Վարդան Ջալոյան
Նախորդը՝ այստեղ
Սկիզբը՝ այստեղ
Արդեն նշել ենք, որ Խորեն Աճեմյանի ելույթը 1944 թ․ հունիսյան խորհրդակցությունում շատ համարձակ էր։ Իրեն նա համարում էր «ստեղծագործական մարքսիզմի» ներկայացուցիչ, իսկ իր ընդդիմախոսներին՝ դոգմատիկներ։
Իր ելույթի գրավոր տարբերակում Աճեմյանը դիմել է Ստալինին և քաղբյուրոյի անդամներին հետևյալ խոսքերով. «Եվս մեկ անգամ խնդրում եմ կարդալ իմ ելույթները, իսկ եթե ես իսկապես ռեստավրատոր եմ, ապա մատնանշեք իմ սխալները. եթե ես ճիշտ եմ, ապա իմ հակառակորդները գռեհիկ սոցիոլոգիզմի գերության մեջ են։ Եթե ես իսկապես նորարար եմ, ինձ հնարավորություն տվեք հրապարակվելու որպես այն ուղղության ներկայացուցիչ, որի անունը ստեղծագործական մարքսիզմ է»։
Նկատեմ, որ Ստալինին և քաղբյուրո նամակներ էին գրում բոլոր պատմաբանները (և ոչ միայն նրանք)՝ արդարացնելով իրենց և մեղադրելով իրենց կոլեգաներին։ Նամակ չգրելը անբարեհուսության նշան էր, համակարգի մերժում և այն կարող էր կասկածների տեղիք տալ։ Այդպիսին էին ժամանակի բարքերը։
Թե որքան ստեղծագործական է եղել Աճեմյանը՝ կարելի է դատել իր մոտեցուներից դասակարգային պայքարի մասին։
«Ինձ թվում է, որ պետք է կուրացած և հիմարացած լինել մետաֆիզիկական մեթոդի պատճառով այդչափ անհեթեթ եզրակացության գալու համար, թե պետության և ժողովրդի միասնությունը բացառում է դասակարգային պայքարը։ Դասակարգային պայքարը եղել է, կա և կլինի դարեր շարունակ, քանի դեռ կան դասակարգեր»։
Անդրեյ Յուրգանովը գրում է․ «Դասակարգային պայքարի հրապարակային վերածումը տափակության, որից օգտվում են անգամ ֆաշիզմի գաղափարախոսները, արտասովոր իրադարձություն էր։ Աճեմյանն իրեն թույլ տվեց թղթի վրա այնպիսի համարձակ դատողություններ, որ «ժողովրդի թշնամի» մտքով էլ չէր անցնի (թեկուզ համապատասխան «օրգանների» օգնությամբ)։
«Չէ՞ որ դասակարգային պայքարի անունից պայքարում են գեբելսները, հերսթերը և մոսլիները։ Հնարավո՞ր է այդքան հետ մնալ և 1944-ին բզզալ դասակարգային պայքարից, ինչպես 50 տարի ու մեկ դար առաջ, երբ անմիջական նպատակը բանվոր դասակարգի դասակարգային ինքնագիտակցությունն էր։ Այդ ժամանակից ի վեր մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, և այն, ինչ անմիջական նպատակն էր, այժմ ավելի բարձր առաջադրանքի միջոցն է»:
Հեշտ է նկատել, որ 50 տարի առաջ շատերը, այդ թվում՝ ապագա բոլշևիկները, «բզզում» էին դասակարգային պայքարից, և դա, ըստ Աճեմյանի, արդեն հնացել է, վերածվել սովորական միջոցի՝ ավելի վեհ գործի՝ անդասակարգ հասարակության ստեղծման համար»։
1944 թ․ հունիսյան խորհրդակցությունից հետո Կենտրոնական կոմիտեն փորձեց կազմել մի ամփոփիչ փաստաթուղթ, որը սակայն չհրապարակվեց։ Փաստաթղթի վրա հիմնականում աշխատել է Անդրեյ Ժդանովը, մասնակի՝ Ա․ Շչերբակովը։ Այդ փաստաթղթում Խորեն Աճեմյանի մասին մասնավորապես ասվում է․ «ԽՍՀՄ պատմության մի շարք աշխատություններում և որոշ պատմաբանների հրապարակային ելույթներում վերանայվում են Լենինի տեսակետները պատմության հարցերի վերաբերյալ։ Պատմաբաններ Աճեմյան Խ.Գ.-ն և Յակովլև Ա.Ի.-ն մերժում են այն հայտնի փաստը, որ ցարիզմը աշխատավոր ժողովրդին ճնշողն էր, իսկ ցարական Ռուսաստանը՝ ժողովուրդների բանտ, արդարացնում են ցարիզմի հետադիմական գաղութային ագրեսիվ քաղաքականությունը, ժխտում են ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի և ցարիզմի դեմ ժողովրդական շարժումների առաջադեմ նշանակությունը։»
Հունիսյան խորհրդակցությունը փակ էր, բայց նրա արդյունքները քննարկվում էին ինչպես գաղափարախոսական, այնպես էլ գիտական շրջանակներում։ Անդրեյ Ժդանովի թեզերի նյութերը Կենտկոմի քարտուղար Ա․Շչերբակովն օգտագործել է 1944 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայի քաղաքային կուսակցական կոմիտեի պլենումի իր ելույթում։ Նա, մասնավորապես, խոսել է Աճեմյանի տեսակետների մասին, իսկ ակադեմիկոս Ե․Թառլեին նշել որպես նրա համախոհ։
Սա նշանակում է, որ Խորեն Աճեմյանին չէին պատրաստվում մոռանալ։ Առանձնապես ուշագրավ է ագիտպրոպի ղեկավար Ե․ Ալեքսանդրովի «Հասարակական գիտությունների որոշ խնդիրների մասին» զեկույցը, որը նաև տպագրվել է «Բոլշևիկ» ամսագրում [Александров Г. О некоторых задачах общественных наук в современных условиях / / Большевик. 1945. № 14.]։
Մասնավորապես նա խոսեց, առանց անուններ տալու, որ փորձեր են արվում դեն նետել «մարքսիստ-լենինյան պատմական գիտության հայտնի այն դիրքորոշումը, որ ցարական Ռուսաստանը Եվրոպայի ժանդարմն ու ժողովուրդների բանտն է»։ Խոսքը Աճեմյանի մասին է, որին նա պիտակում է իբրև կադետական և մենշևիկ պատմական մտածողության կրող։
Չմոռացվեց նաև ռուսակենտրոնությունը․ նա նշեց, որ «մեր պատմաբանները հաճախ նկարագրում էին միայն այն, ինչը բաժանում էր ժողովուրդներին։ Բայց Ռուսաստանի ժողովուրդների պատմությունը այդ թշնամության հաղթահարման և ռուս ժողովրդի շուրջ նրանց աստիճանական համախմբման պատմությունն է։ Առանձին ժողովրդի պատմությունը կարելի է ճիշտ հետազոտել և հասկանալ միայն այլ ժողովուրդների, և առաջին հերթին ռուս ժողովրդի պատմության հետ կապված»: Ագիտպրոպի ղեկավարը քննադատեց «Ղազախական ԽՍՀ-ի պատմություն», «Յակուտիայի պատմություն», «Բաշկիրիայի պատմության ակնարկներ», «Թաթարստանի պատմություն» գրքերի հեղինակներին։
