Նոյեմբեր ամիսը կես էր եղել, իսկ Վանաձորում անսովոր տաք եղանակ էր, արևը հանդուգն կերպով չէր ցանկանում լքել վանաձորցի ապոներին և ազիզներին: Ժամանակին Կիրովական անունը կրող այս քաղաքը, որը անկախությունից հետո վերանվանվեց Վանաձոր, խորհրդային տարիներին հայտնի էր որպես Հայաստանի ինդուստրիալ կենտրոններից մեկը: Տարեցները քաղաք-գործարան էին որակում և կարոտով հիշում «խիմզավոդներում» տասնյակ տարիների աշխատանքային փորձը: Անկախությունից հետո քաղաքի բնակչությունը կես էր եղել, երբեմնի 180 հազար բնակչությունից մնացել էր 90 հազարը, սակայն շատերն էին պնդում նույնիսկ այդ թվի ոչ իրատեսական լինելու մասին: Շատերը աշխատանքի դեգերումներով անվերադարձ լքել էին քաղաքը, արտագնա աշխատանքը արդեն գենետիկ բնույթ էր կրում, քանի որ անկախութկունից հետո նախկին գերհզոր գործարաններից միայն կմախքներ էին մնացել: Չտեսի պես ամբողջը ծախել, լափել և գողացել էին, միայն դատարկ պատեր էին թողել, որովհետև պատ քանդելը ավելի ծախսատար կլիներ, քան բուն պատ ծախելը: Դեռևս 90-ականներին, երբ կապիտալիստական բարքերը ներթափանցեցին Հայաստան, շատերը՝ նախորդ գաղափարի կրողները, միչև վերջերս իրականության զգացողությունը կորցրած, սոցալիստական բարքերով էին առաջնորդվում, չգիտակցելով որ սոցիալական անարդարության ֆենոմենը հատուկ է կապիտալիստական հասարակարգերին, իսկ նրանք պետությունից անդադար պահանջում էին ու պահանջում, սակայն պետք էր գիտակցել և ընդունել փողի գերակայության սկզբունքը: Իսկ արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ էր սոցիալիզմից կտրուկ անցում կատարել կապիտալիզմի, թերևս հարցի պատասխանը կարելի էր գտնել վանաձորյան նախկին գործարանների դատարկ պատերին նայելով: Միգուցե հենց դա էր այն գինը, որը պետք էր վճարել գաղափարական ուղուց շեղվելու համար, միգուցե ամեն ինչ հենց այդպես համարժեք էլ պե՞տք է լիներ, բայց ամեն դեպքում մի կարևոր պատմական հարց, ու պատասխան մեջբերեմ․
– Ի՞նչ կարծիք ունեք Ֆրանսիական Մեծ Հեղափոխության մասին,- հարցնում են Դեն Սյաոպինին:
– Գիտե՞ք, գնահատականներ տալու համար դեռևս վաղ է, որովհետև այնքան քիչ ժամանակ է անցել,- ժպտալով պատասխանում է:
Վերջին օրս էի գլորում վանաձորյան հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի բարում կարևորագույն արարողություն էի իրականացնում։ Մի միջին տարիքի տղամարդ մոտեցավ և ընկերակցեց ինձ: Հարցրեցի՝ որտեղից է, ասաց՝ Դաղստանից։ Ապշած էի, առաջին անգամ էի տեսնում Հյուսիսային Կովկասի շրջանից Հայաստան եկած օտարականի, հարցիս՝ արդյո՞ք կցանկանա Մախաչկալայից ընկերոջս հետ ծանոթացնեմ, դեմքի դժգոհ հայացքով կտրուկ պատասխանեց՝ ոչ: Երևի ինքն էլ էր հեռացել ամեն ինչ և բոլորին մոռանալու մտադրութամբ․ այն, ինչը քեզ կհիշեցներ քո գորշոտ անցյալի մասին, ցավոտ էր լինելու, դա հետագայում իմ անձնական փորձով հասկացա: Ժամանակ էր պետք ամեն ինչ մոռանալու՝ այնքան մոռանալու, որ անգամ ցանկություն չլիներ «կարոտով հիշելու» զգացողության հետ առնչվելու, հարց ծագեր՝ ի՞նչը կարոտեիք: Մտովի արդեն Թեքսասում էի, կովբոյների և մեծ կակտուսների երկրում էի, Մարտին Լյութեր Քինգի և Աբրահամ Լինքոլնի երկրում էի, Քիմ Քարդաշյանի և Իլոն Մասկի երկրում էի, մի երկրում էի, որտեղ երազանքները իրականանում էին, այլ ոչ մահանում: Լիահույս եմ, երբ Կոլորադոյի անապատի տաքուկ արևը վայելելիս լինեմ, տեքստերիս մեջ ցավ և տառապանք չեմ գտնի, կգտնեմ միայն սեր և գեղեցկություն, հաջողության պատմություններ, ցոփ ու շվայտ կյանք, քոքեյնի մեծ գծիկներ, մոդելներ և թանկարժեք մեքենաներ:
Ռուսների առաջին մեծ ներհոսքը գրանցվեց փետրվար ամսին, երբ պատերազմը նոր էր մեկնարկել: Այդ ժամանակ, արդեն Երևանում վարձով բնակարան գտնելը անհնարին էր դարձել, հետագայում արդեն սեպտեմբերյան հոսքին զուգընթաց՝ Դիլիջան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում էլ հնարավոր չէր բնակարան վարձակալել: Ռուս ժողովուրդը սփռվել էր ողջ տարածաշրջանով՝ Երևանից մինչև Թբիլիսի, Բաթումից մինչև Ստամբուլ հեղեղված էր սլավոնական արտաքինով երիտասարդներով: Հիմնական մասը երիտասարդներ էին, աղետալի և հրեշավոր պատերազմի պատանդները իրենց կյանքերը փրկելու նպատակով փախուստի էին դիմել։ Իհարկե, ըմբռնումով էինք մոտենում, որովհետև պատերազմը աղքատների ուտեստ է, հարուստները ինչպես միշտ ապահովվագրված էին այդ աղետից: Ժամանակի ընթացքում արդեն անտանելի էր դառնում այդ հրեշավոր պատերազմի հետ կապող ցանկացած ամեն ինչ, անտեսել այլևս չէր ստացվում, որովհետև ստիպված էինք լինում ամեն օր առանչվել՝ թիվիներում, սոցցանցերում, լրատվամիջոցներում, սրճարաններում և փողոցներում բոլորը պարբերաբար դա էին քննարկում, իսկ պատերազմի միջով անցածներիս համար դա բավական ցավագին հուշեր էր արթնացնում: Հոգեբանական վնասվածքներ, որոնք երբեք չէին վերականգնվելու: Հանգստություն, սեր և խաղաղություն էի փնտրում, անհոգ ապրել, ծառի տակ նստել և հանգիստ խղճով ծխել էի ուզում: Երբեմն մտածում էի, որ այն ամենը, ինչ տեղի էր ունենում, իրականության հետ որևէ աղերս չուներ։ Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի շատ այդպես մտածել, որովհետև համընկումները չափից դուրս շատ էին: Փորձություններով լի ճանապարհս արդեն ի զորու չէի լինում հաղթահարել, մտածում էի՝ ինչ-որ պահի «մութ ուժերը» ի հայտ կգան և ողջ բեմադրությունը կբացահայտեն:
Մի անգամ, հայկական իրականությունում՝ քաղաքական ակտիվ շրջանակներից «ընկերության» մասին թեզ առաջ քաշվեց, բայց ակտիվ մոնիթորինգի արդյունքում պարզեցի, որ այդ թեզը ոչ միայն օրակարգ չմտավ, այլ նաև անարձագանք մնաց: Թեզի հեղինակը իր ընկալմամբ «ընկերություն» ձևակերպման առարկայական կոնցեպտն էր բնութագրում, թե ընկերությունը ենթադրում է փոխադարձ պատասխանատվություն: Մի քանի շաբաթ շարունակ այդ թեզի շուրջ էի մտածում, բավական սիմվոլիկ էր, երբ այդ ընթացքում կյանքումս որոշ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք անմիջականորեն առանչվում էին այդ կոնցեպտին: Ուշ գիշերով զանգեցի մի շատ հայտնի մարդու, Հայաստանի ժամանակակից լեգենդներից մեկին և քննարկեցի այդ միտքը՝ ասելով․ «Ի՞նչ փոխադարձ պատասխանատվության մասին է խոսքը, երբ ես այսօր իմ ընկերոջից գումար եմ գողացել (շատ չէր, 20 հազար դրամ) և ինձ անասելի երջանիկ եմ զգում»: Մի պահ հետ հայացք գցեցի իմ կյանքում տեղի ունեցած իրադարձություններին և ներկայիս հետ զուգահեռներ անցկացրեցի: Իրականում ճշմարտություն կա այս կոնցեպտի մեջ, բայց եթե ազնիվ գտնվենք և փորձենք իրերը իրենց անուններով կոչել, ապա այս կոնցեպտով «ընկերություն» ասվածը որպես այդպիսին իմաստազրկվում է, և առաջ է քաշվում «գործընկերություն» ձևակերպումը: Եթե ընկերության շրջանակներում որևէ գործողություն է արվում, ապա դա ենթադրում է անշահախնդրություն և փոխադարձ համարժեք արարք չպահանջող գործողություն, բայց միևնույն ժամանակ հակառակն ակնկալելը կնշանակի հակադրվել դրան, դա գործընկերային հարաբերությունների տանող ճանապարհ է, իսկ «գործընկերային հարաբերություններ» և «ընկերություն» ձևակերպումների միջև էական տարբերություններ կան:
Ընկերներիս անթիվ-անհամար զանգերը դադարել էին, որովհետև էլ ընկեր չէր մնացել, որովհետև շահ չէր մնացել: Եթե երբևէ Ձեզ ինչ-որ մեկը կհամոզի անշահախնդիր ընկերության ֆենոմենի մասին, մի դույլ դառը ջուր շփեք այդ մոլորվածի վրա, որպեսզի խելքը գլուխը հավաքի:
Ասեմ ավելին՝ ժամանակի ընթացքում կպարզեք, որ անգամ ձեր ընտանիքը ձեր հանդեպ անշահախնդիր չի գտնվել, էլ չասեմ՝ նախանձի և մեջքից հարվածների մասին: Ֆրեյդը էլեմենտար բան էր ուզում հասկացնել մարդկությանը, երբ ամենը կապում էր սեքսի և իշխանության հետ, սակայն մարդիկ, համառորեն պատրանքներին տրված, անտեսում էին բիձուկի խոսքերը: Թող անտեսեն, անտեսեն այնքան, մինչև օրերից մի օր իրականության հետ կառերեսվեն, իսկ որ այդ առերեսումը յուրաքանչյուրի կյանքում պարտադիր պայման է, դա չի քննարկվում: Իսկ ինչո՞ւ պետք է չանտեսենք, չէ՞ որ մենք հարրիփոթերյան սերուդն ենք, Ջոան Ռոուլինգը մի ողջ սերունդ է կրթել, մի ողջ սերնդի է ներարկել անշահախնդիր ընկերության գաղափարը: Հետագայում համոզվեցի, որ բիձուկի խոսքերը ճշմարտիտ էին, բայց ծանր չտարա, քանի որ պատրաստված էի, քանի որ սպասելի էր, բոլորովին վիրավորված չէի, քանի որ Ֆրեյդի խոսքերին ամենայն լրջությամբ էի վերաբերվել և ի գիտություն էի ընդունել: Պետք է արգելել Ֆրեյդ կադալը, Ֆրեյդի գրականությունը պետք է գրադարաններից հեռացենել և բոլոր գրքերը այրել, Ֆրեյդը պետք է համարվի արգելված գրականություն, Ֆրեյդ կարդալու համար մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, մարդիկ պետք է շարունակեն ապրել իրենց ստեղծած կեղծ և շինծու աշխարհում: Որոշ մարդկանց իրականության զգացում պարգևելը հակացուցված է, որովհետև սակավաթիվ մարդիկ են կարողանում իրականության մեջ ապրել, իսկ ապրելով միջավայրում, որտեղ բոլորը այլընտրանքային իրականության կրողներ են, դուք պարբերաբար ենթարկվելու եք արժեհամակարգային դեգրադացիայի: Չափից մեծ ալիքի դեմ դուրս գալով՝ ալիքը ձեզ պարզապես խեղդամահ կանի, կամ էլ պետք է ձեր մեջ այնքան ուժ գտնեք, որպեսզի կարողանաք թամբել այդ ալիքը: