Օֆելի Դալաքյան/Խելոք Մարիամը

Մարիամը մեր մանկապարտեզի խմբից էր։ Աշխարհի խելոք, սուսիկ-փուսիկ աղջիկն էր, դաստիարակները նրան ասում էին՝ խելոք Մարիամիկ։ Մեր խմբում էլի Մարիամ կար, բայց ինքը խելոքն էր։ Ե՛վ խելոք էր, և՛ շատ սիրուն։ Մի բան կար նրա աչքերի մեջ, բայց լիովին չէի պատկերացնում՝ ինչ էր․ շատ էր տխուր արև լինելու համար և շատ էր հանգած՝ կյանք լինելու համար։ Մարիամն իրենից մեծ ու փոքր քույրեր ուներ։ Ինքը երկրորդն էր՝ ոչ առանձնահատուկ, ոչ շատ սպասված․ էրեխա էր, մեծանում էր։ Որ տղա լիներ՝ երրորդ քույրը, հաստատ, չէր ծնվի։ Խելոք ընտանիք էր Մարիամի ընտանիքը, շատ գոհ պետությունից, որ երկու երեխա նույն մանկապարտեզը հաճախելիս հինգ հարյուր դրամ զեղչ էին անում։ Մայրը մանկապարտեզից տուն տանելիս մեկ-մեկ շաքարաքլոր էր առնում աղջիկների համար։

Մարիամին սիրահարվում էին՝ մանկապարտեզից սկսած։ Մի քիչ ունևոր տղա երեխաները շոկոլադ էին բերում Մարիամի համար՝ խնդրելով իրենց կողքը նստի կամ բակ իջնելիս ձեռքը բռնի։  Խելոք, սիրուն Մարիամը․․․ աչքը կուշտ էր մեծանում։ Երբեմն էլ շոկոլադները պահում էր, որ տանի փոքր քրոջը։ Խմբի տղաները հստակ որոշել էին, որ մեծանան՝ խելոք Մարիամի հետ էին ամուսնանալու։ Բայց մանկապարտեզն ավարտելուց հետո  բոլորն էլ տարբեր դպրոցներ գնացին․կապը կտրվեց՝ մոռացան խելոքին։ Մարիամը դպրոցում աչքի չընկավ սովորելով, դասերին լուռ էր, չէր խանգարում, միայն գրականության ժամին էր բլբլում։ Չսովորելը տղաներին չէր խանգարում, որ չսիրահարվեին Մարիամին։ Մարիամը ձգում էր նրանց, անդիմադրելի ձգողականություն կար նրա ու տղաների միջև։ Հասուն շրջանում ավելի դժվար էր հույզերն ու զգացմունքները զսպել։ Շատերն էին ուզում բռնել նրա ձեռքը, բայց դա այն, սովորական մանկական ձեռքսեղմումը չէր, ուզում էին շոյել ձեռքերը, զգալ մատների բարակությունը ու խուտուտ տալ ափի մեջ։ 

Մարիամն առաջինն էր, որ հոնքերը ձևափոխեց, շրջազգեստի փեշը մի քիչ կարճացավ, իսկ մի անգամ էլ արյան հետք նկատվեց նստարանի վրա․․․ Սիրուն էր Մարիամը, հոգի էր այդ աղջիկը։ Դասարանի աղջիկների աչքի փուշն էր դարձել։ Դասամիջոցներին նա տղաների հետ էր բուֆետ գնում։ Ուսուցիչներն էլ առանձնապես գլուխ չէին դնում նրա հետ։ Միայն գրականության ուսուցիչն էր, որ Մարիամի լեզուն հասկանում էր։ Մարիամը կարդալ շատ էր սիրում, բոլորից թաքուն դասամիջոցներին մոտենում էր գրականության ուսուցչուհուն ու խնդրում գրքերի ցանկ։ Դպրոցի գրադարանից համարյա միայն ինքն էր օգտվում։

Տասներորդ դասարանում սիրած տղայի հարցում կողմնորոշվեց։ Միայն Աշոտի ծաղիկներն ու նվերներն էր ընդունում, դասի ժամանակ կողքին նստում։ Գրականության ժամերին, երբ ուսուցչուհին կարդում էր սիրային բանաստեղծություններ, Աշոտն ավելի ուժեղ էր սեղմում Մարիամի ձեռքը, խաղում մատների հետ ու կամաց համբուրում մատիկները։  Ուսուցչուհին երբեմն չտեսնելու էր տալիս, երբեմն էլ՝ կարդալիս բարձրացնում ձայնը։ Բայց դա չէր խանգարում Աշոտին հիացած նայել կողքի աղջնակին, որի պատճառով կյանքն ավելի գեղեցիկ էր ու մնայուն։ Մարդ մի ամբողջ կյանք ապրի, երևի այսքան չսիրվի, որքան Մարիամն էր իր կարճ կյանքում սիրվել։ Ամենազուլալ սերն ամեն պահի չի լինում․ մի անգամ ու,եթե բախտդ բերի, ընդմիշտ, կամ՝ մի անգամ ու վերջ։ Մարիամինն այդ վերջն էր։ 

Դասարանի մեծ մասն ընդունվեց համալսարան։ Աշոտն էլ ընդունվեց։ Մարիամը որոշել էր բանասիրական ընդունվել, բայց միավորները  բավարար չեղան։ Որոշեց մյուս տարի ընդունվել․ մանավանդ որ Աշոտը շատ էր ջանում այդ հարցում։ Որոշեց այդ մեկ տարին աշխատել, հետո ընդունվել։ Փողի համն ընկավ բերանը։ Աշոտն ուսանողական կյանքն էր վայելում, խելացի, սիրուն աղջիկների հետ էր շփվում։ Մարիամն ամբոողջ օրն աշխատում էր։ Վաճառողուհի էր։ Խանութում շատ էին գնում-գալիս իր համար։ Աշոտն էլ մի օր հոգնեց այդ քաշքշուկներից․ օրը մի տղայի հետ կռվում էր Մարիամի համար ու պատճառով։ Բաժանվեցին։ Խելոք Մարիամն էլի մենակ էր։

Տարին տարվա վրա անցնում էր, ու բանասիրականն էլ էր անցյալում մնում, Բակունցն էլ, Մաթևոսյանն էլ։  Ամեն սեպտեմբերին խոստանում էր ինքն իրեն, որ հունիսին կհանձնի քննությունները, բայց խոստումները չէին ենթարկվում նրան։ Խանութի տնօրենն էլ Մարիամի սիրունության ու խելոքության համար աշխատավարձը բարձրացնում էր․․․ Երբ երեկոյան տուն էր գալիս խելոքը, մնում էր մենակ, հասկանում էր, որ ինքն էլ է ընտանիք ուզում, բայց տնօրենն արդեն ուներ ընտանիք, և որ իր սիրունությունն ու խելոքությունը քանդեցին իր տունը։ Ե՞րբ պիտի ուսերից թափ տար թուլությունը։

Մի քանի ամիս անց Մարիամը տեղափոխվեց մեկ այլ խանութ՝ նույն հաստիքով։ Ամբողջ օրը ոտքի վրա էր, շատ էր հոգնում,  բայց գիշերները մի քիչ ուշ էր քնում, որ պարապի քննություններին, այս անգամ հաստատ որոշել էր, որ ընդունվելու  է, որ ամբողջ կյանքը չանցնի  վաճառասեղանից այն կողմ։ Երբեմն գրքերում Աշոտին էր տեսնում, լսում  նրա ձայնը, բայց կան սերեր, որ պիտի սկսվեն ու ավարտվեն՝ ինքնաբերաբար։

Please follow and like us: