Սոլո/Հարրիփոթերյան սերունդ 

Նոյեմբեր ամիսը կես էր եղել, իսկ Վանաձորում անսովոր տաք եղանակ  էր, արևը հանդուգն կերպով չէր ցանկանում լքել վանաձորցի ապոներին  և ազիզներին: Ժամանակին Կիրովական անունը կրող այս  քաղաքը, որը անկախությունից հետո վերանվանվեց Վանաձոր,  խորհրդային տարիներին հայտնի էր որպես Հայաստանի ինդուստրիալ  կենտրոններից մեկը: Տարեցները քաղաք-գործարան էին որակում և  կարոտով հիշում «խիմզավոդներում» տասնյակ տարիների  աշխատանքային փորձը: Անկախությունից հետո քաղաքի  բնակչությունը կես էր եղել, երբեմնի 180 հազար բնակչությունից մնացել  էր 90 հազարը, սակայն շատերն էին պնդում նույնիսկ այդ թվի ոչ  իրատեսական լինելու մասին: Շատերը աշխատանքի դեգերումներով  անվերադարձ լքել էին քաղաքը, արտագնա աշխատանքը արդեն  գենետիկ բնույթ էր կրում, քանի որ անկախութկունից հետո նախկին  գերհզոր գործարաններից միայն կմախքներ էին մնացել: Չտեսի պես  ամբողջը ծախել, լափել և գողացել էին, միայն դատարկ պատեր էին  թողել, որովհետև պատ քանդելը ավելի ծախսատար կլիներ, քան բուն  պատ ծախելը: Դեռևս 90-ականներին, երբ կապիտալիստական բարքերը  ներթափանցեցին Հայաստան, շատերը՝ նախորդ գաղափարի  կրողները, միչև վերջերս իրականության զգացողությունը կորցրած,  սոցալիստական բարքերով էին առաջնորդվում, չգիտակցելով որ  սոցիալական անարդարության ֆենոմենը հատուկ է կապիտալիստական  հասարակարգերին, իսկ նրանք պետությունից անդադար պահանջում  էին ու պահանջում, սակայն պետք էր գիտակցել և ընդունել փողի  գերակայության սկզբունքը: Իսկ արդյո՞ք հայ  հասարակությունը պատրաստ էր սոցիալիզմից կտրուկ անցում  կատարել կապիտալիզմի, թերևս հարցի պատասխանը կարելի էր գտնել  վանաձորյան նախկին գործարանների դատարկ պատերին նայելով: Միգուցե հենց դա էր այն գինը, որը պետք էր վճարել գաղափարական  ուղուց շեղվելու համար, միգուցե ամեն ինչ հենց այդպես համարժեք էլ պե՞տք է լիներ, բայց ամեն դեպքում մի կարևոր պատմական հարց, ու  պատասխան մեջբերեմ․ 

– Ի՞նչ կարծիք ունեք Ֆրանսիական Մեծ Հեղափոխության մասին,- հարցնում են Դեն Սյաոպինին: 

– Գիտե՞ք, գնահատականներ տալու համար դեռևս վաղ է, որովհետև  այնքան քիչ ժամանակ է անցել,- ժպտալով պատասխանում է: 

Վերջին օրս էի գլորում վանաձորյան հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի բարում կարևորագույն արարողություն էի իրականացնում։ Մի միջին տարիքի տղամարդ մոտեցավ և ընկերակցեց ինձ: Հարցրեցի՝ որտեղից է, ասաց՝ Դաղստանից։ Ապշած էի, առաջին անգամ էի  տեսնում Հյուսիսային Կովկասի շրջանից Հայաստան եկած  օտարականի, հարցիս՝ արդյո՞ք կցանկանա Մախաչկալայից ընկերոջս  հետ ծանոթացնեմ, դեմքի դժգոհ հայացքով կտրուկ պատասխանեց՝ ոչ:  Երևի ինքն էլ էր հեռացել ամեն ինչ և բոլորին մոռանալու  մտադրութամբ․ այն, ինչը քեզ կհիշեցներ քո գորշոտ անցյալի մասին,  ցավոտ էր լինելու, դա հետագայում իմ անձնական փորձով հասկացա:  Ժամանակ էր պետք ամեն ինչ մոռանալու՝ այնքան մոռանալու, որ  անգամ ցանկություն չլիներ «կարոտով հիշելու» զգացողության հետ առնչվելու, հարց ծագեր՝ ի՞նչը կարոտեիք: Մտովի արդեն  Թեքսասում էի, կովբոյների և մեծ կակտուսների երկրում էի, Մարտին  Լյութեր Քինգի և Աբրահամ Լինքոլնի երկրում էի, Քիմ Քարդաշյանի և  Իլոն Մասկի երկրում էի, մի երկրում էի, որտեղ երազանքները  իրականանում էին, այլ ոչ մահանում: Լիահույս եմ, երբ Կոլորադոյի  անապատի տաքուկ արևը վայելելիս լինեմ, տեքստերիս մեջ ցավ և  տառապանք չեմ գտնի, կգտնեմ միայն սեր և գեղեցկություն,  հաջողության պատմություններ, ցոփ ու շվայտ կյանք, քոքեյնի մեծ  գծիկներ, մոդելներ և թանկարժեք մեքենաներ:

Ռուսների առաջին մեծ ներհոսքը գրանցվեց փետրվար ամսին, երբ  պատերազմը նոր էր մեկնարկել: Այդ ժամանակ, արդեն Երևանում  վարձով բնակարան գտնելը անհնարին էր դարձել, հետագայում արդեն  սեպտեմբերյան հոսքին զուգընթաց՝ Դիլիջան, Գյումրի և Վանաձոր  քաղաքներում էլ հնարավոր չէր բնակարան վարձակալել: Ռուս  ժողովուրդը սփռվել էր ողջ տարածաշրջանով՝ Երևանից մինչև Թբիլիսի,  Բաթումից մինչև Ստամբուլ հեղեղված էր սլավոնական արտաքինով  երիտասարդներով: Հիմնական մասը երիտասարդներ էին, աղետալի և  հրեշավոր պատերազմի պատանդները իրենց կյանքերը փրկելու  նպատակով փախուստի էին դիմել։ Իհարկե, ըմբռնումով էինք մոտենում,  որովհետև պատերազմը աղքատների ուտեստ է, հարուստները ինչպես միշտ ապահովվագրված էին այդ աղետից: Ժամանակի ընթացքում  արդեն անտանելի էր դառնում այդ հրեշավոր պատերազմի հետ կապող  ցանկացած ամեն ինչ, անտեսել այլևս չէր ստացվում, որովհետև  ստիպված էինք լինում ամեն օր առանչվել՝ թիվիներում, սոցցանցերում,  լրատվամիջոցներում, սրճարաններում և փողոցներում բոլորը  պարբերաբար դա էին քննարկում, իսկ պատերազմի միջով  անցածներիս համար դա բավական ցավագին հուշեր էր արթնացնում:  Հոգեբանական վնասվածքներ, որոնք երբեք չէին վերականգնվելու:  Հանգստություն, սեր և խաղաղություն էի փնտրում, անհոգ ապրել,  ծառի տակ նստել և հանգիստ խղճով ծխել էի ուզում: Երբեմն մտածում  էի, որ այն ամենը, ինչ տեղի էր ունենում, իրականության հետ որևէ  աղերս չուներ։ Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի շատ  այդպես մտածել, որովհետև համընկումները չափից դուրս շատ էին:  Փորձություններով լի ճանապարհս արդեն ի զորու չէի լինում  հաղթահարել, մտածում էի՝ ինչ-որ պահի «մութ ուժերը» ի հայտ կգան և  ողջ բեմադրությունը կբացահայտեն: 

Մի անգամ, հայկական իրականությունում՝ քաղաքական ակտիվ  շրջանակներից «ընկերության» մասին թեզ առաջ քաշվեց, բայց ակտիվ  մոնիթորինգի արդյունքում պարզեցի, որ այդ թեզը ոչ միայն օրակարգ չմտավ, այլ նաև անարձագանք մնաց: Թեզի հեղինակը իր ընկալմամբ  «ընկերություն» ձևակերպման առարկայական կոնցեպտն էր  բնութագրում, թե ընկերությունը ենթադրում է  փոխադարձ պատասխանատվություն: Մի քանի շաբաթ շարունակ այդ  թեզի շուրջ էի մտածում, բավական սիմվոլիկ էր, երբ այդ  ընթացքում կյանքումս որոշ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք  անմիջականորեն առանչվում էին այդ կոնցեպտին: Ուշ գիշերով զանգեցի մի շատ հայտնի մարդու, Հայաստանի  ժամանակակից լեգենդներից մեկին և քննարկեցի այդ միտքը՝  ասելով․ «Ի՞նչ փոխադարձ պատասխանատվության մասին է խոսքը, երբ  ես այսօր իմ ընկերոջից գումար եմ գողացել (շատ չէր, 20 հազար դրամ) և  ինձ անասելի երջանիկ եմ զգում»: Մի պահ հետ հայացք գցեցի իմ  կյանքում տեղի ունեցած իրադարձություններին և ներկայիս հետ  զուգահեռներ անցկացրեցի: Իրականում ճշմարտություն կա այս  կոնցեպտի մեջ, բայց եթե ազնիվ գտնվենք և փորձենք իրերը իրենց  անուններով կոչել, ապա այս կոնցեպտով «ընկերություն» ասվածը  որպես այդպիսին իմաստազրկվում է, և առաջ է քաշվում  «գործընկերություն» ձևակերպումը: Եթե ընկերության շրջանակներում  որևէ գործողություն է արվում, ապա դա ենթադրում է  անշահախնդրություն և փոխադարձ համարժեք արարք չպահանջող  գործողություն, բայց միևնույն ժամանակ հակառակն ակնկալելը կնշանակի հակադրվել դրան, դա գործընկերային հարաբերությունների տանող  ճանապարհ է, իսկ «գործընկերային հարաբերություններ» և  «ընկերություն» ձևակերպումների միջև էական տարբերություններ կան: 

Ընկերներիս անթիվ-անհամար զանգերը դադարել էին, որովհետև էլ  ընկեր չէր մնացել, որովհետև շահ չէր մնացել: Եթե երբևէ Ձեզ ինչ-որ  մեկը կհամոզի անշահախնդիր ընկերության ֆենոմենի մասին, մի դույլ  դառը ջուր շփեք այդ մոլորվածի վրա, որպեսզի խելքը գլուխը հավաքի: 

Ասեմ ավելին՝ ժամանակի ընթացքում կպարզեք, որ անգամ ձեր  ընտանիքը ձեր հանդեպ անշահախնդիր չի գտնվել, էլ չասեմ՝ նախանձի և  մեջքից հարվածների մասին: Ֆրեյդը էլեմենտար բան էր ուզում  հասկացնել մարդկությանը, երբ ամենը կապում էր սեքսի և  իշխանության հետ, սակայն մարդիկ, համառորեն պատրանքներին  տրված, անտեսում էին բիձուկի խոսքերը: Թող անտեսեն,  անտեսեն այնքան, մինչև օրերից մի օր իրականության հետ կառերեսվեն,  իսկ որ այդ առերեսումը յուրաքանչյուրի կյանքում պարտադիր պայման  է, դա չի քննարկվում: Իսկ ինչո՞ւ պետք է չանտեսենք, չէ՞ որ մենք հարրիփոթերյան սերուդն ենք, Ջոան Ռոուլինգը մի ողջ սերունդ է կրթել, մի  ողջ սերնդի է ներարկել անշահախնդիր ընկերության գաղափարը:  Հետագայում համոզվեցի, որ բիձուկի խոսքերը ճշմարտիտ էին, բայց  ծանր չտարա, քանի որ պատրաստված էի, քանի որ սպասելի էր,  բոլորովին վիրավորված չէի, քանի որ Ֆրեյդի խոսքերին ամենայն  լրջությամբ էի վերաբերվել և ի գիտություն էի ընդունել: Պետք է արգելել  Ֆրեյդ կադալը, Ֆրեյդի գրականությունը պետք է գրադարաններից  հեռացենել և բոլոր գրքերը այրել, Ֆրեյդը պետք է համարվի արգելված  գրականություն, Ֆրեյդ կարդալու համար մարդիկ պետք է քրեական  պատասխանատվության ենթարկվեն, մարդիկ պետք է շարունակեն  ապրել իրենց ստեղծած կեղծ և շինծու աշխարհում: Որոշ մարդկանց  իրականության զգացում պարգևելը հակացուցված է, որովհետև  սակավաթիվ մարդիկ են կարողանում իրականության մեջ ապրել,  իսկ ապրելով միջավայրում, որտեղ բոլորը այլընտրանքային իրականության  կրողներ են, դուք պարբերաբար ենթարկվելու եք արժեհամակարգային  դեգրադացիայի: Չափից մեծ ալիքի դեմ դուրս գալով՝ ալիքը ձեզ  պարզապես խեղդամահ կանի, կամ էլ պետք է ձեր մեջ այնքան ուժ  գտնեք, որպեսզի կարողանաք թամբել այդ ալիքը:

Please follow and like us: