ականապատված տարածքից բերվող փայտով: Երկու-երեք օրը մեկ, մութն ընկնելուն պես, գյուղ «դեսանտ» ենք իջեցնում, որ տնական «կալոշի» օղի ու գինի, ոչ զինվորական սնունդ բերի:

Հենակետի ավագի հոր ծննդյան եւ ձմռան վերջին օրն է: Այդ նշանավոր օրը նշելու համար հենակետի խոհարարին գյուղ «դեսանտ» ենք իջեցրել, որ ավագի ծանոթ խանութպանի մոտ հավաքված դիզվառելիքը խմիչքի հետ փոխանակի եւ ապառիկով սնունդ վերցնի: Տղերքը անտառից ահագին փայտ են բերել, փոքր մագնիտոֆոնի համար ութ էլեմենտներից բաղկացած հզոր «գեբեշկա» ենք պատրաստել: Դիտախորշից իջեցրել ենք ծանր զենքը եւ երկրորդ դիտորդին: Բրդոտը գետնատնակի դիտորդի հետ փայտ է ջարդում, Բիձեն շոգեխաշած մսի տարաներն է բացում, Դիակը դրսում փորված փոքրիկ պահեստից ձուն ու երշիկն է բերում: Մի քանի օր է, որ զինվորական սննդակարգը խախտելով՝ ձու, երշիկ, շոգեխաշած պահածո չենք կերել, այս օրվա համար ենք պահել:

Ներքին կապով մեզ հետ կապվում են եւ փոխանցում գումարտակի հրամանատարի հրահանգը, որտեղ նա զգուշացնում է, որ հակառակորդը գիշերը կարող է ակտիվանալ, եւ հրահանգում է ուժեղացնել զգոնությունը, կրկնապատկել դիտորդների թիվը:

Հենակետի ավագից վերցնում եմ հեռախոսը, գետնատնակից դուրս եմ գալիս եւ, խրամատ մտնելով, զանգում եմ ընկերուհուս: Ուզում եմ նրան ասել, որ սիրում եմ նրան, կարոտել եմ, որ մեկ-երկու ամսից ինձ արձակուրդ են տալու, բայց նա վերցնում ու հուզված ձայնով ասում է. «Չես պատկերացնի այստեղ ինչ ա կատարվում, մարդկանց ջարդելով հանեցին Ազատության հրապարակից, հիմա էդ զանգվածը իմ պատշգամբի տակ ա, մեքենաներ են վառվում, խանութների ցուցափեղկեր են ջարդվում, դուրս եկա պատշգամբ, որ մարդկանց դույլով ջուր իջեցնեմ, կրակեցին՝ գնդակը կողքովս անցավ-դիպավ պատին, չես պատկերացնի ինչ ա կատարվում, հեղափոխություն ա»: Իսկապես չեմ պատկերացնում, թե Երեւանում ինչ է կատարվում, կարծում եմ՝ ընկերուհիս չափազանցնում է, հուզված ձայնը նրա դյուրազգացությանն եմ վերագրում:

Երբ վերադառնում եմ գետնատնակ, տեսնում եմ, որ հենակետի խոհարարը գյուղից վերադարձել է եւ ուսապարկից հանում, փայտաշեն սեղանի վրա է դնում իր հետ բերած առեւտուրը՝ երեք լիտր օղի, հինգ լիտր գինի, երկու կիլոգրամ հավի բուդ, կետչուպ, մայոնեզ, մոմ, էլեմենտ:

Մինչ հավի մուտանտ՝ յուրաքանչյուրը մեկ կիլոգրամ կշռող բդերը վառարանի վրա տապակվում են, մենք նստում ենք սեղանի մոտ, ներս ենք ուղարկում վատորակ տնական օղու առաջին չափաբաժինը, ՊՆ երշիկով ու շոգեխաշած մսի պահածոյով ձվածեղ ենք ուտում: Երբ հավի միսն արդեն պատրաստ էր, ժամանում են մեր հյուրերը՝ վաշտի մյուս երեք հենակետերի ավագները, այդ հենակետերի «լավերը»: Նրանք լիցքաթափում են զենքերը եւ միանում մեզ: Խմում ենք անփորձանք ծառայության կենացը, լավ ընկերության կենացը, ծնողների կենացը: Խմում ենք պառկածների՝ զոհված տղաների, նստածների՝ գաուբախտներում կամ ուղղիչ գաղութներում գտնվողների, եւ կանգնածների՝ հենակետ պահողների, կանգնած դիտորդների կենացը: Խմում ենք եւ հիշում, որ մի կանգնած դիտորդ էլ մենք ունենք: Ես ու հենակետի ավագը գետնատնակից դուրս ենք գալիս, ավագը ձայն է տալիս կանգնած դիտորդին: Դիտորդն ասում է, որ թուրքերը կես ժամ է, ինչ անընդհատ կրակում են: Ներս ենք մտնում գետնատնակ ու փոխանցում դիտորդի ասածը: Տղերքից մի քանիսն իրենց ԸԽ-ները վերցնում, լիցքավորում են, բարձրանում են վերեւ: Գետնատնակից դուրս եմ գալիս, ծխում եւ լսում եմ մեր ԸԽ-ների չընդհատվող կրակահերթի ձայնը:

Տղերքը վերեւից իջնում եւ պատմում են, որ էջմիածինցի Ֆազն այնքան է կրակել՝ ինքնաձիգի փողը կարմրել է, ծխախոտը կարմրած փողով է կպցրել: Ֆազը ցույց է տալիս իր պահեստատուփերը՝ չորսն էլ դատարկ են, հարյուրքսան փամփուշտ կրակել է: Ես մի բաժակ էլ եմ խմում, պառկում եմ ընդհանուր նառերին ու Խատուբայի երգերի տակ քնում եմ:

Արթնանում եմ: Հյուրերը գնացել են, հենակետի տղերքը նառերի վրա իրար կպած պառկել-քնել են, հենակետի ավագն էլ իր տեղի վրա է խռռացնում: Սեղանի մոմը վառվել-վերջացել է, միայն մրված ապակիով լամպն է թույլ լուսավորում գետնատնակը: Խատուբան դեռ երգում է «Քնարիկ, Քնարիկ, հեռախոսդ խուրդի՝ գնանք բաղնիք»: Ինձ աքցանի մեջ առած մարմինների արանքից դուրս եմ գալիս, նայում եմ պատից կախված ժամացույցին՝ յոթն անց կես է: Ես 7-9 հերթափոխի մեջ եմ: Փորձում եմ իմ հերթափոխի տղաներից գոնե մեկին արթնացնել, բայց չի ստացվում: Մոտենում եմ ավագին, որ նրան արթնացնեմ, բայց նրա փսխուկի եւ ոտքերի հոտից ետ եմ շրջվում: Հագնվում եմ, վրաս եմ գցում զրահաբաճկոնը, վերցնում եմ ինքնաձիգս ու սաղավարտս, դուրս եմ գալիս գետնատնակից: Ծխելով բարձրանում եմ դիտակետ ու մտնում եմ խորշ: Դիտորդը սաղավարտը գլխին, հրացանը ուսին գցած՝ նստել է քարի վրա ու քնել: Քնածին արթնացնում եմ՝ վախվորած չորս կողմն է նայում: Հանգստացնում եմ, ասում եմ՝ ոչ մեկին չեմ ասի, որ քնել է, ասում եմ, որ իջնի ներքեւ ու քնածներին արթնացնի:

Ինն անց տասնհինգ իջնում եմ ներքեւ, գետնատնակի դուռը բացում եմ, թթված սպիրտի հոտը սրտխառնոց է առաջացնում: Անաղմուկ արթնացնում եմ 9-11 հերթափոխը: Նրանք արագ հագնվում եւ բարձրանում են վերեւ: Մոտենում եմ ավագի ցանցավոր մահճակալին, մի քանի քացի եմ տալիս, արթնացնում եմ ավագին: Հարեւան հենակետը ներքին կապով կապվում է, զգուշացնում է, որ գումարտակի հրամանատարն իրենց հենակետից դուրս է եկել ու ստուգայցով մեր հենակետ է գալիս: Գետնատնակում այնպիսի «պոռնո» է, որ հնարավոր չի նկարագրել: Հենակետի ավագը սակրավորական բահով իր փսխուկն է հավաքում, երկու հոգի ծանր զենքն են վերեւ բարձրացնում, գետնատնակն ենք կարգի բերում, խմիչքի դատարկ շշերն ենք կորցնում, չոր-չոր թրաշվում ենք: Ես ձեռքս եմ վերցրել հենակետի երեք հեռախոսները եւ չգիտեմ, թե որտեղ պահեմ դրանք: Հեռախոսներից մեկը միացված է, զանգ է գալիս: Ընկերուհուս համարն է, վերցնում եմ: «Նախագահը,- ասում է,- արտակարգ դրություն է մտցրել»: «Հետո կխոսենք,- ասում եմ,- մեր մոտ էլ է արտակարգ դրություն»:

2010

Please follow and like us:

2 thoughts on “Համբարձում Համբարձումյան/Ընտրությունները բանակում/3.Արտակարգ դրություն

Comments are closed.