Արսեն Ներսես/«լռելու մի նոր հասցե» շարքից

քաղաքային էլեգիա


անիվների տակ տրորված
երկխոսություններ են
մայթ բարձրանում

ջրահեղձի նման

…օրվա մի սահման կա
գուցե

երբ ամենաիրականացած
երազներն անգամ
խաբված լինելու
լռությունն ունեն

…խաչվող երկաթգծերի վրա
արևի շողերը սողեսող
շտապում են

քաղաքից դուրս


գիշերվա լույսեր


բոլոր երգերն
ու բոլոր փողոցները
երջանկության մասին են
միշտ արտասվում

որ խորը խորը
և անգտնելի թաքնված է
լույսերի մեջ…

խավարից էլ անզիջում
ու անթափանց
լույսերի մեջ


05 11 22
միլան


սբ. Ղազար կղզին


երբ մշուշն այնքան
նման է լույսի

ջրերի վրա
առավոտն է քայլում

ոտաբոբիկ

շշուկներով շարականի
թաց ափերին հպվում
գաղտագողի

այնպես

որ գուցե երբեք
չբժշկի աշխարհը
բորոտ մութից

06 03 2023 վենետիկ


ձանձրություն


կարելի է անվերջ
տխրել անձրևի տակ
ու դիտել ուշացումը մահվան

— ջրակույտի մեջ չրմփացող
անիվների տակ

— լուսացույցի գույների մեջ խաչմերուկի

— թաց հագուստից չարացած
մարմինների վրա…

կարելի է ամենուր հիանալ
ուշացումով մահվան

անձրևի տակ

միայն ու միայն
անձրևի տակ


և մի բաժակ սուրճի դիմաց


12 05 2023
Միլան

***

ճամփորդելիս արդեն
որերորդ տարին
գերադասում եմ
լուսամուտը

հայացքով հպվել
վազող իրականությանը
և վայելել սուտը
սեփական անշարժության

ճամփորդելիս
հոգնելը սնահավատության չափ
վախենալու է

առույգությունից
հիասթափություն է բուրում

ճամփորդելիս
կիսատ բան կա
իրական կյանքի մեջ
և իրական մահվան մեջ

և տխրությունն սկսում է
իմաստացնել

և տխրությունն սկսում է
խավարը սիրել

իրական
ու միակ լույսի սիրով

…և մաշվող աղմուկի մեջ
ուրվագծերը կիսամութի
շրջանցում են աղոտ բծերը
ամեն տեսակ լույսի

ամեն տեսակ լույսի


անքնություն


էկրանները
գրեթե շշուկներով
զգույշ պատերազմում են

լռության հետ

…ու սպանված կեսօրների
և առավոտների
աճյուններ են հանգչում

կիսաքուն աչքերի մեջ

անսկիզբ ու անվերջ
օրվա


անժամանակ մանկություն


ալպիական ամպերի լեռնաբույրը

ոչխարի հոտը՝ սարալանջն ի վեր

պրկված լարերով
քարքարոտ ու քամոտ մեղեդին
էլեկտրասյուների

վերուվար գալարվող մայրուղին—
տագնապ են
տագնապ են
տագնապ են
մոտալուտ կամ անցյալ
պատերազմի

իբրև անզգայագած նյարդերի վրա
գլորվող արցունք

անժամանակ վերջացած
անժամանակ շարունակվող
մանկության

Please follow and like us: