Կոսմոպոլիտիզմից իմպերիալիզմ և նացիոնալիզմ/Լեոյի քաղբանտարկյալ գրքերը/Վարդան Ջալոյան

IV. Կոսմոպոլիտիզմից իմպերիալիզմ և նացիոնալիզմ 

1946-ի կեսերին սկսվում է նոր գաղափարախոսական արշավ, այս անգամ՝ այսպես կոչված «կոսմոպոլիտիզմի» դեմ։ Արշավը  հիիմնականում կրում էր հակասեմիտական բնույթ, չնայած «կոսմոպոլիտների» մեջ կային նաև ռուսներ և հայեր։ 

«Կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարը պետք չէ ընկալել իբրև ստալինիզմի վերջին արշավը։ Ընդհանրապես խորհրդային համակարգին հատուկ  էին «զտումները» իբրև գաղափարախոսական ճնշման հիմնական գործիքներից մեկը։ «Սովետական մարմինը» անընդհատ վարակվում  էր «օտար» ու «թշնամական» վիրուսներով, և նրան պետք էր «թերապևտիկ» միջամտություն, թեև ստալինիզմը գերադասում էր «վիրահատականը»։ Դա համակարգի «գաղափարախոսական  ռասիզմի» դրսևորումն էր, որ պահպանվեց մինչև նրա վախճանը։ 

Բայց ստալինյան դարաշրջանի «կոսմոպոլիտիզմի դեմ» պայքարը հետաքրքիր է նաև նրանով, որ հայ ազգայնականները մինչև հիմա էլ  պայքար են մղում «կոսմոպոլիտիզմի» դեմ՝ օգտագործելով Ստալին – Ժդանովի ստեղծած կոնցեպցիան։ Ամբողջական  արտահայտություններ և մոտեցումներ նրանք փոխառել են՝ հավանաբար նույնիսկ չկռահելով դրանց աղբյուրը։ Դա վկայում է  մտածողության կարծրատիպերի կայունության մասին, հատկապես՝  հայ ազգայնական և պահպանողական միջավայրում։  

Հետպատերազմական շրջանում ստեղծվեց որոշակի գաղափարական  անկայունություն որին տոտալիտար համակարգը փորձեց հակազդել  մտավորականության դեմ նոր բռնաճնշումներով։ Այդ  բռնաճնշումներից մեկն էլ «կոսմոպալիտ թատերական քննադատների» դեմ գաղափարախոսական արշավն էր։  

Այն սկսվեց «Պրավդա» թերթում «Թատերական քննադատների հակահայրենասիրական խմբի մասին» խմբագրականով, որ լույս է տեսել 1949 թվականի հունվարի  28-ին։ Հոդվածը գրվել է հեղինակների   խմբի կողմից: 

«Կոսմոպոլիտ» թատերական քննադատները բնութագրվում էին որպես «բուրժուական գեղագիտության մնացուկներ», որոնք «կորցրել են իրենց պատասխանատվությունը ժողովրդի հանդեպ․ նրանք  անհայրենիք կոսմոպոլիտիզմի կրողներ են, որը խորապես զզվելի է խորհրդային մարդու համար, նրանք խոչընդոտում են խորհրդային  գրականության զարգացմանը և նրա առաջընթացին։ Նրանց օտար է  սովետական ազգային հպարտության զգացումը»։ Հիմնական  մեղադրանքն այն էր, որ նրանք «փորձում են վարկաբեկել մեր գրականության ու արվեստի առաջադեմ երեւույթները՝ կատաղի  հարձակվելով հատկապես հայրենասիրական, քաղաքական

նպատակաուղղված ստեղծագործությունների վրա՝ իբր դրանց  գեղարվեստական անկատարության պատրվակով»։ 

Կոսմոպոլիտիզմի դեմ պայքարում էին նաև Հայաստանում։ Ոմն Ռ․  Հովհաննիսյանը գրում է․ «Թատերական քննադատության Թատերական քննադատության սովետական առողջ օրգանիզմն էին սողոսկել անհայրենիք  կոսմոպոլիտներ՝ գրական երիցս նզովյալ երկերեսանիներ՝  Յուզովսկին, Գուրևիչը, Բորշչագովսկին, Ալտմանը, Բոյաջևը, Մալյուգինը և ուրիշները, որոնք սիստեմատիկաբար նենգ և ստոր մեթոդներով պայքարել են սովետական գրականության և  դրամատուրգիայի դեմ։ [Ռ․ Հովհաննիսյան, «Կոսմոպոլիտների հակահայրենասիրական խմբակի ջախջախումը», Տեղեկագիր Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի, Հասարակական գիտություններ, 1949, N 3., էջ 3]։ Բացահայտ է այս արշավի հակասեմիտական բնույթը։ «Պրավդայի» «սև ցուցակում» հինգ հրեա են, մեկ հայ, մեկ ռուս։ Բայց այս արշավի հակասեմիտական բնույթը ավելի ակնհայտ  դարձավ հետագայում։ 

Բայց կոսմոպոլիտիզմի դեմ պայքարը առաջնային է դառնում «սառը  պատերազմի» պայմաններում․ «Պատահական չէ որ անգլո֊ ամերիկյան իմպերիալիզմը իր պայքարի հիմնական զենքերից մեկը  դարձրել է կոսմոպոլիտիզմը։ Կոսմոպոլիտիզմի միջոցով նա փորձում է  մեծ ու փոքր ազգերի ինքնագիտակցությունը, նրանց սեփական պետականությունը, քաղաքական կյանք ունենալու նրանց բնական տենչը, այսպիսով թուլացնել ժողովուրդների ազատագրական պայքարը, որպեսզի հեշտացվի անգլո֊ամերիկյան իմպերիալիզմի աշխարհակալ տիրապետությունը»։ [Նույնի էջ 4] 

Կարելի է ասել որ Ռ․ Հովհաննիսյանի հոդվածը նաև ռեֆերատ է,  խորհրդային գրականագիտությունում և թատերական  քննադատությունում առկա «կոսմոպոլիտ» դրսևորումների դեմ, որ նա ջանասիրաբար շարադրում է հաջորդ մի քանի էջերում։ Ավելի  հետաքրքիր են այն էջերը, որտեղ հեղինակը բացահայտում է  կոսմոպոլիտիզմի դրսևորումները Հայաստանում։  

Ինչպե՞ս է կոսմոպոպոլիտիզմը հայտնվել Հայաստանում․  «Յուզովսկին և Ալտմանը եղել են Հայաստանում։ Նրանց ամբիոն է հատկացվել Թատերական ընկերությունում և այլուր։ ․․․ Իսկ Սուրեն  Հարությունյանի, Ալեքսանդր Արաքսմանի, Վ․ Թերզիբաշյանի նման մարդիկ խունկ են ծխել այդ հակահայրենասերի [Յուզովսկու] առաջ։ [ Նույնի, Էջ11]  

Ըստ Ռ․ Հովհաննիսյանի՝ կոսմոպոլիտիզմը թափանցել է նաև  գրականագիտություն․ «Սոցիալիստական գրականությունը,  սոցիալիստական ռեալիզմը պետք է գնհատել նոր, սոցիալիստական,  մարքսիստական֊լենինյան էսթետիկայի տեսակետից և ոչ  իդեալիստական։ Իսկ մեր տնաբույս ֆորմալիստների համար։ եթե սոցիալիստական ռեալիզմի երկը չի համապատասխանում մեզանից  հազարավոր կամ հարյուրավոր տարիներ առաջ մշակված  իդեալիստական էսթետիկայի սկզբունքներին, ավելի վատ ոչ թե հնացած էսթետիկայի համար, այլ սոցիալիստական դրամայի, վեպի համար։ Ահա ուր է հասնում այս մարդկանց  

պահպանողականությունը»։ [ Նույնի, Էջ 12]  

Հեղինակը բերում է օրինակներ․ «Ֆորմալիստական սայթաքում է թույլ տվել պրոֆ․ Գյուլիքեվխյանը իր «Կլասիկ ժառանգությունը սովետական հայ գրականությունը» հոդվածում։ Նա՝ մեղմ ասած,  թերագնհատում է Ն․ Զարյանի պոեզիան, թերագնհատում է նրա պոեզիայի բոլշևիկյան պարտիականությունը, գերագնհատելով այն պոետներին, որոնց ստեղծագործությունների մեջ, ինչպես բազմիցս նշվել է մեր պարտիական մամուլում, առկա է որոշակի նացիոնալիզմ»։ [Նույնի, Էջ 12]  

