Պետրոս Դուրյան/ Վիշտք հայուն

Վիշտք հայուն

Փոխանակ քաղցր օրորներու, հայրենի՛ք,
Օրրանիս քով մայրիկս ըզքեզ միշտ ողբաց,
Համբույրին հետ շիթ մ՚ըզգացի արտասվաց,
Աչերս տեսան արցունքներու լոկ երկինք։
Ավերակաց ծաղկանցըդ սոսկ այցելու
Զեփյուռն չ՚եկավ նժդեհ ճակատս շոյելու,
Փառաց դարեր ծընող` ընկող հայրենի՛ք,
Մամռոտ ավերք և դամբարան զորավիգ

Արարատյան հսկայից,
Ուր ծոր ճակտով վիրալից
Հեծե ոգին հայկական․․․
Բայց ի զո՜ւր. ողբ, վայ, կական
Եվ արտասուք ու հառաչ
Քեզ ըսփոփել չ՚են կարող,
Այլ վեհ ճակատ քրտնաշող
Ի՚արյունաբուխ կող ու լանջ։

Մոխիր հագած, արյուն ծըծած սև հողե՛ր,
Ուր կը տիրեն սոսկում, տըխուր հիշատակք,
Ալ ծոցեդ թռեր են հուսո քաղցր հրեշտակք
Եվ արյունոտ դափնի մ՚անգամ չ՚են թողեր․․․։
Սև շղթաներ եղան ինծի խանձարուր,
Մըթության մեջ սըրտիս վըրա հսկեց սուր,
Միթե Հա՞յ եմ՝ մինչդեռ չ՚ես իմս, Հայաստա՛ն.
Եվ հոյակապ, վես կոթողներդ պատվանդան

Օտարաց, գահդ՝ հիշատակ,
Եվ ճակատըդ կրես պըսակ
Արդ փըշահյուս, սև նոճի․․․
Ալ չըկա՜ վառ թագդ առջի,
Որուն ականց տեղ անգին՝
Դառնաթախիծ մըտածմանց
Քրտունքներ սառ՝ քար կտրած՝
Կնճռոտ ճակատդ պճնեցին։

Երբոր տեսավ արյունլըվա վարդին ծոց`
Վարդատարփիկ բուլբուլն դողով թռչեցավ,
Սուգին փափկիկ թևքն արցունքով թրջեցավ`
Սիրատրոփ լանջք կուսից տեսավ երբ սրախոց․․․
Լըռեցին քնար, հանբույր, գեղգեղ և մրմունջ,
Հրաժե՜շտ տիրեց… և սիրակաթ շուրթեր մունջ
Համբուրեցին սև հողեր, ժայռ և ալիք,
Բույլ բույլ, բյուր բյուր ոգիք թըռան տրտմալիք.

Մասյաց մուսայք դողահար՝
Թողուցին պսակ և քընար.
Դաշտեր, ձորեր և սարեր,
Ալիք, ժայռեր և սառեր,
Հե՛գ հայրենիք Հայաստա՛ն,
Ըզքե՛զ, ըզքե՛զ ողբացին,
Որ ուրացողք քեզ բացին
Բյուր բյուր՝ սև սև գերեզման։

Հայն էր, որ թագըդ գըլորեց փայլարձակ,
Եվ ալևոր ճակտիդ բարդեց սև ամպեր,
Հետո վայեց, երբ գերեզման կըշտապեր,
Այլ շնչասպառ էր՝ չ՚ուներ ձեռքը կայծակ,
Որ այն ամպերն փոթորկաբեր փարատեր,
Եվ հայրենիքն շղթաներե ազատեր.
Նոճյաց խորքը մահվան շունչը սոսափեց,
Սոսկմամբ ցնորած Հայն իր երկրեն խուսափեց.

Թողուց ավեր և արյուն,
Թաղեց հոն փառք և ավյուն.
Արդ կը տեսնե բոթաբեր
Ներկայն՝ ճիգ մը չը թափեր,
Հայաստա՛ն, քեզ փրկելու,
Անզգա դարձած դարե դար՝
Չը հիշեր քեզ, չը փութար
Քեզ անձկանոք գրկելու։

1868

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն համայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ – փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չէ անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար:

1871

Երգ մարտին Վարդանանց

Արիք որդիք Արարատյան,
Նըսեմ ճակատք ցայտե՚ն թող շանթ,
Դողդոջ ձեռաց մեչ սուր ցոլա՛ն,
Արդար վրիժուց ժամն հասավ արդ,
Փշրի՛ Պարսկին անդուլ կացին,
Հայք բա՛վ լացին.
Մեռնի՚նք Մասյաց շուքերուն տակ,
Հավերժ կանգնե՛նք հաղթանակ,
Օ՜ն, ազա՛տ ըլլանք
Եվ Հայաստան մեր,
Թող տա՛ն արձագանք
Մասիք անվեհեր.
Մեռնի՚նք յ՚Արտազ՝
Տղմուտի մոտ,
Ուսկից ծագի մեզ առավոտ։
Մեր սուսերց փայլեն
Սասանին Սասանք,
Մեր ամեն քայլեն
Ծագի հաղթանակ։

1869

Իղձք առ Հայաստան

Երբոր ցողին փաղփուն շիթերն գիշերվան
Խոտի, թերթի, ծաղկի վըրա կը շողան,
Երկինքն երբոր աստղեր փալփլին գիշերը`
Ցայտեն արցունք, կայծ իմ ցաված աչերը.

    Ի՜նչ, Հայաստա՛ն, քեզ մոռնա՜լ…
    Երբե՛ք, այլ սև նոճի մ՚ըլլալ, քեզ շո՛ւք տալ:

Զ՚իս աստղազարդ երկին սփոփել չ՚է կարող,
Մասյաց սարին արտասվալից է նա քող,
Ձեր հիշատակն ինծի համար հեշտագին՝
Նըման կուսին սիրո առջի արցունքին.

    Դամբա՛նք, ավե՛րք, Ձեզ մոռնա՜լ…
    Երբե՛ք, այլ ուղխ մ՚արցունք ըլլալ, Ձեզ թա՛ց տալ:

Երկաթ, շղթա, զնդան, անդունդք ու վըհեր,
Ամպրոպ ու շանթ, մահվան զանգակ ու ջահեր,
Չ՚է, չ՚են կարող պահ մը Ձեր վառ հիշատակ
Ծածկել սևի ու սոսկումի՝ վեմի տակ.

    Ազա՛տ օրե՛ր, Ձեզ մոռնա՜լ…
    Երբե՛ք, այլ հուր մ՚ըլլալ և Ձեզ Հայո՛ւն տալ:

Զվարթ բնության այն կամարներն ծաղկահյուս,
Բույր, կայծ ու գեղ, նայվածք, ժըպիտ սիրուհվույս,
Անուշ հովեր, արծաթ ալիք վըտակին
Ձեր հուրն սրտես պահ մը առնել չը կրցին.

    Փառա՛ց օրեր, Ձեզ մոռնա՜լ…
    Երբե՛ք, պատրույգ մ՚ըլլալ այլ Ձեզ, ու լո՛ւյս տալ:

Արշալույսին տժգույն աստղեր երբ փալփլին,
Գողտըր գեղգեղ վարդակարոտ բուլբուլին,
Բնության դաշնակք, ո՜հ չ՚են կրնար նվաճեր
Ձեր հառաչներն որով մռընչեն նոճիներ.

    Սև՛ սև՛ օրեր, Ձեզ մոռնա՜լ..
    Երբե՛ք, արյուն մ՚ըլլալ և Ձեզ կարմի՛ր տալ:

Թերևս ժպտին Մասյաց մըթին սարերը,
Կամ արտասվին Սիպերիո սառերը,
Բայց սև հոգիք ու սև ճանկեր չ՚են կրնար
Խեղդել իմ ձայնս, փշրել փըշոտ իմ քնար.

    Արդարությո՛ւն, քեզ մոռնա՜լ,
    Երբե՛ք, այլ սուր մ՚ըլլալ, սրտեր քեզ մուտ տալ:

Մինչ ց՚ե՞րբ գոչեմ, ձայնըս մեկը չը լըսեր,
Հայն յուր ժանգոտ շղթան երբե՛ք չը սարսեր…
Վայրկյան մ՚ինձ հետ դեռ իրավունք չ՚թոթովեց.
Հայն զ՚իս ծաղրեց, և ձայն մը զ՚իս չը թովեց.

    …Դեռ կը գոչեմ Ձեզ, Հայե՛ր,
    Որ դամբանիս մեջ չը լըսեմ Ձեր վայեր:

Հարուստն ու կղեր թե ազգ ըզգան ու վառին,
Թե «լույս և սեր» Հայ սրտերուն մեջ թառին,
Թե լուսո դարն երկնե «ազատ զավակներ»,
Թ՚եղբայրություն, սիրո վառին կըրակներ,

    Թեև ըլլամ ես մեռել,
    Դամբանես դուրս կ՚նետվիմ ԱԶԱՏ Հայն տեսնել:

1869

Նոր սեւ օրեր

Մինչ բռնության՝ ընկա՜ն արյան դարերը,
Աշխարհմ՛ը կա արցունք թափող սարերը,
Արյամբ պղտո՜ր դեռ գետերուն ափունքը.
Չը դադրեցավ դեռ այս երկրին սև սուգը.
Ավերակույտն այս ահարկու,
Աշխարհ մոխրոց ու նոճերու:

Հայ դյուցազանց,
Որ հոն ընկան ի վաղուց
Ոսկերոտիքն՝ արմատներն այն վըրիժյուց
Ահ, դեռ բողբոջ մը չարձըկած հող դարձան․․․
Ուրեմն հիմա աղիք չ՛ունի Հայաստան․․․
Այ, դալկահար դու հայրենիք․․․
– Եվ դեռ Քրդին ալ խոնարհինք։

Մառախուղ են հագեր դաշտքն ու լերինքը,
Չը գեղգեղեր Հայ հովվուհվույն սըրինգը,
Հայուն համար չը փալփըլիր աստղիկը,
Արցունքներով թոռմեր հոգվույն ծաղիկը,
Դադրեր անմեղ խինդ, թինդ ու պար,
Շողա ազա՜տ Քրդին տապար։

Դողդոջ մտնե առագաստը գիրգ հարսը,
Արտասվաթոր՝ դեմքին ծածկած հույլ վարսը՝
Որ չ՛ըլլա թե հանկարծ սիրո մրմունջը
Խափանե վատ Քրդին տռփոտ մըռունչը.
Սերը փեսին արյամբ կարմրի,
Հարսը Քրդին կերթա գերի․․․։

Մի՛շտ կը ցանե Հայն, չը հնձեր․․․ անոթի՜․․․
Իր դալկահար դեմքեն երկու շիթ կաթի,
Արտոսր[1] ու քիրտ[2] միանգամայն․․․ ո՜վ Աստված,
Նա ճաշակե տրտմած սրտով ցավ ու հաց.
Այս տարաբախտ ազգն է Հա՛յը,
Մեր արյունը, մեր եղրայրը:

Ահ, ոտնակոխ Հայուն սիրտը և տաճար
Հրացանն յուս սա կոշտ Քրդին անդադար,
Եվ մեր ներսը չեռա՞ր կարմիր մեկ ալին
Կամ մեկ փրփուրն հայրենյաց սուրբ երակին,
Որ սառույցի զերթ որդիներ՝
Մեր աղիքները չենք թոթվեր։

Ի՞նչ սիրտ է այս որ հոս գամեր է Աստված,
Մինչ չը սիրեր նա հայրենիքը ցաված․․․
Չունի ներսը Հայն իր նախնյաց տըրոփը,
Լըքեր է զինք ճակատագրին Սերոբը.
Երես դարձուց Հայն սուսերեն,
«Սև» ժառանգեց լոկ պապերեն։

Սառե աչեր, քարե լեզու, ա՞յս մընաց
Բյուր փառքերեն մեր գոռ ու պերճ հայրենյաց,
Սևագըլուխ խումբ մը ագռավ մընաց լոկ՝
Կամ խումբ մը կույր խըլուրդ՝ ըստրուկ փառքի սոսկ.
Ա՜հ, այն արծիվ ժողովրդեն,
Ո՚ր հարվածվի արդ կոշտ Քրդեն։

Ինչ, սև ձեռքեր հըպին վըճիտ ճակատին
Հայ կուսիկին նըվիրական լաչակի՜ն,
Դըժոխք մը տարփ թոշնեն վարդը կուսության,
Կարծես ծաղիկ մը կոխկռտեն զ՚այս կըզգան,
Ինչպես որ Հայ մը մորթեն,
Կարծեն թե հավ մը մորթեն։

Է՜հ, մի՛ վախեք, ասեղ մանգամ պետք չէ մեզ,
Այլ հայրենի սոսկ զգացում մաղեկեզ,
Ժանգոտ սուր մը, պատռած դրոշ մը թե չունինք,
Կուրծերնուս տակ տըրոփող սի՞րտ մալ չունինք.
Օ՜ն, ոտքերնիս զարնե՚նք գետին,
Հայտնենք մեր ցավը ահագին։

Մեր քերց[3] վարդերն և արևներն մեր եղբարց՝
Մեր տաճարաց խաչերն՝ պատի՛վն հայրենյաց
Մենք պահանջենք, բարօրություն մեր ազգին.
Զա՚յս պահանջենք՝ զա՚յս Սուլթանեն սրտագին,
Մեր պատիվն ու Քուրդը կուզենք,
Եվ կամ նորա զենքին դեմ զե՛նք։

1871

Տրտունջք

Էհ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև․․․
Աստղ մ՚ալ ես կ՚երթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ եթե ո՛չ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որ թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ…
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՚ըսեմ․․․ շանթահարե զ՚իս,
Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հյուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի․․․
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ Էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
Կյանք մ՚անհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ,
Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
Այժմեն թո՚ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

Ոհ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժո՝խքի մ՚հանգոյն[1]․․․
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև․․․
Ոհ, կայծ տրվե՛ք ինձ, կայծ տրվե՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ․․․
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրով է գծված․․․
Ոհ, տըվե՚ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ․
Երկնքի աստղե՚ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ոչ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դըրավ այդ լուսին․
Եվ մահամերձն ալ կուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող միր վըրան։

Ի զո՛ւր գըրեցին աստղերն ինծի «սեր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնչեցին,
Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբե՚ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան․․․
Ո՜հ, նոքա ամենքը զՙիս ծաղրեր են․․․
-Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն․․․

1871



Please follow and like us: