(Հատված «Այդ տարին» գրքից)
Աննայի հետ ինձ մտերմացրեց անհանդուրժողականությունը խոհանոցում հայտնվող տղամարդու հանդեպ։ Օրերից մի օր, երբ Ջեյ-Փիի հրավերով մենք Վերմոնտի ծառաշատ սարերը ոլոր-մոլոր ճանապարհներով կտրել-անցել և հասել էինք Կոննեկտիկուտ՝ նրան հյուր (ծնողներն Արգենտինայում էին), Ջեյ-Փին օրվա վերջում Ադամին ասաց․ «Հեյ մեն, ես մանկության ընկեր ունեմ, որ մեր կողմերում է ապրում, երեկոյան գնալու եմ նրա տուն, կմիանա՞ք ինձ»։ Նրա ապագա կինն էլ իտալուհի է՝ ասաց։ Գնանք, ինչու՞ չէ, ասացինք։ Նստեցինք մեքենան և իջանք Քոլինի և Աննայի ապրած բարձրահարկ շենքի մուտքի մոտ։ Գտնված հանդիպում էր և գտնված ընկերություն, որ ծավալվեց մեր երկու նորաստեղծ ընտանիքների միջև։ «Տանել չեմ կարողանում,- ասաց Աննան,- որ Քոլինն ուզում է ամանները լվանալ։ Ախր, ես այստեղ եմ, այդ գործերն ինձ դուր են գալիս»։ «Ես էլ,- ասացի,- տանել չեմ կարողանում, երբ Ադամը հայտնվում է խոհարարի դերում։ Այնպես չէ, որ համեղ չի պատրաստում, պարզապես խոհանոցն իմ տարածքն է»: (Ծիծաղս գալիս է երբեմնի մտածելակերպիս վրա, որն անմիջապես փոխվեց երեխա ունենալուց հետո, և ցանկացած օգնություն սկսեցի ընդունել առանց վիճելու)։ Աննա Սիտարելլան և ես մտերմացանք շատ հեշտ և սահուն կերպով․ այնքան բնական մտերմություն էր, արևելյան ավանդական պատկերացումների զարմանալի նմանություն գրեթե ամեն հարցում։ Ես հասցրել էի զգալ ամերիկացի կանանց և աղջիկների քարե ֆեմինիզմը, որի հարևանությամբ փորձում էի ապրել և ինձ պակասող որակները սովորել նրանցից, տեսնել՝ ինչը կարող է ինձ պետք գալ այդ գաղափարախոսության մեջ, և Աննային հանդիպելը՝ գրեթե սեքսիստական պատկերացումներով կնոջ, ջրի տակից դուրս լողալուց հետո մի ումպ օդի նման էր ինձ համար։ Բացահայտում էր, որ Ամերիկայում հնարավոր է պահպանել քո տեսակը` առանց քարկոծվելու։ Բայց խնդիրն այն էր, որ Աննան նաև պահանջում էր կնոջ հանդեպ արևելյան մոտեցում, և Քոլինն, ինչպես ցանկացած տղամարդ, հաճախ չէր հասկանում, թե իրենից ինչ են ուզում։ Ադամն ու ես, բարեբախտաբար, շրջանցել էինք տարրական որոշ հակասություններ, որ կարող են ծագել միջազգային ամուսնություններում՝ հիմնականում այն պատճառով, որ Ադամը մի քանի տարի Հայաստանում էր ապրել, չնայած այն ամենը, ինչ ես նրա մեջ «հայկական» էի համարում, իր ասելով նա կրում էր Օհայոյից։ Ինչ ասել է` տղամարդ և ինչ ասել է` կին։ Բառացի վերապատմվող անեկդոտներ, որ ծանոթ էին ինձ մանկության տարիներից, իսկ նա լսել էր իր հորից։ Վարքաձևեր ու սովորույթներ, որ մտքովս չէր անցնի, թե կարող են գոյություն ունենալ Ամերիկայում։ Օրինակ, «անմեղության» պահպանումը մինչև ամուսնություն, որ շատ բնական էր քրիստոնյա ընտանիքներում, կամ հարգանքը զուգընկերոջ նախկին հարաբերությունների հանդեպ։ Եթե որևէ մեկն ուզում էր մտերմանալ նոր բաժանված որևէ կնոջ հետ, պետք է սպասեր վեց ամիս («հարգանքի վեց ամիսը»), որի ընթացքում կինը գուցե վերամիավորվեր իր նախկինի հետ։ Այդ փոքրիկ բացահայտումներով Ամերիկան հյուրընկալ էր դառնում ինձ համար։ Քիչ-քիչ, մարդ առ մարդ, ընկերություն առ ընկերություն մարդկության՝ հարազատ և մեկ միավոր լինելու գաղափարն ամրանում էր ինձ համար․ մի բան, որ չէր պատահել Ռուսաստանում կամ Եվրոպայում։ Յուրային չլինելու դեպքում միանգամից օտարվելը, ինչը զգացել եմ ուրիշ երկրներում, հակառակն էր․ եկվոր լինելն անցաթուղթ էր Ամերիկայում՝ որքան օտար էիր, այնքան ավելի հետաքրքիր, և մարդիկ ձգվում էին դեպի քեզ՝ ճանաչելու, վերցնելու, սովորելու։ Մեր պատմության հանդեպ հետաքրքրությունը զարմացնում էր։ Սակայն այդպիսին չէին Ֆլորիդան և Հարավային Կարոլինան։ Ֆլորիդան բնակեցված էր կուբացիներով, բրազիլացիիներով և մեքսիկացիներով, ովքեր շատ միասնական էին և անբարյացակամ՝ ուրիշ ազգությունների հանդեպ։ Հարավային Կարոլինան ջերմ էր, բայց անտարբեր․ հանգիստ գյուղական մթնոլորտ էր, Հայաստանից լինեիր, թե Նյու Յորքից՝ միևնույն եկվորն էիր նրանց համար, միևնույն դեմքի արտահայտությամբ սպասարկելու և նետելու էին՝ ուրիշ ի՞նչ կուզես, հան (անգլերեն «մեղր» բառից, որ «քաղցր» բառի համարժեքն է համարվում)։ «Հիսուս, ներիր իմ մեղքերը» գրված էր փողոցն ի վեր խոյացող ցուցատախտակների վրա, այնինչ Ֆլորիդայում նույն ցուցատախտակների վրա ավտովթարի դեպքերով զբաղվող փաստաբանների լիաթոք ժպիտներն էին։ Իսկ Վերմոնտում չկային ցուցատախտակներ, հավանաբար որևէ կազմակերպություն սպառող չէր փնտրում փողոցներում, ուր մեքենաները հազվադեպ էին անցնում։ Ամենուր՝ ըստ տեղի պահանջարկի։
Այդ երեկո Աննան և Քոլինը աղցան և պիցցա պատրաստեցին մեզ համար։ Ստեֆանը նույնպես մեզ հետ էր։ Կերանք-խմեցինք, և երեկոյան կողմ ինչ-որ մեկն ասաց, որ մոտակա բարերից մեկում քանթրի ոճի մի խումբ ելույթ է ունենալու։ Դուրս եկանք տանից, երկու մեքենաներով գնացինք այդ բարը։ Նախնական ծրագիրը համերգից հետո Ջեյ-Փիենց տանը գիշերելն էր, քանի որ վերադարձի ճանապարհը մոտավորապես երկու ժամ էր տևելու։ Սակայն դեպքերի զարգացումը մեզ ստիպեց բարից հետո գիշերվա կեսին նստել մեքենան և, անկախ ճանապարհի երկարությունից, վերադառնալ Վերմոնտ։ Բարում շատ տաք էր։ Խառնաշփոթ, աղմուկ, ջահելություն, խմիչք, փայտե սյուներից կախված ջահեր, մուգ նարնջագույն լույսի բեկորներ խավարի մեջ։ Ես շատ արագ ձուլվեցի ամբոխին։ Հանեցի ձմեռային բաճկոնս և սկսեցի համաչափ տարուբերվել և ձայնս գլուխս գցած երգել ամբոխի հետ։ Համերգը քանթրի ոճի էր, ուստի բղավոցները մեղմ էին, հանրության տարուբերումները՝ համաչափ։ Գիտակցության խավարման հաճելի տեսակ էր, երկար ժամանակ նման միջավայրում չէի եղել։ Պահի տակ շրջվեցի, և հայացքս ընկավ Աննայի դեմքին։ Նա կանգնած էր՝ սեղմված ամբոխի մեջ և ձմեռային բաճկոնը կոճկած մինչև վերջ։ Ամբողջ տեսքից երևում էր, որ այստեղ նրան ընդհանրապես դուր չի գալիս, մի կերպ է դիմանում։ Մի քանի ժամ էր անցել, ավելի երկար մնալը տրամաբանությունից դուրս էր, ուստի որոշեցինք հավաքվել ու վերադառնալ մեր տները։ Ջեյ-Փին, ում մեքենայով եկել էինք Ստեֆանը, Ադամը և ես, և ում տանը պատրաստվում էինք գիշերել, հանկարծակի անհետացել էր։ Սկսեցինք փնտրել նրան հնարավոր բոլոր տարբերակներով՝ բարի մոտ, խմիչքի բաժնում, պարողների շարքերում, փայտե նստարաններին թիկն տվածների արանքում, զանգերով, հաղորդագրություններով՝ ոչ մի արդյունք։ Ջեյ-Փին անհետացել էր։ Բաժանվեցինք խմբերի և գնացինք տարբեր ուղղություններով։ Ստեֆանն ու ես մնացինք միասին, նրա ծրագիրը Ջեյ-Փիին խմիչքի տարածքում փնտրելն էր։ «Էս տղան գեյ է»,- փնտրելու ընթացքում ասաց նա՝ մատնացույց անելով մի երիտասարդի։ «Ի՞նչ գիտես»,- հարցրի, թեև դա ինձ պակաս էր հետաքրքրում, քան տուն վերադառնալու ուղի գտնելը։ «Միայն նրանք են այդքան երկար նայում որևէ տղամարդու աչքերի մեջ,- ասաց Ստեֆանը,- նա շատ երկար է պահում հայացքը։ Բայց ես ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ»։ Չգիտեմ՝ որքան տևեց Ջեյ-Փիին փնտրելը, երբ Ադամը հաղորդագրություն ուղարկեց․ «Գտել եմ, դրսում կանգնած ծխում է, դուրս եկեք»։ Դուրս եկանք։ Պարզվեց՝ Ջեյ-Փին ծանոթացել է մի կնոջ հետ, ծանոթությունն արագ զարգացում է ապրել, տեղափոխվել են այլ վայր, և մինչ տեղի կունենար անխուսափելին, պարզվել է, որ կինն ամուսնացած է։ Այն պահին, երբ Ադամը գտավ նրան, Ջեյ-Փին դառնացած ծխում էր բարի մուտքի մոտ՝ հերթական անգամ տառապելով, որ իր բախտը սիրո հարցում չի բերում։ Չնայած կարեկցանքին՝ մեզ լքել-կորչելուց հետո սկսեցինք վերանայել նրա տանը գիշերելու հեռանկարը․ սարսափելի հարբած էր։ «Անցած լինի,- ասաց Ադամը,- վերադառնում ենք Վերմոնտ»։ Ջեյ-Փիին մի կերպ հասցրինք տուն։ Աննան երջանիկ էր այդտեղից հեռանալու համար, նրանց ևս ուղեկցեցինք մինչև տուն․ Աննան ստիպում էր մնացած պիցցան ու աղցանը վերցնել մեզ հետ՝ մեկ զուգահեռ ևս անցկացնելով մեր մշակույթների միջև։ Ստեֆանը նստեց ղեկին։ Այդ գիշերն ամենից երկար գիշերն էր թվում ինձ։ Երկու ժամանոց ճանապարհը, որ քշում էր Ստեֆանը խավարի միջով (Նյու Ինգլանդում փողոցային լապտերները բացակայում են, ճանապարհի մեծ մասն անցնում է անտառի միջով՝ լուսավորվելով բացառապես մեքենայի լույսերի շնորհիվ), Ադամը՝ գարեջուր խմած լինելու պատճառով հետևի նստատեղին, այլ մեքենաների կարմիր լույսերը՝ չափից դուրս պայծառ, և խոսակցությունները ողջ ճանապարհին այնքան թարմ են հիշողությանս մեջ, կարծես այդ ամենը հենց երեկ պատահած լինի։ Անկախ նրանից, թե քանի ժամ էր տևելու ճանապարհը, մենք տուն էինք գնում։ Ինչպիսի երանություն էր մեկնվելը սեփական վերմակների տակ՝ հեռու այդ աղմուկից, բարից, անելանելիության սթրեսից, աղմկոտ ճանապարհներից և երգերից, որ դեռևս տրոփում էին մտքիս մեջ՝ «Ես գիտեմ՝ որտեղ է ամենալավ աշխարհը, ամենալավ աշխարհը․․»։
Աննան և Քոլինն ամուսնացան այդ ամռանը։ Հարսանիքը կազմակերպել էին Աննայի մորը պատկանող ամառանոցում՝ սարերի մեջ, փոքրիկ լճակի ափին, շքեղ բնության գրկում։ Այգու երկայնքով իրարից մեկ մետր հեռավորության վրա սեղանիկներ էին շարված՝ գնացքի փոքրիկ վագոնների նման, որտեղից նախուտեստն էր կարելի վերցնել նախքան արարողության սկսվելը։ Տոնական հագնված հյուրերը հիմնականում իտալացի բարեկամությունն ու Քոլինի հանգուցյալ ծնողների ընկերներն էին, որ շատ ուրախ ու թեթև մթնոլորտ էին ստեղծել։ Սեղանիկներից մեկի մոտ էի կանգնած, երբ փոքրամարմին, չափազանց արտահայտիչ դիմագծերով արագախոս մի կին սկսեց խոսել ինձ հետ։ Այնքան բնական, կարծես վաղուց ճանաչում էինք իրար։ Զարմացա, որ Ադամը նրան ճանաչում էր։ «Քրիստինա,- ասաց կինը,- Ջեյ-Փիի մայրն եմ»։ Վերջապե՜ս։ Երկար էի սպասել նրա հետ հանդիպմանը, համալսարանում սովորելու ընթացքում նա Ադամի հանդեպ մեծ հոգատարություն էր ցուցաբերել, սնունդով ապահովել, մի քանի շաբաթ հյուրընկալել իրենց տանը։ Քրիստինայի անգլերենն այնքան հաճելի էր, չէր զանազանվում՝ իսպաներեն է խոսում, թե անգլերեն, բայց ես նրան հայերեն էի լսում՝ այնքան հասկանալի էր նրա լեզվամտածողությունը։ «Քո անգլերենը շատ լավն է,- ասաց,- այդ ինչպե՞ս ես առանց ակցենտի խոսում»։ Զրույցն ընդհատեց մի կին՝ Ադամին խնդրելով փոխանցել իրեն նախորդ օրվա լուսանկարները։ Ի՞նչ լուսանկարներ՝ զարմացավ Ադամը։ «Դուք երեկ լուսանկարում էիք մեզ,- պնդեց կինը,- ինչպե՞ս չեք հիշում»։ Հասկացանք, որ նորից Ջեյ-Փիին Ադամի հետ են շփոթում։ Շատ հաճախ էր պատահում, որ նրանց կամ միևնույն մարդն էին համարում, կամ ծայրահեղ դեպքում՝ եղբայրներ, թեպետ, ըստ իս, նույնիսկ չնչին նմանություն չկար նրանց միջև։ Երկուսն էլ խոշորամարմին էին, սակայն այդ չափանիշի հիման վրա Ամերիկայում շատ մարդկանց կարելի է հարազատներ համարել։ Ինչևէ։ Ալկոհոլի սեղանիկի պատասխանատուն մերժել էր Ջեյ-Փիին այլևս ալկոհոլ տրամադրել, ասելով՝ հարսանիքը դեռ չսկսված դու արդեն շատ ես խմում, մեն, ինչից Ջեյ-Փին վրդովվել ու տեղը չէր գտնում։
Աննան երևաց ոտքից գլուխ ժանեկազարդ սպիտակ զգեստի մեջ։ Ի՜նչ գեղեցիկ էր, Աստված իմ։ Քոլինը՝ շփոթմունքի մեջ, ինքն էլ զուգված, զարդարված ինչպես հարկն է, ընդունեց հորը թևանցուկ իրեն մոտեցող Աննային, և քահանան սկսեց արարողությունը։ Արարողությունից հետո բոլորիս հրավիրեցին նստելու հսկայական սպիտակ վրանի տակ շարված հարյուրավոր սեղանների մոտ․ սպիտակ սփռոցներով սեղաններ էին, աթոռների հենակները քիպ գրկված էին սպիտակ վարդակապերով։ Վրանի ծածկի ողջ երկարությամբ կլոր լամպեր էին կախված։ Քրիստինան և ամուսինը՝ Հյուգոն, նստեցին մեզ հետ։ Աննան և Քոլինը միմյանց հավատարմության երդում տվեցին՝ կարդալով միմյանց համար գրված խոսքերը։ Քոլինի խոսքը շատ հուզիչ էր, ձայնը մի թեթև դողաց կարդալու ընթացքում։ Հետո, երբ հավաքվել էին տղամարդկանցով, անհարմար զգալով ասել էր, թե՝ ձայնս դողաց։ «Ի՞նչ ես խոսում,- ասել էր Ադամը,- սա քո կյանքի միակ օրն է, որ իրավունք ունես հուզվելու»։ «Դու է՞լ ես հուզվել քո հարսանիքի օրը»,- հարցրել էր Քոլինը։ «Ե՞ս,- ասել էր Ադամը,- իհարկե ոչ, ես տղամարդ եմ»։ Հռհռոցների ու աղմուկի մեջ շարունակվել էր տոնախմբությունը։ Սեղաններից քիչ հեռու դրված էին խորովածի շարժական անվավոր տակառները, որ պատվերով առաքվում էին հասցեատիրոջը՝ արդեն պատրաստ խորովածի տեսականիով։ Ամեն տակառում մի տեսակի մսի խորոված էր՝ քրքրված և յուղալի։ Ես առաջին անգամ էի համտեսում խորովածի այդ տարբերակը։ Չափազանց համեղ էր, թարմ և ճիշտ համեմված։ Հարսանիքը շատ երկար տևեց՝ պարեր, խմիչք, զբոսանք, անեկդոտներ, խաղեր։ Երեկոյան այգու խորքում վառեցին կրակամանը և սկսեցին մարշմելոու խորովել։ Մի ամբողջ ուսմունք սմոր պատրաստելու մասին։ «Սմոր»՝ «Some more» անգլերեն արտահայությունից, որ նշանակում է «մի քիչ էլ»։ Խորովում են մարշմելոուն, շոկոլադի կտորի հետ դնում թխվածքաբլիթների արանքում՝ սարքելով սենդվիչ։ Շոկոլադը հալչում, խառնվում է մարշմելոուի հետ։ Չափազանց քաղցր է, ես մեկ կտորից ավել չեմ կարողանում ուտել։
Հարսանիքից հետո մեզ հրավիրեցին գիշերելու նույն ամառանոցում, ուր սենյակները պատրաստ սպասում էին հեռվից եկած հյուրերին։ Մեզ համար ևս սենյակ էին նախատեսել, բայց Ադամն ու ես նախընտրեցինք վերադառնալ։
Քանի՜-քանի՜ անգամ հավաքվեցինք Քրիստինայի հրավերով։ Աննան և ես, Քոլինն ու Ադամը նրանց մշտական հյուրերն էինք։ Քրիստինան սիրում էր ծաղրել բոլոր ներկաներին, ամոթանք տալ, բամբասել՝ իբր թաքուն, բայց հասցեատիրոջ համար լրիվ լսելի ձայնով։ Վայրկյանը մեկ կթեքվեր ու ամուսնուն կասեր՝ հլը տես Նունեն ինչ շատ է աղցան լցնում, մյուս անգամ ամանը հեռու դիր՝ ձեռքը չհասնի։ Ես երբեմն փոխադարձում էի՝ Աննային ու Քրիստինային անվանելով իտալո-իսպանական խմբավորում, որի երակներով արյան փոխարեն գինի է հոսում։ «Գնա բակ, Ջեյ-Փիին ասա, որ էլ չծխի, ես որ ասեմ՝ ինձ չի լսի»,- պարբերաբար բոթում էր մեզ Քրիստինան։ Հույսը կտրել էր, թե իր որդին երբևէ հարս կբերի տուն, մեզնով էր լցնում երիտասարդ աղջիկների հետ շփման պակասը։ «Ես ձեզ իմ սեփական դստեր պես եմ սիրում»,- ասում էր, և մենք դա զգում էինք իսկապես։
Քանի՜-քանի՜ անգամ միացանք Ատլանտյան օվկիանոսի ափին կազմակերպվող նրանց վրանային հանգստին։ Հյուգոն երկու սենյականոց և ցանց-պատշգամբով վրան էր խփում իրենց համար, մեզ համար՝ առանձին, Ջեյ-Փիի համար՝ շատ ցածր, համարյա գետնին հավասար քնապարկ-վրան, որից մի օր առավոտյան արջի մռթմռթոց էր լսվում, ու մենք չգիտեինք ինչպես արձագանքել, մինչև ինքն օգնության կանչեց Ադամին․ խճճվել էր վրանի մեջ և չէր կարողանում դուրս գալ։
Քանի՜-քանի՜ անգամ Աննան և Քոլինը մեզ հյուր եկան իրենց նահանգից, քանի՜ անգամ մենք գնացինք նրանց մոտ։ Կինոթատրոններ, զվարճանքի վայրեր, ռեստորաններ․ ինչքան հնարավոր էր, վայելեցինք այդ հրաշալի մտերմությունը․ միակը, որը կորցնելու համար ցավում եմ սրտանց։