Ամեն օրվա պես այդ օրն էլ հավաքվեցին Մարոյենց տանը։ Մամիկոնը՝ գյուղապետի տղան, Վաղինակը՝ գյուղի «լույսի մարդը» և Հովոն՝ Մարոյի տղան։
-Տղե՛րք, ասում եմ՝ բլոտը բլոտ, կարող ա՞ էսօր էլ մի պարտիա դուռակ խաղանք,- ասաց Հովոն ու վառարանի տակ մնացած վերջին փայտը գցեց մեջը։
-Չը՜շշ, Հովո՛ ջան, քիչ կամաց, է՛լի, լուրեր եմ նայում,- սենյակի մյուս անկյունում՝ սովետական հեռուստացույցի դիմաց, նստած էր Մարոն՝ վաթսունն անց, կիսադեղնած մազերով, «դժբախտ» կինը։ Ինքն էր իրեն պիտակել դժբախտ, քանի որ ուներ-չուներ, այդ մի տղան ուներ, էն էլ ո՛չ ամուսնացավ, ո՛չ մի նորմալ գործ ունեցավ, իրենց տունն էլ մնաց կիսավեր ու դատարկ։
– Էլի լուրե՞ր, մա՛մ, չհոգնեցի՞ր, ամեն օր ինչքա՞ն կարելի ա նույն բանը լսել, հը՞ն։
Գլուխն օրորելով՝ Մարոն բարձրացրեց հեռուստացույցի ձայնը․
«Արցախը շարունակում է մնալ շրջափակված, օր հարյուրհինգերոդ»։
– Ըհը՛ն, Մամիկո՛ն ջան, խնդրե՛մ, էս էլ ապացույց, հարյուրհինգ օր ա նույն բանն ա, հարյուր հինգ անգամն էլ նայել ա։
Մամիկոնը մի լավ ծիծաղեց Հովոյի՝ երևի թե հումորի վրա, հետո քարտերը բաժանեց, երեքով տեղավորվեցին տաք վառարանի կողքին ՝ ցածրիկ սեղանի շուրջ՝ ցածրիկ աթոռների վրա։ Էնքան ցածրիկ, որ ջանով, բոյով, քառասունն անց այդ երեք տղամարդիկ ողջ մարմնով կռացել ու նմանվել էին դպրոցական երեխաների։ «Դուռակ»-ն սկսվեց։
Մարոն, ձայներից դժգոհ, բայց և լուռ, ալիքը փոխեց ու ինքն՝ իրեն․
– Տենամ սա՞ ինչ ա ասում։
«Տեղ գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված, այս պահին հակառակորդը շարունակում է զինտեխնիկա կուտակել»։
– Թուհաաա՜,- խաղից դժվարությամբ կտրվելով՝ Հովոն դեպի մայրը շրջվեց։
– Մամա՞, չհոգնեցի՞ր։ Ի՜նչ ես անցավ գլուխդ ցավի տակ դնում, ա՛յ կնիկ, մի լավ բան չկա՞՝ նայես։ Դիր էն սերիալդ նայի, էլի՜։
– Ա՛յ ախպեր, կնիկս երեկ մի սերիալ էր նայում, հո չէ՜ր ներվայնանում, հո չէ՜ր ներվայնանում,- խոսեց մեջների միակ ամուսնացածը՝ Վաղինակը,- էս սերիալներն էլ մի բան չեն, սաղ օր կռի՛վ, դավաճանությու՛ն,լ ացուկո՛ծ։ Հովո՞, դու «դ»։
– Թու՜ ես քու, տու՛ր՝ բաժանեմ, դեռ կտենանք «դ»-ն ով ա։
Ու շարունակվում էր բուռն խաղը, այնքան բուռն, որ երեք տղամարդկանցից ոչ մեկը չնկատեց, թե ոնց վառարանի կրակը մարեց, փայտը վերջացավ, ու թե ոնց Մարոն սուսուփուս վեր կացավ, խալաթն ու կալոշները հագավ, գնաց պադվալ․ այդտեղ էին պահել ձմռան ողջ փայտը։
– Պառավեցի,- էլի ինքն իրեն խոելով՝ մի ձեռք փայտ վերցրեց պադվալից։ Եվ իսկապես, պառավել էր Մարոն, մեջքը կորացել էր, քայլքը՝ նմանվել նոր-նոր քայլող երեխայի քայլքին՝ մանր, քստքստացնելով , վախվորած։ Փայտը բերեց, խնամքով դասեց վառարանի տակ, կրակը թեժացրեց։ Իսկ «դուռակ»-ի սեղանի շուրջ թեժացել էին կրքերը․ Մամիկոնը դարձել էր «դու», Վաղինակը՝ «դ», Հովոն՝ «դուռ»։ Պակաս թեժ չէր նաև խոսակցությունը․
– Ա՛յ Վաղինակ, – հեգնեց գյուղապետի տղան,- լսել եմ ՝ ծանոթ-բարեկամ ես, հա՞, անում։
– Ի՞նչ ծանոթ-բարեկամ, Մամիկո՛ն։
– Էդ ճիշտ ա՞, որ քեզ մոտիկ մարդկանց հաշվիչները կանգնացնում ես, որ ջրի փող չտան։
– Տո չէ հա՜, ա՛յ մարդ, էդ ուղղակի իմ քեռու տղա Աշոտը երկու ամիս գյուղում չէր, ջուր չէր օգտագործել , դե ես էլ փող չեմ գրել։ Մարդկանց էլ տենց մի առիթ էր պետք․ ո՜նց կլիներ՝ Աշոտը բարեկամս ա։ Հովո՞, դու «դուռա»։
– Թու՛ ես Ձեր, – Հովոն համարյա բռնկվում էր հերթական պարտությունից, բայց խաղընկերները տարված էին զրույցով․
– Դե որ տենց ա , Մամիկո՛ն տղա, ես էլ լսել եմ, որ քո հերը փողով ա գյուղապետ ընտրվել, դե ասա է՜, ասա՛։
– Իմ հերը սենց թե նենց ընտրվելու էր, փողով թե առանց փող՝ ինքը վերևների ընտրած մարդն էր։
– Պա՛հ-պա՛հ, վերևների ընտրա՜ծ, էդ ո՞ր մի արժանիքի համար, սիրուն աչքերի՞։
– Դե լա՛վ, տղե՛րք, հանգստացե՛ք,- Հովոն զգաց, որ թեման դեպի վեճ էր տանում, ուստի փորձեց շեղել․ – տղե՛րք, կատակը մի կողմ, էս երկրի վիճակն ի՞նչ ա լինելու։
Մարոն խորացել էր հեռուստացույցի մեջ ։
– Հովո՞, մորդ ես ասում, դու ե՞ս գլուխդ ցավի տակ դնում, հա՛, իմիջիայլոց, դու «դուռակ»,-ասաց Մամիկոնն ու ծիծաղ էր, որ կպավ իրեն ու Վաղինակին։
-Դու՛-ռա՛կ, դու՛-ռա՛կ, – շարունակում էր Մամիկոնը, բայց Հովոն հեչ էլ կատակի չէր տրամադրված, հակառակը, գույնը գցել էր ու խիստ վիրավորվել Մամիկոնի վայրենի ծիծաղից։
-Դու՛-ռա՛կ, դու՛-ռա՛կ,- խրախճանքին միացավ նաև Վաղինակը, ու բղավոցները նմանվեցին վայրենի խոռի։
Մարոն հեռուստացույցի ձայնը բարձրացրեց։
-Թարգե՛ք, տղե՛րք,- Հովոն, կարմրատակած, հոնքերը կիտած, քարտերը շպրտեց սեղանին։ Բայց խոռը թարգելու միտք չուներ։
-Հո՛-վո՛, դու՛-ռա՛կ, Հո՛-վո՛, դու՛-ռա՛կ։
Ու այստեղ էր, որ Հովոյի ինքնասիրությունը ձեռքը մեկնեց Մարոյի բերած, վառարանի տակ չոքեչոք շարած փայտին․․․
***
-էս ի՜նչ արիր, Հովո՜,- գոռաց Վաղինակը։
-Աստվա՜ ծ ,- Մարոն, ձայնից սարսափած , վեր թռավ տեղից, սիրտը բռնեց։ Մամիկոնը ուշագնաց ընկած էր գետնին․ արյունը հոսում էր բացված գլխից։ Հովոն քարացած կանգնած էր՝ արնոտ փայտը ձեռքին։
Շտապօգնության մեքենան, ոստիկանության մեքենան, Մարոն, Վաղինակը, հարևանները․․․ ամենքը կանգնած էին Մարոյի տան առաջ, իսկ տանը մեն-մենակ էր մնացել անվերջ, միալար գոռացող հեռուստացույցը․ «Արցախը շարունակում է մնալ շրջափակված, օր հարյուրհինգերորդ»։