Ժաննա Թեգլե Պողոսյան/Կատված

= արևա = 

տարիներով տառապում էր 
գեղարքունիքի սառը արևի տակ մի կերպ աճող «սեմուշկան»։
ասում էր՝ ես արևածաղիկ եմ։
իրան քմծիծաղով ցույց էին տալիս առանձին այգին, որտեղ աճում էին իսկական ծաղիկները,
ու ցույց տալիս ուր ա ինքը՝ բոստանի «կառտոշկեքի» մեջ։
«սեմուշկան» մտնում էր վիքիպեդիաներ,
համեմատում իրեն նորվեգիայի արևածաղիկների նկարների հետ,
կարդում էր հեքիաթներ արևածաղիկների մասին,
ու ոգևորված ցույց էր տալիս՝
«նայեք, նայեք։ ես եմ։ ինձնից ա։ ես սեմուշկա չե՛մ»։
(եթե ոտքեր ունենար, կհարվածեր)։
ոչ արև կա՝ ստեղ, ոչ էլ դու ես ծաղիկ, ասում էին,
ինքդ քեզ անուններ մի հորինիր։
«սեմուշկան» հարցնում էր անցնող մեղուներին, 
հազարից մեկ հանդիպող թռչուններին՝
իրանի՞ց էլի կա, այ էդ իրա նմաններին ի՞նչ են ասում։
ու էլի ջղային շպրտում էր «սեմուշկեն դուք եք, ես արևածաղիկ եմ։
ես գիտեմ․․․ ես զգո՛ւմ եմ։ զզվցրիք արդեն»։
«ո՞ւմ հետ ես է կռվում», հարցրեց թաթիկները գեղարքունիքի փոշուց մաքրող մեղուն։
«հը՞ն»։ 
«ո՞ւմ ես էդ ասում», բզզաց մեղուն։
«նրանց, ով ինձ սեմուշկա ա ասում»։
«հա, բայց դու մարդերեն չես հասկանում», նորից բզզաց մեղուն ու թռավ կառտոշկի ծաղիկի վրա։
արևածաղիկը անշարժվեց էնքան ուժեղ, որ իր թերթիկների վրա դադարեց ազդել քամին։
«․․․ բա էլ ո՞վ էր ինձ էսքան ժամանակ ասում «սեմուշկա»։ 
(իրան շրջապատող «կառտոշկեքը» խոսել չգիտեին):

= ափի =

ափին խմում էր հակասուիցիդնիկներ,
ափին քթի տակ նվնվում էր հորինած երաժշտություն հորինած տեքստերով,
որոնց գլխավոր հերոսները դոզաներով փոփոխվող գույնզգույն դեղիկներն էին։
ափին հավես չուներ ապրելու, 
ապրվելիք բոլոր զգացումները անգիր գիտեր,
գիտեր՝ եթե անգամ վաղը զարթնի մոզամբիկում, 
կամ իր պատուհանի տակ պար գան դելֆիններ,
ինքը զգալու ա մոտավոր նույնը,
ինչ զգացել էր առաջին անգամ տատիկենց պառավաքարում զարթնելիս,
կամ էլ երբ մորքուրենց տան բակում յոթ կատուներ էին հավաքվել։
ոչ մի նոր համով բանով տարվելը չէր համեմատվի էն առաջին շոկոլադե պոնչիկով տարվածության հետ։
ոչ մի նոր կյաժ տղայով տարվելը՝ էն ամեն ամառ կողքի բակից իրանց բակ եկող լյովիկով տարվածության հետ։
ոչ մի նոր վեպ՝ 14-ում կարդացած «տարեկանի արտում»-ի հետ։
պարանով գցվեր ներքև՝ առաջին անգամ ռոլիկ հագնելու ադրենալինը չէր լինի։
առաջինների հետևից չէր էլ ընկնում․ կյանքն իրանց բերում էր հերթով մինչև որոշակի տարիք։ 
25-ը երևի։ 
էդ տարիքից ամեն խոսակցություն, ամեն մարդ, ամեն տեսարան սկսեցին դառնալ նախորդների վերամշակված, մաշված-կարկատած, տատիկենց գյուղի տան փոշու հին հոտերով լցված պատճեններ, պատճենների պատճեններ։
ու ափին ուզեց չապրել․ չապրելը դեռ չէր ապրել։
հիմա խմում էր հակասուիցիդիկներ ու քթի տակ երգում երգեր,
որոնք թեև կարող էին ինչ-որ մեկին էլ դուր գալ, 
իրանց ստեղծողի անհավեսությունից երբեք վերջնական չէին ձևավորվում։
աստված էլ էլի տենց բրախեց երկիրը․ հավեսը վերջնական հանեց հիսուսից հետո։
հա, մտածեց ափին, երևի վերջին ապրելիք թարմ փորձառությունը, որ հնարավոր ա ունենալ էս մոլորակում 
իրա ստեղծողի պես
երեխա ունենալն ա։

= կատված = 

կատուս չունի ընկերներ։
կատուս քնում ա օրը քսան ժամ։
կատուս չի սիրում գրկվել։
կատուս չի ուտում նոր բան։
ես եմ կատուս, կատուս ես եմ,
ո՞վ ա ումից վերցրել՝ չգիտեմ։
երկուսս փախնում ենք աղմուկից,
բայց ականջները սրած հեռվից հետևում,
երկուսս ազդվում ենք նոր մարդկանցից,
բայց իբր թե թաքուն իրանց հոտոտում։
լակտոզի անտանելություն՝ կա,
քնել ցանկացած ամենաանհարմար տեղը՝ վռազ,
միշտ ինքներս մեզ զբաղացնելու տաղանդ
ու ֆշշացնել, երբ վայրկյանից ավելի նայում են մեզ վրա։
ես եմ կատուս, կատուս ես եմ,
ո՞վ ա ումից վերցրել՝ չգիտեմ։

= երբ չի ստացվում գրել =

(սրա համար էի ասում եկածդ մտքերը գրի` հետո գործածես)
(ես էլ քեզ ասում էի՝ վանդակ ա գցելու ինձ, չթողնի օրգանիկ մտածեմ)
«անհամբեր սպասում եմ՝ երբ ես դուրս գալու ինքդ քեզնից,
երբ ես գրելու էնինչ գրողի պես՝ ուրիշներից»։
հիշո՞ւմ ես, չէ՞՝ կատու եմ,
ներսումս ուրիշներ չունեմ։
առանցքս, կենտրոնս ես եմ․
ուրիշների հոտ վրաս չունեմ։
իմ թատրոնի հանդիսատեսը ես եմ,
ներսիս ձայները՝ դատարանումս վկա,
անկեղծությունը՝ կնիք անձնագրումս,
ուրիշ կերպար մեջս չկա։
գրող չեմ, օրագրող եմ, գո՞հ ես,
գրող չեմ, կատու եմ՝ ըհը,
երբ ինձ ոչինչ նենց ծանոթ չի, ոնց սովս,
ես ճարահատյալ իմ սովից եմ գրում։

= սով = 

ոչ մի բժիշկ չհասկացավ, թե ինչի աղջիկը չէր կարողանում ուտել։
ծխելը թարգել էր․ ուրեմն պատճառը ծխելը չէր։
հոգեթերապիայի գնում էր․ ուրեմն տրավմաներով կուշտ լինելուց չէր։
ոչ մի բժիշկ չէր ուզում գլուխ դներ, թե ինչի առողջ աղջիկը չէր կարողանում ուտել։
աղջիկը շտապօգնության հետ տրագիկոմիկ հարաբերություններ ուներ․
մի անգամ կանչել էր, որ իրան սպանեին․ «մի բան սրսկեք՝ մեռնեմ»,
մի անգամ էլ կանչել էր, որ ասեր՝ մեռնում ա փորացավից․
«ոչինչ չեմ կերել երեք օր․․․ հա՞։ էդ կապ ունի՞»։
չնայած էս ամենին՝ աղջիկը դեռ չէր հայտնվել հայկական հիվանդանոցների սև ցուցակում։
բայց աղջկան հյուր կանչած բոլոր մամաները իրան շատ թարս էին նայում․
«օդո՞վ ես սնվում», «ուրի՞շ բան սարքեմ», «թե չես ուտելու՝ թափեմ»․
աղջիկը կարում էր մի քանի տանտիկնոջ ամուսիններից բեթար հունից հանել։
աղջիկը կարդում էր նոտոմբ, որ հասկանար՝ որտեղի՞ց իրան սով,
որը չի ուզում փարատվի, չի անցնում ոչ բարով, ոչ զոռով,
որը փախնում ա ուտելիքներից, որը չի ուզում մեռցվել,
անմահ սովն ա ներսում վխտում․ իրան ոչ մի բժիշկ չի կարում սպանել։
ոչ մի բժիշկ չհասկացավ, թե ինչի աղջիկը չէր կարողանում ուտել։
աղջիկը զգում էր սով քսանչորս/յոթ, բայց չէր կարողանում ոչինչ ծամել։
աղջիկը սոված ա հենց հիմա․ աղջիկը սովորում ա դրա հետ ապրել։

= հետհետահաբեկչական =

հին բանաստեղծությունս 
հին գրողը որոշեց քացու տակ գցել։
հազարից մեկ ցույց տալ գրած, 
դուրս պրծնել ներսի նյուրնբերգից․
ալտեր-քննադատիս լռեցնել մի պահ
ու սպասել արձագանքի մազերով բիզ-բիզ։
դուրը չեկավ, անխնա քլնգեց, 
պատասխան նոթերս արհամարհեց,
ես՝ չհրեշտակ, կատաղեցի վրան 
ու գրկեցի պոեմիկս ավելի ուժեղ։
լարախաղացի պես տատանվում եմ 
ցույց տալու ու թաքնվելու միջև․
կատվիս նկարները միշտ հրապարակում եմ,
բայց բլոկում նրանց, որ կատվիս ասում են «գեշ»։
երեխայական սպասո՞ւմ «բռավոյի»,
գլխաշոյումի՞, «մեծ ապագայի՞»,
թե՞ չափազանցված պաշտպանություն
արդեն խոցվածից ստեղծված տողերի։
չգիտեմ, բայց չունեմ օրգանիկ մերժում՝
աշխարհի, մարդկանց, այլ արտիստների,
հա մի քիչ վախեցած եմ քայլում,
բայց աչքերս՝ բաց, հայացքս՝ կյանքին։
ու ես տողերս շատ եմ սիրում,
անգամ հները, անգամ էն որ՝ «քրինջ»,
«տառապող արտիստի» շրջանակում չեմ տեղավորվում,
սովածինը՝ հա, բայց էդ՝ ուրիշ օպերայից։

Please follow and like us: