«Գրողուցավը» ներկայացնում է Համբարձում Համբարձումյանի «Ընտրությունները բանակում» եռագրությունը, որը հեղինակը գրել է 2010 թվականին։ Եռագրությունը կարեւոր գեղարվեստական վկայություն է այդ ժամանակ տիրող բարքերի, հասարակական ու քաղաքական գործընթացների եւ բանակային կյանքի մասին։
Քարոզարշավ
Շապիկս շրջել, մահճակալիս մոտ նստած՝ շապիկիս վրայի տռուզ ոջիլներն էի եղունգներով ջարդում-տրաքացնում, երբ լսվեց կանգնած օրապահի ղժղժան ձայնը. «Գումարտակ, շարվի, գումարտակ, վազքով շարվի»: Գումարտակի «լավերը», այդ թվում՝ մի քանի սերժանտներ, ձենները գլուխները գցեցին, թե բա՝ «արագ շարվեք, կամբատն ա շարում, գումարտակի հերթապահն էլ Գիժն ա»: Եթե ուրիշ հերթապահ լիներ, նույնիսկ գումարտակի հրամանատարի շարելու դեպքում կարելի էր եւ դանդաղ շարվել, բայց Գժի՝ լեյտենանտ Կարապետյանի հերթապահության ժամանակ դա կարող էր շատ թանկ նստել, մի քանի շրջան վազքը որ հաստատ երաշխավորված էր: Արագ հագա շապիկս, վրաս գցեցի խեբես, արնոտ եղունգներս շալվարիս վրա սրբեցի եւ սկսեցի սերժանտություն անել:
«Քիթդ կկծեմ, կթքեմ դեմքիդ»,- գումարտակ մտավ Գիժը ու ինչ-որ մեկին հարամեց: Գժի մուտքն ազդեցիկ էր, գումարտակը կուտակվեց նեղ միջանցքում եւ սկսեց դուրս թափվել շարահրապարակ: Երբ արդեն շարվել էինք, բուշլատի չկոճկած կոճակներն էինք կոճկում, զինվորական ճտքակոշիկների չկապված քուղերն էինք կապում, Գիժը «թողնել» տվեց, եւ մենք ետ վազեցինք կացարան: Չորրորդ փորձից հետո գումարտակը շարվեց:
Կանգնել եմ շարքի առջեւի տողանի մեջ, ինձուինձ ենթադրում եմ, թե ինչ կարող է գումարտակի հրամանատարը ասել ընտրությունների հետ կապված, եւ զգում եմ ցեղասպանությունից մազապուրծ եղած ոջիլների խլրտոցը: Տասնհինգ րոպեից գալիս է գումարտակի հրամանատարի դաստիարակչական գծով տեղակալը՝ զամպալիտը: Առավոտյան նախագահական ընտրությունների հետ կապված՝ նա մեզ արդեն շարել-տեղեկացրել է, թե ինչ պիտի անենք եւ նույն թեմայով երկար չի խոսում:
Ցուրտ է, զինվորական ճտքակոշիկների մեջ՝ ոտքերս, թաթմանների մեջ՝ ձեռքերս սառել են: Գումարտակի հրամանատարն ուշանում է, որովհետեւ ներքին կապով գնդի հետ է խոսում, ենթադրում եմ՝ ինչ-որ ցուցումներ է ստանում: Մեզ զբաղեցնելու, տաքացնելու համար զամպալիտը հրամայում է գնդի քայլերգը կատարել: Գնդի քայլերգին հետեւում են «Երազ իմ երկիր»-ը եւ «Մեր հայրենիք»-ը: Երբ ամեն օր՝ առնվազն առավոտյան տողանին եւ երեկոյան անվանականչին շարքի մեջ սառած ոտքերով, խլվլացող ոջիլներով զգաստ կանգնած, ստիպված ես նույն երգերը երգել, ակամա հակակրանք է առաջանում այդ երգերի հանդեպ:
Կես ժամ անց գալիս է գումարտակի հրամանատարը եւ զինվորական ողջույնից հետո բարձրանում է տրիբունա: Նախ նա խոսում է հայրենասիրությունից, տեղեկացնում է, որ մինչեւ ընտրություններ ծնողների ու հարազատների հետ տեսակցություններ, արձակուրդներ չեն լինելու, հետո սկսում է բացատրել մեր անելիքը: «Մենք մի ընտանիք ենք»,- ասում է: «Հա,- մտածում եմ ես,- ու Սերժն էլ հիմա ձեր պապան ա»: «Մենք մի կոլեկտիվ ենք, ու մենք պտի մի միտք ունենանք: Մի միտք, մի հավատք, մի թեկնածու, մի որոշում, իսկ էդ որոշումը մեզնից վերեւ կանգնած մարդիկ, մեր ղեկավարներն արդեն ընդունել են»: Կորցրածը ետ բերելու անհագ մարմաջով ոջիլները մարմնիս վրա խմբակային սեքսով են զբաղված: Ուժերը վերականգնելու համար նրանք մի պահ ստոպ են տալիս ու սկսում են արյունս ծծել: Կծած տեղերում անտանելի քոր է գալիս, բայց չեմ համարձակվում քորել. գիտեմ՝ հրամանատարը քարոզարշավը կթողնի ու ինձնով կզբաղվի: «Դուք էլ լավ գիտեք, թե ով ա մեր թեկնածուն,- ասում է գումարտակի հրամանատարը,- դա մեր բոլորի հրամանատարը, մեր բանակի նախարարն է՝ Սերժ Սարգսյանը»: Այդ ժամանակ զինված ուժերի նախարարը Սեյրան Օհանյանն էր, բայց գումարտակի հրամանատարին կարելի է հասկանալ. Սերժ Սարգսյանն այնքան արագ նախարարից վարչապետ դարձավ, որ գումարտակի հրամանատարը նրան դեռ որպես նախարար էր ընկալում: Ես ընտրական օրենսգիրքը չգիտեմ, բայց, դատելով նրանից, թե ինչպես զամպալիտը շփոթվեց, երբ գումարտակի հրամանատարը «մեր թեկնածուի» անունը տվեց, քարոզը օրինական չէր: Մինչ այդ նմանատիպ բացատրական զրույցների ժամանակ զամպալիտը երբեք «մեր թեկնածուի» անունը չէր տվել, այլ թվարկել էր նրա կոչումներն ու տարբեր ժամանակ զբաղեցրած պաշտոնները, քվեաթերթիկում նրա համարն էր ասել: Բանակում զամպալիտը ինչ-որ առումով օրենքի մարդ է, եւ հավանաբար այդ պատճառով նա մինչեւ վերջ չէր գնացել:
«Ռեւանշիստները, աբիժնիկները, բաշիբոզուկները»,- լսում եմ գումարտակի հրամանատարի ձայնը եւ զգում, որ ոջիլներս ուղիղ մայրուղով իջնում են դեպի ամորձիներս, որը նրանց ձվադրման հիմնական տեղն է: Լսել եմ, որ մայր ոջիլը օրական վեց հարյուր ձու կարող է դնել: Դրանց դեմ պայքարում ենք թունաքիմիկատներով, դիզվառելիքով, շորերը հաճախակի փոխելով, բայց միեւնույն է՝ եթե գումարտակում գոնե մի ոջիլ կա, դրանք վարակի պես կտարածվեն: Իմ փորձը ինձ ցույց է տվել, որ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կոշտ ու արյունոտ մեթոդներով պայքարն է, դրանց ջարդել-տրաքացնելը կամ տաք արդուկով վառելը: Ընդդիմության առաջնորդներին տարբեր մակդիրներ կպցնելով եւ նրանց հանցագործներ անվանելով՝ գումարտակի հրամանատարն ավարտում է իր ելույթը նույն՝ «Մի միտք, մի որոշում, մի հավատք, մի թեկնածու» կարգախոսով:
Հաջորդ օրը գումարտակի սերժանտական անձնակազմին իր սենյակ հրավիրեց զամպալիտը: Ներս մտա սենյակ ու անմիջապես նկատեցի, որ Ռոբերտ Քոչարյանի ապակեպատ, շրջանակի մեջ դրված նկարի կողքին դրված էր Սերժ Սարգսյանի նկարը: Հին նկար էր՝ մեծացրած, որտեղ պատկերված մարդը միայն հեռավոր նմանություն ուներ մեր օրերի Սերժ Սարգսյանի հետ: Զրույցի թեման եւ բովանդակությունը նույնն էր, բացառությամբ նրա, որ զամպալիտը սերժանտներին հորդորում էր տեղյակ պահել իրեն, եթե ինչ-որ զինվոր քաղաքական այլ հայացքներ ունի: «Երբ կզորացրվեք, դուք ձեր գլխի տերը կլինեք,- ասում էր նա,- ում ուզում եք ընտրեք, բայց հիմա մենք հրաման կատարող մարդիկ ենք»: Նա նաեւ մեզ խորհուրդ տվեց շառից-փորձանքից հեռու մնալ եւ հայտնեց, որ եթե կա այնպիսի մարդ, որ ուզում է ուրիշ, ասենք՝ Դաշնակցության թեկնածուին ընտրել, թող առանց վախենալու նախօրոք հայտնի: Զգուշացրեց, որ եթե այնպիսի մեկը գտնվի, որ հիմա լռում է եւ ընտրության օրը «ուրիշ թեկնածուի» ընտրի, իրենք միեւնույն է՝ կիմանան, ու վայ էդ մարդուն:
Ընտրությանը նախորդած օրերին գումարտակում բջջային հեռախոսների որս էր սկսվել, որի նպատակը մեզ արտաքին աշխարհի հետ կապվելու հնարավորությունից զրկելն էր: Հեռախոսների որսը, իհարկե, միշտ էլ եղել է, բայց սպաները հիմա հատկապես ակտիվ են, զինվորին պատահական, հանկարծակի կանգնեցնում-խուզարկում են, ամեն օր կացարանն են ստուգում: Զինվորական օրակարգով նախատեսված է «Զինուժ» եւ «Հայլուր» ծրագրերի դիտում, բայց երբ DVD նվագարկիչ է լինում, նախընտրում ենք Սպիտակցի Հայկոյի, Բոկայի երգերը կամ սեւամորթ ռեփերների տեսահոլովակները նայել: Երբ այլընտրանք չկա, «Հայլուր» ենք նայում, եւ տեսնում եմ, որ «Հայլուրը» համակարծիք է մեր գումարտակի հրամանատարի հետ՝ այս ընտրություններում մի թեկնածու կա:
Գումարտակի տղաներին առանձնապես չի հեաքրքրում ընտրության արդյունքը. ում հետ այդ թեմայով զրուցում եմ, ասում է, որ ընտրության ելքը կանխորոշված է: Հիշում եմ Նիկոլ Փաշինյանի «1+1» ակցիան, «Հայաստանի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը:
Տղերքին ընտրության ելքը չի հետաքրքրում, բայց ընտրության օրվան շատ են սպասում: Նրանք, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ են բանակում եղել, պատմել են, որ այդ օրը «կայֆավատ ա», որ մի պատասխանատու թողնելով՝ գումարտակի բոլոր սպաներին տուն են ուղարկում, եւ գումարտակում «բարդակ ա»:
Ընտրությունների նախորդ օրը, երբ պաշտոնապես քարոզարշավն ավարտվել էր, գումարտակի հրամանատարը մեզ հավաքում է կացարանում: Հրամանատարն իր համազգեստով չէ, զինվորական նրա շորերի վրա ուսադիրներ չկան: Վերջին շրջանում եւ հատկապես այդ օրը նա մեզ հետ շատ փափուկ է խոսում, ձայնի մեջ ընկերական, մտերմիկ երանգներ ներդնելով: Նա երկար խոսում է փոխադարձ վստահության, հավատարմության մասին, հույս է հայտնում, որ մեր մեջ դավաճաններ չկան: «Հրաման» բառը չի օգտագործում, որովհետեւ գիտի զինվորի հոգեբանությունը, գիտի, որ ցանկացած հրաման զինվորը տհաճությամբ է կատարում, որ զինվորի մոտ հրամանը հակառակվելու ցանկություն է առաջացնում: Ասում է. «Հնարավոր է՝ ձեր բարեկամները, ընկերները ձեզ հետ կապված լինեն, ինչ-որ բաներ ասած լինեն, բայց դուք չպիտի լսեք նրանց. մեր հրամանատարները որոշում են ընդունել, եւ մենք այդ որոշումը պիտի իրականացնենք»: Գումարտակի հրամանատարը կարող է մեզ հետ այդքան գլուխ չդնել, կարող է ընտրությունների օրը շարել ու «մեր թեկնածուի» անունը տալ, եւ արդյունքը նույնն է լինելու, բայց նա շուտով զինվորական ավելի բարձր աստիճան եւ պաշտոնի բարձրացում պիտի ունենա եւ դրան նախապատրաստվելով տարիներ շարունակ յուրացրած պետական դիզվառելիքի ու բենզինի վաճառքի փողերով՝ նոր, մետալիկ գույնի «Մերսեդես 600» է գնել: Ես հասկանում եմ նրան, հրամանատարը հոգնել է սահմանամերձ գյուղի գումարտակում ծառայելուց, հոգնել է ամռան շոգին, ձմռան ցրտին, մառախլապատ անձրեւային եղանակին հենակետեր շրջայցեր կատարելուց, հոգնել է անընդհատ խնդիրներ ստեղծող սպաներից ու զինվորներից, հոգնել է գումարտակ-Երեւան ճանապարհից, հոգնել է լիտր-լիտր դիզվառելիք հետ գցելուց, նա ավելի լավ կյանք է ուզում: Հրամանատարը իր գործերը այս գումարտակի հետ ավարտել է, մնացել է մի շատ փոքր հարց լուծել՝ ընտրությունները ճիշտ կազմակերպել, եւ նա ջանք չի խնայում դրա համար: Լսել եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանական կուսակցությունը ձայների բավարար քանակ չի ստացել, եւ գյուղապետը հրամանատարին զրպարտել է՝ իբր նա չի ապահովել ձայները: Ճիշտ է՝ հրամանատարը կարողացել է ապացուցել իր անմեղությունը, բայց այս անգամ նա չի ուզում, որ այդ տհաճ միջադեպը կրկնվի: «Մեր ընտրությունը,- ասում է հրամանատարը,- պիտի էնքան վստահ լինի, որ ոչ մեկին կասկածի առիթ չտա: Ամբողջ գյուղին, գյուղապետին, մեր ղեկավարությանը մեր վստահ ընտրությամբ՝ մենք պիտի ցույց տանք մեր ուժը: Մենք պիտի մի միտք ունենանք, մի միտք, մի հավատք, մի որոշում, մի թեկնածու»: Գումարտակի հրամանատարն ավարտում է իր ելույթը եւ առջեւի շարքում նստած Դամբուլին (նրա անունը Յաշա էր, բայց նույնիսկ գնդի հրամանատարի տեղակալները մականունով էին դիմում) հարցնում է. «Ո՞ւմ պիտի ընտրես, Դամբուլ»: «Սերժին»: Ծիծաղում ենք: «Սերժ Սարգսյանին»,- շփոթված Յաշան կարծում է, թե իր՝ «մեր թեկնածուին» անունով դիմելն է ծիծաղ հարուցել, իսկ իրականում ծիծաղում ենք, որովհետեւ հրամանատարը քիչ առաջ է ասել, որ ոչ մեկին չասենք՝ ում ենք ընտրելու, եւ հիմա ստուգում է: «Բա խի՞ ես Սերժին ընտրելու»: «Դու ես ասել, կամանդիր»: Ծիծաղը սաստկանում է: «Արա, էսի ինձ էլ, զամպալիտին էլ բռնել կտա, Յաշիկ, դու հո բոզ չե՞ս, արա»: Հրամանատարի ասածը իսկապես զվարճալի է, որովհետեւ գումարտակում բոլորին հայտնի է, որ Դամբուլը նրա գործ տվողն է, անձնական օգտագործման մատնիչը: «Մի անգամ էլ եմ կրկնում՝ հատուկ Յաշայի համար, գյուղում ով ուզում է լինի, եթե մոտենա, հարցնի՝ ում եք ընտրում, ասեք, որ իր գործը չի,- լրջանում է հրամանատարը:- Իմ մոտ դուք կարաք ազատ խոսեք, բայց գյուղում ոչ տեսել եք, ոչ լսել եք, ոչ էլ պետք ա իմանան, թե ում եք ընտրել»:
Հրամանատարը մեզ հրաժեշտ է տալիս եւ գնում կացարանի մյուս մասնաբաժինը, որտեղ մնացած երկու վաշտերին են հավաքել: Դուրս եմ գալիս միջանցք, եւ ականջիս է հասնում հրամանատարի ձայնը: Նույն անփոփոխ տեքստն է արտասանում, որ վաշտի սպաների ասելով՝ գնդի հրամանատարից էր լսել. «Մի միտք, մի որոշում, մի հավատք, մի թեկնածու»:
Շարունակությունը՝ այստեղ
2 thoughts on “Համբարձում Համբարձումյան/Ընտրությունները բանակում/1.Քարոզարշավ”
Comments are closed.