Քննադատվում է նաև Արշակ Ադամյանը․ «Իդեալիստական, ֆորմալիստական, հակագիտական կոնցեպցիա է զարգացրել Արշակ  Ադամյանը «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում  տպված իր հոդվածներում, որոնք, ինչպես հայտնի է, խիստ դատապարտվեցին Սովետական գրական հասարակության կողմից»։  [ույնի, էջ 12, 13]  Եվ, իհարկե, հարկավոր է, որ համապատասխան մարմինները  հետևություններ անեն, որպեսզի այդպիսի սայթաքումներ և  շեղումներ չլինեն։  

Կոսմոպոլիտիզմի ֆորմալիզմի, էսթետիզմի տեղական ազգայնականության դեմ պայքարը Խորհրդային Հայաստանում իր  շարունակությունը ունեցավ։ Առաջ անցնելով՝ նշեմ, որ էսթետիզմը կամ ֆորմալիզմը արվեստում «լեգիտիմացվեց» 60֊ականների կեսերին,  ճիշտ է՝ «ազգային ֆորմալիզմի» տեսքով, բայց գրականության մեջ՝ շատ ավելի ուշ։  

«Կոսմոպոլիտիզմը» ավելի դժվար ճակատագիր ունեցավ և «անհայրենիք կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարը իր հետքը թողեց հայկական խորհրդային ազգայնականության վրա։ Այսօր էլ  Հայաստանում «կոսմոպոլիտիզմի» մեղադրանքը համարժեք է  ազգային դավաճանության մեջ մեղադրանքին։ Այս պատկերացման  ստալինյան արմատները ակնհայտ են։  

Եթե առաջին մտավորականները, Րաֆֆու արտահայտությամբ , «տնկում» էին ազգային գիտակցություն դեմոկրատ ազգայնականներ էին, ապա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան  երկրներում սոցիալական մտածողները սովորաբար դեկոնստրուկցիայի էին ենթարկում «ազգայինը» հանուն այս կամ այն կոսմոպոլիտ նախագծի, լինի այն քաղաքացիական ազգի ձևավորում կամ ապագաղութացում և պայքար բոլոր փոքրամասնությունների  ներկայացված լինելու իրավունքի համար։  

Որպես օրինակ կարելի է բերել նշանավոր բրիտանական սոցիոլոգ   Էնթոնի Գիդենսին, որը ներմուծեց «կոսմոպոլիտ ազգ» (cosmopolitan 

nation) , հասկացությունը։ Ընդգծելով, որ էթնիկ համայնքները սոցիալապես պակաս կառուցվածքային չեն, քան ազգային պետությունները՝ Գիդենսը նշում է, որ կոսմոպոլիտական նացիոնալիզմը ազգային ինքնության միակ ձևն է, որը համատեղելի է արդի աշխարհակարգի հետ։ Այդ կոսմոպոլիտ ազգը կոսմոպոլիտ  դեմոկրատիայի կարիք ունի, որը պետք է իրականացվի համաշխարհային մասշտաբով [Giddens A. The Third Way. The Renewal of Social Democracy. Cambridge: PolityPress, 1998. P. 130-141.]։ 

Համարվում է որ , « կոսմոպոլիտ նացիոնալիզմի և կոսմոպոլիտ դեմոկրատիայի» տեսության հիմնադիրը Հաննա Արենդտն է։ Արենդտը կոսմոպոլիտիզմը բնութագրում է որպես «միակ աշխարհ, որտեղ առանց հայրենիքի մարդը նույնպես օգտվում է…  քաղաքացիության իրավունքից»։ Նա փնտրել է հենց այնպիսի էթիկա, որը թույլ կտար կոսմոպոլիտ արժեքներ դավանել՝ առանց սեփական  ազգային ծագումից հրաժարվելու։  

Որպես օրինակ կարելի է բերել հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի  խոսքը․ «Ես միանշանակ կոսմոպոլիտ եմ և շատ եմ կապված Լեհաստանի հետ։ Բանն այն է, որ կոսմոպոլիտ հասկացությունը  հաճախ սխալ է մեկնաբանվում։ Ես համոզված եմ, որ անհնար է հայրենասեր լինել՝ չլինելով կոսմոպոլիտ։ Հակառակ դեպքում դա կույր սեր է, իսկ ցանկացած կույր սեր  կործանարար է։ Դա բերում է ազգայնականության։ Եվ միայն  կոսմոպոլիտ լինելով դու կարող ես սիրել քո հայրենիքն իսկապես,  ինչպես մորդ, երեխայիդ, ընտանիքդ, այսինքն՝ բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ»։

Please follow and like us: