***
Երբ թիկունքդ հենեցիր ծառին
և տնքացիր ցավից.
երկնքի կապույտը,
հայացքդ՝ մոլոր․․․
արդյո՞ք զգացիր,
որ ծառն այդ ես էի,
գրկել թիկունքդ
կանգնել էի լուռ․․․
***
Կամաց ոտքս հպեցի դեռ ջրերից ամբողջովին
չառանձնացած հողին,
․․․ես քայլեցի զմրուխտյա անծանոթ արահետով,
․․․ես քայլեցի քո մտքերում։
Արի՛ ոտնահետքերիս ետեւից․․․
***
․․․ այնքան չլսեցիր,
ձայնս դողաց տաճարի ներսում,
ու ես լռեցի։
Հիմա
կապույտ լուսաբացներում
միայն տաճարի զանգերն են հնչում։
***
Եթե երկար-երկար կանգնեմ
միևնույն տեղում,
արմատներ կմխրճեմ
թաց հողի մեջ,
ձգված կսլանամ վեր՝
սահուն դեպի երկինք,
հայացքս կհառեմ արևին
ու ծառ կդառնամ։
***
Փետրվար.
թաց երեկոյան
հատ հատ վառվում են
փողոցի լապտերները
դեղնամշուշոտ։
Ես քայլում եմ
ծառերի ստվերները
տրորելով
և չգիտեմ
այս փետրվարը գտնելո՞ւ,
թե՞ կորցնելու մասին էր։
***
Տաք սուրճի բաժակը ձեռքիս
բացեցի պատուհանը,
որովհետեւ
սառած ու միայնակ մի թուփ
երկար-երկար նայում էր ինձ,
եւ ես երկար նայեցի նրան։
***
Ինչպե՞ս անցնեմ ժամանակի այս գետը
քեզ գրկելու համար,
այս գետը
որ խաղաղ
նայում է ինձ,
բաց երկնագույն
այս գետը,
որ նման է օրերին,
երբ դու կողքիս չես։
***
Թաց ամպերի պես սառը,
սառը այս լուսաբացը,
ճոճվում է ծառի ճյուղերին։
Ճնճղուկին հաց եմ նետում,
մոխրագույն մի փետուր նետելով ինձ
կտցահարում է։
***
Գետը
որ իմ
երազի շարունակությունն է.
հպվիր ձեռքերով ջրերին նրա,
լվա երեսդ երազով
իմ։
Նայիր գետի հայելուն։
Ժպտա։
Գնա առաջ։
***
Ես գտա քեզ, երբ կորցրի աշխարհի աղմուկը.
արևադարձային քամոտ
ու մրգաբույր էր
քո դեմքը։
Ձեռքերիդ կավե սալիկի վրա
ցուցամատով
նշանագրեցի՝
Կյանք է տրված։
***
Կրակաբույր,
արևի սկավառակի պես հացը,
որ հոտոտում ես,
հետո ժպտում ինձ,
ճանապարհին վերցրու քեզ հետ։
Գնա անսայթաք ու
աներեր,
հողի մեջ աղոթք եմ ցանել։
Եվ հողն այս ամուր է։
***
Գետից գտնված
տափակ քարի վրա
տերև եմ դնում
ու երկար-երկար
ցուցամատով
շոշափում եմ
տերևի բոլոր գծերը։
Գետը։
Ջուրը։
Քարը։
Ես։
Հազար տարի հետո էլ
կգտնես …
ու զմրուխտագույն
տերևապատկեր
քարը
կդնես գրպանդ
որպես թալիսման։
Կգնաս։
Որ միշտ գաս։
***
Ծառի հաստաբուն կեղևի
մամռակալած
խոնավությամբ
կբարձրանամ մինչև ճյուղերը՝
երկնաձիգ.
մատներովս
հատ-հատ կմաքրեմ
տերևները մեգից,
մինչև գաս
և ծառից իջնեմ
գիրկդ՝
որպես
աստվածուհի,
թագուհի,
քրմուհի
կամ՝ մարմնեղեն
մի կին։