սկիզբը՝ այստեղ
4
Տասն օր համբերեց ծերունի Գեւոն, որ արտը բուսնի։
Տասն առավոտ, առանց գիտակցելու, մի մութ ուժից մղված, քայլերն ուղղեց դեպի դաշտ, իր արտի ճամփան բռնեց եւ ամեն անգամ կես ճամփին հետ դարձավ։
– Թող բուսնի, թող բուսնի,- մրմնջում էին շրթունքները։
Եվ տասն օրն անցավ։
Ուշ աշնան մի լուսաշող, պայծառ օր Գեւոն դաշտ դորս եկավ, դեպ իր արտը գնաց։ Երկինքը ջինջ էր, ու արեւի ճառագայթները՝ խոնջանքի նազանքով լեցուն, մթնոլորտը համակ փաղաքշանք էր․ ուշացած ծաղիկների պես արեւի ամեն մի ցոլքը մելամաղձոտ գուրգուրանք էր այն օրը։
Չվող կռունկների մի մեծ երամ՝ եռանկյունի կազմած՝ անցնում էր շատ բարձրից, նրանց անուշ կղկղոցը հանգստավետ մի բարություն ուներ, որ հանդարտ ծավալվում էր թեթեւ մշուշի մեջ հեւացող դաշտերի վրա։
Գեւոն գյուղից դուրս եկավ հոգին կասկածով լի, ալեկոծ ու խռովքոտ, եւ այժմ դաշտերի այս մեղմանուշ անդորրությունը, որպես անձայն օրոր, նրա էությանն էր գգվում։
Բնության ստեղծագործող երգն էր զրնգում իր հոգում․ «Աստված կա, չէ՛, ինչպես չբուսնի․․․ ապա իմ արուն քրտի՜նքը, աչքիս լո՜ւյսը։ Աստված կա ախր, ինպես չբուսնի, երբ ամենքի արտը բուսած է»։
Վերջին խոսքերը նա բարձրաձայն ճչաց։
– Վահ, վահ, էս ի՞նչ է, հալիվոր, բանդ խարաբ է։
Գեւոն նայեց, եկողը Բնոն էր։
– Բարի աջողում, Գեւո ապեր, հը՞, հալդ լավ չի երեւում, ի՞նչ ես քեզ-քեզ խոսում․․․
– Բարով եկար, Բնո, էնպես խոսում եմ էլի, գնամ մեկ արտը տեսնեմ։
– Ա՞րտը․․․
– Հա, արտը, իմ արտը, ի՞նչ կա որ,- ասաց Գեւոն մի առանձին հաճույքով՝ շեշտելով «իմ արտը»։
– Քո՞ արտը։
– Հա, էլի, իմ արտը ասացի, տասն օր առաջ ցանեցի, գնամ-տեսնեմ։
– Հա, գնաս, տեսնես, բուսա՞վ․․․
– Հա, գնամ, տեսնեմ, բուսա՞վ․․․
– Է՜, որ բուսավ, դրանից ի՞նչ, Գեւո ապեր։
– Ինչպե՞ս թե ինչ․․․․ Մենք էլ մարդ ենք՝ երեխատեր ենք, փափախ ունի՞նք գլխներիս, թե՞ ոչ։
– Փափա՞խ․․․
– Հա, փափախ։
– Է, առանց արտի փափախ չկա՞ր գլխիդ։
– Չէ։
– Վա՜յ քո խելքին, հալիվոր․․․ Մեկ ոտքը գերեզման, մեկը ժամի դռան, ու արտ է ցանում․․․ տո, Ղեղո մնա, Ղեղո՜․․․ Տես, ես Բնո եմ․․․ Ղեղո, Բնո, թե Սաքո, թե թագավոր՝ մեկ դռնով պիտի անցնեն։
– Էլի քցել ես։
– Վալլա՛հ չեմ խմած, նոր եմ գնում, այ էնտեղ ժամու հաց կա, քելեխ,- նա ցույց տվեց հարեւան գյուղը,- էնտեղ եմ գնում։ Իմ արտն էլ էնտեղ է, գինին շատ կլինի․․․ Հալիվոր, աշխարհն ինչպես բռնես, էնպես կերթա, հավատա ինձ, թե գողանաս՝ գողանալով, թե թալնես՝ թալնելով, թե խաբես՝ խաբելով, թե խմես՝ խմելով։ Մարդ կա կգողնա, մարդ կա կթալնի, մարդ կա՝ կխաբի, Բնոն էլ կխմի․․․ Խմիր, Գեւո ապեր, խմիր ու Ղե-ղո մնա՛․․․ Խմիր՝ աստվորի տերը կլինես։
– Է՜, դու, որ խմում ես, աստվորի տերն ե՞ս։
– Հա, Գեւո ապեր, քանի չեմ խմած, քեզ պես տլուզ եմ, ջեբս դատարկ։ Հենց որ խմեմ եւ կարմիր ձին հեծնեմ, աստվորի տերն եմ՝ էս դաշտերը իմը, էս արտերն իմը, էն գեղը իմը, էս զուլում Մասիս սարն էլ իմը։ Էսպես է, հալիվո՛ր, աշխարհն ինչպես բռնես, էնպես կերթա․․․
– Գինու աստվորը քեզ, իմ արտն ինձ, Բնո, դու քո ճամփեն գնա, ես իմը։
Նրանց ճամփաները բաժանվեցին։
– Գնա, Գեւո ապեր, գնա, վալլահ քո արտն էլ էլած-չելած մեկ հաշիվ է,- կանչում էր Բնոն հեռվից։
Գեւոն կանգնած նայում էր նրա հետեւից։ Հարբեցողը սուլում էր ու գնում դաշտերով դեպի հարեւան գյուղը, որ ծխում էր քիչ հեռու․․․
Մինչ այդ Գեւոն հասավ ու իր արտի մարգին կանգնեց․․․
Տեսարանը գերազանցում էր իր բոլոր երազները։ Արտը ծլել էր ու կանաչ ծածկոցով պատել հարթությունը։
Ծերունին նայում էր հմայված՝ երջանկության հորդումից, կուրծքը վերուվար էր անում պայթելու չափ, արտից բարձրացող գաղջ բուրավետ օդն էր շնչում եւ խոնավ բուրմունքից հարբածի պես էր, որ հոգին բարի էր, արտի, հողի բարությամբ լեցուն։ Կուզեր մի բան ասել, մի շատ լավ բան աշխարհին, արեւին, թռչուններին, լեռներին, առջեւը ցցված վիթխարի Մասիսին, մի շատ վսեմ բան, որ ժայռերն իսկ ժպտան այս հալիվոր հսկայի հետ։
Ու բարձրացավ, կանգնեց մի քարի վրա, ինքն էլ չիմանալով ինչու, քանի ուժ կար կրծքում, բարձր կանչեց․
«Ղե-ղո՜, Ղե-ղո՜, Ղե-ղո՜․․․»։
Արձագանքը կրկնեց՝ «Ղո՜, ղո՜, ղո՜․․․» ու մեռավ ձորերում։
Ու թվաց ծերունուն, թե իրոք «Ղե-ղոն» մեռավ, անդարձ մեռավ։
– Աստված հոգին լուսավորի,- ասաց ծերունին բարձրաձայն ու հանկարծ սկսեց քահ-քահ ծիծաղել, ապա մեկեն ծիծաղը լացի ու հեծկլտանքի փոխվեց։
Վար իջավ քարից։
– Գժվեցի՞ր, հալիվոր, հավաքի՛ր քեզ, արտդ կա ախր, հրաշքը, զավակիդ արտը, Զարդարիդ արտը,- խոսում էր նա ինքնիրեն։
Կանգնած նայում էր արտին, ինչպես սիրահարը իր բուռն զգացմունքի հախուռն պոռթկումի ժամին կնայեր իր սիրած էակին։ Ու կուզեր գուրգուրել, գրկել, համբուրել այս կանաչավետ հողը ու լուծվել նրա հետ։ Սրտի անհուն զեղումից նա ծունկի եկավ, գլխարկը հանեց, կողքը դրեց, երեսն ու մորուքը քսեց սառը կանաչներին, հոտոտում էր ու համբուրում,- անհագորեն բառեր էր ասում, որ ոչ աղոթք էին, ոչ օրհնություն, այլ ինչ-որ տենդոտ, սիրազեղ զառանցանք, որ գնալով, գնալով փոխվեց հեկեկոցի։ Նա նորից լացեց։ Տարիներից ի վեր կուտակված ցավի, վիրավոանքի, խեղճության արցունքն էր, որ հեղեղի պես քանդում էր իր պատվարները ու դուրս թափվում՝ սրբելով հին անարգանքը։
Ու լավ էին, լավ էին այդ արցունքները։
Գեւոն վեր կացավ, աչքերը սրբեց, գլխարկը ծածկեց ու հանդարտ ու երջանիկ, քայլերն ուղղեց դեպի գյուղ։
Եվ գնում էր, որպես գյուղի տերը՝ հպարտ ու ինքնիշխան։
– Թաղեմ քո հարբեցող գլուխը,- ասաց նա,- աստվորի տերն է․․․
Խոսքը Բնոյին էր ուղղված։
Քայլում էր, ու ոտքերը թեթեւ էին, շարումներն առույգ, երիտասարդական մի նոր ավյուն է խաղում երակներում ասելու, խոսելու, խնդալու մի անհուն տենչ բռնել էր նրա համակ էությունը։
Հասավ գյուղ։ Ու առաջին անգամ իր կյանքում փոխանակ ուղղակի տուն գնալու, ներս մտավ գյուղամիջում տնկված կոլոտ Հակոյի գինետունը։
– Բարի աջողում, Հակո՛ ապեր,- կանչեց նա սրտալի։
Տկճորի վրա նստած կոլոտ, հաստլիկ, կարմրիկ մարդուկը շարժվեց, լիքը այտերը կծկվեցին լայն ժպիտի համար։
– Հայ դու հազար բարի, Հակո ապեր, ո՞ր խաչիցն է, ո՞ր քամին քշեց քեզ մեր կողմերը։
– Սուրբ Հակոբի քամին, Հակո ախպեր, սուրբ Հակոբի քամին․․․ Սիրտս կանաչել է․․․ մեկ ջահելությանը, մեկ ահելությանը,- կոչեց ծերունին ու ձեռքի տակ ընկած առաջին գավաթը մղեց դեպի կոլոտ Հակոն։
– Լից էս անտերը, լիքը լից,- ասաց։
Գավաթը լցվեց թունդ օղիով, Գեւոն ձեռք առավ ու մի թափով խմեց, դեմքը ծամածռվեց անսովոր մարդու պես, հոնքերը կիտեց, թեւով շրթունքները սրբեց ու դատարկ գավաթը սեղանին զարկեց։
– Հը՛, անտեր մնաս, քո հորինողին․․․ Լի՛ց, մեկ էլ լի՛ց։ Թոբա եմ արել անտերը, ամա լի՛ց։
Գավաթը նորից լցվեց ու վերստին դատարկվեց։ Ծերունու գլուխը տաքացավ, աչքերը կարմրեցին ու վառվեցին բուռն կրակով։
– Դեհ, գրի՛ր, շան տղա Հակո, գրի՛ր էն քո անտեր դավթարի մեջ, գրի՛ր․․․ մինչեւ․․․ հա, մինչե Ղե-ղոյի արտը հասնի։ Ղեղո՞․․․ շան տղա, էլի՛ Ղեղո․․․ Չէ, չէ, Ղեղոն մեռա՜վ, մեռա՜վ․․․ հի, հի, հի․․․ Էս նրա հոգու համար եմ խմում։ Լի՛ց, լի՛ց, էս անտերը․․․
Ծերունին նորեն դեմ արեց գավաթը, գավաթը նորից լցվեց։
– Հա, սուրբ Հակոբը գիտե՞ս․․․
Կոլոտ Հակոն պատասխանի փոխարեն լայնաբերան ժպտաց։
– Ի՞նչ ես մռութդ ծռմռում, հայվա՛ն, սուրբ Հակոբը չգիտե՞ս․․․
– Գիտեմ, ապա՞, գիտեմ։ Գեւո ապեր, մեր Մասիսի սուրբ Հակոբը,- խոսեց այս անգամ կոլոտ Հակոն միշտ ժպտալով։
– Հա, Մասիսի սուրբ Հակոբը, լավ ասիր, խաչը վկա, լավ ասիր, արի մի պաչեմ քեզ։
Ու ծերունին իր երկայն, չոր բազուկների մեջ առավ գինեվաճառ մարդուկին։
– Հա, սուրբ Հակոբը երազիս եկավ ու ասաց․ «Փորի՛ր, Գեւո՛, փորի՛ր էս տեղը, իմ գործը չհաջողվեց, քոնը կհաջողվի․․․»։ Ու փորեցի, դե, հաջողվեց։ Խմենք, Հակո, խմենք իմ արտի կենացը, իմ Զարդարի արտի կենացը։
Հակոն մի բաժակ ձեռք առավ։
– Շնորհավոր լինի արտդ, Գեւո ապեր, մեկին հարյուր, մեկին հազար տա։
– Բերան չէ, հո, տաճար է,- կոչեց Գեւոն։
Բաժակները զարկվեցին ու դատարկվեցին։
– Հա, սուրբ Հակոբի բանը չելավ, իմն էլավ։ Գիտես, էլի, խեղճ հալիվորն ուզում էր բարձրանալ Մասիսի գլխին՝ Նոյի տապանը տեսնել․․․ Հա, ցերեկը բարձրանում էր, գիշերը քնում ու առավոտը նորից սարի տակն էր, հրեշտակը ցած էր բերում առաջվա տեղը, դե էս անիրավ սարի գլուխը ադամորդու ոտք չպիտի կպչի․․․ Աստծուց հրաման չկա․․․ Ու էսպես հալիվորի բանը գլուխ չեկավ, իմ բանը գլուխ եկավ, հի, հի, հի․․․
Ներս մտավ գինետունը գզիր Հայրոն, իր փոքրիկ իծի մորուքը ցցված, մորթե ահագին փափախը մինչեւ աչքերը քաշած ու մահակը ձեռքին։
– Վահ, Գեւո ապեր․․․ դո՞ւ էստեղ,- բացականչեց նա։
– Սուրբ Հակոբի նաղլն էի անում, Հայրո։ Լից, Հակո, լից Հայրոյի թասը, խմենք սուրբ Հակոբի կենացը։ Հայրո, երազիս եկավ սուրբը․․․ արտս բուսավ․․․
Հայրոն հասկացավ, լուռ խմեց իր գավաթը՝ կասկածելի ժպիտով ծերունուն նայելով։
– Քանի՞ օրավար է արտդ, Գեւո ապեր,- ասաց նա։
Հարցը չար էր։ Նա լավ գիտեր, որ Գեւոյի արտը հազիվ կես օրավար է։ Հարվածն այնքան զգալի էր, որ հակառակ իր հարբած վիճակին, ծերունին ցնցվեց ու ծառացավ։
– Գզիր Հայրո,- ճչաց նա,- արտս սրտիս չափ մեծ է, իսկ սիրտս․․․ հա, սիրտս հարյուր օրավար է, հարյուր օրավա՜ր․․․
Երեկո էր արդեն, երբ կոլոտ Հակոն իր դավթարում նշանակում էր Գեւոյի խմածն ու չխմածը, իսկ ծերունին՝ օրորվելով փողոցներում, տուն էր գնում։ Ացորդները կանգնում, զարմանքով նայում էին Գեւոյին, մինչե այդ նրան ոչ ոք հարբած չէր տեսել։
Գեւոն գնում էր ու ինքնիրեն խոսում։
– Սուրբ Հակոբին ուխտ արեցի․․․ Ղեղոն մեռա՜վ․․․ Հոգու համար խմեցինք․․․ Աստված հոգին լուսավորի, հի՜, հի՜, հի՜․․․ Սիրտս հարյուր օրագ ար է․․․ գլի՜ր Հայրո։
– Վա՛հ, վա՛հ, էս ի՜նչ շուտ․․․ ես քեզ չհասա, դու ինձ հասար, հալիվոր․․․ հի՛, հի՛, հի՛․․․
Բնոն էր, քելեխ ուտելուց էր գալիս՝ հարբած ո ձեռքին պինդ սղմած մի կավե աման, գինով լի։
– Քո հալին վայել ճամփան գտար, Գեւո ապեր․․․ Խմի՛ր, խմի՛ր․․․ կորեկի արտը ինչքան բարձր լինի, չի կարող լորին ծածկել բազեի աչքից։ ․․․Խմի՛ր, խմի՛ր․․․ Գայլի ու գառան հեքիաթը ոչ սկիլբ ունի, ոչ վերջ։ Խմի՛ր, խմի՛ր․․․ միշտ խմիր, գայլ ու գառ, լոր ո բազե, էլած-չելած մեկ հաշիվ է․․․ ցորենը չլինի՝ կորեկ կլինի, կոեկ չլինի՝ քար կծիր ո խմիր․․․
Գեւոն կանգնած նախ նայում էր անտարբեր, ապա կամաց-կամաց, ասես ըմբռնելով Բնոյի խոսքերի բուն իմաստը, կաս-կարմիր կտրեց ու բարձրաձայն ճչաց․
– Հիմա՛ր, անասուն․․․ ապա ա՜րտս, ապա փափա՞խը տղամարդի․․․
– Քո արտը, հի՛, հի՛, հի՛, քանի՞ օրավար է․․․
Դարձյալ այս դարի հարցը, որ նշտրակի պես ծերունիի սիրտն էր մխվում․․․ Ու նա ճչաց ցասումով։
– Սրտիս չափ, սրտիս չափ, հայվան․․․
Եվ ասես մտրակի հարվածից զգաստացած՝ ծերունին թողեց Բնոյին ու երերուն քայլվածքով տուն գնաց։ Դռան առջեւ տրամադրությունը նորից բարձրացավ։
– Զարդար ջան,- կանչեց նա ուրախաձայն,- լե-լե ասա, քո արտի լե-լե․․․
Եվ առանց սպասելու աղջկա պատասխանին, ինքն սկսեց ծեր, խռպոտ ձայնով մռմռալ քթի տակ․ «Լե-լե, ջան լե-լե, ջան լե-լե․․․»։
Ալմաստը հուզմունքից խնդաց ու լացեց միաժամանակ։
5
Դարձյալ ամառ էր, Արարատյան դաշտի կախարդիչ ամառը, երբ արեւի բարկ շողերը վերից եւ սեւ, բեղուն հողը վարից ոսկի են ժայթքում,դաշտերն, ասես լողում են ոսկու մեջ, եւ մթնոլորտը ոսկու շողերով է ծփծփում։
Արարտյան դաշտի ոսկե ամա՜ռը․․․ Ու կրակ է այդ ամառը, մի վիթխարի բոցավառ հնոց, որի մեջ աշխատանքը տնքում է ու ժպտում, եռում է ու հեւում՝ արեւի բոցերը խմելով։
Դարձյալ հունձ էր, Արարատյան աշխարհի հրա՜շք հունձը․․․
Երկնքից արեւի ցոլքերի հետ կրամկ էր մաղվում ու քրտնաթոր հնձվորները՝ երակների մեջ կրակ, ճակատները հողագույն, շարան-շարան շարժում էին մանգաղները։
Տա՛ք էր, տա՜ք․․․
Հնձվորների առավոտուն սկսած երգերը, ճաշին մոտ մեռնում էին կամ դառնում թավ տնքոց։ Երգը մնում էր ճպուռներին ու ծղրիդներին, որոնց չոր, անճար ճռռոցը մանգաղին սպասող հասած արտերի աղերսն էր ասես։
Եվ հարյուրավոր մանգաղներ զրնգում էին շեկ արտերի ոսկե ծովի մեջ։ Հնձվորների ոտքերի տակից թանձրամարմին, մոխրագույն լորերը վախլուկ, ծանր փռռոցով խոզաններից խուճապով ու սուլոցով թռչում, անցնում են դեպի կանաչավուն առվույտներն ու բանջարանոցները։ Որանները փռվում են խոզանների մեջ, դեզերը բարձրանում։ Արդեն առաջին սայլերը, ցորենով բարձած, անցան դաշտերի փոշոտ ճամփաներով։ Լծված գոմշուկները փնչացնում են շոգի ձեռքից։Կալերում կենդանություն է սկսվում, եւ հնձած ցորենի բուրմունքը բռնում է դաշտ, կալ ու բնակություն։
Գեւոյի առաջին հունձն էր այս տարին։
Առավոտյան նա շատ հուզված զարթնեց։Հուզված էր, երկյուղած ու հանդիսավոր տրամադրության մեջ։
Իշուկը առաջ արած՝ ամբողջ ընտանիքը վաղ առավոտից շտապեց դեպի արտը։
Եվ Գեւոյի փոքրիկ արտը շատ հեռվից երեւում էր դաշտերում, որպես սիրուն ծաղկանոց։ Արտի կենտրոնը բռնում էր ցորենը, չորս կողմից մարգերում, բարձրանում էր լայնատերեւ, հաստացողուն, կապտավուն ձիթաբույսը, մեջընդմեջ նույնքան բարձր ու նազելի արեւածաղիկը, որ ամռան սկզբից իր կլոր, շիկահեր գլուխը դարձնում էր արեւին, ժպտում նրա ոսկի ցոլքերին մինչեւ մայրամուտ, ու գիշերները դողդողում հովերի առաջ՝ սպասելով նոր արեւածագին։ Քանի մի հոտավետ կանեփներ ու եգիպտացորեն փարում էին արեւածաղիկների հետ, ու այս կանաչ ու ծաղկուն շղթան եզերում էր փոքրիկ արտը։
Արտի կողքին փոքրիկ քոլիկն էր բարձրանում՝ երեք ցածրիկ պատերով ու առջեւը բաց, վրան ճյուղերով ու խոտերով ծածկված, որ հաճելի ստվեր էր անում։ Քոլիկի կողքին արդեն բարձրացել էին երկու մատաղ ուռիներ, որոնք օրորում էին իրենց լալկան ճյուղերը, ու նրանց տակ էր հավուզը՝ այն փոքրիկ փոսը, ուր ջուրը լցվում էր, սառում ու զուլալվում խմելու համար։
Արտի կենտրոնում մարդակերպ խրտվիլակ էր ցցված, որ օրնիբուն թեւերն էր օրորում հովերի առաջ ու թռչուններին հալածում։
Գեւոն, իր կինն ու աղջիկը գարնան սկզբին մինչեւ հունձը ամենօրյա անդադրում, դաժան աշխատանքով էին ստեղծել այս սիրուն արտը, որ ահա սպասում էր մանգաղին։
Եվ այս տարին Գեւոն արտից դուրս այլ վաստակ չուներ։ Փոքրիկ ընտանիքը հասավ արտին։ Արեւը նոր էր բարձրանում։
Գեւոն մանգաղը ուսից ցած բերեց, «օրհնյա՜լ է Աստված» կանչեց ու հունձն սկսեց։
Գեւոն հնձում էր, աղջիկը հավաքում, իսկ կինը խուրձերը կապում։ Հնձեց մինչեւ կեսօր, հնձեց եւ կեսօրից հետո, ու արեւը հազիվ թեքվել սկսեց, երբ հունձը վերջացավ։
Այնպես փո՜քր էր այն արտը․․․
Եվ երեքով միասին, երեք անգամ ուշի ուշով համարեցին խուրձերը, ուղիղ քառասուներկու խուրձ․․․
Գեւոն հիշեց գզիր Հայրոյի ու Բնոյի չար հարցը․
– Քանի՞ օրավար է։
Հիշեց եւ շտապեց մտքից վանել այդ անհաճո հուշը։
– Փոքր է, այո, բայց իմ ցանքն է, իմ հունձը,- մտմտում էր նա։
Կալն սկսվեց։ Գեւոն ցորենի խուրձերը փռեց, հեշան արեց, կամը կապեց իշուկի հետեւից։ Զարդարը վրան կանգնեց ճիպոտը ձեռքին։ Եվ ամբողջ երկու շաբաթ բոլոր մյուս կալվորներից ավելի աղմկողն ու իրարանցում ձգողը Գեւոն էր իր փոքրիկ կալով, իր փորիկ հեշանով, իր մի հատիկ կամով։ Ու մնացած կալվորների զվարճության ու կատակների նյութ էր Գեւոյի կալը։
