-Աստծուց շատ բան չեմ ուզում․․․
Ուզում էի ասել՝ այս շքեղ մոփեդից, սակայն ընդհատեց ինձ:
-Ես մի հատ փող տպելու ապարատ կուզեի, – պսպղացող աչքերով ասաց, ասես ապարատն արդեն իրականություն է դարձել:
-Հո դու անխե՞լք չես,- կյանքի երկու երրորդը գլորած, հոտած ծերունու կեցվածքով հեգնեցի,- կյանքում առաջին անգամ Աստծուն ես հանդիպել ու ընդամենը մի հատ փող տպելու ապարա՞տ ես ուզում, ուզել-ուզել ա, գոնե երեք հատ ուզեիր:
-Դե լավ, ուրեմն մի հատ էլ վիլլա կուզեի,- աչքիս առաջ առաջինը եկավ պարոն Արարատի շքեղ առանձնատունը, որտեղ ինձ ու Քոթոթին համատեղ աշխատանքն էր ծանոթացրել (մի մեծ գործ չէինք անում, ընդամենը թռչուններին էինք կերակրում):
-Ճոխ ես գծել,-քմծիծաղով արձագանքեցի, ասես թե հասկացել եմ, թե կոնկրետ որ վիլլայի մասին է խոսքը: Միշտ էլ մտածել էի, որ Քոթոթը պարոն Արարատի վիլլայի վրա աչք ունի դրած։ Եկեք խոտովանանեք՝ բոլորս ենք վիլլաների վրա աչք դնում, իսկ հատկապես պարոն Արարատի վիլլայի վրա աչք չդնելը պետք է քրեորեն հետապնդելի արարք լիներ և օրենքի ողջ խստությամբ պատժվեր:
-Դե հիմա ինձ ասա՝ աշխատավարձդ ինչի՞ վրա ես ծախսում,- ասես կաշառակեր քննիչի հետաքրքրասիրությամբ հարցաքննելիս լինեի:
-Հավաքում եմ,-բավական անկեղծ պատասխանեց:
-Ավտո՞ ես ուզում առնել,-զարմացած հարցրի ես:
-Չէ,- զարմացած պատասխանեց նա:
-Բայց քշել գիտե՞ս:
-Հա, ո՞նց չգիտեմ, ձորը լիքը քշել եմ:
Հետաքրքիր տեղ է ձորը, այնտեղ է քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, նույն ինքը՝ «Բիձու գյոլը»: Մի կենսուրախ ընկեր ունեմ, ամեն անգամ ձորի թեման բացվելիս ասում էր՝ քաղաքի կանանց կեսը ձորում ա կուսազրկվել։ Կարճ ասած՝ ձորը մի կտուրի տակ էր հավաքել սկսնակ վարորդներին, ինչպես հասկացաք՝ բիձեքին և քյասիբ սիրահարներին, սակայն վերջին շրջանում ձորը սեփականաշնորհեցին քաղաքի բոլոր թմրամոլները և ոստիկանները:
-Իսկ քաղաքի մեջ քշել ե՞ս:
-Չէ-չէ, ի՞նչ ես խոսում, պռավա չունեմ,- նեղսրտված պատասխանեց նա, կարծես իրեն օրինազանց եմ համարում:
Հեղափոխությունից հետո շատ բան փոխվեց, ամենակարևորը՝ օրենքի գերակայություն ընդունվեց․ օրենք խախտելը արդեն ամոթալի էր, մարդիկ թարս աչքով էին նայում, իսկ կաշառակերությունը հանրային պարսավանքի քաղցի իդեալական կերակուր էր:
Հեղափոխությունից հետո չափազանց շատ էին բացահայտվում կաշառակերոււթյան դեպքեր, իսկ կարճ ժամանակում երկու պատերազմ տեսած ժողովրդի համար կաշառակերությունը հարված մեջքից էր համարվում: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ ես ոչ մի տիպի հանրային պարսավանք չեմ ընդունում, միգուցե պատանեկան ամբիցիոզ ջահելի սինդրոմով՝ միշտ ալիքին հակառակ եմ լողում, կամ պարզապես համալսարանում իրավագիտության դասընթացներից չեմ բացակայել:
-Մոփեդ ես առնելու, հա՜… – «Ով է ուզում դառնալը միլլիոնատեր»-ը խաղի եզրափակիչը հաղթածի դերի մեջ մտած՝ պնդեցի:
-Ոչ էլ մոփեդ,-հուսահատված պատասխանեց նա, սակայն հուսահատությունը իմ անդադար սխալ պատասխանների հետ էր կապված:
-Դու վերջը տրակտորիստ ես դառնալու,-ծիծաղում ենք:
-Լավ, բա ի՞նչ ես անելու հավաքածդ փողերը,-սպիտակ դրոշակս վեր պարզած՝ հանձնվեցի:
-Նվիրատվություն եմ անելու:
Ասելիք չունեմ:
-Իրականում՝ իմաստություն կուզեի:
-Ամեն իմաստուն չէ, որ փող ունի, ամեն փող ունեցող չէ, որ իմաստուն է:
Ասելիք չունի:
Թվում է, թե միջին վիճակագրական առօրյա սթրեսը հաղթահարելու համար մի քանի բաժակ սպիրտն էլ է բավ, սակայն սպիրտը ընդամենը միջոց է ողջ կուտակվածը մոռանալու, մի փոքր համարձակ գտնվելու և շրջապատող մարդկանց հոգիները ծվեն-ծվեն անելու, քանզի գինովցած մարդը, իրականության զգացողությունը կորցրած, ակամայից դառնում է անպարտելի և ամենակարող: Խմիչքի ազդեցությունը վերանալուն պես նողկալի սթրեսի էլեմենտները աննկատ, բայց ողջ թափով մարտի են նետվում: Իսկ հետպատերզմական սթրեսը ասես անհաղթարելի լիներ՝ այն դեպքում, երբ սիրտդ ամեն հայրենակցիդ մահվան հետ կտոր-կտոր լինելով, մահացել էր։
Չափից շատ հայրենիքին նվիրվելն ու սիրելն էլ մի բան չի: Ձևացնում էինք՝ ասես ոչինչ տեղի չի ունեցել։ Բոլորը խուսափում էին պատերազմի մասին խոսելուց, հետևանքները քննարկելուց, մեր հայրենակիցների հերոսական արարքները հիշատակելուց։ Խիստ չեմ դատում և ըմբռնումով եմ մոտենում, որովհետև միայն «պատերազմ» բառն արդեն սարսափ էր առաջացնում, յուրաքանչյուրս իր ձևով փորձում էր ինչ-որ կերպ իմաստ հաղորդել հետպատերազմական շրջանին:
Շատ էին ռոմանտիզացրել պատերազմը, ամեն անգամ փոխզիջումների թեման բացվելիս մի ողջ ժողովուրդ խրոխտ հայացքով պատերազմ էր տենչում, հետո լայն տարածում էր գտել «Հողերը ծախել են» թեզը։ Միգուցե այդ ժամանակներում համատարած կոռուպցիայի ֆոնին մարդիկ իրավունք ունեին այդպես մտածելու, միգուցե իրականում էն գլխից էին ծախել, բայց փաստացի հայ հասարակության տրամադրվածությունը փոխզիջումներին համահունչ չէր, ցանկացած ոք փոխզիջումների թեզը առաջ քաշելիս պիտակավորվում էր որպես «դավաճան»:
Մենք անպարտելի էինք, մեր մեջ Հայկի արյունն էր հոսում, մեր թագավորների մասին առասպելական լեգենդներ էին հյուսվել, սակայն պատմաբանների մեջ շատ քչերն էին համարձակություն ունենում, որ ժողովրդին իրական հայոց պատմության հետ առերեսեն: Ապրիլյան քառօրյա պատրազմը շատ վատ նախադեպ էր այն առումով, որ շատերին թվում էր՝ մի քանի օր ինչ-որ կետում զինավարժություներ անելով, ուտել-խմելով, սելֆի անելով հերոսանալու են ու մեդալներ ստանալու, սակայն իրականում այլ բան ստացվեց՝ լույսի արագությամբ ռազմաճակատ մեկնողները լույսի արագությամբ էլ փախան (իհարկե եզակի բացառություններով), որովհետև ինչպես հետո պարզվեց՝ պատերազմի մեկնելը շատ ծանր որոշում էր, նախ ամեն մարդ չէր մարդասպանության ունակ, հետո ամեն մարդ ունակ չէր կենդանի մնալու:
90-ականների քաոսի միջով անցածները շատ լավ էին հիշում փողոցներից և կանգառներից ջահելներին առևանգող զինկոմիսարիատներին․ առևանգում էին և ուղարկում ուղիղ ռազմաճակատ, քանի որ շատերը դուրս էին էժանագին պրոպագանդիստական տեքստերի ազդեցության շառավղից, քանի որ պատերազմ անունով արհավիրքը իր ողջ էությամբ ըմբոշխնել էին: Հենց մեր աչքի առաջ և մեր լուռ համաձայնությամբ հասունացավ և լրջացավ պատերազմը, իսկ 2000-ականների սերունդը ամենևին պատկերացում չուներ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում հասունոցող արհավիրքը: Պատերազմը այդ անլուրջ վերաբերմունքից դրդված և զայրացած մեզ այցելեց իր իրական և սարսափելի կերպարով:
Հետապատերազմական սթրեսը հաղթահարելու նպատակով ինքս ինձ Երևանից առևանգել էի Լոռու մարզ։ Ընթացքում պարզեցի, որ Երևանի լուսավոր ընկերներիցս շատերն են առևանգվել, այլ կերպ ասած՝ ապակենտրոնացում էր տեղի ունեցել: Տարօրինակ զգացողություն էր․ Երևանից փախել էինք, բայց մարզում չէինք կարողանում տեղացիների հետ երկար հարաբերվել ու շփվում էինք բացառապես երևանցիներով․ միգուցե ես և ընկերներս գարշելի քաղքենիներ էինք, միգուցե երևանցի ոչ սթրեսակայուն փափկամազիկներ, համենայն դեպս իրական գնահատականը միայն տեղացիները կարող էին տալ: Ստեփանավանից նոր էինք Վանաձոր տեղափոխվել, առաջին իսկ օրը դուրս եկանք թափառելու, որ հնարավորինս արագ «ադապտացվնեք» քաղաքին։ Վանաձորյան թրիփի մասին շատ երկար կարող եմ գրել, այնքան շատ, որ Կառլ Մարքսի «Կապիտալը» կարող է փոքրիկ մանրապատում թվալ: Վանաձորում մոփեդներ գրեթե չկային, բայց ի զարմանս ինձ Գարեգին Նժդեհ և Տիգրան Մեծ խաչմերուկի մոտ կայանած բավական շքեղ մոփեդը աչքս ծակեց: