Աբոյի առավոտը աքլորականչից առաջ էր բացվում, օրը չէր հերիքում օրվա գործը հասցնելու համար։ Օգնող չկար, մի մեծ ընտանիք նայում էր հիսունն անց Աբոյին։ Մայրը հիվանդ էր, տեղից հազիվ էր շարժվում։ Հա, ճիշտ է, թոշակ էր ստանում, բայց թոշակից շատ դեղերին էր գնում։ Թոշակը վերցնում, մտնում էին դեղատուն, պարտքն արած դուրս գալիս, «մնացածը մյուս թոշակին», ու այսպես ամեն թոշակից՝ մյուս թոշակին։
Աբոյի հայրը վաղուց էր մահացել՝ որդուն թողնելով կիսախախուլ մի տուն։ Գուցե թողնելու ժամանակ այդպես չէր, բայց հիմա այլևս ոչինչ առաջվանը չէր։ Հոր մահից արդեն տասը տարուց ավել էր անցել։ «Գոնե հայրը ողջ լիներ, որդու կողքին լիներ, մի բանի շահ լիներ մի քանի տարի»,- հաճախ էր կրկնում Աբոյի խեղճ մայրը։ Հոր մահը Աբոն շատ ծանր տարավ՝ թե՛ հոգեպես, թե՛ նյութապես։ Ընդ որում, վերջինը վատ ազդեց բոլորի վրա, անգամ հոր մահից հետո ծնված փոքրիկ աղջկա, որը թեպետ չտեսավ պապին, բայց գիտեր, որ մահացել է պապը, ու ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ թարս է գնում։ Ու իր փոքրիկ ուղեղով արդեն հասկանում էր, որ եթե ինքն էլ հարևան, իր խաղընկեր Գոռի նման պապ ունենար, իր համար էլ թոշակից կոնֆետ առնող կլիներ, բայց ինքը պապ չուներ, հայրն էլ պապից հետո փող չուներ։
Աբոն երեք երեխա ուներ ու մի երիտասարդ, սիրունիկ կին։ Սիրուն ու երիտասարդ կին ունենալն էլ մի բան չի, էս կողմից, էն կողմից բամբասանքներ, հա բամբասանքներ։ Ո՜նց կլինի, Աբոն երիտասարդ կին ունի, խեղճ աղջկան ինչ անուն ասես դրեցին, քննեցին, վերջում եզրակացություն կայացրին, որ ուղղակի «միամիտ ա»։ Ու էդ «միամիտ» աղջիկը երեք երեխա ունեցավ՝ չմտածելով, թե ոնց պետք է պահեն։
Աբոն, որը հանգստի մասին պատկերացում չուներ, չէր նեղվում ու տրտնջում, իսկ երեխաներին շատ էր սիրում․ այդ երեխաները նրա արդեն խամրող աչքերի լույսն էին՝ այն լույսերից, որ ջերմացնում ու լուսավորում են ձմռան ցրտաշունչ գիշերները։ Աբոն մի քիչ շատ էր սիրում տղային, հոր անունն էր դրել, իսկ ո՜նց էր խաղում փոքրիկ աղջկա հետ՝ այդ չարաճճի ու խորամանկ արարածի, ում հետ Աբոն մոռանում էր մոտեցող ծերության մասին։ Իսկ մեծի համար, որն ընդամենը տասներկու տարեկան էր, և հոգսը միայն դպրոցական կյանքն ու դասերը պիտի լինեին, իսկ հանձնարարությունը՝ մաթեմատիկայի խնդիրները, դրանք փոխարինվել էին տնային հոգսերով ու հանձնարարություններով, տնային փոքրիկ տնտեսուհու նման ամեն ինչ վերցրել էր իր նվաղ ուսերին, մորն էր օգնում, քրոջն ու եղբորը հետևում․․․ Իսկ մայրը այգում էր աշխատում, աշխատել էր պետք, ամռան մի օրը ձմռան տասը օր արժե։
Սովորական գյուղական առօրյայով էր անցնում Աբոյի ընտանիքի օրը, ամեն մեկը իր գործը գիտեր, ամեն մեկն իր ուժի չափով պետք է աշխատեր, որ օրվա վերջում դատարկ ստամոքսով չմնային։ Օրվա հացը դառը քրտինքով վաստակող ընտանիքը երկար ժամանակ դուրս էր մնացել գյուղի ծայրում ապրող, բամբասանքը սուրբ գործ կնքած կանանց մանրադիտակի տակից։ Գյուղում էլ նրանց մասին չէին խոսում, կարծես նրանց գոյության հետքը ջնջվել էր։ Չէին խոսում այնքան ժամանակ, մինչև որ Աբոյի կնոջը տեսան գյուղամեջի խանութում՝ լայն շոր հագած։ Ամենաճշգրիտ սոնոգրաֆիան հենց տեղում որոշեց՝ «հարսը հղի է»։
– Դե կբերի, բա ի՜նչ, հո դա ուղեղ չունի, որ հասկանա՝ երեխեքին պահող ա պետք, գիտի երկնքից կթափվի․․։ Էն երեքին պահեցին, հիմա էլ էս մեկին,- վրդով ձայնով հայտարարեց Հասմիկը տատը, երբ հավաքվել էին հերթական սրճախմությանը Սեդիկենց տանը։
-Դու քո հարսի մասին մտածի, որ ինչքան ժամանակ ա՝ ամուսնացած ա ու երեխա չունի, – վրա բերեց Ամալիկ տատը՝ հակահարված տալով․ իր վաղեմի ընկերուհու պորտը ոլորեց, դրեց տեղը։
– Մեկը ըսկի մինը չունի, դա արդեն չորսը,- քթի տակ մրմնջում էր Վերգին տատը՝ հիշելով իր մի քանի տարվա ամուսնացած աղջկան։
-Ամեն դեպքում իրենց գործն է, բայց մեղք է երեխան, – հետո խորհրդավոր դեմք ընդունելով՝ մի փոքր ցած ձայնով Սեդիկ տատը ասաց,- ասում են դրա մարդը տան էրես չի տենում, էն երկու երեխուն էլ մեծ աղջիկն ա պահում, աղջի Հասմիկ, դրա կեսուրը քո՞ դասարանից էր։
– ՉԷ, դա երկու-երեք տարի մնացել էր նույն դասարանում, վերջում մեզ հետ եկավ,- սեփական տարիքը թաքցնելով՝ պատասխանեց Հասմիկ տատը, չնայած մեկ էր, մի ժամ հետո ոչ մեկը չէր հիշելու մյուսի տարիքը։
– Օ՜ֆ, տեր իմ Աստված, Աստծո գործերը անքննելի են, մենք ո՜վ ենք․․․ աղջի, բաժակդ կարգին թարսի, պատերով չտա՛ս,- փորձագետի ձայնով թեման ամփոփեց Սեդիկ տատը և անցավ մասնագիտական ավելի կարևոր գործի։
Իրականում թաղային «լրատվականը» չէր սխալվել, չէր կարող սխալվել, Աբոյի կինը հղի էր։ Պտուղը արդեն մեծ էր, երբ իմացավ, որ հղի է։ «Երեխան պետք է ծնվի», – խիստ ու սպառնալից տոնով հայտնել էր բժշկուհին սոնոգրաֆիայի սենյակում։
– Հա, իհարկե, ասելը հեշտ է, իրենց ի՜նչ, «երեխան պետք է ծնվի», ես էլ կուզեմ, ես եմ մայրը, հո քար չեմ, բայց ո՞նց, ո՞նց կպահենք,- լացակումած ձայնով պատմում էր կինը Աբոյին։
-Դե հո չենք հրաժարվելու մեր երեխայից, Աստված մեծ ա,- Աբոն ուրիշ պատասխան չէր էլ կարող տալ, բայց մտքում քաջ գիտեր, որ իր բեռն է ծանրանալու, արդեն հաջորդ օրից պիտի փոխ առնի, որ հասցնի։
Բայց հանկարծ նոր հայտնագործություն արած գիտնականի տեսքով հայտարարեց․
– Չորրորդ երեխայի նպաստը շատ է, էդ փողը ստանանք, խանութների պարտքը կփակենք, երեխու ծնվելու փողից էլ՝ դեղատան պարտքը, ինչ էլ մնա՝ երեխուն, հետո էլ քուր ու ախպոր շորը կհագնի, կմեծանա։ Բա որ տղա լինի, ինչքան լավ կլինի, բիձուս անունն էլ կդնեմ, անզավակ մարդ ա․․․ Հիմա ծնվելու փողը միանգամից կտա՞ն,- հռետորական այդ հարցով Աբոն ընկավ թվերի մեջ։ Դպրոցից մինչև հիմա թվերից գլուխ չէր հանել, որոշեց շատ չխորանա, վառեց թղթի մեջ փաթաթված, դեռ կիսաչոր թութունը և իքսը գտած գերազանցիկի դեմքով սկսեց անհագ քաշել կապույտ ծուխը։
Էդ կինը ամբողջ գիշեր չքնեց, միտքը սարեր կտրեց ու հետ եկավ խարխուլ տնակ, հիշեց բժշկուհուն, էկրանի մեջ երևացող էակին, հիշեց, մտածեց ու հասկացավ, որ «երեխան պետք է ծնվի»։
Ինչքան էլ դժվար անցան վերջին ամիսները, ֆիզիկական գերծանրաբեռնված վիճակում, ամեն տեսակ պայմաններում կինը պայքարում էր։ Աբոյի կինը այն հղիներից չէր, որ փետրվարին ձմերուկ ուզենար, իսկ մարտին՝ հապալաս, ուզենար էլ՝ չկար, հազիվ՝ մակարոնեղեն, թե հարևաներն էլ պատահական բերեին՝ մանդարին ու խնձոր, էդ էլ երեխեքի հետ հազիվ իրեն մի կտոր հասներ։ Աստված այնքան մեծ էր, ամառվա կողմերը ընկավ երեխայի ծնվելը, թեթև, բարակ շորերով, հարևանից բերած կտորներով քառասունքը հանեցին։ Երեխայի փողից մի օրօրոց էին առել, մնացած փողին պարտքերն էին տվել։ Հա, ու երեխեքին՝ կոնֆետ․ հայրն էր խոստացել՝ ապեր ունենան, շատ կոնֆետ ա առնելու։ Ապեր չծնվեց, բայց հո երեխեքը մեղավոր չէին։ Դեղատան պարտքն էլ փակվեց, բայց ավելացավ նոր պարտք՝ մանկական կերեր ու տակդիրներ, արհեստական սնունդ էր պետք՝ մայրական կաթը չէր հերիքում։ Երեխան էլ շատ թույլ էր, բժշկի կարիք հաճախ էր զգացվում։
Այ թե ինչը չէր հաշվարկել Աբոն, և թե ինչից էր շատ վախենում Աբոյի երիտասարդ, «միամիտ» կինը։