Վերջապես, ցորենը կալսվեց, թեղ դարձավ, շատ փոքրիկ թեղ։ Հովը փչեց, Գեւոն հարդը քամուն տվեց, ու սիրուն շեղջը բարձրացավ կալի մեջ։
Գյուղատիրոջ մարդն եկավ պարկն ուսին ու տասնորդն ուզեց։
– Արդար է,- ասաց Գեւոն՝ ցորենը չափելով ու նրա պարկը լցնելով։
Շեղջը զգալապես նվազեց։
Երեցփոխն եկավ ժամի բաժինը տարավ։ Ապա ջրբաժանն ու գզիրը եկան, հետո դաշտերի պահապանը, եւ յուրաքանչյուրն իր բաժինը տարավ ցորենի շեղջից։
– Արդար է,- նորից կրկնեց Գեւոն։
Բայց այս անգամ ցորենի փոքրիկ շեղջն այնպես նվազեց, որ կինը անհանգստությունը ծածկել չկարողացավ։
– Տակը բան չմնաց, ա՛յ մարդ,- վշվշաց Ալմաստը։
– Աստվածը ողորմած է, ա՛յ կնիկ, անդ ու անդաստանի, կալ ու կուտի տեր ենք, ժամ ու ժամհար, ջրբաժան ու պահապան իրենց փայ ու բաժինը որ չունենան, բերքը հալալ չի լինի․․․
Ասաց այս բոլորը Գեւոն կնկան սփոփելու համար եւ նորից միտքն ընկավ Հայրոյի, Բնոյի չար հարցը․
– Քանի՞ օրավար է արտդ․․․
– Կնիկ, մարդու արտը պետք է լեն լինի,- ավելացրեց Գեւոն, բայց իրոք մտովի նա պատասխանում էր իր միտքը ծվատող այն չար հարցին։
Նորից հարդարեց ցորենի շեղջը, պատրաստվում էր իր պարկերն ածել, երբ հայտնվեց քահանան։
– Բարի ողջույն, Գեւո, օրհնյա՜լ լինի նոր անդաստանդ։ Օրհնելու եմ եկած առաջին բերքը։
– Օրհնի, ապա, հայր ջան, օրհնի՛, աջիդ մեռնիմ։
Քահանան օրհնեց, եւ տիրացուն քահանայի բաժինը պարկի մեջ լցրեց ու հեռացավ։
Գեւոն այժմ կանգնած էր կալի մեջտեղը, առջեւը՝ հազիվ մի պարկ ցորեն ողջ ձմռան համար․․․
Վրա հասավ կոլոտ Հայկոն՝ գինետան տերը՝ կլոր, ժպտուն, ու վերջին պարկն էլ նա կիսեց։
Եվ այն գիշեր Ալմաստը շատ վշվշաց։
– Դառն դատինք, դատարակ նստանք։
– Սիրտդ լեն պահիր, այ կնիկ, Աստված ողորմած է․․․ Արտը կա, եկող տարի բերքն ավելի առատ կլինի․․․ Չէ՞ արտի տեր ենք․․․ Անհող մեռել չենք լինի․․․
Կալ ու կուտը վերջացավ։
Դարձյալ աշուն էր, դարձյալ չվող կռունկները մելամաղձիկ կռռում էին երկնքում։ Դատերը մերկացել էին, Գեւոյի տափը ցանված չէր։ Սերմացու չէր մնացել։ Մարդակերպ խրտվիլակը շարունակում էր ցուրտ հովերի առաջ թափահարել իր թեւերը, թռչուններ քշել, երբ ոչ արտ կար, ոչ թռչուն։
Գյուղի փողոցներում գզիր Հայրոն, մորուքը ցից, փափախը մինչեւ ականջները քաշած ու մահակը գետնին զարկելով, աշնան հարկն էր կանչում։ Արտի տեր էր Գեւոն, ու գյուղի կոռ ու բեգյարը, հարկն ու թովզին մեջքին էր եկել։
Աշնան հարկը․․․ որտեղի՞ց։
Դաշտում մոռացված խրտվիլակն էր հովերի առաջ հուսահատորեն օրորվում, տանը ունեցած-չունեցածը ողորմելի իշուկն էր։
Գզիր Հայրոն եկավ, գնաց, Գեւոյին գյուղամեջ տարան։ Ռեսը ծանր, նախատական խոսքեր ասաց, սպառնաց, թե իշուկը աճուրդի կհանի, եթե շուտով տերության հարկը չվճարի։
– Կրակ էլավ էս արտը մեր ջանին,- վշվշում էր կինը։
– Կնկա մազն է երկար, խելքը կարճ կլինի,- պատասխանում էր Գեւոն կնոջ բոլոր տրտունջներին։
Գզիր Հայրոն նորից գնաց, եկավ, ի վերջո Գեւոյի իշուկը քաշեցին գյուղամեջ։
Կինն ու աղջիկը ողբ ու կոծ արին, իշուկի հետեւից դուրս եկան, քայլեցին դեպի գյուղամեջ։ Գեւոն սաստեց, հետ դարձրեց ու ինքը մենակ գնաց, ամբոխի առաջ ցցվեց։
Պետական հարկը վճարելու համար իշուկը պիտի ծախվեր աճուրդով, իր տրտում, իր խղճուկ էշը։ Կենդանին կանգնած էր ավելի տրտում, քան երբեք, ականջները ավելի կարճ, դունչը քաշ՝ մինչեւ գետին, կանգնած էր ու լուռ ասես խոկում էր իր բախտի վրա։ Գեւոն ցցված էր նրա կողքին, հայացքը դեպի հեռուն, դեպի դատ, դեմքը՝ գունատ։ Մորուքի ցնցումներից երեւում էր, թե ինչպես դողում է վարի ծնոտը։ Խոսք ուներ ասելու, ու շրթունքներից դուրս չէիր գալիս։
– Ա՛ խալխ․․․ ախր․․․
– Ի՞նչ ախր,- ընդհատեց ռեսը խստությամբ,- տերության հարկը Աստված վար գա երկնքից՝ ջնջիլ չի կարող։ Թե վճարել անկարող ես, արտից ձեռ քաշիր, ով որ մշակի էն կտոր հողը, հարկը նա կտա։ Թե չէ՝ ուզում ես արտդ պահել, թողես անասունը ծախվի, պատիվդ ազատվի։ Կամ էշը, կամ արտը, դու գիտես,- վերջացրեց իր խոսքը սպառնական շեշտով։
Լռություն տիրեց։
Գեւոյի մորուքն ավելի ուժգնորեն դողաց, ու նա շրթունքներն իրար էր սեղմում չճչալու համար։ «Կամ էշը, կամ արտը»,- սարսափելի բառերը զրնգում էին ականջներում ու ապա փոխվում անորոշ խլացուցիչ դժժոցի, որ արձագանքում էր իր գանգի մեջ, ինչպես փոթորկի որոտ։
Քար լռությունը շարունակվում էր։
Ամենքի հայացքը դարձած էր դեպի այդ գունատ, դողդոջուն ծերունին, որ համառաբար լռում էր եւ որ ոչ ոքի չէր նայում, ասես վերացած էր մի այլ աշխարհ։
– Ա՛ խալխ,- ընդհատեց լռությունը ռեսը,- ա՛ խալխ, ձեզնից ո՞վ կվճարի Գեւոյի հարկը եւ կվերցնի նրա արտը։
– Ես,- ձեն տվեց մեկը ամբոխի միջից։
Բոլոր հայացքները այդ կողմ դարձան։
Կոլոտ Հակոն էր։
– Ես էլ,- լսվեց մի այլ ձայն։
Բեղլու Սաքոն էր։
Գեւոն դարձյալ լռեց ու ասես չլսեց ձայները։
Նրա ականջներում նույն խոսքերն էին դժժում․ «Կամ արտը, կամ էշը»։
Էշը՝ այս իր կյանքի հավատարիմ բախտակիցը, այս բարի, այս չարկչրկված կենդանին, հետո՝ արտը, արեւածաղիկները, անուշավետ կանեփը, Զարդարը՝ իր երգ ու լելեներով, իր արտը, իր պատի՜վը․․․․ իր արուն քրտի՜նքը, իր փափա՜խը։
Սարսափելի՜ երկընտրանք։
Արցունքները խեղդում էին կոկորդը։ Գեւոն զսպում էր։ Ուխտել էր լաց չլինել այս անկարեկից ամբոխի առաջ, այս ժպտուն, չարախնդած աչքերի, որոնք չորս կողմից իրեն էին ուղղված։
– Ա՜ խալխ․․․ ա՜ խալխ․․․
Ուզում էր ասել՝ «Ա՜ խալխ, ախր հայ քրիստոնյա եք, Աստված ոնեք, նայեցե՛ք, ծեր, չունեւոր մարդ եմ, սեւ օրով մի փոքրիկ արտ եմ շինել, ծերությանս նեցուկ, զավակիս սփոփանք, մեկնումեկդ ձեռք բռնեցեք, էս հարկը տվեք, հետո կվճարեմ, հոգուս պարտքը լինի։ Ինչի՛ եք ուզում զրկել ինձ իմ արտից, կամ էս միակ բեռնակրից»։
Ուզում էր ասել այս բոլորը, բայց մորուքը նորից թափով դողդողաց, ձայնը կերկերաց, նա կուլ տվեց արցունքը, ու պաղատանքի խոսքերը ատամների տակ փշրեց, անողորմ գյուղին նա չէր խնդրի։
Ռեսի համբերությունը հատավ․
– Ի՞նչ ես իծի պես մկկում,- ճչաց ռեսը՝ ճիպոտը թափ տալով,- էս սհաթին թիկունքիդ կաշին կհանեմ։ Նոքար մարդ ես, դու ո՞ւր, արտն ո՞ւր, այ տլուզ Ղեղո, վազ արի արտից ու էշդ առ, ռադ եղիր մեջտեղից։
Վիրավորանքը անասելի էր։
«Ղե-ղո, տլուզ Ղե-ղո՜․․․», հրապարակավ, այս վատ ամբոխի առաջ։ Ուրեմն Ղե-ղոն չէր մեռել․․․ Պատրանք էր բոլորը, ե՛ւ արտ, ե՛ւ հունձ, ե՛ւ պատիվ, բոլո՜րը մի անողորմ պատրանք, որ ցնցվում էր շամանդաղի պես։ Ու հոգին թունդ ելավ ռեսի անարգանքից։ Շիկացած երկաթով ասես սիրտը վառեցին։ Կուզեր այժմ ճչալ, մի զարհուրելի, խորտակիչ խոսք ասել, կուզեր վառել այս գյողը, այս ռեսի մեջքը փշրել, այս բազմությունը խաղողի ողկույզների պես ոտքերի տակ ճզմել, կուզեր․․․ եւ անզոր էր։ Կանգնած տեղը երերաց, գլուխը պահ մի քաշ ընկավ կրծքին ու մնաց անշարժ, լուռ։
Բազմությունը նայում էր եւ սպասում։
Ու հանկարծ ծերունին մի հետին թափով հետ ձգեց իր ալեզարդ գլուխը։ Ծառացավ իր ամբողջ պարթեւ հասակով, աչքերը փայլատակեցին անասելի բոցով, ու նա ճչաց ահագին ձայնով․
– Աղքատ եմ ու մշակ, ռե՛ս, հա, շատ աղքատ, բայց ես քո հացը չեմ կերել, ռե՛ս․․․ Ոչ ոքի տուն չեմ քանդել, ռե՛ս․․․ Մշակ եմ ու աղքատ, ուրիշի քրտինքով չեմ ապրել, ռե՛ս, վաստակ եմ արել, արդար վաստակ, արտի տեր եմ, ճակատիս քրտինքով հողն եմ թրջել, հոգի եմ դրել այնտեղ, ռե՛ս, սի՛րտ, սի՛րտ, չեմ տա քեզ արտը․․․ Էշը՝ ձեզ, ծախեցեք, քե՜զ, ռե՛ս, ծախիր էշը, արտը չեմ տա, չեմ տա․․․ Գնա, խեղճ անասուն,- դարձավ նա էշին,- գնա՛, դուն էլ արտին մատաղ, գնա՛, գնա՛, գնա՛․․․
Ու Գեւոն երեսը դարձրեց էշից ու բազմությունից ու շտապ քայլերով հեռացավ։
Լռություն տիրեց։ Ամբոխը նախ քարացավ, ապա հանկարծ հիմարական հռհռոց բարձրացավ։
Գեւոն հետ նայեց ատամների կրճտոցով։
– Կռապաշտնե՜ր, անաստվածնե՜ր,- մռնչած նա։
Գեւոյի էշը ծախեցին։
Ու այն գիշեր ծերունին երկար սփոփում էր լացող կնոջը։ Արտի ապագան էր պարզում սիրուն հեռանկարներով, հույսերով, գարնանը բամբակ կցանի՝ ասում էր, ամեն հոգսերը կհոգա։
«Քանի՞ օրավար է»,- շշնջում էր մի ձայն ականջին։
– Սիրտդ լեն պահի, ա՛յ կնիկ, Աստված ողորմած է։
Կինն ու աղջիկը քնեցին։ Ծերունին դեռ երկար անքուն էր՝ փոքրիկ, տրտում իշուկի պատկերն աչքի առաջ։ Գյուղում երթեւեկը դադարեց, աղմուկը լռեց։ Ուշ գիշեր էր։ Նա կամացուկ դուրս սողաց իր անկողնից, գնաց դեպի իշուկի մսուրը, ծեր գլուխը քաշ ընկավ վշտից ու դառն-դառն հեծկլտաց։
Նա երկար լալիս էր անմխիթար, արցունքները հոսում էին ու թրջում մորուքը, կուրծքը, ու ծեր գլուխը շարունակում էր անհույս դողդողալ իշուկի անտեր մնացած մսուրի վրա։
– Տե՜ր, Տե՜ր,- վշվշում էր նա,- կամ ամեն ինչ սրտին թող էս վերան աշխարհում, կամ սիրտը վերցրու, որ էլ չմղկտա։
Դրսից լսվեց Բնոյի ձայնը․
– Աստվորի վերջը փուչ է, աշխարհի հիմքը՝ ծուռ․․․ Ադամորդին էլած-չելած մեկ հաշիվ է․․․
Գեւոն չէր լսում, նա հեծկլտում էր սիրտը բռնած։ Եվ միայն խավար գիշերը տեսավ, թե ինչպե՜ս գիտե արտասվել միշտ ժպտադեմ, ծերուկ Գեւոն։