Փաստորեն, դրանով իսկ պատմաբաններին ցուցում տվեց շրջանցել ընդդեմ նվաճողների ոչ ռուս ժողովուրդների ապստամբությունների, Ռուսաստանին նրանց միացման արյունալի մեթոդների և բռնազավթման դեմ հերոսական պայքարի ցավոտ հարցերը։ Այս ազգային շարժումների առաջնորդներից ոմանք, օրինակ՝ Շամիլը, մինչ պատերազմը համարվում էին հերոսության և ժողովրդական իղձերի մարմնացում։ Բայց պատերազմի տարիներին կասկածի տակ դրվեցին այդ գնհատականները։ Առաջիններից մեկը Խորեն Աճեմյանն էր։ Կարելի է ասել՝ ընդհակառակը, նրա մեծապետական «հայրենասիրության» գաղափարները իշխանական ապարատը սկսում է վերամշակել և տարածել։ Անշուշտ, առանց սկզբնաղբյուրը նշելու։
Այս նոր մոտեցման հետևանքները ոչ ռուս ժողովուրդների պատմական գիտությունների համար աղետալի էին։
«Ղազախական ԽՍՀ պատմության» հետագա խորհրդային հրատարակություններում հանվեցին խան Աբալային և Կենեսար Կասիմովի ապստամբությանը նվիրված գլուխները։ Դրանք որակվեցին իբրև «հակառուսական», իսկ Կենեսար Կասիմովի շարժման մասին տեքստի հեղինակ Երումխան Բեկմախանովը հայտարարվեց «ղազախական բուրժուական ազգայնականների ժառանգ», մեղադրվեց հակասովետական գործունեության մեջ և քսանհինգ տարով ուղարկվեց Գուլագ։ Ազատվեց իր ուսուցիչ Ա․ Պանկրատովի ջանքերով 1954 թ․-ին։
Պետք է նկատել, որ պատերազմի տարիներին զարթոնք ապրեց ոչ միայն ռուսական մեծապետական հայրենասիրությունը, այլ նաև տեղական ազգայնականը։
Օրինակ․ Թաթարիայի մասին Կենտկումի ցուցումներում (1944 թ․ օգոստոս) ասվում է․ « ․․․վերացնել առանձին պատմաբանների թույլ տված ազգայնական բնույթի լուրջ թերություններն ու սխալները Թաթարիայի պատմությունը լուսաբանելիս (Ոսկե Հորդայի փառաբանումը, Իդեգեյի մասին խանական–ֆեոդալական էպոսի հանրահռչակումը)»։
Մեկ տարի հետո համանման որոշում կայացվեց Բաշկիրիայի մասին։ Ինչպես ասվում է Կենտկոմի որոշման մեջ՝ « թույլ են տրված գաղափարական լուրջ սխալներ բաշկիր ժողովրդի պատմական անցյալը լուսաբանելիս։ Հրապարակման պատրաստած «Բաշկիրիայի պատմության ակնարկներում», «Իդուկայ և Մուրադիմ», «Բոգատիրների էպոսը» գրական աշխատություններում որևէ տարբերություն չի դրվում բաշկիր ժողովրդի իսկական ազգային-ազատագրական շարժումների և ավազակային արշավանքների միջև։ Բավարար չափով ներկայացված չէ բաշկիր ֆեոդալների կողմից հարևան ժողովուրդների աշխատավորների կեղեքումը: Թաթար և բաշկիր ֆեոդալները, բաշկիրների հայրապետական-ֆեոդալական անցյալը իդեալականացված է»: Համանման կեցվածք ցուցաբերվեց Պովոլժիեի այլ ժողովուրդների՝ մորդվաների, մարիների, չուվաշների և այլոց ազատագրական շարժումների նկատմամբ։ Քննադատվեցին նաև ուզբեկ պատմաբանները ցարիզմի դեմ ուղղված անդիժանյան ապստամբությունը իդեալականացնելու համար․ այսուհետ այն պետք քննադատվեր իբրև ֆեոդալական և հետադիմական։
Բայց խորհրդային պատմական գիտությունների համար փորձաքարը, իհարկե, մյուրիդիզմի և Շամիլի ազատագրական շարժման գնհատականն էր։
1947 թվականին «Պատմության հարցեր» ամսագրում տպագրվեց Շամիլի շարժման գնահատման վերաբերյալ քննարկման մասին հաղորդումը [Вопросы истории, № 11, Ноябрь 1947, C. 134-140]։ Տեղեկանում ենք, որ 1947 թվականի հունիսի 19-ին ԽՍՀՄ XIX դարի պատմության սեկտորի ընդլայնված ժողովում Խ․ Աճեմյանը հանդես եկավ «Կովկասյան մուրիդիզմի պատմական էության մասին» զեկուցմամբ։
Զեկուցման հիմնական գաղափարները նույնն էին, ինչ հոդվածում, որը Աջեմյանը փորձել է տպագրել «Պատմության հարցեր» ամսագրում 1944 թ․֊ին, և պատմաբանների հունիսյան խորհրդակցության իր ունեցած ելույթում։ Խ.Աճեմյանն իր զեկույցում Կովկասի լեռնականների ապստամբության պատմական հայեցակարգը բնութագրեց որպես միամիտ, միակողմանի ու սխալ, իդեալականացնող Շամիլի թե՛ անհատականությունը, թե՛ շարժումը։
Ըստ «Պատմության հարցեր» ամսագրում տպագրված հաղորդման՝ «Բանախոսը սխալ է համարում այս շարժումը որպես ազատագրական և առաջադեմ բնորոշելը. իրականում լեռնակաները կռվում էին, ըստ Աճեմյանի, «իրենց գայլային ազատության, իրենց հետամնացության, ճնշվածության, խավարի, ասիականության ազատության համար»։
Բայց Շամիլի շարժումը ազատագրական և առաջադեմ բնորոշել են կոմունիզմի դասականները։ «Ստեղծագործ մարքսիզմի» ներկայացուցիչ Խ․Աճեմյանը դուրս եկավ նաև դասականների դեմ։ «Բանախոսը քննադատեց Կ.Մարքսի և Ֆ.Էնգելսի տեսակետները Կովկասյան պատերազմի և նրա առաջնորդ Շամիլի վերաբերյալ, համարելով որ իրենց աշխատություններում 1850-1860 թթ. ցարական Ռուսաստանի ռեակցիոն դերը չափազանցված էր, և այդ ժամանակների անգլիական մամուլի ազդեցությամբ Շամիլը իդեալականացվել էր»։ Աներևակայելի համարձակություն՝ քննադատել Մարքսին և Էնգելսին ստալինիզմի դոգմատիկ գաղափարախոսության պայմաններում և հենց կենտրոնական կոմիտեում։
Քննարկմանը մասնակից պատմաբանները համարյա միահամուռ մերժեցին Խ․Աճեմյանի մոտեցումները։ Պրոֆ․ Կ․Սիվկովը, օրինակ, քննադատեց Խ․Աճեմյանին, որ իդեալականացնում է ցարիզմի գաղութային քաղաքականությունը, անտեսում է, որ Կովկասը եղել է գաղութային կցորդ։ Մելիսա Նեչկինան ճիշտ նկատեց, որ «Խ.Գ.Աճեմյանը, իրեն անվանելով նոր գաղափարների ավետաբեր, ըստ էության վերականգնում է ցարական գեներալների հին հայացքները»։
Պրոֆ. Բ.Ն. Զախոդերը, որպես արևելագետ, կտրականապես առարկեց բանախոսի հիմնական թեզերին Հյուսիսարևելյան Կովկասի, այդ թվում Դաղստանի «վայրի ժողովուրդների» մոտ մշակույթի բացակայության և «ասիականության հենակետի» մասին։ Պատմական փաստերին չի համապատասխանում նաև Թուրքիայից մուրիդիզմի «ներմուծման» մասին թեզը՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի զենք։
Շ․Ի․ Տիպիևի կարծիքով զեկուցողը զուգորդում է մարքսիզմը բուրժուական հայացքների հետ։ Նա հատկապես նշում է․ «Բացարձակապես սխալ և վնասակար է բանախոսի դրույթը ցարիզմի ներքո կովկասյան ժողովուրդների ազգային վերածննդի հնարավորության մասին։ ․․․Որպես ժառանգություն ցարական Ռուսաստանից, Բաքվի, Գրոզնիի և Թբիլիսիի հետ միասին մենք ստացանք նահապետական ցեղային հարաբերություններ և ցարիզմով խեղված ազգային հետամնաց մշակույթ»: Եվ էլի շատ նմանատիպ ելույթներ։
Նախագահող Ն.Մ.Դրուժինինը, եզրափակելով բանավեճը, հայտարարեց. «Մենք իրավունք ունենք ասելու, որ մեր նախկին տեսակետը մնում է ուժի մեջ՝ հյուսիսարևելյան Կովկասի լեռնականների շարժումը Շամիլի գլխավորությամբ ազատագրական և առաջադեմ էր»:
Շամիլի շարժման մասին 1947-ին սկսված քննարկումը պատմաբանների ուշադրությունը սրեց Ռուսաստանին որոշ տարածքների միացման թեմայի վրա, ստիպեց նրանց մտածել այս երևույթի գնահատման, «չարյաց փոքրագույնի» բանաձևի կիրառելիության մասին։ Մասնավորապես, որպես «չարյաց փոքրագույն» էր համարվում նաև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսերությանը։
Պահանջվեց ընդհամենը մի քանի տարի, գրում է Ալեքսանդր Դուբրովսկին [Дубровский А. М. Власть и историческая мысль в СССР (1930-1950-е гг.). Глава VII], որպեսզի պատմաբանները փոխեն իրենց տեսակետները հակառակի։
Գաղափարախոսական իշխանությունները արդեն հակված էին պաշտպանել Խ․ Աճեմյանի դիրքորոշումը Շամիլի շարժման մասին։ 1950 թ-ին սկսվեց կոշտ հարձակումը այն պատմաբանների դեմ, որոնք իրենց աշխատություններում դրական գնահատական են տվել Շամիլի շարժմանը։ Մասնավորապես ադրբեջանցի պատմաբան Հեյդար Հուսեյնովը զրկվել է Ստալինյան մրցանակից, որը նրան շնորհվել է «19-րդ դարում Ադրբեջանի սոցիալական և փիլիսոփայական մտքի պատմությունից» գրքի համար։ Նկատենք, որ Ադրբեջանին նվիրված գրքում Շամիլի շարժումը փոքր տեղ էր գրավում։ Իհարկե, եղել են դեպքեր երբ ստալինյան մրցանակ ստացած գրքերը կոշտ քննադատության են ենթարկվել, բայց սա առաջին և վերջին անգամն էր, որ հեղինակին զրկում էին մրցանակից։ Ցնցված հեղինակը ինքնասպանություն գործեց։
Վերոհիշյալ` 1947 թ․ քննարկման մասնակից Լ.Մ. Իվանովը համարում էր, որ բանախոսը «․․․ բավականին հետևողականորեն վերակենդանացրեց սոցիալ-դեմոկրատների սովորական տեսությունը, որոնք արդարացնում են իրենց կառավարությունների գաղութային քաղաքականությունը»։ Չորս տարի հետո, 1951 թ․ «Բոլշևիկ» ամսագրում տպագրվեց Լ. Իվանովի գրախոսականը «ԽՍՀՄ պատմություն» բուհական դասագրքի երկրորդ հատորի մասին, որտեղ խոսվում է պատմաբանների՝ «19-րդ դարի առաջին կեսի ռեակցիոն ազգայնական շարժումների իդեալականացման մասին»:
Ամսագիրը դասագրքի հեղինակների դիրքորոշումը բնորոշել է որպես հակամարքսիստական. «Թուրքիայի հովանավորյալ և բրիտանական գաղութատերերի գործակալ Շամիլը, որը ներկայացնում էր լեռնականների ռազմաֆեոդալական վերնախավի շահերը, ներկայացված է որպես ազգային հերոս, ազգային-ազատագրական մարտիկ։ Կենեսար Կասիմովի ֆեոդալ-ազգայնական ապստամբությունը, որը հակասում էր ղազախ ժողովրդի խոր շահերին, շահագրգռված Ռուսաստանին միանալուն, դասագրքում կոչվում է «19-րդ դարի ղազախ ժողովրդի ամենանշանակալի ազգային-ազատագրական շարժումը»:
Բայց ոչ միայն Լ․ Իվանովը, քննարկման մյուս մասնակիցները ևս ուրացան իրենց հայացքները։ Դա նշանակում է, որ սկսվել էր նոր գաղափարախոսական փուլ պատմական գիտություններում՝ ցարիզմը արդեն ոչ թե «չարյաց փոքրագույնն» էր ոչ ռուս ժողովուրդների համար, այլ անվերապահ բարիք։ Այս նոր թելադրանքը ամրագրվեց Կոմկուսի XIX համագումարում, որը սկսվեց 1952 թ․-ի հոկտեմբերի 14-ին։
Համագումարը հատուկ ուշադրություն դարձրեց ազգային հանրապետություններում առկա «գաղափարախոսական աղավաղումներին», այդ թվում՝ պատմական գիտություններում, գրականագիտության, գրականության արվեստի մեջ։
Ամենակարևորը՝ նիստերի երրորդ օրը ադրբեջանական կուսակցական կազմակերպության ղեկավար Մ.Ջ.Բագիրովի ելույթն էր։ Նրա ելույթի առանձնահատուկ դերն ընդգծվել է նրանով, որ նրան հրավիրել էին համագումարի նախագահություն, և նա միակն էր ազգային կոմկուսների ղեկավարությունից։
Ըստ Բերիայի որդու՝ Սերգոյի հիշողությունների. «Իմ հոր հարաբերությունները (Բաղիրովի հետ) հիանալի էին։ Երկուսը իրարից գաղտնիք չունեին։ Այս մարդը հիանալի տիրապետում էր թուրքերենին և պարսկերենին, ուներ աշխույժ միտք, կարողանում էր արագ կողմնորոշվել ամենատարբեր իրավիճակներում և լավ տեղեկացված էր նավթարդյունաբերության մասին։ Նա չէր խմում և չէր հավատում ո՛չ Աստծուն, ո՛չ էլ Սատանային, և դեռ ավելի քիչ՝ կոմունիզմին»[Beria, Sergo (2001). Beria, My Father: Inside Stalin’s Kremlin. London: Duckworth. p.300.]։ Միր Ջաֆար Բաղիրովի շուրջ հայկական շրջանակներում ձևավորվել է քաղաքական առասպելների մի ամբողջ շարան, որոնց մի մասը, անշուշտ, իրական հիմք ունի։
Տեղեկացնելով Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին՝ համագումարում իր ելույթի ժամանակ Մ․Ջ․ Բաղիրովը հայտարարել է. «Բացահայտվել են բուրժուական ազգայնականության մնացորդներ գրականության և արվեստի մեջ, ադրբեջանական ժողովրդի պատմությունը խեղաթյուրելու, Ռուսաստանին Ադրբեջանի միավորման առաջադեմ, բարերար նշանակությունը նսեմացնելու փորձեր»։
Մ․Բաղիրովը կտրուկ քննադատում է ադրբեջանական էպոսը․ «․․․այնպիսի ռեակցիոն, հակաժողովրդական, ազգայնականության, պանիսլամիզմի թույնով հագեցած ստեղծագործություն, ինչպես «Դեդե Կորկուտի» գիրքը»։ Մի քանի տարի առաջ նա հանդես էր եկել Րաֆֆու ստեղծագործությունների արգելքի պահանջով։ Նկատեմ, որ Հայաստանի կուսակցական ղեկավարությունը ընդունել էր այդ քննադատության արդարացիությունը։
Այնուհետ Բաղիրովը հարձակվեց «Вопросы истории» ամսագրի վրա։ Այն, ըստ Բաղիրովի, «ոչ միայն չի օգնում մեր ազգային հանրապետությունների պատմաբաններին հասկանալ այս կամ այն պատմական իրադարձության բնույթը, այլ հաճախ ինքն էլ սխալ դիրքորոշում է ընդունում այդ հարցերում։ Անցյալ տարի ամսագիրը անիմաստ, վերացական քննարկում էր սկսել այսպես կոչված «չարյաց փոքրագույն» բանաձեւի՝ Ռուսաստանին ոչ ռուս ժողովուրդների միացման հարցի շուրջ»։
Իսկ ինչո՞վ պետք է զբաղվի ամսագիրը․ «Չի երևում, որ «Պատմության հարցեր» ամսագիրը, առաջնորդվելով ընկեր Ստալինի ասույթներով խորհրդային ժողովուրդների եղբայրական ընտանիքում ռուս մեծ ժողովրդի դերի մասին, համակողմանիորեն, կոնկրետ զարգացներ և լուսաբաներ մեր երկրի համար արդիական, կենսական նշանակություն ունեցող՝ ժողովուրդների բարեկամության ամրապնդման հարցը, ռուս մեծ ժողովրդի կողմից մեր երկրի բոլոր ժողովուրդներին ցուցաբերած և ցուցաբերվող անգնահատելի օգնության հարցը, որը տվել և տրամադրում է մեր երկրի բոլոր ժողովուրդներին մեր ավագ եղբայրը՝ ռուս ժողովուրդը»։
Մ․ Բաղիրովի այս արտահայտությունը համագումարը ողջունել է ծափերով։ Փաստորեն, Բաղիրովի այս ելույթում ամրագրվեց իբրև կուսակցական դոգմա ոչ ռուս ժողովուրդների Ռուսաստանին միանալու բացարձակ բարիքի գաղափարը։
Ազգային կոմկուսների ղեկավարները հանդես եկան նույն ոգով։ Օրինակ, ելույթ ունեցողներից ընկեր Շայախմետովը (Ղազախական ԽՍՀ) հայտարարեց, որ «Կուսակցության Կենտրոնական կոմիտեն բացահայտեց Ղազախստանի կուսակցական կազմակերպության հիմնական թերություններն ու սխալները գաղափարական աշխատանքի, առաջին հերթին պատմական գիտությունների ոլորտում Կենեսար Կասիմովի շարժումը գնահատելիս։ Այն սկզբից մինչև վերջ ռեակցիոն-միապետական էր»։
Հայաստանում Շամիլի կամ Կասիմովի շարժում չի եղել, բայց նրա կոմկուսի ղեկավար Հարությունովը գտավ ինչ ասել․ «Մի քանի տարի առաջ Հայաստանում պատմական ճակատում նկատվում էին բուրժուական ազգայնականության դրսևորումներ՝ հին պատմության նկատմամբ միակողմանի տարվածության, դրա իդեալականացման տեսքով։ Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի օգնությամբ Հայաստանի կոմկուսը ժամանակին ձեռնամուխ եղավ աշխատանք ծավալելու բուրժուական ազգայնականության այդօրինակ դրսևորումների դեմ և հաջողվեց գիտնականների ու ստեղծագործ աշխատողների ուշադրությունը բևեռել Խորհրդային Հայաստանի կյանքի և նրա ձեռքբերումների ուսումնասիրության և լուսաբանման ուղղությամբ»։ Հայկակական Շամիլը՝ Տիգրան II-ն էր։
Հայաստանում պատմական գիտությունների մեջ բուրժուական ազգայնականության դրսևորումների դեմ սուր պաքարը սկսվեց համագումարից հետ, իբրև «միասնական հոսանքի» դեմ քարոզարշավ։ Բայց դրան հարկ է առանձին անդրադառնալ։
Փաստորեն, Կուսակցության համագումարում բոլոր ելույթները պատմաբանները պետք է ընկալեին որպես յուրօրինակ հրահանգ։ Շուտով պատմաբանները մանրամասն հիմնավորում ստացան ցարական Ռուսաստանին միանալու «բացարձակ բարիք» բանաձևի համար, որը փոխարինեց նախկին «չարյաց փոքրագույն» բանաձևը։ 1953 թվականին «Կոմունիստ» ամսագրի փետրվարյան համարում տպագրվեց Մ․Բագիրովի «Ավագ եղբայրը խորհրդային ժողովուրդների ընտանիքում» հոդվածը։
«Մեր պատմաբաններից շատերը, երբ անդրադառնում են Ռուսաստանին ոչ ռուս ժողովուրդների միացման խնդրին, մեխանիկորեն կիրառում են «չարյաց փոքրագույն» հասկացությունը»,- գրել է Բաղիրովը։ Ըստ նրա՝ պատմաբանները չեն տեսնում այն վիթխարի դրական հետևանքները, որոնց հանգեցրեց Ռուսաստանին ոչ ռուս ժողովուրդների միացումը։
Բաղիրովը գրում է․ «Փոխարենը պետք էր մանրամասն ցույց տալ, թե ինչպես ռուս ժողովուրդը, երկար ժամանակ առաջնորդելով մեր երկրի բոլոր ժողովուրդներին իրենց համատեղ ազատագրական պայքարում, ամեն կերպ օգնելով նրանց, որոշիչ դեր խաղաց այդ ժողովուրդների սոցիալական և ազգային ճնշումից ազատագրման գործում, սովետական իշխանության հաստատման գործում, սոցիալիզմի կառուցման գործում։»
Այնուհետև Բաղիրովն Ադրբեջանի օրինակով ներկայացնում է «ժողովրդի լայն զանգվածների»՝ Ռուսաստանի հետ միություն կազմելու ձգտումը սկսած 15-16-րդ դարերից։
«Ոչ ռուս ժողովուրդների միացումը Ռուսաստանին առաջին հերթին բացառիկ նշանակություն ունեցավ այս ժողովուրդների ճակատագրի համար, քանի որ նրանք միացան մի երկրի, որը պատմական զարգացման ընթացքում վերածվեց համաշխարհային հեղափոխական շարժման կենտրոնի», այսպիսին էր հիմնական փաստարկը այն կոնցեպցիայում, ըստ որի Ռուսաստանին ցանկացած ժողովրդի միացումը բացարձակ բարիք էր այդ ժողովրդի համար։
Եթե մինչ այդ համարվում էր, որ Ռուսաստանին այս կամ այն ժողովրդի միանալու ամեն մի դեպքը պետք է դիտարկվի համապատասխան սոցիալական և քաղաքական կոնտեքստում, ապա այժմ այդ հարցին կոնկրետ մոտենալու պահանջը դեն նետվեց։ Դա նաև փաստորեն նշանակում էր, որ ցարիզմի դեմ ոչ ռուս ժողովուրդների պայքարը այսուհետ գնհատվում է բացառապես իբրև հետադիմական և որպես արտաքին ուժերի դավերի արդյունք։
Իսկ Խորեն Աճեմյա՞նը։ Ժամանակակից պատմաբան Վ․ Տիխոնովը գրում է․ « ․․․ Աճեմյանի միջոցով բարձրագույն գաղափարախոսական մարմինները որոշակի, անսովոր, սադրիչ մտքեր էին «հեռարձակում» հասարակության մեջ և բացահայտում դրանց արձագանքը, գիտական հանրությանը նախապատրաստում դրանց ընկալմանը։
Որքան էլ պարադոքսալ թվա, բայց նման հաղթանակից հետո Աճեմյանի աստղն արագորեն խամրեց։ Նա անհետանում է մեր տեսադաշտից։ Ինչպես ասում են՝ «մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:
Բայց սա Խորեն Աճեմյանի մասին ողջ պատմությունը չէ։